Ես սովորել եմ հայոց լեզու, որպեսզի իմանամ, թե ինչ լեզվով են խոսել Աստվածները, քանզի հայոց լեզուն հենց Աստվածների լեզուն է, իսկ Հայաստանն էլ՝ Աստվածների հայրենիքը, և Աստվածներն էլ ծննդով Արարատյան դաշտավայրից են... Ջորջ Բայրոն
Այս օրերին Արցախի հանրակրթական դպրոցների առաջին դասարաններում տեղի են ունենում բաց դասեր՝ նվիրված հայոց այբուբենի առաջին տառի՝ Ա-ի ուսուցմանը։ Նման դասեր տեղի ունեցան նաև Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի 1-ին Ա եւ Բ դասարաններում։ Դասվարներ Զարինե Հարությունյանի և Դիանա Ղազարյանի բաց դասերին
ներկա էին դպրոցի տնօրինությունը, դասվարներ, ուսուցիչներ։ Երեխաների անմիջական և բավականին զարգացած բանավոր խոսքն ու մաքուր հայերենով մտքերի գեղեցիկ շարադրումը մեծ գոհունակություն պատճառեց դասը լսողներին։ Չնայած նոր ուսումնականի սկզբից ընդամենը մեկ ու կես ամիս է անցել, սակայն դասվարների համառ ջանքերի շնորհիվ առաջին դասարանցիները բավականին գիտելիքներ են ձեռք բերել։ Նրանք տարբերակում են ձայնավոր և բաղաձայն հնչյունները, գիտեն բառի, նախադասության կազմությունները, բառերը վանկերի բաժանելը։ Կարողանում են միավանկ բառերում հնչյունը ձևափոխելով ստանալ այլ բառ, իրենց մտքերը շարադրել նկար - պատմությունների շուրջ ու վերնագրել դրանք։ - Երկու դասարաններում էլ բաց դասերն անցան աշխույժ մթնոլորտում։ Ակնառու էր դասվարների կատարած քրտնաջան աշխատանքը, ինչի արդյունքները հնչեցին աշակերտների շուրթերից։ Մեզ համար ուրախալի է նաև այն փաստը, որ երկու դասարաններում էլ շատ են ակտիվ երեխաները, և առհասարակ տարեց-տարի դպրոց հաճախող երեխաների պատրաստվածության մակարդակը բարձրանում է,- ասաց դպրոցի տնօրեն Կառլեն Մայիլյանը։ Երեխաները բանաստեղծական տողերով փառաբանեցին Մեծն Մաշտոցին՝ հայոց գրերը ստեղծելու, ու դրանց շնորհիվ մեզ հայ պահելու համար։ Նրանց անմեղ շուրթերից հնչեցին երախտագիտության խոսքեր արցախյան ազատամարտում նահատակված քաջորդիների հիշատակին։ Երեխաները խոստացան լինել նրանց արժանի հետնորդները և մեսրոպյան այբուբենի 39 զինվորների պես դառնալ ազգի փառահեղ պահապաններ։ Դասապրոցեսի ընթացքում դասվարները երեխաների համար դույընթեռնելի բազում եղանակներ օգտագործեցին՝ նոր թեման նրանց հիշողության մեջ ամրապնդելու համար։ Հայոց այբուբենն է այն ոսկե բանալին, որով գիտությունների բազում դռներ են բացվում, պատմություններ գրվում, քանզի Մաշտոցը պատմություն դարձավ, որ ստեղծվեն պատմություններ։ Ամեն տարի հայոց այբուբենը մեր մանուկներին սովորեցնելով՝ յուրաքանչյուր դասվար ցանկանում է, որ իրենց սաները բազում բարձունքներ նվաճեն՝ երբեք չաղճատելով հայկական դիմագիծը։ Քանզի բյուր դավերի դիմակայելով ու բազում փորձություններ հաղթահարելով է մեզ հասել հայոց պատմությունը, գիրն ու գրականությունը։ Դասվարները պատգամեցին իրենց սանիկներին աչքի լուսի պես պահել մեր սրբությունների սրբոցը՝ ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԸ։
Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |