Այսօր մեր երկրի հասարակական կյանքում տեղ են գտել մի շարք խորթ երևույթներ, որոնք մտահոգության տեղիք են տալիս ժողովրդի մեջ և հարիր չեն մեր ազգին: Հայ ազգը դարեր ի վեր իր պատմության մեջ ունեցել է հոգևոր և մշակութային անգնահատելի արժեքներ և ապրել է, սոսկ, Հայ Առաքելական եկեղեցու բարի ավանդույթներով: Սակայն խորհրդային կարգերի հետ աստիճանաբար սկսվեցին արժեզրկվել արմատավորված այդ արժեքները: Քարկոծելով և ոտնահարելով մարդկային արժեքները` սկսվեց համատարած հակաարշավ Հայ Առաքելական եկեղեցու դեմ, որի արդյունքում փակվեցին վանքերի և եկեղեցիների դռները: Այդ ամենին զոհ գնացած հայության կյանքում ներմուծվեցին նոր սովորույթներ
ու ավանդույթներ: Իր կամքին հակառակ` ժողովուրդը հեռացավ եկեղեցուց: Ժամանակի ընթացքում շատ բան փոխվեց: Ցավալին այն է, որ փոխվեց նաև թաղման ծիսակարգը: Հայ Առաքելական եկեղեցու օրենքներին հանաձայն, երբ մարդ արարածը ծնվում է, անպայման պետք է կնքվի եկեղեցում, իսկ եթե մահանում է, դարձյալ պետք է անցնի եկեղեցով: Խորհրդային կարգերի այդ յոթանասուն տարիների ընթացքում հայ ժողովուրդը գրեթե մոռացել է եկեղեցու այս պահանջի մասին: Ինչ խոսք, ժողովրդին չպետք է մեղադրել, քանզի նա դարձել էր ժամանակի զոհը: Փառք աստծո, Արցախյան պատերազմից հետո աստիճանաբար սկսվել են վերականգնվել մեր հավատքը, սրբությունը եկեղեցու հանդեպ: Այսօր վերականգնվում են մեր եկեղեցիները և կառուցվում նորերը, որոնք ընդգրկում են Արցախ աշխարհի բոլոր բնակավայրերը: Վերջին տարիներին թաղման ծիսակարգի մի յուրահատուկ մրցավազք է սկսվել ամբողջ երկրում: Թաղման արարողությունը վերածվել է ճոխ հացկերույթի: Մեկը մյուսին նայելով` մարդիկ մտածում են միայն հոգեհացի ավելի լավ և թանկ սեղան գցելու մասին: Նույնիսկ սոցիալապես ծանր կացության մեջ գտնվող հանգուցյալի հարազատներն են նույն կերպ վերաբերվում: Իսկ, որքան տգեղ և անընդունելի է, երբ կազմակերպվում է ողորմության ցուցակագրման գործընթացը: Հաճախ մարդիկ ընկնելով դեսուդեն` ցանկանում են առավելագույն ձևով մասնակցել դրամահավաքին. մեկ էլ տեսար հարևանն իրենից շատ փող տվեց, չէ՞ որ թաղումից հետո քննարկումներ են սկսվելու: Այսպիսով, լրիվությամբ ոտնահարվում են թաղման հետ կապված բոլոր ծեսերն ու արարողությունները: Վերջին տարիներին այս խնդիրը մեծ մտահոգություն է առաջացրել Ասկերանի շրջանի ղեկավարության և հասարակության ակտիվ քաղաքացիների մոտ: Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը բազմիցս բարձրացնելով այս կարևոր խնդիրը` 2013թ. ապրիլին կազմակերպած ավագանու ընդլայնված նիստում օրակարգային հարց է դարձրել հասարակական կյանքում տեղ գտած մի շարք խորթ երևույթների վերանայման, Ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի նշման մասին հարցը: Բուռն քննարկումներից հետո ավագանին որոշում է կայացրել բարձրացված լուրջ խնդրին մոտենալ նրբորեն և հասարակության շրջանում տանել բացատրական-քարոզչական աշխատանքներ, հանգուցյալների հուղարկավորությունները, դրանց հաջորդող արարողակարգերը Հայ Առաքելական եկեղեցու կողմից սահմանված կանոններին համապատասխան կազմակերպելու ուղղությամբ և բացառել առայսօր գոյություն ունեցող արարողակարգը: Հարկ է նշել, որ շրջանում սկսված է այդ գործընթացը, որոշ համայնքներ արդեն առաջնորդվում են Հայ Առաքելական եկեղեցու պահանջներով: Դեկտեմբերի 3-ին Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանի նախաձեռնությամբ Ասկերանի մշակույթի տանը հրավիրվեց խորհրդակցություն կապված կարևոր այս խնդրի հետ: Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, աշխատակազմի ղեկավար Արտուր Մելքումյանը, ասկերանցիներ: Ասկերանի քաղաքապետը ողջունելով ներկաներին` նշեց. -Ապրիլին կայացված ավագանու որոշումից հետո ամիսներ են անցել: Սակայն հարկ է նշել, որ համայնքում որևէ տեղաշարժ չի եղել: Անձամբ մտել եմ ծանր կացության մեջ, քանզի կայացրած որոշումը չեմ կարողացել իրագործել, իսկ այն պետք է կատարվեր ժողովրդի փոխըմբռնմամբ և օգնությամբ: Առայսօր հարցը մնացել է օդում կախված: Պետք է հասկանանք, որ ժամանակն է վերադառնալ մեր արմատներին ու նախկին սովորույթներին: Հարկավոր է վերջ տալ թաղման արարողության ժամանակ մասսայական հացկերույթներին ու դրամահավաքին: Նման պահվածքով մենք վատ իրավիճակում ենք հայտնվում օտարերկրացի հյուրերի մոտ, որոնց համար շատ խորթ են նման երևույթները: Մեր ազգին, որ վաղնջական ժամանակներից առաջնորդվում էր եկեղեցու կարգերով ու ենթարկվում նրան, պարզապես հարիր չէ նման անհարգալից մոտեցումը թաղման ծեսին ու արարողությանը: Ներկաներն իրենց ելույթներում պաշտպանեցին քաղաքապետի դիրքորոշումը և ճիշտ գնահատեցին այն: Բացի այն, որ երևույթն ինքնին տգեղ է՝ ժողովուրդն էլ հայտնվում է ծանր կացության մեջ: Ժամանակն է վերջ տալու ավելորդ ծախսերին ու զերծ մնալ հակաեկեղեցական սովորույթներից: Վերջում, քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց համաքաղաքացիներին փոխըմբռնման և պատրաստակամության համար, միաժամանակ կոչ արեց բոլորին պատասխանատվություն ցուցաբերել նաև հարկերի հավաքագրման գործում, քանզի դրանից է կախված համայնքի հետագա ակտիվ գործունեությունը: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |