ՎԱՐԱԶԱԲՈՒՆՈՒՄ ԻԲՐԵՎ ԿՅԱՆՔԻ ՎԵՐԾՆՆԴԻ ՆՇԱՆ ԿՐԿԻՆ ԿՀՆՉԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԶԱՆԳԵՐԸ |
05.11.2013 10:39 |
Շուտով երկրորդ տասնամյակն է բոլորելու, ինչ Արցախ աշխարհում հրադադարի համաձայնագիր է կնքվել։ Տարեց տարի արցախցու սոցիալ-տնտեսական ու կենցաղային պայմանները բարելավվում են։ Օտար ափերում բնակվող մեր հայրենակիցների աջակցությամբ ու հովանավորությամբ բազմաթիվ բարեգործական ծրագրեր են իրականացվում։ Դրանք մեծապես նպաստում են Արցախի շենացմանը, մարդկանց հույս ու հավատ ներարկում, լավատեսությամբ զինում ապագայի հանդեպ։ Ասկերանի շրջանում վերջին ժամանակներս հաճախակի են տեղի ունենում միջոցառումներ՝ կապված նոր հուշահամալիրների, կրթօջախների բացումների հետ։ Դրանց մեջ մեծ է շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի դերը, ով ի վերուստ օժտված լինելով կազմակերպչական մեծ ունակությամբ ու ջիղով՝ անձամբ բազում ծրագրերի նախաձեռնողն ու ընթացքավորողն է։ Շրջանում հերթական միջոցառումը տեղի ունեցավ նոյեմբերի 1-ին՝ Վարազաբուն գյուղում։ Առիթը՝ Արցախյան ազատամարտում և Մեծ Հայրենականում նահատակված վարազաբունցիների և գյուղից անհայտ կորածների հիշատակին կանգնեցված հուշարձանի բացումն էր։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՊԲ հրամանատարի տեղակալ Վարդան Բալայանը, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնությունից ժամանած պատվիրակությունը, վարազաբունցիներ, հարևան գյուղերի բնակիչներ։ Մեզ պարտադրված պատերազմում մենք հաղթեցինք, որովհետև արդար էր մեր պահանջը, իսկ արդարության համար ելած մարտիկների ոգին՝ աննկուն։ Ցավոք, պատերազմն առանց զոհերի չի լինում։ Արցախի հերոս ազատամարտիկներն իրենց սխրագործություններով մատնացույց արեցին հայ ժողովրդի հաղթանակի ուղին՝ ապավինել սեփական ուժերին, կռվել անձնուրաց, լինել համախումբ, հանուն հայրենիքի չխնայել կյանքը։ Նախիջևանիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Գալինա Մեժլումյանը ներկայացրեց սահմանամերձ այդ գյուղերի հերոս տղաների մարտական պատվաբեր ուղին։ Գյուղերը գտնվելով Աղդամի հարևանությամբ մշտապես թշնամու նշանառության տակ էին գտնվում։ -Նշանակալից իրադարձություն է այս երբեմնի շեն, այժմ՝ սակավաբնակ Վարազաբուն գյուղում։ Հայրենական պատերազմին այս գյուղը տվել է 170 զոհ և Սովետական Միության երկու հերոս՝ Երեմ Դանիելյան և Գևորգ Հակոբյան։ Գյուղում կանգնեցվել է հերոս վարազաբունցի Երեմ Դանիելյանի հուշարձանը, ով զոհվել էր ռազմաճակատում։ Հուշարձանը տարիներ շարունակ ուխտատեղի էր նաև հարևան գյուղացիների համար։ Հենց այդ հուշարձանի մոտ դաստիարակվեց այն սերունդը, ով Արցախին սպառնացող վտանգի ժամանակ ոտքի ելավ արյան ու կյանքի գնով հայրենիքը փրկելու վճռականությամբ։ Իսկ Նախիջևանիկի միջնակարգ դպրոցն այսօր կրում է Գևորգ Հակոբյանի նվիրական անունը, ով պատերազմի ավարտից հետո երկար դարիներ դասավանդել է Երևանի պետական համալսարանում։ Ով գիտե, երբ է մեկ էլ այսքան մարդ հավաքվել պատմական խոր արմատներ ունեցող այս գյուղում։ Գուցե այն ժամանակ, երբ մեր հասարակությունը վերջին հրաժեշտն էր տալիս արցախյան ազատամարտում զոհված արանզամինցի տղաներին՝ Վալերի Թամրազյանին և Արմեն Սարգսյանին։ Հայրենի հողի կանչով ռազմաճակատ էր մեկնել նաև Հայաստանում բնակվող Ալեքսանդր Դանեիլյանը, ով նույնպես մարտիրոսվեց ու միացավ իր հերոսացած ընկերներին։ Արցախյան ազատամարտում մեր քաջարի մարտիկների կռած փայլուն հաղթանակը փրկեց մեր հայրենիքը կործանվելուց։ Այսօր այս գեղեցիկ հուշարձան համալիրի բացումը նվիրական խորհուրդ ունի իր մեջ՝ հիշողության, արյան կանչի խորհուրդ։ Ապրելով հարազատ գյուղից հազարավոր կիլոմետրեր հեռու, այս հող ու ջրի մարդիկ մեկ անգամ ևս փաստում են, որ չեն մոռացել իրենց հայրենի գյուղը, մանկության արահետները, հարազատ ծաղկասարը, պապերի շիրիմները։ Պատերազմի ավարտից հետո Արցախի իշխանությունները հսկայական աշխատանք են կատարել ու շարունակում են կատարել՝ լուծելով ժողովրդի սոցիալ-տնտեսական, կենցաղային խնդիրները ու, որ ամենակարևորն է պահելով մարտունակ բանակ, որը մեր անկախության, մեր ժողովրդի խաղաղ, ստեղծագործ աշխատանքի առաջին եաշխավորն է։ Հայոց բանակն անկախ փորձագետների գնահատմամբ մեր տարածշրջանում ամենամարտունակն է և շարունակում է օր-օրի կատարելագործվել, ամրացնել իր մարտունակությունը, ինչը հսկայական նյութական, ֆինանսական ռեսուրսներ է պահանջում։ Սակայն այլ ճանապարհ չունենք, եթե ուզում ենք պահել արյամբ սրբացած այս հողը։ Հայտնի իմաստնությունն ասում է՝ նա, ով չի կերակրում սեփական բանակը՝ կկերակրի թշնամու բանակը։ Արցախցիներս պետք է անենք առավելագույնը, մեր երկիրը հզորացնելու, շենացնելու համար։ Մենք դա կարող ենք անել յուրաքանչյուրս մեր աշխատանքով։ Այս բոլորի հետ հրաշալիորն զուգակցվում է Պյատիգորսկ քաղաքի մեր հայրենակիցների՝ հուշարձան կառուցելու հրաշալի նախաձեռնութունը։ Փառք ու պատիվ այս նախաձեռնության բոլոր հեղինակներին ու կենսագործողներին, փառք ու պատիվ մեր աշխատավոր, ստեղծագործ ժողովրդին, փառք ու պատիվ մեր բանակին՝ մեր խաղաղ արշալույսների երաշխավորին և կեցցե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, - եզրափակեց Գ Մեժլումյանը։ Դաժան փորձություններով ենք անցել մենք՝ ճաշակելով և կորստի ցավը և բազում դառնություններ։ 1992 թվականի մայիսի 10-ին թշնամին, Շուշիի կորստից կատաղած, տասնյակ զրանհատեխնիկայով և բազմաքանակ հետևակով լայնածավալ հարձակում ձեռնարկեց Ասկերան - Նախիջևանիկ – Վարդաձոր – Վարազաբուն - Սառնաղբյուր ողջ երկայնքով։ Մեր տղաներն ի զորու չեղան դիմակայելու բազմաքանակ՝ մինչև ատամները զինված թշնամու գրոհներին։ Այդ ողբերգական օրերին թշնամին կարողացավ մտնել Աղբուլաղ և Արանզամին գյուղերը, հիմնահատակ ավերել դրանք։ Աղբուլաղի կոլտնտեսության նախագահ Սլավիկ Միրզոյանը, ով հայոց նորօրյա ազատամարտի պատմության ակնուքներում կանգնած ամենավառ անհատականություններից էր, այդ օրը իր վերջին հերոսական մարտը տվեց՝ թշնամու զրահատեխնիկային ընդառաջ գնալով ականանետն ուսին։ Արանզամինի ճակատագիրն իր մեջ խտացրած ձևով մարմնավորում է հայ ժողովրդի Արցախյան հատվածի դժնդակ կենսագրությունը։ Պատմական աղբյուրները վկայում են, որ 1907 թվականին Արանզամինն ունեցել է 1324 բնակիչ, 1971-ին այդ թիվը դարձել է 244։ Մինչ շարժումը սկսելը՝ 97, իսկ այսօր գյուղն ունի 38 բնակիչ։ Ցավալի է, բայց՝ փաստ։ Թվերն առավել քան խոսուն են։ Խորհրդային Ադբեջանի վարած հայահալած քաղաքականության արդյունքում քարտեզից աստիճանաբար վերացել կամ կործանման եզրին են հայտնվել պատմական ու ռազմավարական մեծ նշանակություն ունեցող հայկական գյուղեր։ Այդ բնակավայրերն աստիճանաբար շրջափակվում էին օրեցօր իր սահմաններն ընդլայնող ադրբեջական բնակավայրերով։ Ամեն ինչ նաքօրոք հաշվարկված էր ադրբեջանական իշխանություններից կողմից՝ Արցախը Նախիջևանի ճակատագրին արժանանցնելու համար։ -Այսօր, իրավամբ, գյուղի վերածնունդն է։ Այս հուշարձանի բացումով ոչ միայն վառ կպահվի երկու դարաշրջանների հերոս վարազաբունցիների հիշատակը, այլև հայրենասիրական ոգով կդաստիարակվի երկիրը սիրող հուսալի հերթափոխ։ Այս երախտապարտ ձեռնարկման համար մեր շնորհակալությունն ենք հայտնում թե՛ նախաձեռնողներին, թե՛ բարերարներին։ Թող այս բարի նախաձեռնությունը սկիզբը լինի մեր հայմանքում կատարվելիք հետագա բարեգործությունների, - իր խոսքում նշեց Վարդաձորի համայնքի ղեկավար Սամվել Սառաջյանը։ Ելույթի համար խոսքը տրվեց զոհված ազատամարտիկ Վալերի Թամրազյանի այրի Նադեժդա Թամրազյանին։ -Բոլորս էլ սուրբ պարտք ունենք մեր հայրենիքի նկատմամբ։ Ես չորս զավակների մայր եմ։ Երբ զոհվեց ամուսինս՝ կրտսեր տղաս մեկ տարեկան էր։ Արցախի իշխանությունը միշտ թիկունք է եղել ինձ, և հաղթարարելով բազում դժվարություններ այսօր շրջապատված եմ թոռներով։ Այս հուշարձանի կառուցումը մեր հայրենակիցների միակ բարեգործությունը չէ։ Մեր երախտագիրությունն ենք հայտնում բոլոր բարերարներին, ովքեր միշտ մեր թիկունքին են։ Մենք, իրոք հպարտ ենք, որ Գարիկի, Ալիկի, Աշոտի, Արարատի, Ռաֆիկի, Ստելլայի, Միշիկի, Արամի նման հայրենակիցներ ունենք, և նրանց, ովքեր չեն կարողացել այսօր այստեղ ներկա գտնվել։ Ելույթներ ունեցան համայնքի ազատամարտիկների տարածքային կազմակերպության նախագահ Վաչագան Ասրյանը, արցախյան ազատամարտում անհայտ կորած Նադյա Բաղդասարյանի դուստր Անահիտ Հակոբյանը։ Իրենց ելույթներում անդրադառնալով սահմանամերձ այդ գյուղերի օրհասական օրերին ու այսօրվան, նրանք երախատգիտության խոսքեր հղեցին հուշարձանի կառուցման նախաձեռնողներին ու բարերաներին, Արցախի իշխանություններին, շրջանի ղեկավարությանը։ Հուզումնալից էր բարերար Ստելլա Գաբրիելյանի ելույթը, ով, անկասկած, հուզված էր բոլորից շատ։ Շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր փոքր ինչ չափով մասնակցություն ու ներդրում են ունեցել հուշարձանի կառուցմանը, հայրենի գյուղի կարոտը սրտում, խրոխտ արտասանեց Ավ. Իսահակյանի Մեծ հաղթանակի օրը բանաստեղծությունը։ Վարազաբունի դուստրը հուշահամալիրի բացումը հաղթանակ է համարում՝ վերածնվող ու մոխիրներից վեր հառնող գյուղի հաղթանակ։ -Սիրելի վարազաբունցիներ, հարևան գյուղերի բնակիչներ։ Այսքան հուզումնալից ելույթներից հետո դժվար է ճիշտ բառեր գտնելը, որոնք արժանի կլինեն այսօրվան։ Այս հուշարձանը սփոփանք է բոլորիս համար ու նաև հպարտության զգացում, որպեսզի շարունակենք ապրել այս տարածքի վրա, շենացնենք, վերականգնենք ավերակները, որոնց վրա անպայման պետք է նոր տներ կառուցվեն, նոր ընտանիքներ ստեղծվեն։ Այս գյուղը արժանի է դրան։ Վերջին տարիներին Արցախի բոլոր բնակավայրերում կառուցվում են հուշարձաններ թե՛ պետական միջոցներով, թե՛ ԱԱ միության օգնությամբ, թե՛տեղի բնակիչների ուժերով և թե՛ դրսում ապրող մեր հայրենակիցների հովանավորությամբ և անմիջական մասնակցությամբ։ Սա նույնպես նշանակում է, որ արցախյան ազատամարտը շարունակվում է, շարունակվում է հիշողությունների եւ միաբանության շարունակական դրսեւորումներով։ 88-ի մեր համաժողովրդական պայքարը մեզ թույլ է տալիս հպարտանալ մեր ձեռք բերածով՝ անկախ Արցախի Հանրապետության գոյությամբ, ինչը շատ թանկ զոհողություններով կարողացանք նվաճել։ Այդ ճանապարհին մենք կորցրել ենք մեր լավագույն ընկերներին ու տղաներին։ Այս հուշարձանի կառուցմամբ շատ բան է ասված։ Գյուղը կարող է գոյատևել, եթե կա հիշողություն։ Երբ գյուղը հիշում է իր անցյալը դա նշանակում նա կարող է մտածել ապագայի մասին։ Ու ես վստահ եմ, որ ապագայում ոչ միայն այս հուշարձանն ենք ունենալու, այլև ունենալու ենք գյուղին նոր շունչ ու կյանք տվող կառույցներ։ Փա՜ռք ու պատի՛վ մեր բոլոր նահատակներին, փա՛ռք մեր ազատամարտիկներին, ովքեր շարունակում են շենացնել հայրենիքը, խորին երախտագիտություն և շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրում են բերել այս հուշարձանի կառուցման համար։ Հազվադեպ է նման կարգի գյուղերում նման միջոցառումներ կազմակերպվում, այսքան մարդ համաքվում։ Ցանկանում եմ, որ այս պատմական օրը լինի նոր կյանքի ու նոր նախաձեռնությունների սկիզբ։ Փառք նրանց, ովքեր շարունակում են շենացնել այս հողը, քանզի մեր նահատակների պատգամն է դա,- օրվա կապակցությամբ ներկաներին ուղղված խոսքում ասաց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Անդրեաս քահանան օծեց հուշակոթողը։ Հնչեց տերունական աղոթքը։ -Այս գյուղում նոր սրբավայր կառուցվեց, մի բաց խորան, որտեղից ձեր աղոթքները պետք է բարձրանան առ աստված։ Ես կցանկանայի, որպեսզի ձեր շուրթերից չպակասի այդ աղոթքը, քանի որ հուշարձան դարձած մեր հերոսների հայացքները սևեռված են դեպի գյուղը և պետք է գիտակցենք, որ ամեն ինչ տեսնում են նրանք։ Դրա համար մեր պարտքն է շենացնել այս գյուղը։ Այս հուշարձանը մի դպրոց է մեր մատաղ սերնդի համար, որը պիտի դաստիարակի նոր սերունդներ։ Աստված օրհնի բոլորիդ։ Թող աստծո օրհնությունն այս գյուղից անպակաս լինի, որպեսզի կարողանանք վառ պահել մեր նահատակների հիշատակը, հիշատակն արդարոց՝ օրհնությամբ եղիցի,- ասաց տեր Անդրեաս քահանան։ Դպրոցի սաները հանդես եկան հայրենասիրական բանաստեղծություններով ու երգերով։ Երդվեցին լինել իրենց նախնիների արժանի հետնորդները, նրանց նման քաջ ու անվեհեր։ Վարազաբուն գյուղում հուշարձանի կառուցման աշխատանքներին աջակցելու համար բարերարներ Ալեքսան Գրիգորի Դանիելյանը, Գարիկ Գուրգենի Ավանեսյանը, Մուշեղ Ենոքի Սաղաթելովը պարգևատրվեցին ԼՂՀ վարչապետի հուշամեդալով։ Ասկերանի շրջվարչակազմի պատվոգրով պարգևատրվեցին Ռաֆայել Շահենի Գրիգորյանը, Սամվել Վլադիմիրի Մելքումյանը, Վարդան Ավանեսի Գրիգորյանը և Ստելլա Ավագի Գաբրիելյանը։ Արցախի հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հրամանագրով արցախյան ազգային-ազատագրական պայքարում և բանակաշինության գործում ունեցած ավանդի համար զոհված ազատամարտիկի հայր Ալյոշա Հարությունի Սարգսյանը, զոհված ազատամարտիկի այրի Նադեժդա Մարդիի Թամրազյանը, ազատամարտիկներ Լեռնիկ Բորիկի Համբարձումյանը, Լեռնիկ Ոստանիկի Մարգարյանը, Արթուր Վոլոդյայի Համբարձումյանը պարգևատրվեցին արժեքավոր նվերներով£ Հուշարձանի բացման պատվավոր առաքելությունը տրվեց զոհված ազատամարտիկի զավակ Սասուն Թամրազյանին և հուշարձանի կառուցման հովանավորներից Ալեքսանդր Դանիելյանին։ Այնուհետև թարմ ծաղիկներով ամփոփվեց երկու պատերազմներում նահատակված քաջորդիների և անհայտ ճակատագրի արժանացած վարազաբունցիների հիշատակին կանգնեցված հուշարձանը։ Խոսքերն անզոր էին, լռությունն առավել խոսուն էր։ Վերջում Ասկերանի §Բերդ¦ անսամբլը հանդես եկավ հայրենասիրական երգերի խրոխտ կատարումներով։ Միջոցառումից հետո ճեպազրույց ունեցանք հուշարձանի հովանավորների հետ, ովքեր մեզ հետ կիսվեցին օրվա տպավորություններով։ -Ծնվել եմ Վարազաբուն գյուղում։ Պատերազմի տարիներին Արցախում ենք եղել, այստեղից հեռացել ենք 1997 թվականին։ Ներկայումս բնակվում եմ Պյատիգորսկ քաղաքում։ Այնտեղ մեր համագյուղացիներով հաճախ ենք հավաքվում ու այդ հավաքներից մեկի ժամանակ գյուղում զոհվածների հիշատակին հուշարձան կանգնեցնելու մտահղացում ծնվեց, որպեսզի հիշենք մեր բոլոր նահատակներին։ Այսօր մեր ուրախությանը չափ չկա, որ կարողացել ենք հասնել մեր նպատակին։ Այժմ մտածում ենք եկեղեցու վերանորոգման աշխատանքները կազմակերպելու ուղղությամբ,- ասում է բարերար Ստելլա Ավագի Գաբրիելյանը։ -1975 թվականին եմ հեռացել գյուղից։ Սակայն միշտ ապրել եմ հայրենիքիս կարոտը սրտում։ Միշտ մտածել ենք ընկերներով մեր անհայտ կորած և զոհված համագյուղացիների հիշատակին հուշարձան կանգնեցնելու մասին։ Բայց որ մեզ կհաջողվի այսքան կարճ ժամանակահատվածում գործը գլուխ բերել՝ համոզված չէինք։ Կարծում եմ լավ առիթ է մեր խորին շնորհակալությունը հայտնելու Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանին, հուշարձանը կառուցող վարպետին, գյուղապետին, ովքեր մշտապես ուշադրության կենտրոնում են պահել հուշարձանի կառուցման աշխատանքները։ Այսուհետ մեր մշտական ուշադրության կենտրոնում է լինելու գյուղի բարգավաճման հարցը, ինչի համար անելու ենք հնարավորինս, քանի որ Վարազաբունը մեր ծննդավայրն է, որի կարոտը միշտ մեր սրտերում է։ Ամեն անգամ Արցախ այցելելով մենք տեսնում ենք դրական այն փոփոխությունները, որոնք կատարվում են այստեղ ու դա մեզ շատ է ուրախացնում։ Կարելի է ապրել օտար հողում, սակայն երբեք արմատներից չկտրվելով։ Գտնվելով Արցախում կրկին անգամ համոզվում ենք, որ մենք անպարտելի ժողովուրդ ենք, քանի որ միասնական ենք։ Եթե մեր եղբայրներն իրենց կյանքի գնով հաղթանակ են կռել, մենք էլ պարտավոր ենք նրանց հիշատակը վառ պահել՝ հուշարձաններ, եկեղեցիներ, դպրոցներ կառուցելով ու երկիրը շենացնելով։ Սրտի մեծ ցանկություն է մեզ համար հերոս արցախցու հոգսերը փոքր-ինչ չափով թեթևացնելը։ Գիտեմ, որ Արցախում շատ բարեգործություններ են կատարվում, ինչը մեծապես կապված է երկրի բանիմաց ղեկավարության վարած ճիշտ քաղաքականության հետ։ Դրա արդյունքն է, որ բարեգործների շարքերը ստվարանում են,- ասաց Ռաֆայել Շահենի Գրիգորյան։ Ռաֆայել Գրիգորյանի խոսքերը նաև կոչ են օտար ափերում ապրող բոլոր նրանց համար, ովքեր կարող են հայրենասիրական քայլ կատարել հանուն ծննդավայրի, պապական հողի բնարգավաճման։ Դա կլինի ամենամեծ նվիրումն ու ամենամեծ գործը։ Քանզի հարազատ բնօրրանին օգտակար լինելն ու մնայուն արժեք թողնելը երջանկության աննկարագելի զգացում է ։ Աստվածահաճո ու հայրենանվեր գաղափարներով Արցախ ժամանած վարազաբունցիների նպատակը մեկն է. շենացնել իրենց երբեմնի շեն գյուղը, որպեսզի այնտեղ իբրև կյանքի վերածննդի նշան կրկին հնչեն դպրոցական ու եկեղեցական զանգերը։ Ուստի մեր մաղթանքն է հայրենիքի կարոտով ապրող ռուսաստանաբնակ վարազաբունցիներին, որպեսզի երազանքների իրականացման դժվարին ուղին հեշտությամբ հաղթահարվի՝ բոցավառելով բոլորի հոգիները։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |