Մեր հոյակերտ հին վանքերի մութ խուցերում, մենության մեջ, Պատմիչները մեր վշտահար, մեղմ կանթեղի լույսով անշեջ, Մի նշխարով, մի կում ջրով և ճգնությամբ գիշերն անքուն Պատմությունը մեր գրեցին մագաղաթի վրա դժգույն…
Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության բաժնի նախաձեռնությամբ դեկտեմբերի 18-ին Ասկերանի մշակույթի տանը կազմակերպվեց գրական-գեղարվեստական ցերեկույթ նվիրված §Սասնա ծռեր¦
էպոսին: Ներկա էին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, աշխատակազմի ղեկավար Արտուր Մելքումյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բաժնի գլխավոր մասնագետ Վաչիկ Հարությունյանը, Ասկերանի մշակույթի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը, դպրոցականներ, ասկերանցիներ: Միջոցառումը կազմակերպել էր Ասկերանի Գուրգեն Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանը` համագործակցելով Ասկերանի ՄՊՍԿ-ի և §Բերդ¦ համույթի հետ: Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը ողջունելով ներկաներին` նշեց. -Հայ ժողովրդի ստեղծած բանավոր գեղարվեստական հորինվածքների շարքում բացառիկ տեղ է գրավում §Սասունցի Դավիթ¦ հանճարեղ դյուցազներգությունը: Այն մասամբ երգվող, բայց հիմնականում պատմողական բնույթի բանավոր մեծածավալ ստեղծագործություն է: Դյուցազներգությունը ներկայացնում է հայ ժողովրդի հավաքական մտածողությունն ու ձգտումները, նրա աներեր կամքն ու ազգային բարոյական կողմնորոշումը: Այն արտացոլում է հայ ժողովրդի ազգային բնավորությունը, իմաստությունն ու դարերի ընթացքում ձեռք բերած կենսափորձը, ազատասիրական ոգին, կենցաղն ու բարքերը: Իր գաղափարներով ու գեղեցիկ հորինվածքով §Սասունցի Դավիթ¦ էպոսն աշխարհի լավագույն էպոսներից է, դրա համար էլ այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ցանցում: Միջոցառման հաղորդավար Նինել Գաբրիելյանը ներկայացրեց մեր ազգային հոգևոր մեծագույն հարստությունը: Հանդիսատեսն ականատես եղավ §Սասնա ծռեր¦ էպոսի ողջ հմայքին ու գեցեղկությանը: Հայ ազգային էպոսն ստեղծվել է միջնադարում` արաբական արշավանքների ժամանակ: Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ` հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման: Ամեն ժողովուրդ չէ, որ համաշխարհային գրականության մեջ ունի իր ազգային էպոսը: 1964 թվականին աշխարհի վիպերգերի միջազգային մրցույթում §Սասնա ծռերը¦ ճանաչվել է լավագույնը: Նրա մեջ արտահայտվում են հայ ժողովրդի նվիրական խոհերն ու երազանքները, մեր դարավոր պայքարը հանուն ազատության, մեր ազգային կենցաղը, մեր բնավորությունը, ոճն ու ոգին: Դյուցազնավեպը գրվել է հազար տարի շարունակ: Ժողովուրդը բերնեբերան պատմել է ու հորինել, հարմարեցրել նոր ժամանակներին, հարստացրել նոր դրվագներով ու գաղափարներով, ամեն ասացող մի բան է ավելացրել իր սովորածին: Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներն արտասանեցին հատվածներ էպոսից, իսկ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները ներկայացրեցին §Քերծե¦ և §Փափուռի¦ պարերը` մեծ ոգևորություն պարգևելով ներկաներին: §Բերդ¦ համույթի կատարումներն էլ ավելի բարձրացրեցին մասնակիցների անկոտրում ոգին ու հայրենասիրական շունչ տարածեցին դահլիճում: Սասունցի չորս հերոսների գերբնական հատկությունները, նրանց վեհ գաղափարներն ու ազատության տենչն ասես թևածում էր դահլիճում: Տղաներից յուրաքանչյուրն իրեն Դավիթ էր պատկերացնում` անվախ, անպարտելի և հայրենասեր: ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բաժնի գլխավոր մասնագետ Վաչիկ Հարությունյանը բարձր գնահատելով օրվա խորհուրդը` մեզ հետ կիսվեց իր տպավորություններով. -Սասնա հերոսներն օտար նվաճողներին մշտապես հաղթող, ազգի անվտանգությունն ապահովող, գերբնական հատկությունների տեր հերոսներ են: Հայ դյուցազներգությունը հաստատում է անձնուրաց, անդուլ, հերոսական պայքարով և հաղթանակով հայրենի երկրի ու ժողովրդի անկախությունը պահպանելու գաղափարը: Սասնա հերոսներից Փոքր Մհերի անմահության, նրա հավերժական կենդանության ընկալմամբ հայ ժողովուրդն ընդգծում է դավիթների հարատևության գաղափարը: Այո՛, հարատև են դավիթները: Բերդաքաղաք Ասկերանն այսօր փայլեց իր հայրենասեր զավակներով: Ճիշտ և տեղին զուգահեռներ անցկացվեցին միջնադարի ու արդի շրջանների միջև: Կեցցե՛ք: Ինչ խոսք, գրական-գեղարվեստական ցերեկույթը կազմակերպվեց հավուր պատշաճի: Հանդիսատեսը մեծ բավականություն ստացավ հայ ժողովրդի հանրահայտ էպոսի վայելումից: Համամարդկային մեծ արժեք ներկայացնող էպոսն անգնահատելի նշանակություն կունենա նաև գալիք սերունդների դաստիարակության գործում և ճանաչելի կդառնա ամբողջ աշխարհին: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |