§ՎԱՍՆ ՀԱՒԱՏՈՅ, ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ¦
30.10.2013 19:27

  Հայրենասիրությունը հոգու պահանջ է, առանց որի անհնար է մարդկային վեհ արժեքների ձևավորումը։ Նրա ակունքները սկիզբ ու վերջ չունեն, քանզի հայրենասիրությունն անսահման է։ Յուրաքանչյուր անհատի մոտ այն յուրօրինակ ձևով է արտացոլվում, բայց որ հայրենասիրությունն ուղղված է հարազատ հայրենիքի բարօրությանն ու մարդկային վեհ արժեքների ձևավորմանը՝ անհերքելի փաստ է։ Նման նկատառումներից ելնելով 2012 թվականին Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի մի խումբ նվիրյալների նախաձեռնությամբ ստեղծվեց §Ավետարանոց¦ հասարակական կազմակերպությունը, որը շատ շուտով իր շուրջը համախմբեց իր երախտապարտ զավակներին։

- §Ավետարանոց¦ հասարակական կազմակերպության ստեղծմանն արձագանքել են ոչ միայն ավետարանոցցիները, այլև հարևան գյուղերի բնակիչները։ Մեծ էր ոգևորությունը, առավել մեծ պարտքի այն զգացումը, որն ունեինք ողջ մնացածներս մեր զոհված ընկերների առջև։ Գյուղը չուներ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձան, որը բոլորիս մտահոգության առարկան էր դարձել։ Ժողովուրդն իր սոցիալական խնդիրները մի կողմ դնելով հուշարձան ունենալու խնդիրն առաջին պլան մղեց։ Ու ծնվեց հուշարձան-կոթող կառուցելու այս վեհ գաղափարը՝ գյուղի ամենաբարձր դիրքում։ Շինարարական աշխատանքներն սկսվել են 2012թ. օգոստոսին, որին զուգահեռ ստեղծվեց §Ավետարանոց¦ ՀԿ-ն, որը ղեկավարում էր 7 հոգուց բաղկացած խորհուրդը։ Կազմակերպության միջոցներով, ի վերջո մեզ հաջողվեց ավարտին հասցնել հուշակոթողի կառուցման աշխատանքները, - ասում է կազմակերպության հիմնադիր նախագահ Ռոբերտ Ղահրամանյանը։

Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ §ՎԱՍՆ ՀԱՒԱՏՈՅ, ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ¦ հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, ԱԱՄ նախագահ Սամվել Կարապետյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, պետական պաշտոնյաներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, հյուրեր։

Երկրի Նախագահին՝ պատվո պահակախմբի հրամանատարի զեկուցումից հետո, հանդիսավոր արարողությունը նվիրված հոյակերտ հուշահամալիրի հանդիսավոր բացմանը հայտարարվեց բացված։ Ապա հնչեց Արցախի օրհներգը։ Զեկուցման համար խոսքը տրվեց Ավետարանոցի միջնակարգ դպրոցի տնօրեն Ալվինա Խաչատրյանին, ով ներկայացրեց Ավետարանոցի քաջ մարտիկների մարտական փառավոր ուղին։

- Այսօր Ավետարանոցն իր հյուրընկալ դռներն է բացել բոլորիդ առջև մի սուրբ առաքելությամբ։ Փառավոր ու հերոս պատմական անցյալ ունեցող Ավետարանոցում այսօր սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացում է տեղի ունենում։ Գյուղ, որը  Վարանդայի մելիքանիստ գյուղերից է, և որն աշխարհին տվել է ռուսական բանակի գեներալ  Վալերիան Մադաթովին։ Գյուղ, որը հայրենական պատերազմին տվել է երկու հարյուր, իսկ արցախյան ազատամարտին երեք տասնյակից ավելի մատաղ կյանքեր, որպեսզի ծաղկի ու հարատևի Արցախ աշխարհը։ Ավետարանոցը երբեք չի հանդուրժել օտարի լուծը ու այսօր էլ կանգուն է իր անցյալ ու ներկա հերոսություններով, իր քարե ու կենդանի արծիվներով, իր որդիների հայրենանվեր գործունեությամբ, իր՝ մոտ 190 աշակերտ ունեցող կրթօջախով, որտեղ դաստիարակվում է երկիրը սիրող հուսալի հերթափոխ։ 20-րդ դարը հայերիս համար փորձությունների դարաշրջան եղավ։ Դարասկզբին եղեռն տեսած ժողովրդին դարավերջին սպասվում էր նոր փորձություն՝ այս անգամ Արցախյան հողում։ Ինտերնացիոնալ կոչվող խորհրդային երկրում Ադրբեջանի կողմից մեզ պատերազմ պարտադրվեց։ Իր պատիվն ու արժանապատվությունը փրկելու համար արցախցին զենք վերցրեց։ Ավետարանոցի քաջազուններն անմասն չմնացին։ Նրանցից յուրաքանչյուրը փառավոր մարտական ուղի է անցել մինչև հրադադար։ Նրանք սակավաթիվ էին, սակայն բռուցքվեցի՛ն, մի բռունցք դարձան, որպեսզի չկրկնվեն հայոց պատմության ողբերգական ու մութ էջերը։ Երբ զինվելն օրվա հրամայական էր՝ Ավետարանոցում Համլետ Ստեփանյանն առաջինն էր, որ մեկնեց Երևան ընկերոջ օգնությամբ զենք ու զինամթերք հայթայթելու համար, ինչը հաջողությամբ պսակվեց։ Ոգին և միասնական արհավիրքին դիմակայելու վճիռն էր, որ նրանց առաջ էր մղում։ Սկզբում յոթ հոգի էին, հետո դարձան յոթանասուն, այնուհետև նրանց թիվն անցավ հարյուրից։ Հաղթանակի համար մենք բավականին թանկ գին վճարեցինք՝ հազարավոր մատաղ կյանքեր։ Ուստի խոնարհվենք սուրբ նահատակների հիշատակի առաջ, խոնարհվենք Ավետարանոցի երեսուներկու նահատակների անմար հիշատակի առաջ, և բարձրաձայնենք՝ §Փա՛ռք ձեզ, մեր նահատակ քաջ տղաներ, դուք փառք չէիք փափագում, բայց՝ գտաք, դուք գնացիք գիտակցված մահվան՝ դրանով իսկ անմահանալով։ Հայրենիքը ձեզ կյանք ու սեր է խոստացել, բայց փոխարենը դուք եք տվել Հայրենիքին ձեր կյանքն ու սերը¦։

Արարչագործ մարդկանց ձեռքով այս բարձունքում հուշարձան կերտելը ժամանակի հրամայական էր, ինչի համար մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Արցախի նախագահ Բակո Սահակյանին՝ մեր գյուղի նկատմամբ տածած հատուկ վերաբերմունքի և աջակցության համար։ Ականատես լինելով հուշարձանի կառուցման աշխատանքներին, ողջ գյուղն էր հրճվում, յուրաքանչյուր-ոք փորձում էր իր լուման ներդնել հայրենասիրական այդ վեհ գործում՝ համայնքի ղեկավար, ազատամարտի վետերան Հովիկ Գաբրիելյանի գլխավորությամբ։ Իսկ գումարտակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանի, կենտրոնական պաշտպանական շրջանի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Կարապետյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ §Մարտական խաչ¦ երկրորդ աստիճանի շքանշանակիր Համլետ Ստեփանյանի, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի, ռուսաստանաբնակներ Սեյրան Դավթյանի, Ժիրայր Աթայանի, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Գարիկ Բալայանի, Աշոտ Խաչատրյանի, Դավիթ Լալաբեկյանի, երևանաբնակ Վրեժ Հովսեփյանի կատարած խոշոր հանգանակությունների արդյունքում իրականություն դարձավ բոլորիս երազանքը։ Մեր դպրոցի շրջանավարտ հարուստ գիտելիքներով զինված, ամեն կերպ հարազատ գյուղի բարգավաճմանը նպաստող Ռոբերտ Ղահրամանյանը չկար մի օր, որ չլիներ շինհարթակում, չմասնակցեր շինարարության աշխատանքներին։ Հերոսական աշխատանք է կատարել նաև համագյուղացի Էդիկ Ղահրամանյանը, ով չնայած խոսուն տարիքին ամեն օր պարտադիր լինում էր շինհարթակում իր խորհուրդներով, ինչպես նաև ֆիզիկական աշխատանքով օգնություն ցուցաբերում։

Այսօր պահն է գլուխ խոնարհելու արցախյան ազատամարտի բոլոր մասնակիցների, հաշմանդամ տուն դարձածների առջև, նրանց, ովքեր քայլելով պատերազմի բազում փորձություններով այսօր համեստաբար լռում են իրենց հերոսական գործողությունների մասին ոչինչ չասելով։ Այսօր էլ կանգնած են հպարտության վեհ զգացումով ու պարզերես՝ պատմության դատաստանի առաջ։ Եկեք խոնարհվենք մեր հերոսական ժողովրդի առաջ, ովքեր թիկունք են կոչվում և իսկապես ամուր թիկունք են հանդիսացել ազատամարտի տարիներին։ Այսօր տոն է մեր գյուղում, ուստի տոնական այս օրը բոլորիս ցանկությունն է, որպեսզի նոր սերունդն արժանի հետնորդը լինի իր նախնիների։

Երկար, դժվարին ու փառավոր մարտական ուղի է անցել Ավետարանոցի վաշտը։ Հետագայում ԼՂՀ պաշտպանության բանակի ձևավորմանը զուգընթաց Ավետարանոցի, Ակնաղբյուրի և շրջակա գյուղերի մարտիկներից գումարտակ է կազմավորվել՝ բոլորիս քաջածանոթ լեգենդար 35-րդ գումարտակը, որի հրամանատար է  նշանակվել Արշավիր Սուրենի Ղարամյանը՝ հետագայում Արցախի հերոս, §Ոսկե արծիվ¦ շքանշանի ասպետ։ Գումարտակը շարունակեց վաշտի լավագույն ավանդույթներն ու պահպանեց մարտական տոկուն ոգին՝ միշտ ստանալով ամենաբարդ առաջադրանքները, պատվով կատարելով դրանք, որոնց մեջ մեծ ու անփոխարինելի էր հրամանատարի դերը։ Գումարտակի փառավոր ուղին շարունակում է հյուսվել Ասկերանի պաշտպանական շրջանի կազմում։ Տղաներն ամուր ընտանիքի պես էին ապրում, պայքարում, գումարտակում տիրում էր փոխադարձ հարգանք և ըմբռնում։ Հրամանատարը խստապահանջ, բայց և միաժամանակ հոգատար էր իր զինվորների նկատմամբ։ Նրանք երբեք ոչ մի դիրք չեն հանձնել թշնամուն, քանզի քաջ հրամանատարն անընդհատ հորդորում էր իր զինվորներին քաջաբար մարտնչելու համար, ինքն էլ մշտապես օրինակ ծառայելով։ Ու միասին փառավոր հաղթանակ կռեցին։ Մայիսին հրադադար հաստատվեց։ Տղաները տուն վերադարձան հաղթանակած, հերոսացած։ Ավա՜ղ շատերն էլ նահատկվեցին՝ ավելի սրբացներով ու քաղցրացնելով հայրենի հողը։

- Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, սիրելի արցախցիներ, այս արարողությունը, որի մասնակիցն ու ականատեսն ենք մենք առաջինը չէ մեր կյանքում ու ոչ էլ վերջինը։ Արցախում դեռ կկառուցվեն այսպիսի սրբավայրեր, վեր կխոյանան այսպիսի հուշակոթողներ։ Մարդկության համար չկան այնպիսի կարևորագույն արժեքներ,  որոնք համեմատելի լինեն ազատության ու անկախության հետ և չկա առավել մեծ հաճույք, քան քո հայրենիքում ազատ ու անկախ ապրելը։ Անցնելով պարտադրված պատերազմի թոհ ու բոհով, արցախցին 21-րդ դար մտավ ազատ ու անկախ Արցախ աշխարհով։ Քանզի պատերազմում հաղթում է նա, ում գործն արդար է։ Ցավոք, պատերազմում նաև զոհեր են լինում, սակայն նրանք ապրում և ապրելու են բոլորիս հիշողություններում։ Մտահոգված լինելով գյուղում վաշտի քաջամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացակայությամբ  Արշավիր Ղարամյանը Ավետարանոց գյուղի երախտավոր զավակներ Ռոբերտ Ղահրամանյանի, Համլետ Ստեփանյանի և մի շարք նվիրյալների աջակցությամբ ձեռնամուխ են եղել այս հոյակերտ հուշակոթողի կառուցմանը։ Հուշակոթողի ճարտարապետն է Արշավիր Ղարամյանի մարտական ընկեր, տաղանդավոր ճարտարապետ Ալբերտ Սարգսյանը։   Մենք՝ այս հուշակոթողը կառուցող վարպետներս, ջանք ու եռանդ, մասնագիտական կարողություններն ու հնարավորությունները չենք խնայել մեր նահատակված զավակների հիշատակը հավերժացնելու համար հուշակոթող կառուցելու գործում։ Ու եթե մեզ հաջողվել է թեկուզ և չնչին չափով թեթևացնել ձեր անդառնալի կորուստը, ձեր վիշտն ու կսկիծը՝ դա կլինի մեզ համար ամենամեծ վարձատրությունը։ Փա՛ռք արցախյան ազատամարտում նահատակված բոլոր քաջորդիներին, ովքեր կյանքի ու արյան գնով ազատագրեցին Արցախը, - իր ելույթում ասաց վարպետ Սիմոն Մինասյանը։

Հուշակոթողը եզակի է իր բովանդակությամբ՝ հսկա խաչքարը հույսի ու հավատի խորհրդանիշն է, որը կռվող զինվորի մշտական ուղեկիցն է։ Իսկ խաչի կողքին տեղադրված զույգ արծիվները խորհրդանշում են ուժ, արդարություն և իշխանություն։ Արծիվներից մեկը զենքը ձեռքին հայ զինվորն է իր հուժկու դեմքը սևեռած մեր դարավոր թշնամուն՝ միշտ պատրաստ նետվելու մարտադաշտ թշնամու ճամփան փակելու, իսկ երկրորդ արծիվը քանդակագործը տեղադրել է որպես թիկունք, քանզի առանց հուսալի թիկունքի անզոր կլինեն աշխարհի ամենամարտունակ բանակներն իսկ։ Արծիվն այդ թիկունքային ուժի մարմնացումն է, որպես ընտանիքի ամուսին՝ ձեռքն առած վահան ի նշան պաշտպանության։ Նա հանդիսանում է հայ օջախի պահապանը, ով օգնության է կանչում համայն հայությանը։ Հուշակոթողի կառուցման հեղինակները կրկին հաստատեցին այն միտքը, որ §Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել¦։

Ամեն մի արցախցու հոգում մեծ վիշտ, անդառնալի կորստի կսկիծ, անամոք ցավ կա։ Սակայն այս հուշարձանի բացումը մեծ սփոփանք եղավ Ավետարանոցի բնակիչների համար, քանզի այս հուշակոթողով սրբացվել է նահատակվածների հիշատակը։

-Մենք այնքան երկար ենք սպասել այսօրվան, որ չգիտենք այսօր ուրախությա՞ն, թե՞ վշտի արցունքներն են շատ։ Ժայռին թառած արծիվ հուշարձանն այս հուշաքար չէ սոսկ, այլ երեսուներկու քաջարի զավակների ճակատագիրն ու կենսագրությունը։ Հուշարձանի անունն այս Հաղթանակ է, քանզի այն երկար սպասումների, անկեղծ ապրումների, արցունքով լցված սրտերի հաղթանակ, որդեկորույս մայրերի, այրիացած կանանց, որբացած մանուկների, վշտոտ սրտերի հաղթանակ։ Այսօր հավաքվել ենք ասելու՝ §Բարև հաղթանակած քաջ, արծիվ տղաներ¦։ Քաջ են նաև այն բարերարները, ովքեր աջակցել են հուշարձանի կառուցմանը և ես կցանկանայի այդ մարդկանց անունները ոսկե տառերով գրվեին հայ ժողովրդի պատմության էջերում։ Փա՜ռք ընկածներին, Արցախ աշխարհին անամպ երկինք, ամուր հավատ,- իր ելույթի խոսքում ասաց զոհված ազատամարտիկ Համլետ Սարգսյանի այրի Սահականուշ Մնացականյանը։

Զոհված ազատամարտիկ Հրաչյա Բաղդասարյանի մայր Սվետլանա Ջհանյանը ելույթն սկսեց որդուն ձոնած բանաստեղծական տողերով.

- Աչքս է հառել ճամփիդ երկար,

Ասա ինչո՞ւ, ինչո՞ւ չեկար։

Կարոտել եմ քեզ շատ-շատ

Թողել ես ինձ անդեղ, անճար։

Աչքս եմ հառել ճանապարհիդ,

Քամու թևով թռի՛ր, ե՛կ,

Կարոտել եմ ես քո տեսքին,

Հավքի թևով թռի՛ր, ե՛կ։

Ու այսօր ինձ թվում է, թե նա, իրոք, եկել է։ Եկել է հավքի թևով և իր բազում քաջարի ընկերների հետ արծվի լայն թևերն է բացել հենց մեր տան դիմաց գտնվող այս վեհ ու գեղեցիկ բարձունքի վրա՝ պահպանելով գյուղի անդորրը։ Զոհված ազատամարտիկների ընտանիքների անունից մեր երախտագիտության խոսքն ենք հղում բոլոր նրանց, ովքեր ձեռնամուխ են եղել յուրօրինակ հուշակոթողի կերտմանը և իրականացրել են այս վեհ գործը։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել իմ նախկին սան Ռոբերտ Ղահրամանյանին, ով ի խորոց սրտի էր կատարում ստանձնած գործը, նրա հորը՝ Էդիկ Ղահրամանյանին, ով ամիսներ շարունակ բոլորիս աչքի առջև ծանր, դժվարին, բայց պատվաբեր աշխատանք էր կատարում։ Եվ վերջապես ես ուզում եմ համբուրել այն քանդակագործի ձեռքերը, ով կանգնեցրել է քարակերտ արծիվներին այս բարձունքում։ Խոր իմաստ ու գաղափար կա հրաշակերտ արծիվ քանդակի հիմքում՝ դրանք այն արծիվ տղաներն են, ովքեր գնացին գիտակցական մահվանն ընդառաջ՝ հանուն մեր սուրբ հողի-հայրենիքի։ Թող այլևս պատերազմ չլինի ու մեր երիտասարդներն ապրեն, արարեն խաղաղության պայմաններում՝ էլ ավելի շենացնելով արյան գնով ձեռք բերված Արցախ աշխարհը։

§Վասն հաւատոյ, վասն հայրենեաց¦ հուշակոթողն օծելու համար խոսքը տրվեց հայ առաքելական եկեղեցու Արցախի թիմի առաջնորդ գերաշնորհ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին։

-Այսօր մենք միասին ներկա ենք պատմական մի իրադարձության։ Ինչպես որ Քրիստոսն իր արյունը թափեց, որպեսզի եկեղեցին հավերժ քրիստոնեական մնա, այնպես էլ մեր քաջարի տղաներն իրենց արյունը թափեցին, որ մեր հողը մնա սուրբ ու անսասան։

Հնչեց տերունական աղոթքը և կատարվեց հուշակողոթի օրնության և օծման արարողակարգը։ Սրբազանն աղոթեց ամենակարող Աստծուն զերծ պահել հայ ժողովրդին փորձություններից, փրկել և պատշպանել երևելի և աներևույթ թշնամիներից։

-Այսուհետ այս հուշարձանը ոչ միայն հերոսական ոգի է տալու մեզ, ոչ միայն հիշատակը վառ է պահելու հանուն պատվի ու խաղաղության, այլև օրհնություն է տալու մեր մատաղ սերնդին, ովքեր գալու են փոխարինելու իրենց հերոս ծնողներին և եղբայրներին,- ասաց սրբազանը։

Հայրենասիրական բանաստեղծությունների ու երգերի գեղեցիկ կատարումներով հանդես եկան Ավետարանոցի Իվան Աթայանի անվան միջնակարգ դպրոցի սաները։

Վերջում §Ավետարանոց¦ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Հայրապետյանը  երախտագրեր հանձնեց բոլոր նրանց (շուրջ 60 հոգու), ովքեր աջակցել են հուշակոթողի կառուցմանը։

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի որոշմամբ հուշակոթողի ճարտարապետ Վլադիմիր Սարգսյանն ու քանդակագործ Ալբերտ Սարգսյանը պարգևատրվեցին բնանկարներով։ Հեռուստացույցով պարգևատրվեց շինարար-վարպետ Արթուր Հայրումյանին։

Արցախի ազատամարտի վետերանների միության վարչության նախագահ Սամվել Կարապետյանի հրամանագրով մի շարք ազատամարտիկներ՝ Արսեն Բորիսի Առաքելյանը, Անատոլի Էդիկի Բաբայանը, Սեյրան Ալեքսանդրի Սիմոնյանը,  Ալյոշա Վանյայի Հախնազարյանը և Հենրիխ Ալեքսանդրի Ստեփանյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության գործում ունեցած ավանդի, ակտիվ հասարակական գործունեության և զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշարձանի հանդիսավոր բացման կապակցությամբ պարգևատրվեցին §Հայրենյաց պաշտպան¦ մեդալով։ Մի շարք ազատամարտիկներ էլ արժանացան միության պատվոգրերի։ Զոհված ազատամարտիկների ընտանքների կենցաղային պայմանները մասնակի բարելավելու նպատակով, որպես օգնություն ԱԱ միությունը 20 հազարական դրամ էր հատկացել յուրաքանչյուր ընտանիքի։

Ազգային ազատագրական պայքարում և բանակաշինության գործում ունեցած ավանդի համար Ավետարանոց գյուղի մի շարք մարտիկներ Պաշտպանության  նախարար Մովսես Հակոբյանի կողմից արժանացան  արժեքավոր նվերների և 25-հազարական դրամ պարգևի։

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հայրենիքի սահմանները պաշտպանելու գործում ցուցաբերած խիզախության համար §Մարտական ծառայության¦ մեդալով պարգևատրվեցին ազատամարտիկներ Միքայել Իշխանի Դանիելյանն ու Վարշամ Ավետիքի Մնացականյանը։

Խորհրդանշական օրվա կապակցությամբ ներկաներին իր բարեմաղթանք-ներն ասաց երկրի նախագահը։

-Հայրենակիցնե՛ր, Ավետարանոցի բնակիչներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերել ազգային ազատագրական պայքարում և հաղթանակի կերտման գործում։ Նրանց սխրանքը բարձր է գնահատվել պետության կողմից։ Ցավոք, շատերն էլ պարգևատրվել են հետմահու։ Մեր սրբազան պայքարում իրենց կյանքն են զոհաբերել Ավետարանոց գյուղի երեք տասնյակից ավելի հերոս տղաներ։ Հավերժ փառք ու պատիվ մեր նվիրյալներին։ Մեր պարտքն է միշտ հիշել նրանց սխրանքն ու հերոսությունը և իրականացնենք նրանց իղձերն ու երազանքները, որոնց թվում ամենանվիրականն ազատ ու անկախ պետությունն է և նրա շարունակական հզորացումը։ Այս հուշահամալիրը պետք է դառնա ուխտատեղի՝ անցյալը հիշելու, մեր հերոսներով հպարտանալու և ապագայի հանդեպ լավատեսությամբ ու հույսով լցվելու։ Ողջունելի է, որ Ավետարանոցի բնակիչները շարունակում են ակտիվ գործունեություն ցուցաբերել մեր պետության զարգացման ու բարգավաճման գործում, նրանք ծառայում են պաշտպանության բանակում, աշխատում են պետական մարմիններում և տնտեսության տարբեր ճյուղերում։ Դա է մեր հերոսների գործը շարունակելու լավագույն միջոցը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել այս հուշահամալիրի կառուցման աշխատանքներին։ Բոլորիդ ցանկանում եմ խաղաղություն ու ամենայն բարիք։

Ներկաները շարժվեցին դեպի հուշակոթող, որի կարմիր ժապավենը կտրելու իրավունքը տրվեց Ավետարանոցի ջոկատի նախկին հրամանատար Համլետ Ստեփանյանին և զոհված ազատամարտիկ Մհեր Հովսեփյանի զավակ՝ Հայասեր Հովսեփյանին։ Բազմերանգ ծաղիկները խոնահվեցին արյան կանչով հայրենիքի համար մարտնչած ու ընկած -անմահացած մարտիկների անմար հիշատակին։

Իրավամբ, օրը պատմական էր։ Պատմական, քանզի այս հուշակոթողն ապրելու է դարեդար, անցնելու է սերնդե-սերունդ, որպես հայրենասիրության, անմնացորդ նվիրումի ու արծիվ տղաների քաջագործությունների քարակերտ վկա։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter