ՍԻՐՎԱԾ ԲՈՒԺԱԿԸ, ԳԹԱՍԻՐՏ ՈՒ ԱԶՆԻՎ ՄԱՐԴԸ |
28.12.2013 15:38 |
Հակոբ Միրզայի Պետրոսյանի անունը հայտնի է ոչ միայն Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում, այլև Արցախի բազմաթիվ բնակավայրերում և ինչու չէ՝ նաև մեր երկրի սահմաններից դուրս։ Շուրջ հինգ տասնամյակ նա բուժծառայություն է մատուցել Նորագյուղի հասարակությանը՝ բուժակի մասնագիտությունը համատեղելով հասարակական ակտիվ գործունեության հետ։ Մարդուն՝ հիվանդին բուժօգնություն ցուցաբերելու իր առաքելությունը նա կատարել է խղճի մտոք, սիրով ու գթասրտությամբ։ Այնպես՝ ինչպես պարտավոր է անել Հիպոկրատին երդում տված յուրաքանչյուր ոք։ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանը, որով պարգևատվել է 1980 թվականին, կատարած աշխատանքի բարձր գնահատականն է։ Իսկ մինչ այդ լավագույն աշխատանքի համար արժանացել է ԽՍՀՄ առողջապահության գերազանցիկի, այնուհետև՝ ԽՍՀՄ սանիտարական պաշտպանության գերազանցիկի կոչումներին։ Ծնվել է 1928 թվականին՝ Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղում։ Ծանր ու դժվարին են եղել Հ. Պետրոսյանի մանկության տարիները։ Վաղ զրկվելով ծնողներից՝ մնացել է ավագ եղբոր՝ Հովսեփի ու նրա տիկնոջ Արևհատի խնամքին։ Իսկ երբ սկսվեց Մեծ Հայրենականը, և ավագ եղբայրը զորակոչվեց ճակատ, ընտանիքի հոգսը ծանրացավ երիտասարդ Հակոբի փխրուն ուսերին։ Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրի յոթնամյա դպրոցում։ 1943թ. ավարտելով կրթօջախը՝ սկսեց աշխատել գյուղի կոլտնտեսությունում, որպեսզի կարողանա հոգ տանել եղբոր ընտանիքի մասին։ Եռանդուն էր և ջանք չէր խնայում իրեն վստահված յուրաքանչյուր գործ պատվով կատարելու համար։ Կարճ ժամանակում աչքի ընկավ և որպես արժանի գնահատական՝ պարգևատրվեց ՙЗа доблестный труд в годы войны՚ մեդալով£ Ուսման ծարավ էր, բայց հանգամանքների բերումով ստիպված էր դեռ աշխատել։ Պատերազմն ավարտվելուց հետո, երբ Հովսեփը վերադարձավ տուն, Հակոբը որոշեց շարունակել ուսումը։ 1946թ. ընդունվեց և 1949-ին գերազանց գնահատականներով ավարտեց Ստեփանակերտի բժշկական ուսումնարանը՝ ստանալով բուժակի մասնագիտություն։ Ուսման տարիներին էլ հանգիստ չէր նստում. որպես բուժուսումնարանի կոմերիտ-կազմակերպության քարտուղար` ակտիվ գործունեություն էր ծավալում սովորողների շրջանում։ Այդ էր պատճառը, որ ավարտելուց փոքր-ինչ ժամանակահատված աշխատելով Նորագյուղի բուժկետում՝ որպես վարիչ, 1949թ. սեպտեմբերին ընտրվեց Ստեփանակերտի կոմերիտշրջկոմի երկրորդ քարտուղար։ Սակայն հայրենիքի հանդեպ պարտավորություն ուներ և չկատարել այն չէր կարող. 1950թ. մայիսին զորակոչվեց Սովետական բանակի շարքերը և եռամյա ծառայության ընթացքում հիմնականում զբաղվում էր բուժակի մասնագիտությամբ։ Իսկ երբ զորացրվեց, սկսեց աշխատել Նորագյուղի բուժկետի վարիչի պաշտոնում (1953-1980 թթ.)։ 1981թ. հունվարին ընտրվեց Նորագյուղի կոլտնտեսային կուսակցական կազմակերպության քարտուղար և այդ պաշտոնում աշխատեց մինչև 1988 թվականի վերջը։ Արժե նշել նաեւ, որ Ղարաբաղյան շաժումը գաղտնի փուլից դուրս բերելուն եւ այն համաժողովրդական դարձնելուն նվիրված պատմական ժողովը տեղի ունեցավ Հակոբ Պետրոսյանի աշխատասենյակում£ 1989-1997 թվականներին Հ. Պետրոսյանը դարձյալ աշխատում էր սիրած մասնագիտությամբ՝ որպես Նորագյուղի բուժամբուլատորիայի վարիչ։ Չնայած հարկ է նշել, որ նա երբեք էլ չի կտրվել իր մասնագիտությունից՝ անկախ այն բանից, թե որտեղ էր աշխատում, որ բնագավառն էր ի պաշտոնե վստահված իրեն։ Բուժակի, բուժաշխատողի մասնագիտությունը խորն էր նստած նրա հոգում, և այդ էր պատճառը, որ նա երբեք չի մերժել բուժօգնության հարցով իրեն դիմողներին։ Ամառ լիներ թե ձմեռ, գիշեր թե ցերեկ՝ անկախ եղանակային պայմաններից բուժակ Հակոբ Պետրոսյանը բարեխղճորեն էր արձագանքում կանչերին։ Քանի-քանի անքուն գիշերներ է լուսացրել հիվանդի անկողնու մոտ՝ մասնագիտական ու բարոյական աջակցություն ցուցաբերելով նրան։ Չնայած բուժակ էր, սակայն բժշկի համբավ ուներ գյուղում. մեծ ու փոքր նրան անվանում էին §մեր բժիշկը¦։ Բուժում էր ոչ միայն դեղամիջոցներով, այլև բարի խոսքերով, կատակներով ու խորհրդատվությամբ։ Ինչպես սիրում էր կրկնել՝ հիվանդի համար ոչ պակաս կարևոր են հուսադրելը, առողջության հանդեպ հավատ ներշնչելը։ Բժշկական աշխատանքը Հ. Պետրոսյանը հաջողությամբ զուգակցում էր ակտիվ հասարակական գործունեության հետ։ Ինչպես կոմերիտական կազմակերպությունում աշխատելու տարիներին, այնպես էլ հետագայում զբաղվել է քարոզչական աշխատանքով։ Նրա ազգանպաստ գործունեության մասին բազմիցս է գրվել մարզային ու շրջանային թերթերում։ Ազնիվ ու բարեխիղճ, պատասխանատվության բարձր զգացումով, գթառատ ու հոգատար. մարդկային նման վեհ հատկանիշներով էր օժտված բուժակ Հակոբ Պետրոսյանը, ով այդ ամենի համար վայելում էր Նորագյուղի հասարակության և գործընկերների սերն ու հարգանքը։ Որտեղ էլ աշխատել է բարի ու շնորհաշատ մասնագետը, այդ գործի մեջ սիրտ ու հոգի է դրել, անձնական շահ երբեք չի փնտրել։ Թերևս դա է պատճառը, որ բազմաթիվ շնորհակալագրերն ու պատվոգրերը լրացնում են նախորդ պարգևների շարքը։ Հակոբ Պետրոսյանի հարստությունն իր հայրենի լեռնաշխարհն է՝ նրա արդարամիտ ու ըմբոստ քաղաքացիներով ու նաև՝ կյանքի անբաժան ընկերոջ՝ Թամարայի հետ դաստիարակած հինգ որդիներն ու մեկ դուստրը, որոնք դաստիարակվել են որպես հասարակության լիարժեք անդամներ, հայրենասեր, ազնիվ և գործունյա քաղաքացիներ։ Եվ պատահական չէ, որ որդիներից չորսը կանգնած են եղել Արցախյան ազատամարտի ակունքներում՝ սկսած ստորագրահավաքներից մինչև մարտական գործողություններ ու Հաղթանակ։ Ցավոք զավակներից մեկը՝ Վիտալին, իր կյանքը դրեց Արցախի ազատագրության զոհասեղանին։ Վիտալին, ով որպես նկարիչ արդեն իսկ հայտնի էր իր շնորհքով ու ձիրքով… Ծանր վշտից մղկտաց հոր սիրտը… թերևս միակ մխիթարությունն Արցախն ազատագրված տեսնելն էր ու նաև՝ Նորագյուղի կրթօջախը որդու անունով անվանակոչելը։ Դեկտեմբերի 21-ին Հակոբ Պետրոսյանը կդառնար 85 տարեկան։ Սակայն այսօր մեզ հետ չէ սիրված բուժակը, գթասիրտ ու ազնիվ ՄԱՐԴԸ, ինչի կապակցությամբ էլ գրված այս մի քանի տողը թող որ ընկալվի որպես հիշատակի խոսք՝ նրա համագյուղացիների ու նրան ճանաչողների կողմից։ Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ |