ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐՑԱԽԻ ՏԱՐԱԾՔԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉՎԻ ՈՐՊԵՍ ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ
30.10.2013 18:50

  Խորհրդային ժամանակներում Արցախի նկատմամբ ադրբեջանցիների վարած քաղաքականությունը մի հիմնական նպատակ էր հետապնդում՝ արագացված տեմպերով հայաթափել երկրամասը եւ վերջնականապես տիրանալ այդ անփոխարինելի, դրախտային տարածքին
Բնականաբար այդ ընթացքում միջազգային բնապահպանական ատյաններում երբեք չի բարձրացվել Արցախի բնաէկոլոգիական կարգավիճակի ճանաչման հարցը, որովհետեւ դա համաշխարհային հանրության աչքում միանգամից կբացահայտեր ոչ միայն նրա լեռնաանտառային եւ լեռնատափաստանային լանդշաֆտի եզակիությունը, այլեւ պատմամշակութային հարուստ անցյալի տիպիկ հայկականությունը: 
Եվ եթե ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ Արցախն ազատագրվեց, ու աշխարհը հասկացավ, որ ամբողջ այդ տարածքում ի սկզբանե ապրել է հայ ժողովուրդը եւ ստեղծել անուրանալի արժեքներ, ապա հարցի մյուս կողմը դեռեւս մնացել է ստվերում։ Արդեն ժամանակն է միջազգային բնապահպանական կառույցների ուշադրությունը սեւեռելու Արցախի անկրկնելի բնության կարգավիճակը որոշելու վրա, որը կհանգեցնի երկրի համակողմանի ճանաչմանը, էկոլոգիական բնույթի մի շարք ծրագրերի ֆինանսավորմանը, անկախության եւ պետականության ամրապնդմանը:
Մինչ բնության հատուկ պահպանվող տարածքների համառոտ բնութագրումը եւ Արցախի բնական լանդշաֆտի կենսաբանական եւ էկոլոգիական առանձնահատկություններին անդրադառնալը անհրաժեշտ ենք համարում ընթերցողի ուշադրությունը սեւեռել համաշխարհային էկոլոգիական քաղաքականության պահանջների եւ զարգացումների վրա, որի բնապահպանական ոգուն եւ գաղափարին համահունչ է արցախցու մտածողությունը, գործելակերպը, բնության նկատմամբ նրա սրտացավ վերաբերմունքը եւ իմաստուն հեռատեսությունը: 
Ինչ վերաբերում է Արցախի մայր բնությանը, ապա ամենախիստ միջազգային չափանիշներով այն միշտ համապատասխանել եւ համապատասխանում է կենսոլորտի ամենակայուն եւ կուսական տարածքների կարգավիճակին:
Կենսոլորտում էկոլոգիական լարվածությունը գնալով մեծանում է, եւ այդ ուղղությամբ գլոբալ հիմնախնդիրների լուծումը պահանջում է բոլոր երկրների ուժերի համախմբում, որին չպետք է անմասն մնա նաեւ Արցախը: 
20-րդ դարի վերջին որպես էկոլոգիական հիմնական մտածողություն ձեւավորվել է «Կայուն զարգացման ռազմավարությունը»: Այս գաղափարը վաղուց զբաղեցրել է գիտնականների եւ մասնագետների ուշադրությունը եւ առաջին անգամ արտացոլվել է 1972թ. Ստոկհոլմում շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված համաշխարհային առաջին կոնֆերանսում, որին մասնակցեցին 113 երկրների ներկայացուցիչներ: 20 տարի անց (1992թ.) այն ընդունվել է Ռիո դե Ժանեյրոյում ՄԱԿ-ի հրավիրած շրջակա միջավայրի պահպանության եւ զարգացման համաշխարհային 2-րդ կոնֆերանսում, որին մասնակցեց 179 երկիր: 
Այդ կոնֆերանսի կարեւոր փաստաթուղթը «21-րդ դարի օրակարգն» էր, իսկ ռազմավարության հիմքը՝ երկրի բնակչության թվաքանակի եւ տնտեսության զարգացման, շրջակա միջավայրի պահպանության եւ նրա ռեսուրսների օգտագործման հավասարակշռման գաղափարներն էին: Ռազմավարության նպատակն է՝ գլոբալ փոփոխությունների նկատմամբ մշակել կյանքի հարմարվելու հիմնական ուղիներն ու եղանակները եւ հատկապես մարդկության գոյատեւման հետագա մոդելը: 
Մինչեւ 20-րդ դարի վերջը մարդկային մտածողության եւ պրակտիկ գործունեության մեջ գերիշխում էին տնտեսական պահանջների բավարարման առաջնահերթությունները, այսինքն՝ էկոլոգիական գիտակցության անտրոպոցենտրիստական ուղղությունը, որը հիմնվում է «մարդկային եզակիության» պատկերացումների վրա՝ հակադրելով մարդուն բնությանը: Անտրոպոցենտրիզմի հիմնական առանձնահատկությունները հետեւյալներն են: 
1. Բնության մեջ միայն մարդն է համարվում բարձրագույն արժեք, իսկ մնացածը արժեքավոր են զուտ այնքանով, որքանով կարող են օգտակար լինել մարդուն: Բնությունը հայտարարվում է մարդու սեփականությունը, եւ նա դրա իրավունքն ունի:
2. Աշխարհի հիերարխիական կարգաբանության մեջ մարդը կանգնած է ամենաբարձր դիրքում, նրանից քիչ ներքեւ մարդու ստեղծած իրերն ու առարկաներն են, ավելի ներքեւ տեղ են գրավում բնության օբյեկտները, որոնք բաշխվում են ըստ մարդու համար ունեցած օգտակարության աստիճանի: Փաստորեն մարդու աշխարհը հակադրվում է բնական աշխարհին: 
3. Բնության հետ մարդու փոխազդեցության նպատակը նրա պահանջների բավարարումն է, եւ ճիշտ ու թույլատրելի են մարդու այն բոլոր գործողությունները, որոնք օգտակար են իրեն եւ մարդկությանը: 
4. Էթիկայի նորմերն ու կանոնները գործում են միայն մարդկանց աշխարհում եւ չեն տարածվում բնական աշխարհի հետ փոխազդեցության վրա: 
5. Բնությունն ընկալվում է իբրեւ մարդու կողմից ազատ օգտագործվող օբյեկտ, եւ բնական միջավայրը պետք է պահպանել զուտ պրագմատիկ տեսակետից, որպեսզի հաջորդ սերունդները նույնպես կարողանան օգտվել նրանից: 
Իր ամբողջ պատմության ընթացքում բնական ռեսուրսները գիշատչորեն օգտագործած եւ բնությանն անդառնալի կորուստներ հասցրած մարդու մտածողության մեջ 20-րդ եւ 21-րդ դարերի սահմանագծում արդեն տեղի է ունենում առաջնահերթությունների փոփոխություն՝ մոտեցող էկոլոգիական աղետը կանխելու համար: Առաջնային համարվող տնտեսական պահանջն իր տեղը զիջում է էկոլոգիական պահանջին, այսինքն՝ անտրոպոցենտրիզմը փոխարինվում է էկոցենտրիզմով: 
Էկոցենտրիզմը հիմնվում է մարդու եւ կենսոլորտի ներդաշնակ զարգացման (կոէվոլյուցիայի) ըմբռնման անհրաժեշտության վրա, որին բնորոշ են հետեւյալ պահանջները: 
1. Մարդը բնության սեփականատերը չէ, այլ բնական ամբողջ համակեցության անդամներից մեկն է: 
2. Մարդու գիտակցությունը բնության նկատմամբ ոչ թե լրացուցիչ առավելություններ է տալիս իրեն, այլ պատասխանատվություն՝ այդ միջավայրը պահպանելու համար: Մարդու աշխարհը չի հակադրվում բնական աշխարհին, եւ նրանք երկուսն էլ դիտվում են իբրեւ միասնական համակարգի (կենսոլորտի) տարրեր: 
3. Բնության վրա մարդու ազդեցությունը փոխարկվում է փոխազդեցության: Ճիշտ եւ թույլատրելի է միայն այն, ինչը չի խախտում բնության մեջ գոյություն ունեցող էկոլոգիական հավասարակշռությունը: 
4. Էթիկայի նորմերը հավասարաչափ տարածվում են թե՛ մարդկանց միջեւ եղած փոխհարաբերությունների, թե՛ մարդ-բնություն փոխհարաբերությունների վրա:
Նկարագրված էկոլոգիական գիտակցության երկու տիպերից արցախցուն միանշանակ հոգեհարազատ է էկոցենտրիզմը, որի հիմնական ապացույցը պահպանված անզուգական բնությունն է (նույնիսկ պատերազմի ավերածություններից եւ մասշտաբային հրդեհներից հետո), ինչպես նաեւ Արցախի ժողովրդի պահպանողական նվիրվածությունը այդ բնությանը: Որպես կարեւոր առանձնահատկություն պետք է նշենք, որ արցախցին խոր ակնածանք ու հոգատարություն ունի մեծի եւ ծնողի նկատմամբ, եւ հենց դրանով կարելի է բացատրել նաեւ նրա յուրահատուկ խնայողական վերաբերմունքը մայր բնության նկատմամբ: 
Արցախի լեռնային ռելիեֆն ու բարենպաստ կլիման, ուղղաձիգ գոտիականությունը, մակերեւույթի ալիքավոր գոգավորությունը եւ 43% անտառապատվածությունը, վարելահողերի եւ արոտների չափավոր թեքությունները, ջրային ռեսուրսների բավարար քանակը, հողերի բնական բերրիության բարձր մակարդակը եւ այլն, ստեղծել են հարուստ կենսաբազմազանություն, որը դեռեւս ուսումնասիրված չէ: Նշված բոլոր ռեսուրսների եւ գյուղատնտեսության մեջ կիրառվող նորագույն տեխնոլոգիաների ճիշտ օգտագործման դեպքում Արցախը կարող է դառնալ զարգացած ագրարային երկիր, որի գյուղատնտեսական արտադրանքի որակը եւ էկոլոգիական անվտանգության աստիճանը կգնահատվեն ամենաբարձր ցուցանիշներով, քանի որ մաքուր են օդը, ջուրը, հողը, մթնոլորտային տեղումները, եւ ամբողջ այդ տարածաշրջանում կարելի է զարգացնել օրգանական գյուղատնտեսություն: 
Ինչ վերաբերում է Արցախի բնության կարգավիճակի բնութագրմանը, ապա այն կարող է գնահատվել տարբեր տեսանկյուններից: Առանձին տարածքներ կարող են հայտարարվել արգելոց, ազգային պարկ, արգելավայր, սակայն, ըստ մեր կատարած դիտարկումների, որպես բնության հատուկ պահպանվող տարածք, պատմական Արցախը ամբողջությամբ համապատասխանում է կենսոլորտային արգելոցի (ռեզերվացիա) չափանիշներին: 
Այնուամենայնիվ անհրաժեշտ ենք համարում համառոտ նկարագրել վերը նշված բնության հատուկ պահպանվող տարածքների կարեւոր առանձնահատկությունները, որպեսզի ընթերցողը նույնպես հնարավորություն ունենա զուգահեռներ անցկացնել այդ կարգավիճակների եւ Արցախի բնության յուրահատկությունների միջեւ: 
Պետական բնական արգելոցներ են համարվում այն ցամաքային եւ ջրային տարածքները, որոնք ամբողջությամբ հանված են սովորական տնտեսական օգտագործումից բնության այդ համալիրի բնական վիճակը պահպանելու նպատակով: 
Անշուշտ, Արցախի անտառային առանձին հատվածների բնական վիճակը շատ ավելի լավ է պահպանված, քան Հայաստանի «Խոսրովի անտառ», «Շիկահող» եւ «Էրեբունի» արգելոցներինը, որովհետեւ վերջիններս անընդհատ ենթարկվում են մարդու ուղղակի եւ անուղղակի ազդեցություններին, իսկ նրանց հարակից տարածքները գրեթե զուրկ են էկոլոգիական տարողությունից եւ ճկունությունից, եւ որտեղ ակտիվորեն ընթանում են նաեւ տեխնոգենեզ եւ սինանտրոպացում: 
Նշենք նաեւ, որ թեպետ Արցախի անտառային հատվածների էկոլոգիական նշանակությունն ու կենսաբազմազանությունը դեռ չի ուսումնասիրված, սակայն դրանց կուսական վիճակն ու կայունությունը միանգամայն համապատասխանում են ֆոնային տարածքների չափանիշներին:

Կենսոլորտային արգելոցները կամ ռեզերվացիաները մտնում են պետական բնական արգելոցների կազմի մեջ եւ օգտագործվում են կենսոլորտային պրոցեսների ֆոնային մոնիտորինգի նպատակով: 
Ներկայումս աշխարհում ստեղծված է ավելի քան 300 կենսոլորտային արգելոցների միասնական գլոբալ ցանց (որից 11-ը՝ Ռուսաստանում), որոնք գործում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաձայնեցված ծրագրով: Կենսոլորտային արգելոցներում մշտական դիտարկումներ են կատարվում՝ պարզելու, թե ինչպե՞ս է փոխվում բնական միջավայրը անտրոպոգեն գործունեության ազդեցության տակ: 
«Կենսոլորտային արգելոց» կարգավիճակը մոտ ապագայում, ըստ էության, այլընտրանք չի ունենալու, որովհետեւ մարդն աստիճանաբար նվաճում է ցամաքի ամենահեռավոր անկյունները, եւ հարցը քննարկվելու է զուտ նրա եւ բնության հաշտ ու խաղաղ գոյակցության տեսանկյունից: 2005թ. այսպիսի տարածք է հայտարարվել նաեւ Վրաստանի հյուսիսային՝ մերձկազբեկյան լեռնաշղթայի ընդարձակ հատվածը, որտեղ կան անտառներ, թփուտներ, վարելահողեր, արոտներ, բլուրներ, լեռներ, ձորեր, գետեր եւ այլն: Այդ տարածքում ապրում է զգալի բնակչություն, որն օգտվում է բնական բոլոր ռեսուրսներից, միաժամանակ պահպանելով դրանց ինքնավերականգնման եւ ինքնավերարտադրման հատկությունները: 
Իսկ թե ինչու է Արցախի տարածքն ավելի շատ համընկնում կենսոլորտային արգելոցի չափանիշներին, ապա դա օբյեկտիվորեն հիմնվում է մի քանի կարեւոր առանձնահատկությունների եւ գործոնների վրա:
1. Բարձր է Արցախի բնակչության ինքնագիտակցությունը, եւ բնության նկատմամբ մարդիկ ունեն հոգատար վերաբերմունք: Ամբողջ տարածքը գրեթե զերծ է թափոններից եւ չկառավարվող թափոնավայրերից:
2. Բնակչությունը քիչ է, եւ բնական ռեսուրսների օգտագործումը խիստ չափավոր բնույթ ունի, ուստի փոքր է նաեւ անտրոպոգեն ճնշումը միջավայրի վրա: Բնակչության հետագա ավելացումը որեւէ խնդիր բնության հետ չի առաջացնելու, որովհետեւ մեծ է ռեսուրսային պոտենցիալը: Ընդգծենք նաեւ, որ արցախցին անօրինական ծառահատում չի կատարում:
3. Արցախում տեխնոգենեզի պրոցեսը շատ թույլ է, եւ բնական էկոհամակարգերն ամենեւին չեն տուժում դրանից: Դա են ապացուցում պատերազմական գործողություններից հետո արագորեն վերականգնված անտառներն ու թփուտները:
4. Արցախում լիովին հնարավոր է զարգացնել ոչ միայն անջրդի երկրագործություն, այլեւ անջրդի խաղողագործություն, որն իր հերթին նպաստում է ընդհանուր էկոհամակարգի կայունության բարձրացմանը եւ տնտեսական վերելքին:
5. Արցախի լեռնային չափավոր կտրտված ռելիեֆը պատմական գործընթացներում քիչ է փոխվել եւ ունի կայունացնող ներուժ, ինչպես նաեւ ուժեղ դիմադրողականություն անբարենպաստ գործոնների նկատմամբ:
6. Արցախում վարվող էկոլոգիական եւ տեխնիկական քաղաքականությունները փոխհամաձայնեցված են, եւ առաջնայնությունը էկոլոգիականի կողմն է: Ակտիվ ջանքեր են գործադրվում անթափոն արտադրությունների ստեղծման ուղղությամբ, եւ կասկած չի հարուցում, որ շուտով կվերամշակվեն նաեւ կոշտ կենցաղային թափոնները:
Ինչ վերաբերում է տեղային եւ համայնքային բնույթի բնապահպանական խնդիրներին, ապա երկրի հզորացման հետ մեկտեղ դրանք արագորեն կլուծվեն, որովհետեւ ժողովուրդը համախմբված է, եւ գնալով մեծանում են նաեւ բարեգործության շրջանակները:
Ազգային պարկերը բնական ցամաքային եւ ջրային մեծ տարածքներ են, որոնք ունեն բազմաֆունկցիոնալ նշանակություն՝ էկոլոգիական (բնական էկոհամակարգերի եւ էկոլոգիական հաշվեկշռի պահպանում), ռեկրեացիոն (մարդկանց հանգստի եւ տուրիզմի կարգավորում), գիտական (մարդկանց զանգվածային հոսքի պայմաններում բնական համալիրի պահպանության մեթոդների մշակում եւ ներդնում), տնտեսական գոտիների առանձնացում եւ օգտագործում: Արգելավայրերն այն տարածքներն են, որոնք հիմնվում են որոշակի ժամկետով բնական համալիրների պահպանման կամ վերականգնման համար: 
Որպես բնության հատուկ պահպանվող տարածքներ Արցախի համար կարող են ընդունելի լինել նաեւ բնական պարկերը, բնության հուշարձանները, դենդրոլոգիական պարկերը եւ բուսաբանական այգիները, որոնք ունեն էկոլոգիական, գիտական, գեղագիտական, ռեկրեացիոն եւ տնտեսական նշանակություններ եւ պահպանության տարբեր ռեժիմներ: Միայն թե այդպիսի տարածքները պետք է առանձնացվեն ճիշտ նշանակությամբ եւ չափանիշներով:
Ներկայումս աշխարհում գործում են 100-ից ավելի տարբեր միջազգային կազմակերպություններ, որոնք զբաղվում են էկոլոգիական հարցերով: Դրանցից ամենահեղինակավորը ՄԱԿ-ն է, որի գործունեության կարեւորագույն ուղղություններից մեկը բնության պահպանության ոլորտում համագործակցությունն է: ՄԱԿ-ին կից գործում են մասնագիտացված միջազգային կառույցներ՝ ՅՈՒՆԵՊ-ը (Շրջակա միջավայրի կոմիտե), որն իրականացնում է շրջակա միջավայրի պահպանության երկարատեւ ծրագրեր, ՅՈՒՆԵՍԿՕ-ն (Կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպություն), ՀԱԿ-ը (Համաշխարհային առողջապահական կազմակերպություն), ՖԱՕ-ն (պարենի եւ գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպություն), ՄՍՈՊ-ը (Բնական ռեսուրսների եւ բնության պահպանության միջազգային միություն) եւ այլն:
Հիմնվելով բնապահպանական եւ էկոլոգիական հիմնախնդիրների առանձնահատկությունների վրա՝ կարծում ենք, որ նշված միջազգային կազմակերպությունները մեծ հետաքրքրություն կցուցաբերեն Արցախի աշխարհագրական դիրքի եւ էկոլոգիական պայմանների նկատմամբ, սակայն այս ուղղությամբ առաջին հերթին պետք է ակտիվ գործունեություն ծավալեն Արցախի կառավարությունը եւ հասարակական-բնապահպանական կազմակերպությունները:

ՎՅԱՉԵՍԼԱՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսոր, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր
ՏԱԹԵՎԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
Նույն համալսարանի Արցախի մասնաճյուղի ասիստենտ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter