ԳԵՂԵՑԻԿԻ ՈՒ ՕԳՏԱԿԱՐԻ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅԱՄԲ
20.12.2013 10:31

 Որովհետև մահը վեր ելավ մեր պատուհանները, մտավ մեր պալատները, որ բնաջինջ անի երեխային փողոցից, երիտասարդներին՝ հրապարակներից։ 

Երեմիա 9։21

 Օրեցօր հզորացող Արցախի հանրապետությունը, կայացած պաշտպանության բանակը, բազմապիսի բարեփոխումներն ուրախություն ու հպարտություն են բոլորիս համար։ Եվ այսօր առավել ևս բոլորս մեր գործով ու գործելակերպով պետք է աջակցենք մեր հանրապետության էլ ավելի բարգավաճմանն ու հզորացմանը։ Հզոր պետության հենասյունն ամուր և առողջ ընտանիքն է։ Նման ընտանիքներում ծնված ու մեծացած երեխաներով է պայմանավորված առողջ հասարակության ձևավորումն ու մեր երազած պետության կայացումը։ Մտահոգված լինելով մեր երեխաների ու նաև մեր պետության ապագայով

օրերս Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր ծնողական ժողով՝ նվիրված երեխաների դաստիարակությանն ուղղված մի շարք մտահոգիչ հարցերի։ Այն կազմակերպել էր դպրոցի փոխտնօրեն, հոգեբան Աիդա Գյանջումյանը։ Օրեր առաջ նա երեխաների ու նրանց ծնողների միջև հարցաթերթիկների միջոցով հարցումներ էր անցկացրել, որոնց արդյունքներն, ի զարմանս, ապշեցուցիչ էին։ Երեխաներն առավել անկեղծ են գտնվել, քան նրանց ծնողները։ Ա. Գյանջումյանը հորդորել է ծնողներին իրենց երեխաների բացը քողարկելու փոխարեն մտածեն դրանք վերացնելու ուղղությամբ՝ լուրջ քայլեր ձեռնարկեն, դիմեն ուսուցիչների օգնությանը։ Քանզի միայն ուսուցիչ - աշակերտ - ծնող փոխհամագործակցությամբ է պայմանավորված կայուն անհատի ձևավորումը։
Որոշ ծնողների կարծիքով երեխայի դաստիարակությամբ պետք է զբաղվեն դպրոցում։ Սակայն դա թյուր կարծիք է, քանի որ ընտանիքի կազմը կայուն է, կոլեկտիվն էլ՝ փոքր, ապա շատ ավելի հեշտ է ընտանիքում երեխաների մեջ կարգապահական հմտություններ դաստիարակելը։ Եթե ծնողներից որևէ մեկն իր գործում թերանում է, այն ազդում է դպրոցի ընդհանուր կարգապահության վրա։
- Դպրոցում ամեն րոպե, ամեն վայրկյան զբաղվում ենք երեխայի դաստիարակությամբ։ Յուրաքանչյուր երեխա իր ծնողի՝ որպես §արվեստագետի¦ ստեղծագործությունն է։ Թե ինչպիսի ոգեշնչմամբ ու հոգատարությամբ է այն ստեղծվել՝ տեսնում ենք արդեն մենք՝ ուսուցիչներս։ Հարցադրումների ժամանակ աշակերտները եղան ավելի արդարամիտ, քան ծնողները։ 6-ից 12-րդ դասարաններում կատարված հարցադրումներում կարմիր թելի պես անցնում է ծնողների նկատմամբ անչափ մեծ սերն ու հոգատարությունը։ Աշակերտներից յուրաքանչյուրն իր տեսակետն է արտահայտել §Ինչպիսի՞ն կուզենայի տեսնել իմ ծնողներին և ի՞նչը կցանկանայի փոխել նրանց մեջ¦ հարցին։Հարցի առաջին մասում երեխաները միանշանակ պատասխանել են, որ ուրիշ կերպ չէին ցանկանա տեսնել իրենց ծնողներին, բայց ահա երկրորդ մասում նկատվեց ակտիվություն։ Նրանք հիմնականում դժգոհություն են արտահայտել իրենց վրա բարձրաձայն խոսելուց, անընդհատ դիտողություններ անելուց, ծնողների միջև անընդհատ տեղի ունեցող վեճերի ականատեսը լինելուց, անտեղի, չափից ավելի անհանգստանալուց։ Վերջինս հայ ծնողին հատուկ բնավորության գիծ է։ Սիրելի ծնողներ, նախքան ձեր երեխային դիտողություն անելը, փորձեք վերահսկել ձեզ, ինքներդ եղեք ներդաշնակ՝ դրանով իսկ օրինակ ծառայեք ձեր երեխաներին, իսկ ձեր երեխաների դաստիարակության գործում եղեք համառ ու ցուցաբերեք հետևողական վարքագիծ,- ասել է Ա. Գյանջումյանը։
 Ժողովի ընթացքում ցուցադրվեց տեսաֆիլմ, որը երեխայի ծնված օրվանից տարիքային որևէ փուլում դաստիարակության բացակայության հետևանքների մասին էր, ինչն անչափ դժվար է վերականգնել հետագայում, կամ ընդհանրապես անհնարին է։
 Ընդհանրացնելով Ա. Գյանջումյանի խոսքը դպրոցի տնօրեն Կառլեն Մայիլյանը շեշտեց, որ շատ երեխաների մոտ ակնհայտորեն բացակայում է սերն ու ծարավը դեպի ուսումը։ 
 -Նամանավանդ այսօրվա պայմաններում` համացանցի առկայության պարագայում, երբ համացանցն ու համակարգիչը դարձել են երեխաների կյանքի անքակտելի մասը՝ ուսումը մղելով երկրորդ պլան։ Աշակերտները մտնելով վիրտուալ աշխարհ, աչքաթող են անում իրենց պարտականությունները՝ հաճախ թերանալով այս կամ այն հարցում։ Մյուս կողմից էլ որոշ ծնողներ ուսուցիչների հասցեին բացասական արտահայտվելով իրենց երեխաների ներկայությամբ՝ սեպ են խրում ուսուցիչ-աշակերտ հարաբերություններում։
 Իմ հորդորանքն է բոլոր այն ծնողներին, ովքեր որևէ թերություն են նկատել մոտենան տվյալ ուսուցչին և պարզաբանեն հարցը,- ասել է Կ. Մայիլյանը։

Խոստովանենք, որ անչափ բարդ ու դժվարին է երեխաների հետ տարվող աշխատանքը՝ իր ցանկալի ու անցանկալի հետևանքներով։ Հաճախ, քննադատելով այս կամ այն մարդու արարքը, կարծես թե ցանկանում ենք քողարկել մեր թերությունները։ Ինքներս գովաբանելով մեր երեխաներին հաճախ աչք ենք փակում նրանց թերությունների վրա, որոնք աստիճանաբար վերածվում են արատի։ Մեզանից յուրաքանչյուրը համառորեն կպնդի, որ երեխաները մեր կյանքի իմաստն են ու դա այդպես է, սակայն պետք է նաև հիշեք, որ նրանք մեր պաշտպանության ու անջակցության կարիքն ունեն։ Ուստի եկեք մեր պարտականությունների կատարման մեջ չթերանանք, մեր երեխաներին միշտ երջանիկ ու անհոգ տեսնելու համար ոչինչ չխնայենք։
- Եկեք լինենք ուղղորդողի, այլ ոչ թե հրահանգչի դերում։
 - Որևէ մարդու արարք չգնահատենք մեզ ձեռնտու տեսանկյունից։  
- Չխաբենք ինքներս մեզ, լինենք բնական, չէ որ գեղեցիկ է այն, ինչ բնական է։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter