Կան անհատներ, որոնց ի վերուստ ուղենշված է ինքնատիպ և դժվար ճանապարհ, սակայն նրանք չվարանելով ու աներկյուղ են անցնում կյանքի իրենց համար նախանշված արահետով, քանզի բարությունը, իմաստնությունը, հաստատակամությունը և սկզբունքայնությունն են նրանց ուղեկիցները: Ճանաչելով այդպիսի մարդկանց ու զգալով նրանց սրտի ընդարձակությունը` ինքնին գնահատանքի զգացումով ենք լցվում: Բարեբախտաբար, մեր շրջապատում կան այնպիսի մարդիկ, որոնք մեծ տեղ են տալիս բարի գործի կատարմանը: Ամեն անգամ որևէ բարերարի անդրադառնալիս, ինքս ինձ հարց եմ տալիս` որն է բարեգործություն երևույթի
դրդապատճառը և որերորդ անգամ համոզվում` մարդասիրությունը և հայրենասիրությունը: Այն անհատի ինքնադրսևորումն է, նրա ցանկությունների և ժողովրդին անմնացորդ նվիրվածության արտահայտումը: Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության մեջ միշտ էլ ունեցել է բազում հայրենասերներ, որոնք իրենց վեհ գաղափարներով ու գործունեությամբ բարձր են պահել հայի պատիվը և միշտ ցանկացել երկիրը հզոր տեսնել, իսկ ժողովրդին` բարեկեցիկ: Արցախյան պատերազմի ավարտից հետո ավելի ակնհայտ դարձավ մեր ժողովրդի արժանի զավակների ինքնադրսևորումը: Արցախում և նրա սահմաններից դուրս ապրող շատ ու շատ բարերարների շնորհիվ երկիրը ծաղկեց ու շենացավ: Կառուցվեցին մշակութային և կրթական օջախներ, հիվանդանոցներ, հուշարձաններ: Առայսօր շարունակվում են նման նվիրական գործերը: Երանի մեր ազգին, որ այդքան սրտացավ ենք և ունենք բազում պանծալի զավակներ: Վերջերս տեղեկացա, որ Ասկերանի շրջանի Սարդարաշենի հիմնական դպրոցում կատարվել էին վերանորոգման աշխատաքներ: Ինչպես տեղեկացնում է դպրոցի տնօրեն Նունե Բաղդասարյանը, շենքի հյուսիսային պատը փլվել և մեծ վտանգ էր ներկա-յացնում երեխաների համար: Համարյա երկու տարի այդ խնդիրը լուրջ մտատանջության առարկա էր դարձել: Դպրոցի տնօրինությունը դիմելով տարբեր տեղեր, այդ թվում և Ն զորամաս` չէր կտրում հույսը: Մեծ եղավ սարդարաշենցիների ուրախությունը, երբ նկատեցին, թե ինչպես են գյուղ բարձրանում շինանյութերով բեռնված ավտոմեքենաները: Պարզվեց, որ Ն զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը տեղեկանալով իրավիճակին, անմիջապես արձագանքել է դպրոցի խնդրին և պատը վերանորոգելու համար շինանյութեր տրամադրել: Դպրոցականներն ու ողջ գյուղը ցնծում էին ուրախությունից: Ոգևորված հայրենանվեր այդ վերաբերմունքից, գյուղովի հավաքվեցին և վերանորոգեցին կիսափլված պատը: Սարդարաշենցիները լցվեցին երախտագիտության զգացումով, նրանց մոտ ավելի մեծացավ սերն ու հարգանքը դեպի հերոսական պաշտպանության բանակը: Արտակ Բուդաղյան-մարդու և հայրենասերի համար զինվորական կյանքը հոգու և մարմնի ներդաշնակությունն է: Նրա համար առաջնահերթ խնդիր է սատար լինել Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Նա հաճախակի է կազմակերպում նահատակված հերոսներին և պատերազմում առավել ակտիվ մասնակից ազատամարտիկներին նվիրված հուշ-երեկոներ` մեծարելով նրանց անգնահատելի սխրանքները: Նրա տրամադրած նյութական և բարոյահոգեբանական աջակցության կարիքն այնպե՜ս են զգում այդ ընտանիքները և լիովին համոզվում, որ իրենց որդիների թափած արյան ամեն մի կաթիլը գնահատված է բազմիցս, իսկ ողջ մնացած հերոսներն ավելի են լցվում երախտագիտության զգացումով: Ն զորամասի հրամանատարության նախաձեռնությամբ միջոցառումներ են կազմակերպվում նաև ենթաշեֆ դպրոցների հետ համատեղ: Վերջերս նման մի հանդիպում կազմակերպվեց Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում, որտեղ ամուր հիմքերի վրա է դրված ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Դպրոցականները մեծ ոգևորությամբ ու հետաքրքրությամբ էին լսում զորամասից ներկայացած սպաներին ու զինվորներին: Այդ օրը նրանց մեջ ավելի ամրապնդվեց դպրոց-բանակ կապը և ավելի մեծացավ հայրենասիրության վեհ զգացումը: Ջերմ ու անկաշկանդ հանդիպման ընթացքում զինվորականները կարևորեցին այն հանգամանքը, որ երիտասարդ սերունդը պետք է լինի խելացի, քաջ և պատասխանատու իր յուրաքանչյուր արարքի համար: Կարգապահությունն ու նվիրվածությունն են հզոր և մարտունակ բանակի արգասիքը: Ներկայացրին նաև զորամասում և պաշտպանական դրիքերում գտնվող զինվորի առօրյան: Այնքան հետաքրքիր ու մանրամասն էին պատմում, որ ավագ դպրոցի տղաներն արդեն մտածում էին. ե՞րբ կգա իրենց ծառայելու ժամանակը, ե՞րբ կկարողանան Հայրենիքին պիտանի լինել: Գնդապետ Արտակ Բուդաղյանն իր ուշադրության կենտրոնում է պահում զինվորի առօրյան, ստեղծում պայմաններ այն ավելի բարելավելու ուղղությամբ: Այսօր, զորամասի հավաքակայանը կարգի է բերված, բարվոք վիճակում են նաև մարտական հերթափոխության ճանապարհները: Իր ուժերով զորամասի խաղահրապարակի մոտ տեղադրել է խաչքար` այդպիսով զինվորների մոտ ավելի ամրապնդելով հավատն առ Աստված: Քանզի հայը հայ է մնացել իր հավատի ուժով: Արդարև, գնահատելի է Հայրենյաց պաշտպանի, իսկական հայի անմնացորդ նվիրումը, նրա բազում բարի ու անշահախնդիր գործերը: Մաղթենք Ն զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանին և ԼՂՀ ՊԲ բոլոր զինվորականներին առողջություն, ընտանեկան երջանկություն, ծառայողական հաջողություններ ի շահ մեր բանակի մարտունակության ամրապնդման ու մեր ժողովրդի խաղաղ ու պայծառ ապագայի: Կարինե Բախշիյան |