ԵՐԴՎՈՒՄ ԵՆՔ ԱՊՐԵԼ ՁԵԶ ՆՄԱՆ
19.12.2013 17:12

   Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, ընկնում են` նրա պակասի պատճառով:
Գ.Նժդեհ
Արցախյան ազգային-ազատագրական պատերազմից հետո հազվադեպ է լինում, երբ գյուղական ակումբների պատերը §նեղվում են¦ հանդիսատեսների առատությունից:
 Եվ, ահա, Խնապատի մշակույթի տունը այդ օրը` նոյեմբերի 21-ին, դժգոհելու խնդիր չունեցավ, որովհետև բոլորը գիտեին` եկել էին պատկառելու Արցախյան հերոսամարտի նվիրյալներից մեկի` §Մարտական խաչ¦ առաջին աստիճանի շքանշանի ասպետ Սանասար Ծատրյանի անմար հիշատակը:
 Կազմակերպվող միջոցառումը` հուշ-ցերեկույթը տեղի էր ունենում ՊԲ և ԿԳ նախարարությունների համատեղ հրամանի շրջանակներում: Ներկա էր դպրոցի բանակային շեֆ կազմակերպության՝ տանկային բրիգադի ստորաբաժանումներից մեկը, որի շարային երթով էլ սկսվում է միջոցառումը։ Միջոցառման կազմակերպիչներն են զինղեկ Ա.Ավանեսյանը, ֆիզղեկ Վ.Բեգլարյանը, փոխտնօրեն Գ.Աղաբաբյանը, կազմակերպիչներ Լ.Մոսիյանը, Հ.Հարությունյանը, երգի ուսուցիչ Ն.Մանգասարյանը, պարուսույց Ռ.Բեգլարյանը: 
 Բացման խոսքում դպրոցի տնօրեն Զ.Բեգլարյանն ընդգծեց այն փաստը, որ տարիներ շարունակ կազմակերպվող մեր լալկան երգերին ու խոսքին փոխարինելու են գալիս հերոսական ու փառապանծ, մեծարման ու ոգևորման դասերը` կարևորելով մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության հարցում նման միջոցառումների նշանակությունը: Հնչում է Արցախի խրոխտ օրհներգը, որի հնչյունների ներքո զինվորները ներս են բերում մեր պետական դրոշը։ §Երազ իմ երկիր հայրենի…¦ երգի ելևէջներով բեմահարթակն ամբողջանում է Արցախի պարմանուհիների կամարով.
-XX դարն էլ ծանր ճակատագրի թելադրանքով հերոսների կարիք ունեցավ, և կրկին երերաց հողը հայրենի…
-Կռվեց Արցախը սուրբ պատերազմով, քանզի զոհասեղանին դրվեցին բազում մատաղ կյանքեր:
-Կռվեց Արցախը, ու ողջ աշխարհը հասկացավ, որ արցախցու բազուկն աստվածային ուժ ունի…
Բեմի վարագույրից մեզ է ժպտում քաջասիրտ բազեն` Սանասարը, որը մինչև 88-ը ծառայել է Խորհրդային բանակի շարքերում և վաստակել արիասիրտ զինվորի անուն` արժանանալով պատվոգրերի: Հետո ընդունվեց Երևանի ժողտնտեսական ինստիտուտի ֆինանսատնտեսական բաժինը, որի երկրորդ կուրսից տեղափոխվեց հեռակա բաժին` հնարավորություն ունենալու մասնակիցը դառնալ ծննդավայրում ծավալվող ֆիդայական շարժմանը:
 Հայե՛ր, միացե՛ք, միացե՛ք, հայե՛ր…
Արցախն է մեզ կանչում, օգնությա՛ն հասեք…
 Ու միավորվեցին հայ զավակները, որովհետև Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Դաշքեսանի, Շամխորի և հայաշատ այլ վայրերի մեր հայրենակիցներն արդեն նայել էին մահվան ահասարսուռ դեմքին:
 Հիմի՞ էլ լռենք, եղբա՛րք…
Արցախում կրկնվեց.
Ազատամարտը նոր Ավարայրի,
Այստեղ դանակը հասավ ոսկորին,
Սակայն Մհերը դուրս չեկավ այրից.
Այստեղ էր, որ ոչ քաջ Վարդանը կար,
Ոչ էլ Եղիշե կամ Ղևոնդ Երեց:
Մի բուռ հայ էր լոկ, մի փոքրիկ Արցախ,
Այստեղ քարն ինքը ծնեց մհերներ,
Ճարի հատնումը ստեղծեց նոր ճար,
Եվ ոսոխը չէ` Ալլահն էլ լիներ,
Այդ հրաշքի դեմ վախից կճչար:
Բեմը թնդում է հայոց աղջիկների §Արցախ¦ պարից, իսկ Սանասարի մասին պատմող տեսաֆիլմը ներկաների աչքերից արցունքներ էր քամում: Իսկ ի՞նչ անեին նրա հարազատ քույրերը, որոնց աչքի առաջ կենդանի եղբայրն է հրահանգներ տալիս զինվորներին, ոգևորում նրանց դժվարին պահերին: Նրանք լավ գիտեին` որտեղ Սանասարն էր, այնտեղ պարտություն չկար, այնտեղ վախկոտ զինվոր չկար:
Երբ Սանասարը նշանակվեց Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ, էլի սիրտը հայրենի ծննդավայրում էր ամեն վայրկյան: Հենց լուր էր առնում թշնամու հարձակման մասին, թռչունի թևով հասնում էր Խնապատի դիրքերը:
Առանց ամուսնու վեց զավակ խնամող մայրը միշտ թախանձում էր, որ խնայի իրեն, այդքան համարձակ չլինի, որդին վստահ պատասխանում էր, որ թուրքի գնդակն իրեն չի հասնի: Եվ ճիշտ էր, թուրքի գնդակը չհասավ, սակայն եղավ խավար…
Կորուստը ծանր էր, դեռատի կինն ու կենաց ծառի ոստ՝ դուստրն այդպես էլ չհասցրին վայելել անհոգ կյանքի թրթիռները:
 Սանասար Ծատրյանն անցել է փառահեղ մարտական ուղի` ձեռք բերելով փորձառու, հմուտ հրամանատարի, համարձակ զինվորի պայծառ անուն: Բացառիկ խիզախության և հերոսության համար հետմահու պարգևատրվել է §Մարտական խաչ¦ առաջին աստիճանի շքանշանով:
Աշակերտների բոլոր կատարումները հաճելի տպավորություն թողեցին ներկաների վրա: Կաքավում են աղջիկները բեմում, փոքրիկները պանծացնում են հերոսի անունը, Դավիթը հնչեցնում է Սանասարի սիրած երաժշտական գործիքը` կիթառը, Արգինեն ասմունքում է.
Հողն ամենուր հող է աշխարհում,
Բայց ուրիշ է մեր հողն աշխարհում,
Բայց ուրիշ է մեր վերքն աշխարհում,
Բայց ուրիշ է մեր երգն աշխարհում,
Եվ ուրիշ ենք մենք:
Թող ների Աստված, նրա ձեռքը մենք
Բռնում ենք արդեն,
Որ գիրն անսխալ,
Որ գիրն արդար, ուղիղ ընթանա
Մեր բաց ու հպարտ ճակատի վրա:
Արցախն ուրիշ է, ուրիշ է, ուրիշ,
Ուրիշ աշխարհ է Արցախն աշխարհում…
 Ոգևորվում է դահլիճը, ոգևորվում են նաև զինվորները հերոսի մեծարման հրաշալի ելույթներով: Այդ միջոցառումը, թերևս, թերի կլիներ, եթե վերջում բեմահարթակը չզբաղեցնեին հայրենյաց պաշտպանները, որոնց հայրենասիրական ու հայրենաշունչ երգն ու պարը իմաստավորում էին մեր ազգի միաբանության, արմատներից չհեռանալու, իրար սատարելու ու հանդուրժելու, հայրենի հողն անսասան պահպանելու գաղափարները:
Իսկ մեր հերոսը բեմից հետևում է այս ամենին ու գոհ ժպտում…
 Դաժան ճակատագիր, ինչու՞ այդպես անգութ եղար…
 Ինչո՞ւ այսօր չենք մեծարում այն զինվորականին, որ փառահեղ նստած կլիներ բեմում` կուրծքը զարդարված բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով, գեներալի ուսադիրներով, հարազատներով շրջապատված հոբելյան նշելիս:
 Ինչու՞ կորցրինք մեծ ռազմական գործչին…
Ծանրանում են բազմաթիվ ինչուները մեր հոգում, որոնց պատասխանները, սակայն, չենք կարող գտնել:
Հերոսները չեն մահանում, քանզի նրանց մահն իսկ ազդարարում է հավերժության սկիզբը:
Ավարտվում է հուշ - ցերեկույթը հաղթական շեշտով, և ոչ ոք չի ուզում հեռանալ դահլիճից:
 Հնչում են շնորհակալական խոսքեր դպրոցի տնօրինության, կազմակերպիչների, մասնակիցների հասցեին, արտահայտվում են Սանասարի մարտական ընկերները, իր երախտագիտությունն է հայտնում հերոսի քույրը` Սոնան` հազիվ զսպելով հոգու` կապարի ծանրությամբ ցավը:
Մենք բյուր ենք այսօր, միլիոն ու ավել,
Միլիարդ պիտի դառնանք աշխարհում համայն,
Մեզ ո՞վ կարող է բերել մահ, ավեր…
Մեր հայրենիքը` հրով բռնված,
Դո՛ւ, ե՛ս, նա՛ պիտի ազատագրենք…

Սուրայա ՂԱԶԱՐՅԱՆ
Խնապատի Ա. Հայրապետյանի անվան միջն. դպրոցի հայոց լեզվի 
և գրականության ուսուցչուհի

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter