Հոկտեմբերի 7-ը գրադարանավարի մասնագիտական օրն է, որը մեծ հանդիսավորությամբ է նշվում մեր շրջանում: Գիրքն ու գրադարանը եղել են հայ ժողովրդի պահպանման գրավականը, իսկ գրադարանավարի օր ունենալը վաղուց պահանջմունք էր հայերիս համար: Մեր գրադարաններում աշխատում են ինքնանվեր և բանիմաց մասնագետներ: Նրանք իրենց հոգատար և բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ կարողանում են գրավել ընթերցասեր հասարակության ուշադրությունը, արժանանալ փոխադարձ համագործակցության: Ասկերանի Գուրգեն Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված
գրադարանավարի մասնագիտական տոն օրվան: Ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Արտուր Մելքումյանը, քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, հյուրեր, շրջանի դպրոցների գրադարանավարներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Ասկերանի շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը. - Արցախի օրացույցը համալրվել է ևս մեկ մասնագիտական տոն օրով: Արդեն չորրորդ տարին է, ինչ հոկտեմբերի 7-ը նշում ենք որպես գրադարանավարի մասնագիտական տոն: Գրադարանն այն օջախն է, որտեղ կուտակված են մարդկության հանճարների ստեղծած մտավոր գանձերը, որն ընթերցողին երջանիկ հնարավորություն է ընձեռում հաղորդակցվելու, ճանաչելու և իմանալու այն: Գիրքն է, որ բոլոր ժամանակներում հանդիսացել է գիտության և ազգային մշակույթի կրողը, գիրքն է, որ լուսավորում է մարդու հոգին, նրա մեջ արթնացնում լավագույն ձգտումներ, սրում նրա միտքը և մեղմացնում հոգին: Շնորհավորում եմ բոլորիդ և համոզմունք հայտնում, որ կկարողանաք իրականացնել ձեր առջև դրած խնդիրները և արժանի ներդրում կունենաք ոլորտի զարգացման գործում: Շնորհավորանքի խոսք ասաց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: Նա կարևորելով գրադարանավարի դերը` միաժամանակ նշեց. - Իրոք, այսօր նվիրական տոն է, քանզի գնահատված է գրադարանավարի անխոնջ աշխատանքը: Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում ստեղծել է գրական հարուստ ժառանգություն, որի հետնորդները մենք ենք: Հպարտության բարձր զգացումը երբևէ չպետք է լքի մեզ, որ ունենք նման հարստություն և հիշենք, որ մեր հայապահպան գործում միասնաբար են հանդես եկել և՛ քրիստոնեական հավատը, և՛ մեր մեսրոպատառ գրերը: Այսօր, ամբողջ աշխարհում տարածված են էլեկտրոնային գրադարանները, սակայն մեր արժեհամակարգը պահպանվում է գրքով, գրադարանավարի աշխատանքով: Ասկերանի կենտրոնական գրադարանի պատանի ընթերցասերները ներկայացրին հետաքրքիր բեմականացում, որում պատկերված էր գրադարանավարների աշխատանքային առօրյայից վերցված մի դրվագ: Բեմականացումը շաղախված էր հումորով (նրանք չէին մոռացել գրադարանավարի ցածր աշխատավարձի մասին), որը մեծ բավականություն պարգևեց ներկաներին: Իսկ ԼՂՀ ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանի` §Վերք Հայաստանի¦ պատմավեպից ասված հատվածները մասնակիցներին հայրենասիրական մեծ լիցքեր հաղորդեցին: Մեծն Խաչատուր Աբովյանի խոսքով ասվեց ամեն ինչ: Հայը երբեք չպետք է մոռանա իր լեզուն ու հավատքը: Ասկերանի կենտրոնական գրադարանի ընթերցասերները ասմունքեցին և ներկայացրին §Նարո¦ պարը (պարուսույց՝ գրադարանի երիտասարդ աշխատակցուհի Սաթենիկ Տոնյան): Հիրավի, ակնբախ էր գրադարանի աշխատողների և ընթերցողների սերտ համագործակցությունը: Միայն սիրո և հարգանքի հիման վրա ստեղծված հարաբերությունները կկարողանան տալ իրենց աշխատանքի արդյունավետությունը: Միջոցառմանը մեծ շուք պարգևեցին նաև §Բերդ¦ համույթի մենակատարուհի Հերմինե Խաչատրյանի ելույթները: Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը նույնպես շնորհավորեց գրադարանավարներին և փաստեց. - Արդեն բարի ավանդույթ է դարձել նշելու մասնագիտական տոները: Կյանքում ամեն մի մասնագիտություն ինքնին կարևոր է և ունի իր ուրույն դերն ու նշանակությունը հասարակության մեջ: Պատահական չէ, որ բազմաթիվ տոների շարքում նշվում է նաև գրադարանավարի տոն օրը: Տոն, որն իր մեջ ամփոփում է գրականության և կրթության, գիտության ու արվեստի իմաստավորումը: Գրադարանը դռների բաց գանձարան է, իսկ գրադարանավարի կերպարը միշտ էլ եղել է գեղարվեստական գրականության թեմա: Գրադարանը մեծ դեր ունի մատաղ սերնդի բազմակողմանի զարգացման գործում: Տարեցտարի մեր գրադարանները հարստանում են նորանոր գրքերով և գտնվում են երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Մասնագիտական տոնի առթիվ մաղթում եմ բոլորիդ աշխատանքային հաջողություններ, ուժ, անսպառ եռանդ և ծավալուն գործունեություն: Ելույթներ ունեցան նաև Նախիջևանիկի դպրոցի գրադարանավար Ռոզա Մելքումյանը և Ասկերանի կենտրոնական գրադարանի ակտիվ և հավատարիմ ընթերցող Իրինա Գրիգորյանը: Նրանք շնորհավորելով գրադարանավարներին և շնորհակալություն հայտնելով օրվա միջոցառման կազմակերպիչներին` միաժամանակ նշեցին, որ ուրախ են այս տոնի առթիվ: Մեծ է գրադարանների դերն ազգային բնակչության կրթության, դաստիարակության գործում: Անհնար է պատկերացնել մարդուն առանց գրքի: Այն ուղեկցում է մարդուն ոչ միայն խաղաղ ժամանակ, այլ նաև ռազմի դաշտում: Այսօր, գրադարաններում աշխատում են ժպտադեմ, բարեհամբյուր մասնագետներ, որոնք իրենց վերաբերմունքով ձգում են ընթերցասերներին: Նրանք պատրաստակամ են և ցանկացած հարցում օգնության ձեռք մեկնող: Իսկ Ռոզա Մելքումյանն ավելացրեց նաև, որ բոլոր գրադարանավարները պարտավոր են այսուհետ ևս մեծագույն պատասխանատվությամբ վերաբերվել գրքին ու գրադարանավարի աշխատանքին: Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, որը քաղաքային գրադարանի կազմակերպած միջոցառումների մշտական հյուրն էր, նշեց. - Ծնվել եմ պարզ ու հասարակ մի ընտանիքում, որտեղ իմ լուսավորության, գաղափարների համար մեծ դեր էին ունեցել գրքերը, իհարկե, իմ ուսուցիչների հետ մեկտեղ: Մարդ եմ դարձել միայն ու միայն գրքով: Կարող էի մի գիշերվա մեջ ընթերցել հաստափոր մի վեպ և բոլորովին չհոգնել: Հասկանում էի գրքի զորությունը և գնահատում այն: Կցանկանայի, որ ներկայիս մատաղ սերունդը նույնպես գնահատեր գիրքը և ավելացներ այցելությունները դեպի գրադարաններ: Համոզված եմ, որ մեր սիրելի գրադարանավարներն անում են ամեն ինչ, որպեսզի բավարարեն գրքասերների հետաքրքրությունները: Հարկ է նշել, որ Ասկերանում մշակութային աշխույժ կյանք է ընթանում: Կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ, որոնցից անմասն չի մնում նաև կենտրոնական գրադարանը: Շնորհակալություն գրադարանի աշխատախմբին ժրաջան աշխատանքի և մեծ պատասխանատվության համար: Վերջում Հարավի, Այգեստանի և Նորագյուղի գրադարանավարները արժանացան շրջվարչակազմի պատվոգրերի, իսկ շրջանի արհմիութենական կազմակերպությունների միության նախագահը բոլոր գրադարանավարներին շնորհավորեց գեղեցիկ ծաղկեփնջերով: Ինչ խոսք, Ասկերանի Գ.Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանը կարողացավ կազմակերպել հերթական հաճելի և նշանակալից միջոցառումը: Շրջանի գրադարանավարներն զգացին այն մեծ վերաբերմունքը, որի կարիքը թերևս ունեին: Շնորհակալություն միջոցառման կազմակերպիչներին, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը, Ասկերանի շրջվարչակազմին, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնին և արհմիութենական կազմակերպությունների միությանը: Պատեհ առիթ է գնահատելու Ասկերանի շրջանի արհմիութենական կազմակերպությունների միության նախագահ Գայանե Գաբրիելյանի ողջունելի և ակտիվ գործունեությունը շրջանային և քաղաքային ցանկացած միջոցառման մասնակցելու և աշխատողներին խրախուսելու գործում: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |