Դեկտեմբերի 20-ին Ասկերանի մշակույթի տանը կազմակերպվեց հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ՀՅԴ 123-ամյակին, որը նախաձեռնել և կազմակերպել էր ՀՅԴ Ասկերանի շրջանային կոմիտեն: Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, բաժինների վարիչներ, հիմնարկ ձեռնարկությունների ղեկավարներ, ՀՅԴ Արցախի ԿԿ կազմը, կուսակցականներ, հյուրեր: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Ալյոշա Գաբրիելյանը. - §Հայ հեղափոխական դաշնակցություն¦ ավանդական կուսակցության նմանօրինակ տոնակատարություն Ասկերանի
շրջանում և մասնավորապես Ասկերան շրջկենտրոնում կազմակերպվում է առաջին անգամ: Այս հիշարժան պահն արդյունք է ՀՅԴ Արցախի կազմակերպության վարած քաղաքականության և այն դերակատարության, որ կուսակցությունն ունեցել և ունի Արցախի Հանրապետության կազմավորման առաջին իսկ օրվանից առ այս պատմական ժամանակաշրջանը, երբ իշխանական տարբեր թևերում համեստ ներգրավվածության շնորհիվ ջանում է օգտակար լինել Հայրենիքին և ժողովրդին: Անցած դարի 80-ական թվականների վերջերին գորբաչովյան վերակառուցման լույսի ներքո սկիզբ առած Արցախյան ազգային-ազատագրական պայքարի հուժկու ալիքն իր անդրադարձը գտավ նաև Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների մոտ և դրան սպասող հայկական ավանդական կուսակցություններն իսկույնևեթ ցանկություն հայտնեցին օգնության ձեռք մեկնել իրենց ազատության ու անկախության համար ոտքի ելած արցախահայությանը: Իրականություն էր դառնում Սփյուռքում գործող ու հայության ճակատագրով, հայ Դատի խնդիրներով զբաղվող Դաշնակցության երբեմնի երազանքը: Անհրաժեշտ էր օր առաջ ներկայություն ապահովել Հայրենիքում և իր կարողություններն ու հնարավորություններն ի սպաս դնել ազգային-ազատագրական պայքարին, հայրենաշինության և պետականաշինության գործին: Քանի որ Արցախում և Հայաստանում պահպանվում էր խորհրդային ռեժիմ, ՀՅ դաշնակցությունը հայրենիք վերադարձավ գաղտնաբար` քողարկված ձևով: Ներկայացավ ոչ միայն ազգային-ազատագրական գաղափարախոսությամբ, այլ զենք ու զինամթերքով ու առաջիններից մեկը հանդիսացավ մարտական ինքնապաշտպանական ջոկատների կազմավորման գործում: Մարտական այդ ջոկատները լեգենդար հրամանատարների ղեկավարությամբ գործեցին մինչև պաշտպանության բանակի կազմավորման պահը: Այնուհետև, կազմակերպչական աշխատանքների շնորհիվ Դաշնակցությունն Արցախում նոր կազմավորվող պետական առաջին կառույց հանդիսացող Գերագույն խորհրդում ապահովեց առավելագույն տեղեր և Հանրապետության առաջին նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը: Հետպատերազմյան խաղաղ տարիներին ապակենտրոն սկզբունքով ղեկավարվող ՀՅԴ Արցախի կազմակերպությունը Հայաստանի և Սփյուռքի կառույցների անմիջական մասնակցությամբ տեր կանգնեց Արցախի և հայության դատին և ձեռնարկեց քայլեր` նորաստեղծ հանրապետության պետական ճանաչման ու տնտեսության առողջացման ուղղությամբ: Այսօր, ՀՅԴ-ն որպես իշխանության տարբեր ոլորտներում ընդգրկվածություն ունեցող քաղաքական ուժ, պատասխանատվություն է կրում երկրում ստեղծված կացության համար: Ի դեմս ՀՅԴ ԿԿ վերջին ժամանակներս վարած քաղաքականության, իշխանական տարբեր թևերում ընդգրկված դաշնակցական պաշտոնյաների կողմից առաջ քաշած մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրերի, դաշնակցությունն իրատեսական է համարում ԼՂՀ հաջողությունները` հատկապես գյուղի և գյուղատնտեսության բարեփոխումների, վերաբնակեցման, համայնքային կյանքի աշխուժացման, արտագաղթի կասեցման ու միաժամանակ ներգաղթի ապահովման ոլորտներում: Ներկա պահի դրությամբ, որպես կարևոր ուղղություններ, կուսակցությունը համարում է Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչելուն և փոխհատուցելուն միտված, դեռևս շրջանառության մեջ գտնվող, բայց ժամանակավորապես սառեցված հայ-թուրքական խայտառակ համաձայնագրից հրաժարվելուն և օրակարգից հանելուն ուղղված քայլերը: ՀՅԴ-ն եվրոպական և ամերիկյան իր կառույցների և Հայ Դատի գրասենյակների ներգրավումով լայնածավալ աշխատանքներ է տարել ու շարունակում է տանել Արցախի պետական անկախությունը միջազգային հանրության կողմից ընդունելու ուղղությամբ: Դաշնակցությունն անընդունելի է համարում Արցախի հանրապետության սահմանադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականության ցանկացած խախտում և այն դիտում որպես նահանջ պետական անկախության և սուվերենության ճանաչման գործընթացից: Միջոցառման հաղորդավար Նինել Գաբրիելյանը ներկայացրեց կուսակցության կենսագրությունը, անցած ուղին ու ներկան: Հայ հեղափոխական դաշնակցությունն ստեղծվել է 1890 թվականին՝ Թիֆլիսում: Հիմնադիրներն ու առաջին ղեկավարներն էին Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն Զավարյանը, Ստեփան Զորյանը /Ռոստոմ/: Նորաստեղծ կուսակցության նպատակն է եղել համախմբել հայ ժողովրդի ուժերը, ձեռք բերել քաղաքական և տնտեսական ազատություն Արևմտյան Հայաստանի համար: ՀՅԴ-ն դավանում էր ժողովրդավարության և ընկերավարության գաղափարներ, սակայն կուսակցության գաղափարախոսության, ռազմավարության և գործելակերպի հիմնական խնդիրը Հայկական հարցի լուծումն է, Արևմտյան Հայաստանի ազատագրումը, նրա ինքնավարությունը: Դաշնակցության դեմ կանգնեցին ու պայքարեցին տարբեր ուժեր, ջարդարար երիտթուրքեր ու քեմալականներ, ռուսական ցարեր և ինտերնացիոնալիստ բոլշևիկներ, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի նպատակ տանող ուղին պետականության ստեղծումն էր: Հայ հեղափոխական դաշնակցությունը պատմական մեծ ճանապարհ է անցել: Նա հանուն ազգի լինելիության ու հարատևության, հանուն ազգի միասնության և Հայաստան աշխարհի վերածննդի ու պետականության հաստատման՝ որոշ դեպքերում ստիպված է եղել կուլ տալ վիրավորանք, ճնշումներ, անօրինական ու մարդկային տարրական իրավունքներն ոտնահարող քայլեր, ուրացողների ու դավաճանների մահացու հարվածներ, բայց երբևէ չի ընկճվել ու միշտ նորովի, նոր մարտավարությամբ լծվել է ազգին ծառայելու, ազգի ցավն ու դարդը հոգալու, այդ վիճակից նրան հանելու իր վեհ գործին: Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին տեսանյութեր կուսակցության պատմությունից, որոնք ավելի ակնհայտ դարձրին անվեհեր ու հայրենասեր հայորդիների անմնացորդ ու նվիրական գործունեությունը, կուսակցության որդեգրած ուղին: Ներկայացված ասմունքն ու §Բերդ¦ համույթի ազգասիրական երգերի կատարումները հպարտության ալիքներ բարձրացրին դահլիճում: Միջոցառման մասնակիցներից յուրաքանչյուրը լցվել էր հայրենասիրական շնչով ու տոգորված էր Հայրենիքն ավելի հզոր և Հայոց հարցի վերջնական լուծումը տեսնելու տենչով: Արդարև, ՀՅԴ 123-ամյակին նվիրված միջոցառումը հասավ իր նպատակին: Այն կազմակերպվել էր բարձր մակարդակով և պատմական իրողություններով շաղախված: Ժամանակն է, որպեսզի ընդունենք. ՀՅԴ-ն իր էությամբ, իր ճակատագրով այնքան է ինտեգրվել հարազատ ժողովրդին, որ անկախ օտարների վերաբերմունքից, գոյություն է ունեցել և կունենա այնքան ժամանակ, քանի կա ու գոյություն ունի ազգը հայոց, քանի դեռ չեն լուծվել հայության հիմնախնդիրները: Դաշնակցությունն ընդմիշտ կլինի իր ժողովրդի կողքին և պարտավորված՝ հանդես գալու Հայ դատի պաշտպանի դերում: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |