ԲԵՐՔԱՀԱՎԱՔ 2013. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԹԻԿՈՒՆՔԻՆ Է |
30.10.2013 19:20 |
Ասկերանի շրջանում ավարտին են մոտենում բերքահավաքի աշխատանքները։ Նախորդ տարին գյուղատնտեսական գրեթե բոլոր աշխատանքների համար տարին նպաստավոր էր, ու ինչպես սպասվում էր բերքն էլ՝ առատ։ Շրջանում բավականին աճել են գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալները։ Ինչպես նախորդ տարիներին ընթացիկ տարում ևս պետությունը մեծապես աջակցել է հողերի մշակությանը՝ բավականին շահավետ պայմաններով տրամադրելով գյուղատնտեսական վարկեր։ Այժմ ավարտվում են 2013թ. բերքահավաքի աշխատանքները և սկսված են աշնանացանի աշխատանքները։ Թե ինչպիսին էր տարին մեր շրջանի գյուղատնտեսական կյանքում, ինչպես են ընթացել բերքահավաքի աշխատանքները, ինչպես են նախապատրաստվում աշնանացանին և այլ հարցերի շուրջ պարզաբանումներ է տալիս Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի վարիչ Արվիդ Ղուլյանը։ - Պարոն Ղուլյան, ինչպե՞ս եք գնահատում բերքահավաք 2013-ը։ - Շրջանում բերքահավաքը իրականացվել է անկորուստ և կազմակերպված, բերքահավաքի ընթացքում հակահրդեհային նախազգուշական բոլոր միջոցա-ռումները կատարվել են անթերի, սակայն 25 համայնքներում հողօգտագործողները տուժել են բնական աղետներից: Արտադրվել է 11902 տոննա ցորեն, 2600 տոննա գարի, 651 տոննա արևածաիկ, 264 տոննա հնդկացորեն, 1095 տոննա խաղող, ավելի քան 10000 տոննա եգիպտացորենի հատիկ: - Գոհացուցի՞չ են բերքատվության ցուցանիշները։ - Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, առանձին մշակաբույսերի բերքատվության աճ է գրանցվել, սակայն դրանք հեռու են բավարար լինելուց: Այն հատկապես ցածր է մնում սեփականության իրավունքով տրամադրված հողատարածքներում: Խնդիր ունենք կոնկրետ հացահատիկային մշակաբույսերի բերքատվությունը հասցնել մինչև 25ց/հա-ից, և շրջանում պոտենցիալ հնարավորություններն ունենք, պարզապես պետք է ժամանակին և որակով կատարել բոլոր ագրոմիջոցառումները, այդ թվում նաև մոլախոտերի ու հիվանդությունների դեմ պայքարի կազմակերպումը: - Բերքահավաքի ընթացքում գյուղատնտեսական մեքենաների պակաս զգացվե՞լ է։ - Ընթացիկ տարվա բերքահավաքի ժամանակաշրջանում գյուղատնտեսական մեքենաների պակաս չենք ունեցել, սեփական գյուղտեխնիկա ունեցող անհատների և շրջանում տեղակայված §Ագրոտնտեսություն թիվ 1¦ ՓԲԸ հետ համագործակցված աշխատանքի շնորհիվ ժամանակին և անկորուստ կազմակերպվել է բոլոր մշակաբույսերի բերքահավաքը: - Հացահատիկային ո՞ր կուլտուրաների մշակմանն են նախապատվություն տվել հողի մշակները։ - Հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններում գերակշռում են ցորենի և գարու տարածքները: Սակայն վերջին տարիներին շրջանում տարվող հետևողական աշխատանքների շնորհիվ զգալի ավելացել են գարնանացան մշակաբույսերի ցանքերը, ընթացիկ տարում դրանք հասցվել են մոտ 5400 հեկտարի, որոնք կազմում են ընդհանուր ցանքատարածքների 40 տոկոսը: Արդյունքում հնարավոր դարձավ ցանքաշրջանառությունների կիրառումը, որոնք կարևոր նախապայման են հողերի արդյունավետ օգտագործման և բերրիության բարձրացման գործում: Մեր պայմաններում այսօր առանձին հողօգտագործողներ հեկտարից ստանում են մինչև 80-100ց եգիպտացորենի բերք: - Վերջերս ականատես եղանք բերքահավաքի աշխատանքները երկհերթ կատարելուն, ինչը խորհրդային տարիներին ևս կիրառվում էր հնարավորինս բերքահավաքն անկորուստ ժամանակին կազմակերպելու համար։ Որքանո՞վ է հնարավոր այն կիրառել ներկա պայմաններում։ - Անհրաժեշտության դեպքում երկհերթ բերքահավաքի կազմակերպումը հնարավոր է, քանի որ ունենք գերմանական հացահատիկահավաք կոմբայններ, որոնք իրենց արագությամբ մի քանի անգամ գերազանցում են խորհրդային կոմբայններին։ Սակայն դրան այսօր խանգարում են անկանոն ոռոգումը և իրական բնակլիմայական պայմանները: Միաժամանակ, առկա սեփական և մեքենա-տրակտորային կայանների կոմբայնները ներկա դրությամբ բավարարում են հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը կազմակերպելու համար: - Ազդել է արդյոք հունիս ամսում տեղացած կարկուտը ցանքատարածությունների վրա և ի՞նչ աջակցություն են ստացել հողատերերը։ - 2013 թվականին շրջանի հողօգտագործողները զգալիորեն տուժել են բնական աղետներից: 25 համայնքներում և §Ակնա¦ թաղամասում հացահատիկային մշակաբույսերի 1921 հա ցանքերը վնասվել են, այդ թվում կարկտահարությունից` 1611 հա, սելավներից` 42.6, երաշտից՝ 268.3 հա: Տուժած տարածքների նկատմամբ հանձնաժողովների կողմից կազմվել են մասնագիտական ակտեր` անհատական ցուցակներով, հաշվարկվել են վնասները և ներկայացրվել վերադաս մարմիններին: ԼՂՀ կառավարության կողմից կարկտահարությունից տուժած, հայտ ներկայացրած հողօգտագործողներին աջակցության ծրագրի շրջանակներում անհատույց տրամադրվել են եգիպտացորենի և բազմամյա խոտերի սերմացու, իսկ հողօգտագործողները, որոնք կարկտահարված տարածքներում հերկ են կատարել, ընդգրկվել են սև ցելի ցուցակներում և նրանց 1 հա-ի հաշվով անհատույց կտրամադրվի 40000 դրամ աջակցություն: Միաժամանակ, բնական աղետներից տուժած հողօգտագործողները ԼՂՀ կառավարության որոշմամբ 2013 և 2014 թվականներին ազատվել են հողի հարկից և վարձավճարներից, իսկ համայնքներին կտրվի համապատասխան դոտացիա: Իսկ 100 տոկոսով տուժած խաղողայգիների տերերին 1 հա-ի հաշվով կտրամադրվի 100000 դրամ օգնություն: Ներկայումս քննարկման փուլում է գտնվում տրամադրված գյուղատնտեսական նշանակության արտոնյալ վարկերի երկարաձգման հարցը: - Պարոն Ղուլյան, պատրա՞ստ է հողի մշակն աշնանացանի աշխատանքները նախատեսված ժամկետներում կատարելուն, ի՞նչ ընթացքի մեջ է այն գտնվում ներկայումս։ - Շրջանում սկսվել և ընթացքի մեջ են աշնանացանի աշխատանքները, ներկա դրությամբ կատարված է շուրջ 6000 հա հերկ և 800 հա աշնանացան մշակաբույսերի ցանք: - Պետության կողմից որևէ աջակցություն լինելո՞ւ է։ - Աշնանացանի կատարման համար ԼՂՀ կառավարության կողմից այս տարի ևս ցուցաբերվում է աջակցություն: Համայնքներում սեփականատեր և վարձակալ հողօգտագործողներին 1 հա-ի հաշվով տրամադրվում է 60լ դիզելային վառելիք` 1լ-ը 350 դրամով, դիզվառելիքի արժեքի մնացած մասը սուբսիդավորվում է պետության կողմից: Ըստ ներկայացված հայտերի արդեն տրամադրվել է 137 տոննա դիզելային վառելիք: - Շնորհակալություն։
Հարցազրուցը վարեց Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ |