Արցախ աշխարհն այն բացառիկ գեղատեսիլ վայրերից է, որտեղ այցելող յուրաքանչյուր ոք չի կարող հեռանալ առանց խորը տպավորությունների ու նորից վերադառնալու ակնկալիքների: Միթե կա մի ուրիշ գողտրիկ անկյուն, ուր կարելի է զմայլվել այսպիսի չքնաղ բնությամբ, պատմական տեսարժան վայրերով, հինավուրց խաչքարերով ու եկեղեցիներով, ճարտարապետական հուշարձաններով: Հիրավի, դա միայն մեր երկիրն է: Երկիր, որն ունի անկրկնելի բնություն, ուր մարդ մոռանում է ամեն մի հոգս ու դժվարություն և հակվում դեպի լավն ու բարին: Իսկ մեր ժողովուրդը…Մեր ազնվությունն ու համեստությունը, հյուրընկալությունն ու հյուրասիրությունը: Այդ արժանիքները միանգամայն գերում են եկվորների սրտերը, միաժամանակ պատասխանատվության բերում
բոլորիս: Չէ որ, մեր սուրբ պարտականությունն է պահել ու պահպանել այն ամենը, ինչ դարերի խորքից հասել է սերունդներին: Մենք պետք է ճանաչենք և հպարտանանք մեր ունեցածով, ձեռքբերումներով, որոնք հայ ժողովրդի հարատևության, հազարամյակների խոսուն վկան են, որի ժողովուրդը հնուց ի վեր անցել է բազում փորձություններով՝ պահպանելով լեզուն, հավատքը, մշակույթը: Այդ ձեռքբերումները մեր ազգի անցյալն են, ներկան ու ապագան: Հենց այդ է պատճառը, որ Ասկերանի Է. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներն ուղևորվեցին դեպի Արցախի գեղատեսիլ վայրերից մեկը` Շուշի բերդաքաղաքը: Աշակերտները ցանկանում էին զմայլվել հինավուրց քաղաքով, նրա պատմամշակութային արժեքներով: Նախաձեռնությունը պատմության ուսուցչուհի Գայանե Մակյանինն էր: Երիտասարդ ուսուցչուհին լինելով իր մասնագիտության գիտակն ու գնահատողը` ցանկանում էր իր աշակերտներին ավելի մոտեցնել հայ ժողովրդի պատմությանը, գնահատել այն մեծ և հարուստ ժառանգությունը, որ ստացել ենք նախապապերից: Այս դասարանի աշակերտներն արդեն եղել էին պատմական Դադիվանքում, Ամարասում, Տիգրանակերտում: Դեռևս, փոքրուց նրանց մոտ նկատվում էր սեր դեպի գեղեցիկը, հիշարժանը: Նրանք կազմակերպում էին նաև բազմաթիվ շաբաթօրյակներ` հարազատ քաղաքի հիշարժան վայրերը մաքուր և կոկիկ պահելու համար: Ինչ խոսք, այս մի էքսկուրսիային երեխաներն սպասում էին ավելի սրտատրոփ ու խանդավառված: Ուղևորությունն սկսվեց Ասկերան քաղաքից: Խմբին ուղեկցում էին դասղեկ Էլմիրա Հարությունյանը և պատմության ուսուցչուհի Գայանե Մակյանը: Սկզբից այցելեցին Շուշիի մուտքի մոտ կանգնեցված տանկ-հուշարձանին. տանկը խփվել էր քաղաքի ազատագրման համար մղված մարտերում: Երեխաները հարգանքի տուրք մատուցեցին զոհված ազատամարտիկների անմար հիշատակին և ծաղիկներ դրեցին հուշարձանին: Այնուհետև, նրանց առաջ ծառացավ հպարտ Շուշին՝ իր անմատչելի դիրքով ու վեհ կեցվածքով: Հմայված երեխաները դիտում էին քաղաքի անառիկ բերդը և պատկերացնում, թե տարբեր պատերազմների ժամանակ, ինչպես էին հայերը պաշտպանվում: Իր անառիկ դիրքի շնորհիվ Շուշին Մեծ Հայքի Արցախ նահանգի Վարանդա գավառի հայ բնակիչների համար միշտ էլ ծառայել է իբրև պաշտպանական ամրություն, որը հետագայում պարսպապատվելով` դարձել է Վարանդայի մելիքության նշանավոր բերդերից: Այցելեցին Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Երեխաները քաջատեղյակ էին, որ Արցախյան պատերազմի ժամանակ եկեղեցին ադրբեջանցիների համար վեր էր ածվել զինապահեստի, իսկ այսօր այն վերանորոգված՝ պատկառանք է սփռում շուրջբոլորը: Նրանք մոմեր վառեցին և աղոթեցին Աստծուն խաղաղություն բերել Արցախ աշխարհին ու համայն հայությանը: Ամենայն հետաքրքրությամբ էին ուսումնասիրում եկեղեցու պատերը, նրբատաշ քանդակները և հարցերով դիմում ուսուցչուհուն: Աշակերտները բերկրանքով լցված շրջում էին քաղաքում, հիանում քաղաքի նորակառույց շենքերով, հնագույն ճարտարապետությամբ: Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ, խումբն անխոս կանգնեց: Անթաքույց մի հպարտություն էր պատել բոլորին: Յուրաքանչյուր ոք լռելյայն հարգում էր հայոց սպարապետի հիշատակը, հոգու խորքում պարծենում նրանով: Թեպետ երեխաներից շատերն առաջին անգամը չէին Շուշիում, սակայն ուսուցչուհու պատմածներն ընդունում էին նորովի, ավելի մեծ ոգևորությամբ: Գայանե Մակյանն այնպես էր հրամցնում բերդաքաղաքի պատմությունը, որ աշակերտները համակ ուշադրություն էին դարձել: Նրանք գիտեին, որ Շուշին միշտ էլ եղել է հայ մշակույթի կենտրոն, որտեղ գործել են տպարաններ, գրադարաններ, թատրոն, ուսումնարան: Շուշիում հյուրախաղերով հանդես էին գալիս Սիրանույշը, Գ.Պետրոսյանը, Հ. Աբելյանը, Գ. Ավետյանը: Այստեղ ծնվել և մեծացել են այնպիսի հանրահայտ անհատներ, ինչպիսիք են Լեոն, Մուրացանը, Հ. Գուրջյանը, Վ.Վաղարշյանը, Ս.Սպանդարյանը, Ն. Ստեփանյանը և շատ ուրիշներ: Ճանապարհորդությունն այնքան էր հրա-պուրիչ, որ խումբն ամենևին չէր ցանկանում վերադառնալ: Անշուշտ, հիշարժան այդ օրը, երեխաների հայեցի դաստիարակությունն ու հոգևոր զարգացումը նոր թափ ստացավ: Խանդավառված խումբը ետդարձի ճանապարհին այցելեց նաև Արցախի խորհրդանիշը հանդիսացող §Մենք ենք մեր սարերը¦ հուշարձանը, որը վերանորոգումից հետո մի առանձնահատուկ շքեղությամբ էր դիմավորում այցելուներին: Արդարև, օրվա խորհուրդն արժևորված էր: Թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները մեծագույն բավականություն էին ստացել ճանապարհորդությունից: Պատեհ առիթ է երախտագիտություն հայտնել Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրինությանը և պատմության ուսուցչուհի Գայանե Մակյանին նման միջոցառում նախաձեռնելու և կազմակերպելու համար: Համոզված ենք, դպրոցականների մոտ ավելի հզորացավ սերը և պատասխանատվությունը Արցախ աշխարհի հանդեպ: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |