ԳՆԱՀԱՏՎԵՑԻՆ ԵՎ ՄԵԾԱՐՎԵՑԻՆ
02.12.2013 10:36

      Այստե'ղ են ապրել մեր նախնիները,
      Այստե'ղ են ապրելու մեր հետնորդները:
     Նախիջևանիկ,Վարդաձոր և Սառնաղբյուր գյուղերն արցախյան այն հերոս գյուղերից են, որոնք կարողացել են դիմակայել թշնամուն և որոնց խիզախ բնակիչները գյուղը լքելու մասին չէին էլ մտածել բնավ: Արցախյան շարժման և պատերազմական գործողությունների ողջ ընթացքում տեղի բնակչությունը ցույց տվեց, թե ինչ անձնազոհությունների է ընդունակ և ինչպիսի մարտական ոգի ունի:
Սակայն սահմանամերձ այս գյուղերի ժողովուրդն ստիպված եղավ բազում դժվարություններ տեսնել և վտանգների միջով անցնել: Թշնամին կարողացավ մտնել այդ գյուղերը և տիրանալ հայկական հողերին: Իրենց ազգին հատուկ դաժանությամբ, ադրբեջանցիները գյուղերը ենթարկեցին հրի ու ոչնչացման: Գործի դրվեցին բռնություններն ու խոշտանգումները: Նրանց արարքները բնորոշ էին սոսկ գիշատիչ գազաններին, որոնց վայրագությունը հասնում էր գագաթնակետին: Մեր տղաները կորցրած քուն ու դադար, մտածում էին գրավված տարածքները ետ բերելու և թշնամուն ոչնչացնելու մասին: Եվ Նախիջևանիկի ձորակի քաջազունների և Ասկերանի ինքնապաշտպանական ուժերի իրագործած հակագրոհի շնորհիվ, ազատագրվեցին հայկական բնակավայրերը…
Հրադադարից հետո վերականգնվեցին ամայացած գյուղերը, բնակչությունը վերադարձավ հարազատ օջախներ, աստիճանաբար վերականգնվեց գյուղի սոցիալ-քաղաքական, մշակութային կյանքը:
Հաղթահարելով ստեղծված դժվարությունները՝ մարդիկ անտրտունջ նորից տուն ու տեղ էին դնում, այգիներ ու բանջարանոցներ գցում, անասուններ պահում: Եվ ինչպիսի՜ սիրով ու եռանդով էին լծված հարազատ օջախների վերականգնման աշխատանքներին: Չէ՞ որ իրենց տանն էին, հարազատ հողում: Եվ այստեղ, ինչպես և մնացած հայկական բնակավայրերում, հաղթեց համերաշխությունն ու պատվասիրությունը, գյուղերը նորից շեն տեսնելու հայի տենչը: Այսօր, կյանքը եռում է երբեմնի սահմանամերձ այս գյուղերում: Կրկին շենացած հայոց օջախներում լսվում են մանկան ճիչեր, դպրոցներում սովորում աշակերտներ: Նրանք հստակ գիտակցում են, որ իրենք արժանի հետնորդներն են ավագ սերնդի ու պարտավոր են լցվել հարգանքով, ունենալ անսպառ ուժ և կորով:
Նոյեմբերի 23-ին Նախիջևանիկ համայնքում իսկական տոն էր:
Ըստ ռազմահայրենասիրական բաժնի կողմից նախօրոք կազմված ժամանակացույցի տեղի են ունենում զորամասերի անձնակազմերի և համայնքների բնակիչների միջև հանդիպումներ, որի շրջանակներում մեծարվում են Արցախյան պատերազմի ժամանակ աչքի ընկած ազատամարտիկները: Այս միջոցառումներն առավել լայն թափ և ընդգրկում են ստացել, երբ ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ է նշանակվել գենարալ մայոր Վարդան Բալայանը:
Ասկերանի Ն զորամասի հրամանատար գնդապետ Արտակ Բուդաղյանի նախաձեռնությամբ մեծարման երեկո կազմակերպվեց Նախիջևանիկի համայնքում: Հավաքվել էին մեծարելու Արցախյան պատերազմի ակտիվ մասնակիցներ, §Մարտական խաչ¦ 2-րդ աստիճանի ասպետներ Արամ Սարուխանյանին և Ֆելիքս Բեգլարյանին: Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Արտուր Մելքումյանը, Ասկերանի զինվորական կոմիսար փոխգնդապետ Արծվիկ Գաբրիելյանը, զինվորականներ, հյուրեր, զոհված ազատամարտիկների հարազատներ: Ուրախության և հպարտության ալիքներն իրար միախառնված դրոշմվել էին յուրաքանչյուրի աչքերում: Զգացվում էր, թե ինչպիսի մեծ բերկրանք էր զգում ամեն ոք և համագյուղացիների հանդեպ մեծարանքն ընդունում անձնապես: Եթե մեծարում են նրանց, ուրեմն մեծարվում են նաև իրենք:
Գյուղում նման միջոցառում կազմակերպվում էր առաջին անգամ:
Մասնակիցները ծաղիկներ դրեցին զոհված ազատամարտիկների պատվին կառուցված հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:
Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի երիտասարդ զինղեկ Գեղամ Սահակյանը.
- Հայ ժողովուրդն իր դարավոր կյանքում, շրջապատված լինելով ռազմատենչ, ագահ և փառասեր հարևաններով, միշտ էլ ստիպված է եղել իր արյամբ պաշտպանել հայրենի հողը, դրա վրա ապրելու լիիրավ իրավունքը: Մեր քարքարոտ հողը ջրվել է նահատակ զավակների արյամբ, նրանց կյանքերով է վճարվել հայրենի հողի փրկագինը: Երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, Նախիջևանիկի ձորակի տղաները` հավատարիմ մնալով իրենց ապուպապերին, առաջիններից մեկն էին, որ ոտքի ելան պաշտպանելու հողը հայրենի: Նրանք մերօրյա հերոսներն են, որոնց հիշելն ու մեծարելը բոլորիս սուրբ պարտքն է: Այսօրվա միջոցառումը մեծ խորհուրդ ունի: Մենք հավաքվել ենք մեծարելու Արցախյան պատերազմի թոհուբոհով անցած հերոսներ Արամ Սարուխանյանին և Ֆելիքս Բեգլարյանին: Լինելով նրանց սերունդները` քաջ գիտենք նրանց սխրագործությունների մասին: Հպարտանում ենք, որ ունենք նման անհատներ, ովքեր անմնացորդ նվիրվել են հարազատ հողի պաշտպանության գործին և այսօր գնահատված են ժողովրդի կողմից:
Իրենց շնորհակալական խոսքն ասացին օրվա հերոսները, ովքեր հուզված էին նման գնահատանքի ու վերաբերմունքի արժանանալու համար: Նրանք երախտապարտ էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանին, Արցախի ԱԱՄ նախագահ Սամվել Կարապետյանին, Ասկերանի Ն զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանին՝ Արցախյան ազատամարտի մասնակիցների սխանգործությունները հիշելու, նման պատվի արժանացնելու համար: Հպարտ էին, որ կարողացել են իրենց լուման ներդնել երկրի ազատության, անկախության և պետականաշինության գործում:
- Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր հայրենակիցներին, մարտական ընկերներին ու հրամանատարներին, որոնց հետ անցնելով դժվարին ճանապարհ հասանք մինչև բաղձալի հաղթանակ: Մենք զինվորն ենք մեր երկրի և պատրաստ ենք, այսուհետ ևս, պաշտպանելու մեր Հայրենիքը, որի ամեն մի թիզ հողը շաղախված է մեր ընկերների արյամբ: Գլուխ ենք խոնարհում մեր բոլոր հայորդիների հիշատակի առջև: Փառք ու պատիվ մեր հերոս տղաներին ու կանանց: Հպարտ ենք, որ այսօր մեր երիտասարդ բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում: Այն իր կարգապահությամբ, զինվածությամբ, բարձր ռազմահայրենասիրական հոգեբանությամբ և պատվով է պաշտպանում մեր երկիրը և ժողովրդի համար ապահովում խաղաղ կյանք,-իր խոսքում նշեց Արամ Սարուխանյանը:
Ասկերանի նորանշանակ զինկոմ Արծվիկ Գաբրիելյանը, ով Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից է և օրվա հերոսների մարտական ընկերը, իր մեծարման խոսքում նշեց.
-Սերը հայրենիքի հանդեպ այն միակն է, հանուն որի անհատներ են զոհ գնացել: Ինչպես չի կարելի ապրել առանց հացի, այնպես էլ չի կարելի ապրել առանց Հայրենիքի: Հայրենիքում է քո անցյալն ու ապագան, իսկ օտար երկրում` միմիայն ներկան: Այսքանը լավ գիտակցեց մեր ժողովուրդը, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը և ծառացավ արցախցու ըմբոստ ոգին, արյուն հեղվեց և անկախություն նվաճվեց: Պատմական գյուղ ունենք և հպարտ ենք դրանով: Դանիել բեկ և Պողոս բեկ Փիրումյաններ ծնած գյուղը միայն հերոսներ կարող է ծնել: Սարդարապատ և Ավարայր տեսած ժողովրդի առյուծ ոգին արթնացավ դարեր անց և թշնամուն դուրս շպրտեց Արցախա երկրից: Արցախն արծիվների բույն է: Մենք պարծենում ենք, որ այդ արծիվների շարքում մեր հերոս ընկերներն են` Արամ Սարուխանյանը և Ֆելիքս Բեգլարյանը: Նրանք խիզախության յուրօրինակ կենդանի կերպարներ են, որոնք օրինակ են հանդիսանում մատաղ սերնդի համար: Այսօր էլ մեր տղաները կրկին շարքում են և իրենց խաղաղ աշխատանքով շենացնում են հայրենի գյուղերը: Շենացնում են և իրենց գոյությամբ հաստատում, որ քաջությունը ո՛չ սովորել կարելի է, ո՛չ էլ՝ մոռանալ: Այն մարդու արյան մեջ է, և գեների միջոցով է փոխանցվել մեր նախնիներից: Հայրենասիրությունն այն է, երբ ամեն օր ու ժամ հոգաս քո հայրենիքի մասին և չպարծենաս դրանով: Հենց այդպիսին են մեր Արամ և Ֆելիքս ընկերները: Նրանք երբեք չեն պարծեցել և ակնկալել ոչինչ, պարզապես իրենց գործն են արել: Եվ այսօր, հաստատ գիտեն, որ ոչինչ չի կարող փոխարինել այն գնահատանքին, որը տրվում է հարազատ ժողովրդի կողմից: Մենք և գալիք սերունդները պիտի շենացնենք մեր հողը` մեր թիկունքին ունենալով քաջ արամներ և ֆելիքսներ:
 Նախիջևանկի համայնքի ղեկավար Անատիլի Սահակյանն անդրադառնալով Արցախյան ազատամարտի տարիներին, պատերազմական որոշ դրվագներ պատմեց, ներկայացրեց Արամի և Ֆելիքսի անցած մարտական դժվարին ուղին։
- Նրանց մնան տղաների շնորհիվ էր, որ կարողացանք ազատագրել մեր հարազատ հողը։ Ցավոք, մեր քաջարի տղաներից շատերն այսօր մեր կողքին չեն, սակայն նրանց փառքն ու պատիվը միշտ կուղեկցեն մեզ։
Ն զորամասի լեյտենանտ Գեղամ Սարգսյանն իր ելույթում ընդգծեց.
- Այսօր հավաքվել ենք մեծարելու և խոնարհվելու այն մարդկանց առաջ, ովքեր իրենց համեստ ներդրումն են ունեցել հայոց բանակի ստեղծման ակունքներում, ովքեր հայ ժողովրդի քարքարոտ ու տրորված ուղով անցնելով` ջանք չեն խնայել ազատություն նվաճելու և պատմական անցյալը լուսավորելու գործում: Պատմության քառուղիներում մենք միշտ էլ եղել ենք պատրաստակամ և բանիմաց, մարտական ոգով տոգորված և հայրենիքի նկատմամբ վառ հավատով լեցուն: Մեր ազնվագույն նպատակն էր ունենալ հզոր և անկախ պետություն և այն մեզ հաջողվեց: Հաջողվեց ի շնորհիվ մեր ժողովրդի միասնության ու հավատի: Այս միջոցառումը մի յուրօրինակ արիության և հայրենասիրության դաս է, որն ունի ոգեշնչող և դաստիարակող արմատներ:
Փա՜ռք բոլոր այն հերոսներին, որոնք քաջի մահով նահատակվեցին, իսկ մյուսներն էլ այսօր մեզ հետ են, ունեն բազում պատվո շքանշաններ, մարտական տարբեր աստիճանի մեդալներ, պետական պարգևներ: Քանզի նրանց շնորհիվ մենք պահպանեցինք մեր §Ես¦-ը և ինքնուրույնությունը:
 Դպրոցականները հանդես եկան ասմունքով և հայրենասիրական երգերով, իսկ §Ասպետ¦ և §Բերդ¦ համույթների ելույթներն ավելի մեծ շուք հաղորդեցին միջոցառմանը:
Վերջում, Ասկերանի Ն զորամասի հրամանատարի կողմից ԱՀՏԱ գծով տեղակալ Արա Քամալյանը հանդիսավոր պայմաններում հուշանվերներ հանձնեց օրվա հերոսներ Արամ Սարուխանյանին և Ֆելիքս Բեգլարյանին:
Հիրավի, օրվա միջոցառումը հասավ իր նպատակին և այն իմաստավորված էր լիովին: Նախիջևանիկի և Վարդաձորի բնակչությունը երախտագիտությամբ էր լցված միջոցառման կազմակերպիչների հանդեպ, իսկ երիտասարդ սերնդն ավելի կարևորեց մեր երկրի սահմաններն ամրակուռ և անսասան պահելու սուրբ գործը: Նրանք հասկացան, որ հայոց բանակն է մեր պետության հենասյունը և անվտանգության միակ երաշխիքը:
Փա'ռք ու պատիվ հայոց բանակին և արցախյան ազատամարտի բոլոր նվիրյալներին:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter