Համոզված եմ, որ յուրաքանչյուր տատիկի համար չկա ավելի մեծ բերկրանք, քան տեսնել իր թոռնիկին անհոգ և ուրախ խաղալիս: Երբ նայում ես, թե ինչպես է քո փոքրիկն անմեղ չարաճճիություններ անում, լիաթոք ծիծաղում ու քեզ էլ հետը տանում հեքիաթային այդ աշխարհը, միանգամայն խանդաղատանքով է լցվում սիրտդ: Հասկանում ես, որ արժե ապրել, չնայած այնքա՜ն ցավեր ու բազմաթիվ հոգսեր ունես: Չէ որ այդ փոքրիկը քո աչքերին է նայում ու այնտեղից ժպիտ
ակնկալում: Դու պարտավոր ես նրան տալ այն ամենը, ինչը կերջանկանացնի քո երեխային: Վերջերս հաճելի զգացողություն ունեցա, երբ պատահական այցելեցի Ասկերանի Հայ Ավետարանչական Ընկերակցության մանկապարտեզը, ուր հաճախում է իմ թոռը` Գարիկը: Մտա խմբակ և հիացմունքից ապշեցի: Փոքրերի խմբակում բերքի տոն էր նշվում: Ոգևորված մանուկների ուրախ և անմեղ ծիծաղն ու խինդը լցվել էր ամբողջ սենյակը: Նրանք զարմացած ու հետաքրքրասիրությամբ լի հայացքներով հավաքվել էին աշնանային մրգերով ծանրաբեռնված սեղանի շուրջը: Երեխաների դաստիարակ Իննա քույրն ու դայակ Մարո քույրը (ինչպես երեխաներն են նրանց անվանում) վարակված մանուկների անմիջական տրամադրությամբ, նրանց հետ մեկտեղ մանկացել ու բերքի տոն էին նշում` երգելով ու պարելով նրանց հետ: Երեք տարեկան այդ փոքրիկներն արդեն գիտեին, թե ինչպիսի մրգեր և բանջարեղեն ունի մեր հարուստ երկիրը: Սեղանի լիառատ բերքը ցույց էր տալիս, թե երեխաների դաստիարակներն ու ծնողներն ինչպիսի պատասխանատվությամբ են նախապատրաստվել աշնանային տոնին: Խայտաբղետ տերևներով պատրաստած զամբյուղները, ձևավորված մրգերը մի առանձին շուք էին տալիս հանդեսին: Թոթովախոս մանուկների արտասանություններն ու երգերը խոսուն վկաներն էին դաստիարակի և դայակի նվիրական աշխատանքի: Աննկարագրելի ուրախություն ապրեցի փոքրիկների հանդեսից, որը հավանաբար, նրանց համար առաջին միջոցառումն էր: Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Իննա Հարությունյանին և Մարո Իսրայելյանին մեր փոքրիկների հետ անտրտունջ աշխատելու և այս կարճ ժամանակահատվածում նման գեղեցիկ հանդես կազմակերպելու համար: Ես որպես զոհված ազատամարտիկի մայր հպարտանում եմ, որ օրեցօր իմ հարազատ Ասկերանը ծաղկում և բարգավաճում է: Երեխաներին հնրավորություն է ընձեռվում հաճախել մանկապարտեզ, այնուհետև պատշաճ ուսում ստանալ և այս երկրի համար պիտանի լինել: Նշանակում է իմ որդին իզուր չէ իր երիտասարդ կյանքը զոհաբերել հանուն Արցախ աշխարհի անկախության: Նրա և մյուս նվիրյալների շնորհիվ մեր մանուկներն այսօր մեծանում են խաղաղ երկնքի տակ, ապրում հանգիստ և անհոգ: Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր այսօր անում են ամեն ինչ, որպեսզի մատաղ սերնդի կյանքն ավելի ապահով և անհոգ լինի: Աննա ՆԱԼԲԱՆԴՅԱՆ |