Հայրենիքի պաշտպանությունն ու նրա սահմանների անառիկությունը հայ զինվորի օրակարգի խնդիրն է։ Անձրևին, սառնամանիքին, շոգին զինվորը միշտ պատրաստ է մշտարթուն ու անվարան պահպանելու հայրենիքի անդորրը։ Սակայն միայն սահմանագծի պաշտպանման խնդիրը չի դրված զինվորի ուսերին։ Բազմաթիվ շնորհալի տղաներ համալրելով հայկական բանակի շարքերը՝ իրենց հմտություններով ու բանիմացությամբ նպաստում են հզոր հայկական բանակի կայացմանը, մարտունակության բարձրացմանը։ Դավիթ Արայիկ Մնացականյանը 2012 թվականին զորակոչվելով ԼՂՀ պաշտպանության բանակի շարքերը՝ վայրկյան անգամ չերկմտաց հայրենիքի հանդեպ իր պարտքը
կատարելուց։ Նա ուսանում էր Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնում։ Կիսատ թողնելով ուսումը նա մեկնեց Արցախ՝ մեծապես գիտակցելով, որ յուրաքանչյուր հայ երիտասարդից է կախված հայոց երկրի սահմանների անառիկությունը։ Բոլորովին վերջերս Դավիթն իր ծառայակիցների հետ մասնակցել է §Հայ ասպետ¦ ինտելեկտուալ խաղին՝ գրավելով երկրորդ մրցանակային տեղը։ - Դավիթ, ինչպե՞ս էիր պատկերացնում զինվորական կյանքը մինչ զորակոչվելը: - Մինչ զորակոչվելը զինվորական կյանքի մասին իմ պատկերացումները եղել են մակերեսորեն, քանի որ զինվորական կյանքի մասին միայն իմ ավագ եղբայրների և ընկերների հետ ունեցած զրույցներից։ Զինորական համակարգը փակ և գաղտնիացված համակարգ է և լիովին պատկերացում կարող ես կազմել միայն զորակոչվելով ծառայության: - Հեշտությա՞մբ ես համակերպվել զինվորական կարգապահությանը: - Նախ պետք է սկսեմ նրանից, որ թե՛ քաղաքացիական կյանքում և թե՛ զինվորական կյանքում կարգապահությունը համարվում է յուրաքանչյուր անձի կարևորագույն հատկանիշներից մեկը: Հումորով մոտենանք այս հարցին. եթե քաղաքացիական կյանքում սովորելու տարիներին ժամը 9-ին արթնանալը բարդություն է, ապա այժմ առավոտյան ժամը 6:30-ին արթնանալը և մարմնամարզություն անելն առօրյայիս մի մասն է դարձել: Իմ կարծիքով քաղաքացիական կյանքում կարգապահ անձը զինվորական կարգապահությանը հեշտությամբ է հարմարվում: - Ինչպիսի՞ն են զինվոր - սպա փոխհարաբերությունները Ձեր զորամասում: - Հատկապես մեր զորամասում զինվոր-սպա փոխհարաբերությունները գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա: Սպաները մշտապես յուրաքանչյուր զինծառայողի հետ անցկացնում անհատական զրույցներ, ծանոթանում նրանց խնդիրներին, հնարավորինս չափ փորձում օգնել նրանց: Նրանց կողմից տարբեր տեսակի աշխատանքներ են տարվում յուրաքանչյուր զինծառայողի բարոյահոգեբանական վիճակը մշտապես բարձր պահելու համար: Նրանք ջանք ու եռանդ չեն խնայում իրենց փորձն ու գիտելիքները թե՛ գործնական, թե՛ տեսական պարապմունքների միջոցով զինվորներին փոխանցելու համար: - Ըստ քեզ ինչպիսի՞ն պետք է լինի զինվորը: - Հայ զինվորին բնութագրող հատկանիշները շատ են՝ քաջություն, ոգու տոկունություն, ուժ, մասնագիտական գիտելիքներ և այլն։ Բայց, իմ կարծիքով, ամենագլխավորը՝ հայրենասիրությունն է, քանի որ, եթե զինվորն ամբողջովին ընկալում և զգում է §հայրենասիրություն¦ բառի ողջ իմաստը, նա իր մեջ քաջություն կգտնի` թշնամու դեմ դուրս գալու համար, դիմացկունություն` յուրաքանչյուր փորձություն հաղթահարելու համար և ուժ ու մասնագիտական գիտելիքներ՝ թշնամուն ջախջախելու համար: - Ամբողջովին համաձայն եմ քեզ հետ։ Ըստ այդմ՝ ինչպե՞ս կնկարագրեիր քո սերը Հայրենիքիդ հանդեպ: - Ես չեմ պատկերացնում մի զինծառայողի, ով օժտված չլինի հայրենասիրությամբ: Հայրենիքի նկատմամբ սերը կարող ես լիովին հասկանալ միայն զինվորական ծառայության ընթացքում, քանի որ այդ ժամանակ ես սկսում գիտակցել, որ հանուն հայրենիքի դու պատրաստ ես ամեն ինչի՝ անգամ քո կյանքը զոհելուն: Դու ուղղակի իրավունք չունես քո Հայրենիքի անգամ մի թիզ հողը թշնամուն զիջելու, քանի որ դրա համար դարեր շարունակ պայքարել են մեր նախնիները՝ թափելով իրենց արյունը, զոհելով իրենց կյանքն՝ ազատ ու անկախ հայրենիքի, ինչը մենք արդեն ունենք և պարտավոր ենք պաշտպանել ու հզորացնել: - Դավիթ, ի՞նչ խորհուրդ կտայիր այն տղաներին, ովքեր պատրաստվում են բանակ մեկնել: - Նրանց խորհուրդ կտայի վայրկյան անգամ չերկմտան հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելուց։ Կոնկրետ ինձ համար մեծ բավականություն է, երբ գիտակցում եմ, որ ինչ-որ չափով նպաստում եմ հայոց բանակի էլ ավելի հզորացմանը։ Յուրաքանչյուրիս է երևի ծանոթ հետևյալ իրավիճակը, երբ ընկերները կամ ուղղակի ծանոթները խորհուրդ են տալիս, թե ինչպես պետք է իրենց դրսևորեն զորամասում, օրինակ՝ §ավել պակաս բաներ չանես կամ չասես¦ և այլն: Պետք է ուղղակի գիտակցել, որ կապ չունի, թե քաղաքացիական կյանքում ինչ մասնագիտություն ես ունեցել, ծառայության ժամանակ պետք է սիրես և ամենակարևորը պատասխանատվությամբ մոտենաս քո նոր՝ զինվորական մասնագիտությանը: - Ի դեմս քեզ շնորհավորում ենք Հայոց բանակի բոլոր զինծառայողներին՝ գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ։ Ցանկանում ենք անփորձանք ծառայություն և բարի վերադարձ տուն, ուր ձեզ անափ կարոտով սպասում են ձեր հարազատները: Ի՞նչ կմաղթեիր քո զինակիցներին և հարազատներին: - Յուրաքանաչյուրս էլ Ամանորը, Սուրբ ծնունդը և նման կարևոր տոները հիմնականում նշում ենք մեր հարազատներով, ընկերներով շրջապատված։ Այդ իսկ պատճառով էլ որոշ զինծառայողների մոտ այդ օրերին նկատվում է տրամադրության փոքրիկ անկում: Միաժամանակ պետք է գիտակցել, որ կյանքում էլ երբեք չի կրկնվի բանակային Ամանորը։ Երկրորդ Նոր տարին է, ինչ դիմավորում եմ զինծառայության մեջ ու այն պակաս հետաքրքիր չի անցնում, քանի որ ստեղծվում է ընկերական նոր շրջապատ: Մեր հրամանատարներն էլ ամեն ինչ անում են, որպեսզի տոնական տրամադրությունն իշխի բոլորիս մոտ։ Օգտնվելով առիթից ուզում եմ շնորհավորել իմ ծնողների, հարազատների, բոլոր զինծառայողների և նրանց հարազատների Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Թո՛ղ 2014 թվականը լինի նորանոր նվաճումների, ձեռքբերումների և գիտելիքների տարի։ Ձեզ՝ ղարաբաղյան երկարակեցություն և անսպառ եռանդ։ Թո՛ղ իրականան բոլորիս երազանքները և 2014 թվականը հայոց պատմության մեջ ամրագրվի որպես նորանոր բարձունքների նվաճումների տարի։ Միանում ենք Դավիթի բոլոր բարեմաղթանքներին։ Ամանորի գիշերը թող մեղմիկ հանգստություն իջնի բոլոր այն մայրերի սրտերին, որոնց զավակները տարեմուտը դիմավորելու են մարտական դիրքերում կամ զորանոցներում։ Հավատացած եղեք, որ յուրաքանչյուրիս շուրթերից միմիայն բարեմաղթանքի խոսքեր են հնչելու ձեր զավակների հասցեին, ովքեր պահպանում են Հայրենիքի խաղաղությունն ու սահմանների անառիկությունը Աստված քեզ պահապան, ՀԱ՛Յ ԶԻՆՎՈՐ։
|