ՏՐՎԵՑ ՍԱՐԴԱՐԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ
26.04.2014 09:00

 2014 թվականի հունվարի 4-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելեց Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղ։ Սարդարաշենցիներն ավանդական աղ ու հացով դիմավորեցին նախագահին։ Երկրի ղեկավարին ուղեկցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, իշխանության օրենսդիր և գործադիր թևերի ներկայացուցիչներ։

Բարձրաստիճան հյուրերը ծաղիկներ դրեցին և խոնարհվեցին Արցախյան ազատամարտում զոհված սարդարաշենցիների հիշատակին տեղացիների ուժերով կառուցված համալիրում։

Գյուղի հասարակությունը հավաքվել էր մշակույթի տանը, ուր և տեղի ունեցավ հանդիպումը։ Նախագահը խոստովանեց,

որ Սարդարաշենում առաջին անգամ է լինում։ Ի պատասխան հնչեց սարդարաշենցիների անկեղծ պատասխանը՝ երկար են սպասել այս հանդիպմանը, ինչից մի շարք խնդիրների լուծում են ակնկալում։

Սադարաշենն ունի բավականին չլուծված խնդիրներ, որոնք ներկայացրեց Ասկերանի շրջվարչակազմի կողմից լիազորված Սուրեն Բաբայանը։

- Գյուղն ունի մոտ 250 հա հող, որից 108 հեկտարը՝  սեփականաշնորհված, սակայն միայն 9 հեկտարի վրա է  աշնանացան կատարված։ Չմշակելու հիմնական պատճառը հողերի մասնատված սեփականաշնորհումն է։ Յուրաքանչյուրն իր հողի մի մասը գյուղամերձ տարածքում, մյուս մասն էլ Խաչենի հովտում է ստացել։ Խաչենի հովտում ունեցած 48 հեկտարը լրիվությամբ անմշակ է։ Մյուս պատճառը գյուղտեխնիկայի բացակայությունն է։ Հարևան գյուղի տեխնիկան ուշ է հասնում մեր գյուղը թե՛ վարի, թե՛ հնձի ժամանակ։

Անասնապահության ոլորտում սարդարաշենցիների ձեռքբերումները նույնպես մեծ չեն։ Գյուղն ունի 120 գլուխ խոշոր և 350 գլուխ մանր եղջերավոր անասուն։ Գուցե գյուղացիները շուկայի առկայության դեպքում շահագրգռված լինեին առավել մեծ մասշտաբով անաս-նապահությամբ զբաղվելու, սակայն առկա կաթնամթերքը դժվարությամբ են կարողանում իրացնել, քանի որ թույլ է կապը մայրաքաղաքի հետ։

Սարդարաշենի համայնքի բնակչների թիվը` 146 է, ընտանիքների թիվը՝ 37։ Գյուղում գործում է  գյուղապետարան, դպրոց, ակումբ, բուժկետ։ Առկա է գյուղատնտեսի և անասնաբույժի ծառայություն։ Գյուղի  վերաբնակեցմանն աջակցություն է ցուցաբերվել ԼՂՀ  կառավարության,  ԿՕԾ և ՀՕՖ միջազգային կազմակերպությունների կողմից: Գյուղի հիմնական խնդիրներ են`

ջրամատակարարման համակարգի վերակառուցումը, որն ընդգրկված է 2014-2018թթ. ծրագրի մեջ, գյուղամիջյան ճանապարհների  բարեկարգումը, Նորագյուղ-Սարդարաշեն  ավտոճանապարհի հիմնանորոգումը, համայնքի ընդգրկումը շրջանի վերաբնակեցվող գյուղերի ցանկում, երիտասարդ ընտանիքներին բնակարանով և աշխատանքով ապահովումը, գյուղմթերքների արտադրության իրացումը, ազատ բնակարանային ֆոնդի նպատակային օգտագործումը, դպրոցի և ակումբի շենքերի վերանորոգումը։

Հանդիպման ժամանակ վեր հանվեցին առավել հրատապ լուծում պահանջող խնդիրները։ Դրանք հիմնականում վերաբերում էին խմելու ջրի, տրանսպորտի բացակայությանը։ Երկրի նախագահը խոստացավ կարճ ժամկետում լուծել խմելու ջրի հարցը և 7 կմ հեռավորությամբ խողովակաշար անցկացնելու մասին կարգադրություն անել համապատասխան մարմիններին։ Ինչ վերաբերում է տրանսպորտի բացակայությանը և մայրաքաղաքի հետ թույլ կապին՝ երկրի նախագահը հենց նույն օրը համայնքին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա տրամադրեց։ Համայնքում վարորդի հաստիք կնախատեսվի, որի վարձատրությունը կկատարվի համայնքային բյուջեից։ Համայնքային բյուջեով կկարգավորվի նաև վառելիքի հարցը։

Բակո Սահակյանը հորդորեց սարդարաշենցիներին, որպեսզի մեծ թափով զբաղվեն անասնապահությամբ և հողագործությամբ, քանի որ շատ շուտով գյուղի հարևանությամբ կկառուցվի Էկո զբոսաշրջության կենտրոն՝ համաշխարհային մակարդակով, որի հիմնական նպատակն ու խնդիրը էկոլոգիապես մաքուր մթերքներով զբոսաշրջիկներին ապահովելն է լինելու։ Ծրագրի արժեքը շուրջ 30 մլն ԱՄՆ դոլարի է հասնում, որի աշխատանքները սկսվելու են ընթացիկ տարում։  Սարդարաշենը գտնվելով այդ տարածքի հարևանությամբ մթերքների հզոր մատակարարող կարող է հանդիսանալ։ Մյուս կողմից էլ, բավականին աշխատատեղեր կբացվեն, ուստի գյուղի երիտասարդներին երկրի նախագահը հորդորեց զբաղվել ինքնակրթությամբ՝ տիրապետել տարբեր լեզուների, որպեսզի կարողանան ընդունվել աշխատանքի։

Նախագահը եղավ նաև Կայծեր Շահբազյանի անվան միջնակարգ դպրոցում, որի վիճակը նույնպես մխիթարիչ չէ։ Սարդարաշենում առաջին անգամ ցերեկային դպրոցի առաջին դասարան է բացվել 1927 թվականին՝ 23 աշակերտով։ Ներկայումս դպրոցն ունի 15 աշակերտ, 12 ուսուցիչ, որից միայն 3-ն են տեղացի։ Դպրոցի տնօրենը լավատեսությամբ է լցված ապագայի հանդեպ, քանի որ գյուղում նախադպրոցական տարիքի երեխաներ կան, և այսու-հետ յուրաքանչյուր տարի 2-ից 3 երեխա կհաճախի դպրոց։ 2013 թվականին գյուղում 2 ծնունդ է գրանցվել։ Հանրապետության նախագահը հրաժեշտին խոստացավ գյուղում համայնքային կենտրոն կառուցել, երբ գյուղում կարձանագրվի տարեկան 7 և ավելի ծնունդ։  Իսկ դպրոցի համար նախագահի կողմից խոստացված համակարգիչները շուտով կհասնեն հասցեատերերին։

Հանդիպումն անցավ ջերմ ու անմիջնական մթնոլորտում։ Սարդարաշենցիներն ակնհայտ հետաքրքրությամբ ու երախտագիտությամբ էին լցված երկրի իշխանությունների նկատմամբ, ովքեր ոչ աշխատանքային այդ օրերին մտահոգված են գյուղի ու նաև ամբողջ հանրա-պետության հիմնախնդիրներով։

Դարերի խորքից է գալիս Սարդարաշենը, դարերի  պատմություն ունի նա, ինչպես և Արցախի գյուղերից շատերը։  Ըստ այդ պատմություններից մեկի գյուղից 1,5-2կմ հեռավորության վրա գտնվել է նախկին գյուղը՝ Նոր շենը, որն ունեցել է 700-800 տուն։ Ներկայումս երևում է գյուղատեղը՝ տների ու պատերի փլատակներ, խաչքարեր, կալատեղեր, որոնք վկայում են գյուղի գոյության մասին։ Այդ մասին է վկայում հատկապես այն ժամանակվա ամենամեծ ու քարաշեն շենքը, ուր եկեղեցի է եղել, և նրա պատերը կանգուն են մնացել մինչև հիմա։ Նոր շենն ավերվել է ավելի քան 330 տարի առաջ, երբ պարսից զորքը հարձակվել է Խաչենի գավառի վրա։ Նորշենցիներից ոմանք փախել և ապաստանել են Աղսուի շրջանի հյուսիսային մասում՝ հիմնելով նոր բնակավայր նախկին գյուղի անունով՝ Նոր շեն։ Մի մասն էլ, ըստ ավանդության, փախել և բնակություն է հաստատել Մարտունու շրջանի Նոր շեն գյուղում։ Ասում են՝ նորշենցիներից մի քանի տոհմեր Վերդունք, Դերունք, Պետունք, որոնք չեն փախել պարսիկների հարձակման ժամանակ,  անասնագոմեր ունեին Սարդարաշենի տեղում, որտեղ էլ նրանք ապաստանել են։ Վերդունց տոհում կար մի զորեղ, ֆիզիկապես ուժեղ տղամարդ Սարդար անունով։ Ում անունով էլ կոչվել է ներկայիս գյուղը՝ Սարդարաշեն։   1950-ական թվականներին գյուղն ուներ 120 ընտանիք՝ 675 շնչով։ Հայրենական պատերազմին Սարդարաշենը տվել է 46 զոհ։ Սակայն Ադրբեջանի վարած  հայահալած քաղաքականության արդյունքում գյուղի բնակչությունը տարեց-տարի նվազել է։

Արցախյան ազգային-ազատագրական պայքարին ներգրավվել են գրեթե բոլոր սարդարաշենցիները։ Սարդարաշենցի 18 նվիրյալներ իրենց կյանք են զոհել հանուն Արցախի ազատ ու անկախ ապագայի։

...Հիրավի, տեղին է ասված, որ յուրաքանչյուր ոք պետք է խոր արմատներ ձգի իր հարազատ հողում։ Քանզի մեզանից է կախված մեր ծննդավայրի ու հայրենիքի  ճակատագիրը։

Հ.Գ.  Արցախի նախագահի հանձնարարականով վերջերս Սարդարաշեն այցելեցին ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենն ու պատասխանատուները։ Նրանք բացատրական աշխատանքներ են տարել համայնքի բնակիչների հետ՝  գյուղատնտեսությունը զարգացնելու ուղղությամբ հիմնադրամի կողմից առաջարկվող մի շարք ծրագրերի շուրջ։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter