Մեզանից յուրաքանչյուրը պետք է ուշադիր և հոգատար լինի շրջապատի մաքրության հանդեպ, քանի որ մեր շրջապատով է որոշվում մեր կենսամակարդակն ու ապրելակերպը: Որպեսզի մեր շրջապատը մաքուր և հիգիենիկ լինի, ամենքս պետք է ճիշտ դրսևորում ցուցաբերենք և համագործակցենք համապատասխան շահագրգիռ մարմինների հետ: Որոշակի հարցեր պարզաբանելու համար և իմանալու, թե ինչ գործունեություն է ծավալվում Ասկերանի ՀՀԲ-ում, որոշեցինք դիմել բաժնի նորանշանակ պետ Իրադա Խաչատրյանի հետ: - Տիկին Խաչատրյան, վերջին ժամանակներս նկատելի են զգալի փոփոխություններ բաժնի գործունեության մեջ: Այսօրվա դրությամբ բաժինը
համալրվա՞ծ է արդյոք համապատասխան մասնագետներով: - Ասկերանի շրջանի հիգիենիկ համաճարակային բաժինն ունի 15 հաստիք, որից 3.5 բժշկի են, 9 միջին բուժանձնակազմի և 2.5 այլ հաստիք: Բուժանձնակազմն անում է հնարավորինս, որպեսզի բաժնի գործունեությունը լինի ամուր հիմքերի վրա: Յուրաքանչյուր աշխատող պատասխանատվությամբ է մոտենում իր պարտականությունների կատարմանը: Ասկերանի ՀՀԲ-ն կատարում է սանիտարա-հիգիենիկ վերահսկողություն և անցկացնում է հակահամաճարակային միջոցառումներ: Բաժնի կողմից իրագործվում է իմունիզացիայի ծրագիր, ինչպես մանկական հասակի, այնպես էլ հասուն տարիքի բնակչության պրոֆիլակտիկ պատվաստումներ: - Շրջանում գրանցվո՞ւմ են ինֆեկցիոն հիվանդություններ, ի՞նչ եք ձեռնարկում դրանք հայտնաբերելու դեպքում: - 2013 թվականի ընթացքում գրանցվել է ինֆեկցիոն հիվանդությունների 110 դեպք, որից 4 դիզինտերիա, 1 սալմանելյոզ, 57 սուր աղիքային ինֆեկցիա, 1 մոնոնուկլեոզ, սնկային 2 հիվանդություն, 6 քոս, 2 լեշմանիոզ, 4 քութեշ, 2 տուբերկուլյոզ, 30 ջրծաղիկ: Նախորդ տարիների համեմատությամբ շրջանում նվազել է ինֆեկցիոն հիվանդությունների թիվը: Լաբորատոր հետազոտությունների արդյունքներից պարզվում է, որ շրջանում աճել է ճիճվակիրների քանակը թե՛ մանկական կոլեկտիվներում, թե՛ հասարակական սննդի օբյեկտների աշխատողների մոտ: Ինֆեկցիոն հիվանդությունների օջախներում անցկացվում են ընթացիկ և եզրափակիչ ախտահանում, դեզինսեկցիոն և դեռատիզացիոն միջոցառումներ, ինչպես ինֆեկցիաների, այնպես էլ պայմանագրային օբյեկտներում: Կատարում ենք հիվանդների հաշվառում և հաշվետվություն ենք ներկայացնում վերադաս մարմիններին: - Կա արդյոք համագործակցություն շրջանում գործող օբյեկտների հետ և ինչպե՞ս է ընթանում վերահսկողությունը: - Սան-հիգիենիկ բաժնի կողմից կատարվում է պլանային վերահսկողություն և ընթացիկ ստուգումներ շրջանում տեղակայված 380 օբյեկտների նկատմամբ, որից 192 կոմունալ, 52 մանկական, 121 սննդի և 15 արդյունաբերական: Հատկապես մեծ ուշադրություն ենք դարձնում մանկական, նախադպրոցական և սննդի օբյեկտներին: Ստուգում ենք և վերացնում թերությունները: Մայիս ամսում ԼՂՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ համաճարակային տեսչության կողմից կատարվել են մասսայական ստուգումներ Ասկերան քաղաքում և Այգեստան գյուղում գտնվող մի շարք օբյեկտներում: Որևէ խախտումներ չեն արձանագրվել: Սեպտեմբեր ամսում մեր ծառայության կողմից կատարված և պետական հիգիենիկ համաճարակային տեսչությանը ներկայացված ուսումնասիրությունների հիման վրա տուգանվել է Ակնա թաղամասում գործող մեկ օբյեկտ՝ հակասանիտարական պայմաններում սննդի վաճառք ծավալելու համար: Հարկ է նշել, որ վերահսկողությունը կատարվում է ամենայն լրջությամբ և սահմանված կարգով: Համագործակցում ենք նաև շրջանի 42 համայնքների ղեկավարների հետ և առաջացած խնդիրները համատեղ ուժերով լուծում: -Ինչպե՞ս եք գնահատում ջրամատակարարման ընթացքը և խմելու ջրի որակը: -Նշեմ, որ մեր կողմից հատուկ հսկողություն է իրագործվում ջրամատակարարման և ջրի որակի ստուգման գործում: Բոլոր համայնքներում ջրամատակարարման աղբյուրներից վերցված են ջրի նմուշներ՝ քիմիական և մանրէաբանական հետազոտությունների համար: 2013 թվականի ընթացքում վերցվել է ջրի 184 նմուշ, որից մանրէաբանական ցուցանիշներին չի համպատասխանել 114-ը: - Ինչպիսի՞ աշխատանքներ եք տանում ժողովրդի հետ և ինչպե՞ս կարելի է հասնել նրան, որ մեր շրջապատը միշտ մաքուր և հիգիենիկ լինի: -Իհարկե, բոլորիս համար առաջնահերթ պետք է լինի շրջապատի մաքրությունը: Մեր կողմից մշտական հսկողություն է սահմանվում Ասկերան քաղաքի և գյուղական համայնքների սանիտարական մաքրման նկատմամբ: Ցավոք, ամեն տեղ էլ նկատվում է բնակչության անտարբերությունը, որոնք կենցաղային աղբը և կեղտաջրերը թափում են փողոցներում: Այդ մասին են վկայում Խնձրիստանի, Նախիջևանիկի բնակիչների բողոք - դիմումները: Նշեմ, որ Ասկերան քաղաքի Շահումյան փողոցի մի խումբ բնակիչների դիմումներից ելնելով` Ասկերանի քաղաքապետարանի և կոմունալ տնտեսության աջակցությամբ վերացվել է խորհրդային տարիներից գործող հասարակական զուգարանը: Այժմ այդ տարածքը մաքուր և կոկիկ տեսք ունի: Մինչ օրս չի լուծվել Նորագյուղի համայնքի աղբանոցի հարցը, աղբը շարունակում են թափել գյուղ մտնող ճանապարհի մերձակա տարածքում` ստեղծելով հակասանիտարական վիճակ: Հարկ է նշել, որ վերջին ժամանակներս պարբերաբար կազմակերպվում են շաբաթօրյակներ, սակայն գտնում եմ, որ դրանք պետք է ավելի հաճախակի լինեն` առանձնապես գյուղական համայնքներում: Ասկերանի կոմունալ տնտեսության շնորհիվ մշտապես մաքուր վիճակում են գտնվում քաղաքում տեղադրված աղբամանների տարածքները: Գտնում եմ, որ յուրաքանչյուրիս պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի մեր բնակավայրերը բարեկարգ, կոկիկ և հիգիենիկ լինեն: Չլինենք անտարբեր: Մտածենք, որ մեր երեխաներն իրավունք ունեն և պետք է մեծանան մաքրության մեջ: - Ինչպիսի՞ խնդիրներ ունի բաժինը: -Իրոք, ունենք մի շարք հանգամանքներ, որոնք խանգարում են ավելի արդյունավետ աշխատելու համար: Տարիներ շարունակ Ասկերանի հիգիենիկ համաճարակային բաժինը տեղակայված է եղել ոչ տիպային շենքում: Շենքային պայմանները վատթար վիճակում են, տանիքը կաթում է և ենթակա է կապիտալ վերանորոգման։ Սակայն այդ խնդիրները չեն խանգարում, որպեսզի մենք մեր պարտականությունները կատարենք նվիրումով և համախմբված: Սեպտեմբեր ամսում վերադասի և մեր ուժերով կատարվել են կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ շենքի ներսում: Անելիքներ դեռևս շատ ունենք: 2014 թ. սպասվում են կառուցվածքային որոշակի փոփոխություններ: - Ավարտին է մոտենում 2013 թվականը: Ի՞նչ կմաղթեիք շրջանի բնակչությանը գալիք 2014 թվականին: -Ցանկանում եմ, որպեսզի նոր տարում մարդկանց հայացքները լինեն միայն դեպի առաջ: Ձգտենք ավելիին, միշտ փնտրենք և յուրաքանչյուր մարդ կկարողանա գտնել երջանկության բանաձևը: Երբ անցնի մեկ տարին, կարողանանք ասել. իսկապես ինչ-որ բան փոխվեց մեր կյանքում և տարին հաջողվեց: Հաշվի առնելով, թե ինչ է կատարվում աշխարհում այսօր, ցանկանում եմ, որ մեր մոլորակի ամեն մի ծայրում և հատկապես Հայաստանում ու Արցախում խաղաղություն տիրի և ՀԱՅՈՑ երկիրը շարունակի ծաղկել ու բարգավաճել: Ակնհայտ է, որ Ասկերանի ՀՀԲ-ի պետը տրամադրված է լավատեսությամբ և լցված է աշխատելու անսպառ էներգիայով: Համոզված ենք, որ բոլորիս աջակցությամբ և փոխհամագործակցմամբ Ասկերանի ՀՀԲ-ն կարող է արդյունավետ գործունեություն ծավալել և նպաստել ժողովրդի առողջության պահպանմանը: Հարցազրույցը վարեց Կարինե ԲԱԽՇԻՅԱՆԸ |