Վերջին տարիներին բարի ավանդույթ է դարձել ՀՀ Շիրակի մարզի և Ասկերանի շրջանի միջև համագործակցությունը, որի շրջանակներում հերթական այցելությունը կայացավ հոկտեմբերի 25-ին: Այս անգամ ժամանել էր Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը` ռեկտոր Վարդևան Գրիգորյանի գլխավորությամբ: Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը պատշաճ մակարդակով ընդունեց հյուրերին: Նախ, ծաղիկներ դրեցին Արցախյան պատերազմում նահատակված ասկերանցիների հիշատակին կանգնեցված հուշարձանին, ապա առանձնազրույց ունեցան շրջվարչակազմի ղեկավարի առանձնասենյակում: Սերգեյ Գրիգորյանը բարձր գնահատեց
Ասկերանի շրջանի և Շիրակի մարզի միջև ստեղծված ամուր կապն ու փոխհամագործակցությունը, նշելով, որ այն իր դրական և խթանիչ ազդեցությունը կունենա շրջանի կրթամշակութային, սոցիալտնտեսական, գյուղատնտեսության և այլ բնագավառների զարգացման վրա, ինչպես նաև հույս հայտնեց, որ առաջիկա հանդիպումը կլինի Շիրակի մարզում: Շրջվարչակազմի ղեկավարն ու Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորը փոխանակվեցին նվերներով: Այնուհետև, խումբը շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանի ուղեկցությամբ այցելեցին Խնապատի, Իվանյանի, Խաչենի միջնակարգ դպրոցները: Կրթության բաժնի վարիչն անդրադառնալով Շիրակի մարզի հետ հաճելի փոխհամագործակցությանը` նշեց. -Վերջին տարիներին ավանդույթ դարձած այս հանդիպումներն անչափ ողջունելի են և կարևոր երկու կողմերի համար: Շիրակի մարզից մեր շրջան են այցելել տարբեր պատվիրակություններ: Կրթության համակարգում այս համագործակցությունն ավելի խորն է: Շուրջ չորս տարի է, ինչ շփվում ենք Գյումրու մանկավարժական ինստիտուտի դասախոսական կազմի հետ և միանշանակ, կարևորում եմ գիտելիքների և փորձի փոխանակումը: Նման այցելությունները յուրօրինակ խթան կհանդիսանան հետագա հաջողությունների արձանագրման գործում: Մեր խորին շնորհակալությունը հայտնենք ինստիտուտի մանկավարժական կոլեկտիվին և համոզմունք, որ հանդիպումները շարունակական կլինեն: Ռեկտոր Վարդևան Գրիգորյանը նույնպես շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելություն կազմակերպելու և նախատեսված ծրագրերին ընդառաջելու համար. - Անշուշտ, ամեն անգամ Արցախ այցելելիս նորանոր տպավորություններ ենք ստանում: Այսպիսի ջերմ և անկաշկանդ մթնոլորտում հաճելի է զրույց ունենալ, կիսվել մտահոգիչ խնդիրների շուրջ: Ուրախություն ենք զգում, երբ Արցախն ավելի շենացած և բարգավաճ ենք տեսնում: Պատերազմ տեսած և արհավիրքներով անցած ժողովուրդը կարողանում է պահպանել կամքի ուժն ու հաստատակամությունը, որի առհավատչյան է այսօրվա Արցախն իր համայնքներով և կրթական ու մշակութային օջախներով: Գյումրեցիներս նույնպես դժվարություններով անցած ժողովուրդ ենք: 88-ի երկրաշարժից դեռևս լրիվությամբ չապաքինված` ցանկանում ենք պահպանել քաղաքի երբեմնի փառքը: Այսօր մեր ինստիտուտն ունի 5000 ուսանող, որոնք սովորում են 30 մասնագիտությամբ: 80-ամյա կենսագրություն ունեցող ինստիտուտը հպարտանալու բազում պատճառներ ունի: Մենք թողարկել ենք բազմաթիվ նշանավոր շրջանավարտների, որոնք բարձր են պահել հարազատ ինստիտուտի պատիվը: Մենք` մանկավարժներս, կատարում ենք աստվածահաճո աշխատանք. կրթում ու դաստիարակում ենք մատաղ և երիտասարդ սերունդների: Այս հրաշք երկիրը, որը տեսել է անողոք պատերազմ, դաժան օրեր, պարտավոր է արժանի սերունդ ունենալ, որն էլ լինելու է բոլորիս ապագան: Ինչ խոսք, բարձր եմ գնահատում մեր փոխհամա-գործակցությունը և հույս հայտնում, որ այն շարունակական կլինի: Խնապատի դպրոցի տնօրեն Զավեն Բեգլարյանն իր խոսքում նշեց. -Հայոց մեծերից շատերը ծննդով Գյումրուց են և Գյումրին մենք գիտենք նաև նրանցով: Ցավով ենք հիշում Գյումրու ահավոր երկրաշարժը, երբ համայն հայությունը սգում էր և օգնության ձեռք մեկնում երկրաշարժից տուժածներին: Այսօր, շատ հաճելի է, որ Գյումրին գեղեցկացել և ոտքի է կանգնել: Նշեմ, որ Խնապատի դպրոցն ապահովված է մասնագետ ուսուցիչներով: Մեր դպրոցում կրթությունը միշտ էլ հարգի է եղել: Առանձնապես, մաթեմատիկական դրվածքը բարձր է դրված: Հարկ է նշել, որ դպրոցում ուսման որակը պահպանվում է, որի արդյունքում գրանցվում են հաջողություններ առարկայական օլիմպիադաներում, շարադրությունների և ասմունքի մրցույթներում: Մեր ուսուցիչների զգալի մասն օժտված է բարձր գիտելիքներով, իսկ 2012-13 ուսումնական տարում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուրայա Ղազարյանը ԼՂՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստացել է ուսուցիչների որակավորման առաջին աստիճանի տարրակարգ: Հպարտությամբ կարող եմ շեշտել, որ մեր դպրոցը տվել է անվանի շրջանավարտներ, որոնք աշխատում են տարբեր ղեկավար պաշտոններում, կրթության համակարգում և ունեն իրենց ներդրումը մեր երկրի պետականացման գործում: Գտնում եմ, որ համագործակցությունը մեր շրջանի և Գյումրու միջև անհրաժեշտ է և նպատակային: Առանձնապես, կրթական համակարգում կարևոր է փորձի փոխանակումը: Անկեղծ և անկաշկանդ մթնոլորտում անցան հանդիպումներ նաև Իվանյանի և Խաչենի դպրոցներում: Տեղի ունեցավ փորձի փոխանակում, քննարկվեցին մասնագիտական հարցեր: Այցելած բոլոր դպրոցներին էլ հյուրերը դրամական աջակցություն ցուցաբերեցին։ Հյուրերը, Ասկերանի շրջանային կրթության բաժնի վարիչի և մասնագետների ուղեկցությամբ, եղան նաև պատմական Գանձասարում: Ոմանք առաջին անգամն էին Արցախում: Անհնար է նկարագրել այն ոգևորությունն ու հիացմունքը, որ զգում էին հյուրերը: Նրանք զմայլվում էին Արցախ աշխարհի գեղատեսիլ վայրերով, պատմական հուշարձաններով, կախարդիչ բնությամբ: Եվ ինչ խոսք, պատվիրակության մասնակիցներն Ասկերանի շրջանի ղեկավարության ջերմ ընդունելությունից ու կազմակերպած հանդիպումներից մեծ բավականություն ստացած մեկնեցին Գյումրի` ակնկալելով ասկերանցիների պատասխան այցը մոտ ապագայում: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |