ՀԱՂԹԵԼ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ, ԿՀԱՂԹԵՆՔ ՆԱԵՎ ՏՆՏԵՍԱՊԵՍ
30.10.2013 19:21

  Արցախում բարի ավանդույթ է դարձել բերքի տոնը հանդիսավոր պայմաններում նշելը։ Դրա հետ մեկտեղ արդեն երկրորդ տարին է, ինչ Արցախում նշվում է գյուղատնտեսի օրը։ Չնայած հանրապետությունում դեռևս ընթացքի մեջ են բերքահավաքի աշխատանքները, սակայն հոկտեմբերի 13-ին հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվեց տոնավաճառ։ Բերքի տոնին մասնակցելու համար նախապես հայտեր են ներկայացվել շրջանային գյուղատնտեսության բաժիններ։ Մեր շրջանին տրամադրած հայտերի քանակը 22-ն էր, սակայն բերքի տոնին մասնակցելու ցանկություն են հայտնել

45 հոգի, որոնց կազմում կային և՛, անհատներ, և՛ կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք էլ ամենատարբեր մթերքներով մասնակցել են տոնավաճառին։ Տոնավաճառին մասնակցել են Ասկերանի, Ակնաղբյուրի, Ավետարանոցի, Բերքաձորի, Խանցքի, Ծաղկաշատի, Նորագյուղի, Ջրաղացների, Սղնախի, Ուղտասարի, Խնձրիստանի համայնքներն ու Ակնա թաղամասը։ Վաճառքի է հանվել նուռ, խնձոր, արքայանարինջ, ձմերուկ, ընկույզ, պնդուկ, մեղր, պանիր, կարտոֆիլ, սոխ, լոբի, կաղամբ, տաքդեղ, ճակնդեղ, սմբուկ, եգիպտացորեն, պոմիդոր, թթի օղի, նռան գինի, ընտանի թռչուններ և կենդանիներ, լոր և լորի ձու։ Բավականին հաջող է վաճառվել սոխը՝ մոտ 20 տոննա։ Իսկ ընդհանուր առմամբ մեր շրջանի տաղավարներից իրացվել է 12 մլն դրամի ապրանք։
Բերքի տոնին մասնակցում էր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը, արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Շահրամանյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք։
Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն օրհնեց բերքը՝ փառաբանելով ամենակարողին տված առատ բերք ու բարիքի համար։ Ապա սկսվեց պետական պաշտոնյաների բերք ու բարիքով ծանրաբեռնված վաճառասեղաններին մոտենալու, համտեսելու անվերջանալի թվացող մեծ շրջագայությունը։
Անշուշտ մեծ էր ոգևորությունն ու առավել մեծ ակնկալիքները, որոնք արդարացվեցին։ Դեռևս վաղ առավոտվանից էին ստեփանակերտցիներն սպասում տոնավաճառի բացմանը, չէ որ հնարավորություն է ընձեռվում գյուղատնտեսական և պարենային մթերքները գնել շուկայականից ցածր գներով և մթերել ձմեռվա պաշարը։ Կողք-կողքի շարված բազմապիսի միրգն ու բանջարեղենն աչք էին շոյում։ Անվերջանալի թվացող վաճառասեղանների առատությունը տեսնելով հպարտություն ես զգում, որ Արցախի բարեբեր հողը տարեց-տարի ավելի առատ բերք է տալիս, որ կարևորվում է նրա հետ ճիշտ վարվելը, ագրոտեխնիկական աշխատանքները ժամանակին և որակով կատարելը, ինչի դեպքում էլ հողի մշակը կարողանում է ստանալ ցանկալի արդյունքը։
Նպարեղենից զատ տոնավաճառում նաև ընտանի կենդանիներ և թռչուններ էին վաճառվում, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկա։
Գնորդները հիմնականում գոհ էին գներից։ Առավել ձեռնտու էր տավարի, խոզի մսի, պանրի, սոխի, ձվի գները։ Վերջինիս գինը վերջերս կտրուկ աճել է՝ հասնելով 130 դրամի, իսկ տոնավաճառում այն վաճառվեց 65 դրամով։ Կային նաև դժգոհները, որոնց համար տոնավաճառի գները նույնն էին, ինչ ամենօրյա գործող շուկայում։
 Օրը հագեցած էր նաև մշակութային միջոցառումներով։
 Ուրախալի փաստ է, որ մեր պետությունն ամեն կերպ փորձում է աջակցել, շահագրգռել գյուղացիներին հետագայում ավելի եռանդուն ու ջանադրաբար հողի մշակությանն ու գյուղատնտեսական մթերքների արտադրությանը կցվելուն։ Արցախն ագրարային երկիր է ու այն զարգացնելու ու շենացնելու գործում բոլորս մեծ պարտավորություն ու պատասխանատվություն ենք կրում։ Ուստի ստեղծագործ վարպետի պես վարվենք հողի հետ, ինչի դեպքում, համոզված եմ, նա երախտապարտ զավակի պես վարձահատույց կլինի։

 

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter