Ով չունի պատմություն, նա չունի անցյալ, ով չունի հիշողություն, նա չունի ո՛չ անցյալ, և՛ ոչ էլ պատմություն։ Մարդուն, ժողովրդին բնաջնջելու, վերացնելու ամենակարճ ուղին նրան հիշողությունից զրկելն է... Սակայն ես պատմությունից գիտեմ, որ հայը միշտ ամուր կառչած է եղել իր արմատներից, անցյալից ու պատմությունից, հիշողություններում մշտարթուն է պահել իր նվիրյալ զավակներին, որոնց սխրանքներով արժանի հետնորդներ են դաստիարակվել։ Դրա վառ ապացույցն իմ երբեմնի սահմանամերձ, այժմ՝ իր ունեցվածքի լիիրավ տեր Խրամորթ
գյուղն է։ Նոյեմբերի 25-ին Խրամորթի Գառնիկ Ավանեսյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվեց հուշ-ցերեկույթ՝ նվիրված մեծ հայրենասեր ու ազգասեր Մոնթե Մելքոնյանի ծննդյան 56-ամյակին։ Ավոն էր, որ եկավ դառնալու մեր հիշողությունը մեր իսկ գոյության, մեր իսկ մասին։ Ավոն ու նրա նման հազարավոր տղաներն էին, որ մեզ հույս ու հավատ ներշնչեցին, լավատեսությամբ զինեցին ապագայի հանդեպ։ Միջոցառումը կազմակերպել էր 8-րդ դասարանի դասղեկ, պատմության ուսուցչուհի Արմինե Սահակյանը։ Ներկա էին դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները, ծնողներ, դպրոցի շեֆ-զորամասի զինվորականներ։ Պատմության դասասենյակը վաղօրոք կահավորել էր, տոնական տեսքի բերվել հերոսի մասին պատմող ցուցապաստառներով՝ ԱՎՈ-56 վերտառությամբ։ Կանգնել էին Ավոյի հպարտ հետնորդները եռագույն վզկապներով, ՙԱՎՈ՚ կրծքանշաններով՝ Վալենտինան, Լուսինեն, Պավելը, Էրիկը, Արտակը, Անգելինան, Մանանան, Մարինեն։ Նրանք հանդիսատեսին ներկայացրեցին Մոնթե քաղաքացուն, Մոնթե Ուրարտագետին, Մոնթե Հայ դատի ու Արցախյան ազատամարտի զինվորնվիրյալին, Մոնթեի նամակները հասցեագրված կնոջը և Մոնթեի սիրած ՙԳետաշեն՚ երգը։ Ա. Սահակյանի եզրափակիչ խոսքից հետո ներս բերվեց Արցախի պետական դրոշը, որի ներքո դպրոցի 1-ին դասարանցիներն ընդունվեցին աստղիկների շարքերը։ Նրանք խոստացան լավ սովորել, լինել իրենց հայրերի, պապիկների նման խիզախ և միշտ պատրաստ պաշտպանելու հայրենիքը։ Կրկին շարունակվեցին երգն ու պարը, երաժշտությունը։ Մոնթե Մելքոնյանին մեծարեցին Հ. Բաբաջանյանի անվան տանկային բրիգադի մարտիկները։ Իրենց երգերում նրանք փառաբանեցին Ավոյին ու հերոսական հայ ժողովրդին։ Ներկաները հոտնկայս ծափողջույններով իրենց շնորհակալությունը հայտնեցին տանկային բրիգադի անձնակազմին՝ մեծն Ավոյին մեծարելու, նրա գործը շարունակելու համար։ Դեռևս կենդանության օրոք Մոնթեն լեգենդար հերոս էր ողջ հայության համար և անվերապահ սիրո և պատկառանքի խորհրդանիշ։ ՙ... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը՚,- հերոսի այս խոսքերն այժմ էլ որպես զգաստացման կոչ են հնչում ամբողջ հայ ժողովրդի համար։ Շնորհիվ մեր բանիմաց ուսուցիչների, ովքեր ամեն գնով հայրենասիրություն են սերմանում մեր մեջ, մենք քաջատեղյակ ենք մեր հերոսների կատարած սխրագործություններին և հպարտանում ենք նրանցով։ Մենք էլ մեր հերթին խոստանում ենք լինել արժանի հերթափոխ։ Սաթենիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Խրամորթի միջն. դպրոցի աշակերտուհի |