ՀՈՎՍԵՓԱՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՆՈՐ ՇԵՆՔԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՈՒՄԸ
05.11.2013 16:49

   Հովսեփավանն Ասկերանի շրջանի նորակառույց գյուղերից է, որի երախտավոր զավակ Յուրի Ջհանգիրյանը Նորագյուղի, Աստղաշենի հարևանությամբ օրեցօր իր տարածքներն ընդլայնող ադրբեջանական Խոջալու գյուղի դեմն առնելու համար ձեռնամուխ եղավ այդ տարածքում հայկական բնակավայր կառուցելուն։ Ծառացած բազմաթիվ խոչընդոտներն արգելք չհանդիսացան մտածածը կյանքի կոչելու համար։ Արցախյան շարժմանը հաջորդեց պարտադրված պատերազմ, որի հաղթանակի բերկարանքը զգացինք շատերս։ Յուրի Ջհանգիրյանն Արցախյան ազատամարտի հազարավոր նահատակների նման ավելի սրբացրեց հայրենի հողը։ Ադրբեջանցի օմոնականներն զգալով նրա §վտանգավորության աստիճանը¦ բանտարկեցին նրան ու տեղափոխեցին Բաքու, որտեղ էլ անմարդկային դաժան կտտանքների ենթարկելով սպանեցին։

Նոյեմբերի 2-ին Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղում տեղի ունեցավ Յուրի Ջհանգիրյանի անունը կրող նորակառույց

դպրոցական շենքի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացմանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԿԳ նախարար Սլավա Ասրյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, Յուրի Ջհանգիրյանի դուստրն ու թոռները, ովքեր ներկայացել էին Ռուսաստանի Դաշնությունից, պետական կառույցների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հովսեփավանցիներ։

Հովսեփավանում նման դպրոցական շենք ունենալու պահանջը վաղուց էր զգացվում։ Նախկինում պարապմունքներն անցկացվում էին անհարմարավետ պայմաններում։ Առայժմ դպրոցը քսան աշակերտ ունի։ Սակայն Հովսեփավանը երիտասարդ ու զարգացող գյուղ է, և որ առաջիկայում աշակերտների թիվը կրկնապատկվելու է, կասկած անգամ չկա։ Եվ մոտ ապագայում դպրոցի հարակից տարածում նոր շենք կառուցելու անհրաժեշտություն կառաջանա։

Հովսեփավանի համայնքի ղեկավար Խաչիկ Պետրոսյանը ողջունելով հյուրերին՝ հանդիսավոր միջոցառումը՝ նվիրված նորակառույց դպրոցական շենքի բացմանը, հայտարարեց բացված։

-Այսօր մեծ տոն է, ևս մեկ հաղթանակ։ Յուրաքանչյուր մարդու համար հոգևոր սննդի ակունքն սկսվում է դպրոցից, և եթե այն հարուստ է լինում ու բեղմնավոր, ապա մուտքը դեպի կյանք դյուրին է դառնում ու պատվավոր։ Թո՛ղ դպրոցում զիլ ղողանջի զանգը, և որպես ավետիս լուր տանի մեր սիրելի Յուրի Հովսեփի Ջհանգիրյանին և նրա ընտանիքին, ինչպես նաև հովսեփավանցի չորս նահատակներին, ովքեր իրենց արյունը շաղախեցին այս հողին՝ փրկելով այն ոսոխի ճիրաններից։ Թող աստված երկար կյանք տա այն ստեղծագործ մտքին և բարեգործ ձեռքին, ով չի երկմտում, քարը քարին է դնում՝ կառուցելով մեր ապագան։ Գյուղում առաջին անգամ դպրոցական զանգ հնչեց 1998 թվականի սեպտեմբերի 1-ին՝ բնակելի շենքերից մեկում, որը սակայն չէր բավարարում դպրոցի պահանջները։ Այսօր մենք բացառիկ նվեր ստացանք, ինչը նաև պարտավորեցնող է։ Ուստի խոստանում ենք աշխատել ուժերի գերլարումով, մատաղ սերնդի կրթադաստիարակչական աշխատանքը կազմակերպել պատշաճ մակարդակով, և լինել մանկավարժին վայել բարձունքում, - ասաց Հովսեփավանի հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Գրիգորյանը։

-Անչափ ուրախ ենք նոր ու հարմարավետ կրթօջախում ուսանելու համար և մեր խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն ենք հայտնում Արցախի իշխանություններին, այսքան երկար սպասված նվերի համար։ Մուտքդ բարի լինի սուրբ օջախ, հոսքդ՝ առատ, - նշեց Յու. Ջհանգիրյանի անվան հիմնական դպրոցի աշակերտ Նաիրի Գասպարյանը։

-Հովսեփավանը բազմաթիվ հիմնախնդիներ ուներ, որոնք ժամանակի հետ լուծվեցին ի շնորհիվ երկիրի բանիմաց ղեկավարների։ Չլուծված էր մնում հարմարավետ դպրոցական շենք ունենալու հարցը։ Այսօր իրականություն դարձավ նաև բոլորիս այդ երազանքը։ Այս հոյակերտ դպրոցը մեծ նվեր է համայնքի բնակչությանը, իր հարմարվետ դասասենյակներով, խաղահրապարակով, հարակից տարածքով, որը շատ շուտով, համոզված եմ, դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվների ջանքերով գեղեցիկ ծառաստանի կվերածվի, - իր ելույթում մասնավորապես ասաց համայնքի բնակիչ, Նորագյուղի §Հաղթանակ¦ կոլտնտեսության նախկին նախագահ Արշավիր Գալստյանը, ով մեծապես նպաստել է Հովսեփավան գյուղի կայացմանը։

Ա. Գալստյանը գյուղացիների անունից շնորհակալություն ու երախտագիտություն հայտնեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին, վարչապետ Արա Հարությունյանին և Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանին, որոնց ամենօրյա գործունեությամբ շենանում ու բարգավաճում է Արցախը։

ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանն իր ելույթում ասաց.

-Անկասկած օրը տոնական է բոլորիս համար, քանզի դպրոցաշինության բնագավառում ևս մեկ խնդիր իր դրական լուծումը ստացավ։ Օրը խորհրդանշական է այն առումով, որ մենք նորակառույց դպրոց ենք ընդունում Արցախյան Շարժման 25-ամյակի հոբելյանական տարում։ Նաև այն առումով, որ Հովսեփավան գյուղը հենց Արցախյան շարժման ծնունդ է, և կրում է Արցախի նվիրյալ զավակներից մեկի՝ Յուրի Ջհանգիրյանի անունը։ Նրա իրականացրած բարի գործը սերնդե-սերունդ կփոխանցվի և կհիշվի հավետ։ Հանրակրթությունը մեր իշխանությունների գերակա խնդիրն է։ Այդ է վկայում այն փաստը, որ ներկայումս ընթացքի մեջ են երկու տասնյակի հասնող դպրոցական նոր շենքերի շինարարական աշխատանքները։ Հանրապետությունում իրականացվող շինարարության առյուծի բաժինը հասնում է կրթության ոլորտին, ինչի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին։

Դիմելով դպրցականներին, ովքեր ուսանելու են նման հարմարավետության պայմաններում, կրթության և գիտության նախարարը կոչ արեց ավելի լավ սովորել, քանզի մեր երկրի ապագան գիտելիքի, գիտության զարգացմամբ է պայմանավորված։ Ս. Ասրյանը համոզված է, որ տարիներ հետո այս դպրոցի շրջանավարտները մեր երկրի զարգացման ու բարգավաճման գործում իրենց բարի նպաստը կբերեն։

Աստղաշենի Ժան Անդրյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն, այն տարիներին Աստղաշենի կոլտնտեսության վարչության նախագահ Սլավա Գրիգորյանն իր ելույթում անդրադարձավ պատմական այն օրերին, երբ Յուրի Ջհանգիրյանը Խոջալուի դեմն առնելու համար դիմել էր իրեն՝ կոլտնտեսությանը պատկանող մեխանիզացիայի բազայի տեղը նոր գյուղ կառուցելու նպատակով տարածք տրամադրելու խնդրանքով։ Նա խանդավառված էր այդ վեհ գաղափարով, քանզի Խոջալուի կողքին գյուղ կառուցելը մեծ վտանգ էր իրենից ներկայացնում, ինչը սակայն ժամանակի հրամայական էր։

- Այդ տարիներին դժվար թե պատկերացնեինք, որ կգա մի օր և մենք կհավաքվենք Հովսեփավան գյուղում՝ մասնակցելու նորակառույց դպրոցական շենքի հանդիսավոր բացման արարողությանը։ Ու այսօր ես առավել քան ուրախ եմ, քանզի Հովսեփավանը զարգանում է տնտեսապես, իսկ նրա բնակիչների թիվը տարեց-տարի ավելանում է։ Ես հպարտ եմ դրանով, հպարտ քանզի հովսեփանվանցիները երբեք չեն մոռանում իմ համագյուղացուն՝ Յուրի Ջհանգիրյանին։ Նա պատմություն է դարձել իր էությամբ, գործունեությամբ, հերոսությամբ։

Յուրի Ջհանգիրյանի թոռներն ու դուստ Էլլա Ջհանգիրյանը հազարավոր կիլոմետրեր են կտրել անցել, միայն թե ներկա գտնվեն իրենց հարազատի անունը հավերժացնող նորակառույց դպրոցական շենքի հանդիսավոր բացմանը։

- Այսօր ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր Հովսեփավանի դպրոցն իմ հոր՝ Յուրի Ջհանգիրյանի անունով են կոչել։ Ով է եղել իմ հայրը՝ գիտեն ողջ արցախցիները, և նրա մասին շատ ջերմագին խոսքեր ասվեցին։ Ու մի պահ ինձ թվաց, թե հայրս կենդանացել է կրկին։Թանկագին աշակերտնե՛ր, ցանկանում եմ ձեզ ուսման մեջ բարձունքներ նվաճեք և կյանքում շատ բաների հասնեք։ Թո՛ղ խաղաղության պայմաններում մեծացած սերունդը երբեք չմոռանա խաղաղություն կերտած ու անմահացած հերոս տղաներին։ Հայրս շատ էր սիրում մեր հինավուրց բերդաքաղաք Շուշին, և երբեք նրա կողքով անտարբեր չէր անցնում։ Մեզ էլ միշտ ասում էր, որ Շուշին մերն է։ Ցավում եմ, որ նա այդպես էլ չտեսավ ազատագրված Շուշին։ Հայրս քաջ գիտակցում էր Արցախյան ազգային-ազատագրական պայքարի անհրաժեշտությունը։ Եվ երբ վիրավորվեց եղբայրս՝ Կարենը, հայրս կանչեց մորս և ասաց՝ §Ռոզա՛, վաղը կարող է ես զոհվեմ կամ մեր զավակները, սակայն իմացի՛ր, որ այդ բոլորն արվում է հանուն մեր Հայրենիքի ազատության ու անկախության¦։ Մենք դպրոցին գրքեր ենք նվեր բերել, գրքեր ենք բերել նաև հորս գրադարանից։ Բերել ենք հորս դիպլոմները, որպեսզի մատաղ սերունդը կարողանա կարևորել ուսումն ու գիտելիքը, ինչով պայմանավորված է մեր հայրենիքի հետագա զարգացումը։ Մեր ընտանիքի անունից խորին շնորհակալությունն ենք հայտնում Արցախի Նախագահ Բակո Սահակյանին, քանի որ ամեն անգամ այստեղ գալով ականատես ենք լինում, թե ինչպիսի մեծ աշխատանքներ ու բարեփոխումներ են այստեղ կատարվում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր հովսեփավանցիներին, որոնց շնորհիվ կյանքն այստեղ շարունակվում է։

- Անչափ զգացված եմ այսօրվա գեղեցիկ միջոցառման համար ու շատ շնորհակալ եմ բոլոր նախաձեռնողներին ու ծրագիրն իրականացնողներին։ Այսօր կրկին անգամ համոզվեցի, որ ՙՈչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել՚։ Չի մոռացվել իմ պապիկի, իմ հոր՝ Կարենի և հորեղբորս՝ Սամվելի կատարած ազգանվեր, անձնուրաց գործը։ Հպարտության վեհ զգացում է պատել հոգիս, քանզի իմ նախապապի անունով կոչված է այս գյուղը, իսկ պապիկիս անունով դպրոց է կոչված։ Ջհանգիրյանների նոր սերունդը՝ Յուրան, Վլադը և ես այսուհետ պարտավորվում ենք ոչ միայն մեր այցելություններով ուրախացնել ձեզ, այլ նաև հարկ եղած դեպքում օգնության ձեռք մեկնել, - ասաց Արթուր Ջհանգիրյանը։

Դպրոցի սաները ելույթ ունեցան Յուրի Ջհանգիրյանին և հովսեփավանցի նահատակված քաջամարտիկների վառ հիշատակին ձոնված բանաստեղծություններով և հայրենասիրական երգերով։

Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Անդրեաս քահանան կատարեց դպրոցական շենքի օծման և օրհնության արարողակարգը։

-Հարգելինե՛ր, երեկ Վարազաբուն գյուղում հուշարձանի բացում տեղի ունեցավ, իսկ այսօր այստեղ՝ դպրոցական նոր շենքի։ Երկուսն էլ դպրոց են, մեկը՝ անխոս, մյուսը՝ խոսուն։ Ես կցանկանայի, որ այս շղթան շարունակական լինի, ու այդ շղթայի յուրաքանչյուր օղակ պարտքի և պատասխանատվության վեհ զգացումով կատարի իր պարտականությունը, - շնորհավորելով ներկաներին խորհրդանշանական օրվա առթիվ ասաց տեր Անդրեաս քահանան։

Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Յուրի Ջհանգիրյանի դուստր Էլլա Ջհանգիրյանին և թոռ Վլադիկ Ջհանգիրյանին։ Ներկաները թարմ ծաղիկներ դրեցին Յու. Ջհանգիրյանի պատվին պատրաստված անկյունում՝ հարգանքի տուրք մատուցելով մեծ հայրենասերի անմար հիշատակին։ Այսուհետ հայրենիքի մեծ նվիրյալը դպրոցի մուտքի դիմահար պատից խոսուն հայացքով կդիմավորի յուրաքանչյուր այցելուի։ Նրա անձնուրաց էությամբ ու սխրագործություններով սերունդներ կդաստիարակվեն, ովքեր կշենացնեն իրենց պապերից ժառանգած ազատ ու անկախ Արցախը։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter