Յուրաքանչյուր հայ իր գերագույն պարտքն է համարում լինել հայրենիքին անմնացորդ նվիրված, պաշտպանել ու պահպանել նրա անառիկությունն ու անվտանգությունը: Հայրենասիրությունն ու պատվախնդրությունը հայի մեջ են ի սկզբանե` դարերի խորքից: Սերնդեսերունդ են փոխանցվել հայի ազնվագույն այդ արժանիքները: Մատաղ սերունդը նույն ոգով ու նվիրվածությամբ է շարունակում իրենց ապուպապերի գործը: Դեկտեմբերի 9-ին Ասկերանի շրջանի զինկոմիսարիատի բակը մարդաշատ էր: Աշնան առաջին զորակոչն էր, 13 նորակոչիկներ պատրաստ են ծառայելու
ԼՂՀ ՊԲ-ի շարքերում: Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը, Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Կառլեն Մայիլյանը, նորակոչիկների հարազատներ, ընկերներ: Ասկերանի զինկոմիսար Արծվիկ Գաբրիելյանը շնորհավորելով նորակոչիկներին ու նրանց հարազատներին այս հիշարժան օրվա առթիվ` միաժամանակ նշեց. - Վերջին ժամանակաշրջանում գեղեցիկ ավանդույթ է դարձել մեր երեխաներին երգ ու երաժշտությամբ ուղարկել ՊԲ շարքերը: Ինչ խոսք, բոլորս հպարտ ենք: Չէ՞ որ այս երիտասարդներն են պաշտպանելու մեր Հայրենիքի սահմանները: Նրանք դա անելու են բարձր մակարդակով և ամենայն պատասխանատվությամբ: Հավաստիացնում եմ, որ ձեր որդիները կլինեն հուսալի ձեռքերում, նրանք կստանան ռազմահայրենասիրական ճիշտ դաստիարակություն, ավելի հստակ կգիտակցեն Հայրենիքի պաշտպանության գերխնդիրը: Սակայն չպետք է մոռանալ, որ ձեզանից է կախված ձեր ծառայության մակարդակը, սիրելի՛ տղաներ: Դուք պետք է լինեք կարգապահ, պատրաստակամ և ուշադիր: Գիտցե՛ք, ձեր հարազատներն սպասում են լավ լուրերի: Համոզված եմ, որ հուսախաբ չեք անի նրանց և բարձր կպահեք նաև ձեր հարազատ կրթօջախների և ուսուցիչների պատիվը։ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենը նույնպես իր բարեմաղթանքի խոսքն ասաց. -Սիրելի՛ նորակոչիկներ, դուք մեկնում եք որպես տղաներ, սակայն կվերադառնաք տղամարդ դարձած: Գնում եք կատարելու ամենասուրբ պարտականությունը, որը յուրաքանչյուր հայի պարտքն է: Մեր երկիրը կայացել է մեծ դժվարությամբ, բազում տղաների երիտասարդ կյանքերի գնով: Դուք պետք է լինեք խիզախ, աչալուրջ և մտածեք այս դրախտային լեռնաշխարհը պաշտպանելու մասին: Ձեր վարքագծով և պահվածքով եղե՛ք անթերի: Նորակոչիկները հուզված էին և կարոտախառն ու ջերմ հայացքներով նայում էին ծնողներին: Չէ՞ որ բաժանվում են երկու տարով… մնաք բարով անհոգ օրեր… Սակայն տղաները գիտակցում են, որ իրենք պետք են Հայրենիքին և այն զինվորներին, որոնց վերադարձն իրենցից է կախված: Նորակոչիկի մայր Վարդիթեռ Ավագյանը, թեպետ չափազանց հուզված էր, սակայն հպարտության շողը դեմքին բարի ծառայություն մաղթեց բոլոր նորակոչիկներին. - Իհարկե, որպես մայր անհանգստանում եմ որդուս համար, քանզի նա մտնում է իր համար անծանոթ մի աշխարհ, որտեղ կլինեն դժվարություններ, փորձություններ, սակայն համոզված եմ, որ նա հուսալի ձեռքերում կլինի և պատվով կկատարի իր առջև ծառացած խնդիրները: Այսօր, մեր բանակը տարածաշրջանի ամենամարտունակ ու կարգապահ բանակներից է: Մեծագույն հպարտություն եմ զգում, որ որդիս ծառայելու է ԼՂՀ ՊԲ-ի շարքերում և համոզված եմ, որ նա օրինակ կհանդիսանա նաև կրտսեր որդուս համար: Բոլոր նորակոչիկներին մաղթում եմ բարի և խաղաղ ծառայություն: Նորակոչիկներին շնորհավորելու եկած Ասկերանի §Բերդ¦ համույթի երգն ու նվագը մի առանձին ոգևորություն ու շուք հաղորդեց զորակոչին: ԼՂՀ ՊԲ շարքերը համալրած նորակոչիկներին մաղթում ենք խաղաղ երկինք, բարի ծառայություն և բարի վերադարձ: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |