ԽՆԱՊԱՏՈՒՄ ՍՏԵՂԾՎԵՑ ՆՈՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
28.12.2013 13:31

   Վերջերս Գանձասարում կազմակերպվել էր երիտ-ֆորում, որին մասնակցում էին տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ: Այդ միջո-ցառմանը մասնակցում էր նաև ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի ուսխորհրդի անդամ, խնապատցի Արման Հայրապետյանը: Հենց այդտեղ էլ երիտասարդի մոտ ծնվեց վեհ մի գաղափար` հարազատ գյուղում ստեղծել երիտասարդական հասարակական կազմակերպություն: Եվ այդ կազմակերպության նպատակը պետք է լինի գյուղի երիտասարդության համախմբումը, նրանց առօրյայի աշխուժացումը և գյուղում իրականացվող

բարեկարգման աշխատանքներին մասնակցումը։  
 Խնապատի երիտասարդությունը մեծ խանդավառությամբ մասնակցեց հավաքույթին և ողջունեց Արման Հայրապետյանի գաղափարը: Որոշվեց և ստեղծվեց հասարա-կական կազմակերպություն` §Արա Գեղեցիկ¦ անվանմամբ: Երիտասարդներն ընտրել էին այդ անունը, քանի որ Արան երիտասարդ, քաջ և հայրենասեր թագավոր էր և ամեն ինչ անում էր հանուն Հայրենիքի պաշտպանության: Ընտրվեց 7 հոգուց բաղկացած խորհուրդ (Արման Հայրապետյան, Լիլիա Մանգասարյան, Մարաթ Հարությունյան, Աննա Մելքումյան, Քաջիկ Սարգսյան, Արմինե Բեգլարյան, Անետտա Մանգասարյան), որի նախագահ ընտրվեց Ա. Հայրապետյանը: 
Համայնքի ղեկավար Ս. Շահրամանյանն անմիջապես տրամադրեց գրասենյակ և դպրոցի տնօրեն Զ. Բեգլարյանի հետ մեկտեղ խոստացան ցանկացած հարցում աջակցել երիտասարդ կազմակերպությանը:
 Նորաստեղծ կազմակերպության կարգախոսն է` §Հզոր երիտասարդություն, հուսալի ապագա¦: Հիմնախնդիրներն են՝ ազգային գաղափարախոսության տարածումը, հայրենասիրական ոգու բարձրացումը, բարեգործական ծրագրերի իրականացումը, պատմամշակութային հուշարձանների պահպանումը:
 Դեկտեմբերի 11-ին խորհրդի կազմը համայնքի ղեկավարի և շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանի հետ մեկտեղ հանդիպում ունեցան շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի հետ: Նա ողջունելով և կարևորելով կազմակերպության ստեղծումը` բարձր գնահատեց երիտասարդական կազմակերպություն ստեղծելու գաղափարը: Հանձն առավ սատարել և հովանավորել կազմակերպությանն իր ողջ գործունեության ընթացքում:
 Առաջին բարեգործությունը, շրջվարչակազմի ղեկավարի հովանավորչությամբ, §Արա Գեղեցիկ¦ ՀԿ անդամներն իրականացրեցին դեկտեմբերի 21-ին՝ այցելելով Ստեփանակերտի §Զանգակ¦ գիշերօթիկ դպրոցը և ամանորյա անակնկալ մատուցելով դպրոցի սաներին: Մեծ եղավ երեխաների հիացմունքը, երբ տեսան Ձմեռ պապիկին և Ձյունանուշին` ծանրաբեռնված նվերներով: Նվերներն ստանալուց հետո, նրանք հետաքրքությամբ դիտեցին խնապատցիների ամանորյա ներկայացումը, որը բոլորի տոնական տրամադրությունն էլ ավելի բարձրացրեց: Այնուհետև, կազմակերպվեցին զանազան խաղեր, երգերի մրցույթներ: Մրցանակային տեղեր զբաղեցրած երեխաներն արժանացան նվերների: Կազմակերպության անդամներն ու գիշերօթիկի երեխաներն անցկացրին հաճելի ժամանց, որը երկար կմնա բոլորի հիշողության մեջ: 
 Հիրավի, ողջունելի է Խնապատի երիտասարդների նախաձեռնությունը: Նրանց հայրենասիրական վեհ գաղափարները, բարեգործական նպատակներն, անշուշտ, գնահատելի են բոլորիս կողմից: Եթե ծնվում է արժանի գաղափար, ընդունվում և խրախուսվում բան-իմաց ու բարյացակամ մարդկանց կողմից, անտարակույս այն ստանալու է իր վերջնական լուծումը: Շնորհակալություն շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանին, որ հովանավորեց նորաթուխ կազմակերպությանը, քաջալերեց երիտասարդներին, որպեսզի նրանք սկսեն իրենց առաջին գործնական քայլերը: 
§Արա Գեղեցիկ¦ ՀԿ հանդիսավոր բացումը կկայանա դեկտեմբերի 29-ին՝ Խնապատի մշակույթի տանը: Կազմակերպությանը մաղթում ենք բեղմնավոր և արդյունավետ գործունեություն։ Թող նրանց հայրենապահպան օրինակը վարակիչ լինի շրջանի երիտասարդության համար:

 

Կարինե Բախշիյան

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter