ԱՇՈՒՆ Է՝ ԱՌԱՏ ԲԵՐՔՈՎ ՈՒ ՀՄԱՅՔՈՎ
29.11.2013 10:12

   Հավաքվել ենք մենք կրկին, Մեր դահլիճում լուսառատ, Գովքդ ենք անում երգերով,  
Ու քաղցրահամ մրգերով:

Աշուն… Երփնագեղ գույների տեղատարափ, ոսկեդեղին տերևների մեղմօրոր ու նրբագեղ պար, ամպերի տակից ժպտացող արեգակի երանելի ջերմություն, կարճատև անձրևի հաճելի նվագ, շշուկ և շրշյուն… Այս սքանչելի

եղանակն իր ողջ շքեղությամբ և հմայքով հյուրընկալվել էր Ասկերանի մշակույթի տան դահլիճում: Ասում են, թե աշունն իր հետ լոկ թախիծ է բերում, սակայն դահլիճում տիրում էր աշնանային հեզ և նուրբ տրամադրություն: Գույնզգույն գույներով և անուշահամ ու մեղրածոր մրգերի բույրերով էր լցվել դահլիճը` ներդաշնակորեն միահյուսվելով Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և Ավետարանոցի մասնաճյուղի սաների տոնական տրամադրությանը:
Նոյեմբերի 20-ին կենտրոնը բերքի տոն էր նշում, առատ բերքի տոն:
Ներկա էին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը, ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման խորհրդի նախագահ Սամվել Աղաջանյանը, հյուրեր, դպրոցականներ:
ՄՊՍԿ-ի սաներն աշնան մելամաղձոտ իրականության մեջ ուրախության և երջանկության փայլ էին տարածել դահլիճում, որը զարդարված էր երփներանգ տերևներով ու աշնանային խայտաբղետ ծաղիկներով: Անուշահամ մրգերով լի կողովներն ու երեխաների իսկ ձեռքերով պատրաստված մարդկային կերպարանքներով ներկայացած աշնանային մրգերն ու բանջարեղենը ոսկե աշուն էին ավետում: Սաների ոգևորությունը փոխանցվել էր ներկաներին: Նրանց ուրախ երգը, պարն ու քաղցրահնչյուն ասմունքն աշնանային քնքուշ տրամադրություն էին ստեղծել: Տարվա յուրաքանչյուր եղանակ իր յուրահատկությունն ու խորհուրդն ունի: Կենտրոնի սաներն ամեն մի մրգի, տերևի մեջ աշուն տեսնելով` ներկայացնում էին հանդիսատեսին: Նրանք ներկայացրին նաև հումորային բեմականացում և գեղեցիկ պարեր (պարուսույցներ` Մերի Գաբրիելյան, Արսեն Սարգսյան)` ավելի բարձրացնելով դահլիճում իշխող հաճելի տրամադրությունը:
Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը շնորհակալություն հայտնելով կենտրոնի տնօրեն Մերի Գաբրիելյանին և ողջ կոլեկտիվին` միաժամանակ փաստեց.
 -Իրոք, գեղեցիկ միջոցառում էր: Երեխաները մեծ ջերմություն հաղորդեցին բոլորիս, ջերմություն, որի կարիքն ունի ցանկացած մարդ: Ո՞վ չգիտի աշնան աննկարագրելի գեղեցկության, միայն իրեն բնորոշ քնքշության ու հմայքի մասին: Երեխաները կարողացան ցույց տալ, որ իրենք գնահատում են մեր հարազատ հողից ստացած աշնանային բարիքները: Նրանք լինելու են արժանի հետնորդներն իրենց մայրիկների և տատիկների, ինչն էլ հարիր է հայ կնոջը: Ողջունելի է, որ տարեցտարի ավելի են զարգանում երեխաների ստեղծագործական ունակությունները, նրանք հանդես են գալիս ակնհայտ համարձակությամբ ու հաճույքով: Միջոցառումը կազմակերպվել էր հավուր պատշաճի և իհարկե, հասավ իր նպատակին: Համոզված եմ, որ կենտրոնը կշարունակի գեղեցիկ միջոցառումներ կազմակերպել և հիացնել արվեստասեր հասարակությանը: Նորանշանակ տնօրենին և կոլեկտիվին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք առաջիկա գործունեության մեջ: 
 Այնուհետև, հյուրերն ականատես եղան կենտրոնում բացված ձեռքի աշխատանքների ցուցահանդեսին, որին մեծագույն պատասխանատվությամբ ու սիրով էին նախապատրաստվել խմբակավարներն ու սաները: Ամեն մի աշխատանք իր ուրույն հմայքով ներկայացավ հյուրերին: Զգացվում էր, թե ինչպիսի հմտությամբ էին ստեղծվել այդ ցուցանմուշները: Տարբեր նախասիրություններով օժտված երեխաներին հաջողվել էր անել ամեն ինչ, որպեսզի հյուրերը զմայլվեն իրենց աշխատանքներով ու գնահատեն դրանք:
Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Մերի Գաբրիելյանը շնորհավորեց բոլորին բերքի տոնի առթիվ` մաղթելով Արցախ աշխարհին խաղաղություն և լիառատ բերք: Միաժամանակ իր և կոլեկտիվի անունից երախտագիտություն հայտնեց §Բեյզ Մեթլս¦ ՓԲ ընկերությանը, ի դեմս Արթուր Մկրտումյանի այս գեղեցիկ միջոցառման կայացմանն աջակցելու և հովանավորելու համար:
Ինչ խոսք, միջոցառումը գեղեցիկ էր և բարձր մակարդակով կազմակերպված: Ակնբախ է, որ կենտրոնի և մասնաճյուղերի աշխատողները կատարում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի ավելի բացահայտվեն և կատարելագործվեն սովորողների ունակությունները: Առհավատչյան օրվա հանդեսն էր և զարմանահրաշ ցուցահանդեսը:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ  

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter