20.12.2013 11:37 |
Դեկտեմբերի 12-ին Ասկերանի քաղաքապետարանում հրավիրվեց խորհրդակցություն, որին մասնակցում էին Ասկերան քաղաքում գործող իրավաբանական կարգավիճակ ունեցող տնտեսվարող սուբյեկտների պատասխանատուներ, հասարակական սպասարկման օբյեկտների ներկայացուցիչներ: Խորհրդակցությունը վարում էր քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը: Խորհրդակցության նպատակը տարեվերջի կարևոր հիմնահարցի` համայնքային բյուջեի կատարողականի հետ էր կապված: Նախորդ տարվա համեմատությամբ ընթացիկ տարում հարկերի մուտքերի ապահովումը դանդաղ է ընթանում, որը որոշ տնտեսվարող սուբյեկտների կողմից անպատասխանատու
վերաբերմունքի հետևանք է: Քաղաքապետն իր խոսքում նշեց. - Վերջերս ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ստուգման է ենթարկվել համայնքի ֆինանսական գործունեությունը: Կարելի է փաստել, որ ստուգման արդյունքները հիմնականում գոհացուցիչ էին, սակայն առկա էին որոշակի բացթողումներ: Առանձնապես դրանք կապված էին որոշ հարկատուների անպարտաճանաչ վերաբերմունքի հետ, ովքեր ժամանակին չեն մարում հարկերը` չգիտակցելով, որ դրանով վնաս են հասցնում քաղաքապետարանի գործունեությանը: Այսուհետ, ամեն ինչ կարվի օրենքի սահմաններում, քանի որ այլ ճանապարհ չեմ տեսնում: Պետք է հաշվի առնել, որ քաղաքապետարանը կանգնած է որոշակի պարտքերի առջև: Առաջնորդվելով §Հողի հարկի մասին¦, §Գույքահարկի մասին¦ և §Տեղական տուրքերի և վճարների մասին¦ ԼՂՀ օրենքներով հանձնարարականներ տրվեցին Ասկերանում գործող բոլոր տնտեսվարող սուբյեկտների պատասխանատուներին և հասարակական օբյեկտների ներկայացուցիչներին մինչև 2013 թվականի դեկտեմբերի 20-ը կատարել համայնքի հանդեպ իրենց պարտականությունները, ինչպես նաև 2014 թվականին ըստ եռամսյակների հողի հարկի, գույքահարկի վերաբերյալ պարտականությունները: Օրակարգի մյուս հարցն Ամանորի և Սուրբ ծննդյան տոների մասին էր: Քաղաքապետը նշելով, որ բոլորիս համար այդ տոներն ամենակարևոր ու սիրված տոներից են, ուստի պետք է պատշաճ կերպով նախապատրաստվել դրանց: Նա հանձնարարականներ տվեց հասարակական օբյեկտների ներկայացուցիչներին միջոցներ ձեռնարկել իրենց օբյեկտների շրջակայքը մաքրելու, ինչպես նաև զարդարելու համար: Համոզմունք հայտնեց, որ այդպիսով ավելի մեծ շուք կտրվի տոներին և կավելանա տոնական ոգևորությունը բնակչության շրջանում: Այնուհետև, քաղաքապետը շնորհավորելով ներկաներին գալիք տոների առթիվ` մաղթեց խաղաղ երկինք և բարենպաստ 2014 թվական: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |