Ահա և այն հրաշալի պահը, երբ յուրաքանչյուր մարդ իր հոգու խորքում մեծագույն ուրախություն և անսքող լավատեսություն է զգում: Հին տարին մոտենում է ավարտին և պատրաստվում իր լիազորությունները զիջել նորին: Վաղվա օրվա հանդեպ մարդիկ լցվում են հույսով ու հավատով: Գնահատելով և չվիրավորելով անցնող տարին` ակնկալում են ավելի արգասաբեր, երջանիկ և խաղաղ տարի: Այսօր, ամենուր զգացվում է Նոր տարվա
տաք շունչը: Երանելի տոն օրվա ներշնչանքն ուղեկցում է մարդկանց` տանելով նրանց դեպի նախատոնական եռուզեռ: Այս օրերին ամբողջ հանրապետությունում ու նաև մեր շրջանում կազմակերպվում են ամանորյա միջոցառումներ: Բոլորս էլ ասես սպասում ենք մի հրաշքի, երբ հանկարծակի կիրականանան, կկատարվեն յուրաքանչյուրիս ցանկությունները: Այդպիսի մի հրաշք միջոցառում էլ կազմակերպեց Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը: Տոնականորեն զարդարված դահլիճ, գեղեցիկ և գույնզգույն փուչիկներ, շքեղ տոնածառ, վառվռուն և երջանիկ դեմքեր, բարձր տրամադրություն… Ամանորյա հանդեսին մասնակցում էին Ասկերանի ՄՊՍԿ և Այգեստանի մասնաճյուղի սաները, խմբակավարները, ծնողները: Խանդավառված երեխաները բոլորվելով տոնածառի շուրջը` սրտատրոփ սպասում էին Ամանորի ամենասպասված ու ամենացանկալի հյուրերին՝ Ձմեռ պապիկին ու Ձյունանուշիկին: ՄՊՍԿ տնօրեն Մերի Գաբրիելյանն իր շնորհավորանքի խոսքում նշեց. - Սիրելի՛ երեխաներ, այսօր հրաշալի տոն է բոլորիս համար: Տոն, որին սպասում ենք մի ամբողջ տարի: Սպասում ենք սրտատրոփ, հրճվանքով: Սպասում ենք, որպեսզի ասենք. տարին հաջողված էր: Այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպել ենք ձեզ համար, սիրելի՛ փոքրիկներ, որպեսզի լինեք միշտ ուրախ ու երջանիկ, ինչպես այսօր: Ցանկանում եմ, որ Նոր տարում փայլեք ձեր շնորհքով ու հմտություններով, կարողանաք նորանոր հաջողություններ ունենալ ստեղծագործական ասպարեզում: Մենք հպարտանում ենք ձեզանով, ձեր ձեռքի զարմանահրաշ աշխատանքներով: Համոզված ենք, որ դուք կշարունակեք նվիրվածություն ցուցաբերել և բարձր պահել մեր կրթօջախի պատիվը: Միջոցառումն սկսվեց կենտրոնի սաների պարով: Նրանք իրենց եռանդով ու անմեղ ժպիտներով պայծառ լույս սփռեցին դահլիճում և իրենց խինդն ու ծիծաղը, աչքերի երջանիկ փայլը փոխանցեցին ներկաներին: Սաների ասմունքը համեմված էր տոնական բարձր տրամադրությամբ ու մաղթանքներով: Նրանց անմիջական խոսքը մեծ հիացմունք էր պարգևում ներկաներին: Խմբակավարներն ու ծնողները հպարտությամբ դիտելով երեխաների հանդեսը` գիտակցում էին, որ տարին իզուր չի անցել, մանուկների ստեղծագործական աշխարհը զարմանալիորեն ավելի է ընդլայնվել: Ասկերանի ՄՊՍԿ և Այգեստանի մասնաճյուղի թատերական խմբերը հետաքրքիր անակնկալ մատուցեցին իրենց ներկայացումներով, իսկ ժամանակակից պարերի ընթացքում դահլիճը թնդում էր ոգևորությունից: Երեխաների բերկրանքն ավելի մեծացավ, երբ Ձմեռ պապիկն և Ձյունանուշիկը մտան դահլիճ: Նրանք շնորհավորեցին բոլորին Նոր տարվա առթիվ, մաղթեցին խաղաղություն և հաջողություններ ուսման բնագավառում: Ամանորի կապակցությամբ կենտրոնի տնօրեն Մ. Գաբրիելյանը սաներին հուշանվերներ նվիրեց: Ամեն ինչ այնքա՜ն գեղեցիկ էր և այնքա՜ն անմիջական: Լինելով երեխաների այդ անմեղ աշխարհում, ինքներս մանկացել ու ոգեշնչվել էինք նրանց պես: Ինչ խոսք, Ասկերանի ՄՊՍԿ աշխատախումբը սիրով և բարձր մակարդակով էր նախապատրաստվել տոնական միջոցառմանը: Շնորհավորում ենք կենտրոնի աշխատողներին Նոր տարվա առթիվ, մաղթում նրանց անսպառ էներգիա և նորանոր ձեռքբերումներ գալիք 2014 թվականին: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |