ԲԱՆԻՄԱՑ, ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ, ՊԱՐՏԱՃԱՆԱՉ… |
26.04.2014 09:14 |
Ասում են, հնուց ի վեր Վարդաձոր գյուղում չկար մի տուն, որ չունենար վարդերով և մանուշակներով լի այգի և իր կախարդական բուրմունքը չսփռեր գյուղով մեկ: Այստեղ ավանդույթ էր դարձել, որ գյուղի բնակչությունը բանջարեղենի և մրգերի հետ մեկտեղ աճեցնում էր նաև բազմատեսակ վարդեր: Հենց այդ վարդի թփերը եղան գյուղի անվանման պատճառը: Սկզբից այն կոչվեց Վարդոտ, այնուհետև՝ Վարդաձոր: Լեռնային կլիմայի պատճառով բնակչությունը հին գյուղատեղից տեղափոխվեց նոր բնակատեղի: Այդ օրերից անցան հարյուրավոր տարիներ: Ինչպես և հայկական ցանկացած գյուղ, Վարդաձորն էլ անցավ բազում արհավիրքներով,պատերազմներով: Ժողովուրդը շատ բան տեսավ: Ապրեց և՛ լավ, և՛ վատ օրեր: Տարիներ շարունակ շենացավ և ավերվեց, նորից կենդանացավ… Իսկ վերջին չարիքը, որ պատեց ողջ Արցախ աշխարհին, չգթաց նաև Վարդաձոր գյուղին: Գյուղն ավերվեց, բնակչության որոշ մասը թուրք գազանի կողմից ենթարկվեց կտտանքների ու գերության: Գրավվեց Վարդաձորը, ժողովուրդն ընկավ դռնեդուռ, մնաց անօթևան: Սակայն վարդաձորցին կարողացավ վերստին բնակվել քաջազուն հայորդիների արյամբ շաղախված իր պապենական հողում: Նա սրբեց արտասվաթոր աչքերը, մի կողմ դրեց պատերազմի դառն ու անջնջելի վերքերը և լծվեց աշխատանքի: Լծվեց հերոսաբար, անմնացորդ: Յուրաքանչյուր վարդաձորցի տենչում էր գյուղը շենացած տեսնել, նրա աչքերում նշմարվում էր անթաքույց երազանք՝ լի հույսով ու հավատով… Այսօրվա Վարդաձորն ունի 80 ընտանիք 267 բնակչով, իսկ Վարազաբունը (ընդգրկված է Վարդաձորի համայնքում) 11 ընտանիք՝ 38 բնակչով: Համայնքի հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, այգեգործությունը, անասնապահությունը և դաշտային կուլտուրաների մշակումը: Գյուղում գործում է բուժկետ, ակումբ, միջնակարգ դպրոց, որը ծառայում է Վարդաձորի և Նախիջևանիկի համայնքներին: Գյուղից հաճախում են 37 դպրոցական, այդ թվում 4-ը նախադպրոցական տարիքի: Հիրավի, ուրախությունն ու հայի պատվասիրությունը պատում են յուրաքանչյուրիս, երբ տեսնում ենք, թե ինչպես է կյանքը եռում երբեմնի սահմանամերձ, ավերի ենթարկված այս համայնքում: Համայնք, որն իր օրինակելի գործելաոճով հայտնի է ողջ շրջանում և ինչու չէ՝ նաև շրջանից դուրս: Իսկ թե ինչպես է համայնքը հասել նման մակարդակի, որոշեցինք մի փոքրիկ հարցազրույց ունենալ համայնքի ղեկավար Սամվել Սառաջյանի հետ։ -Պարոն Սառաջյան, գիտենք, որ վարդաձորցիներն անցել են դժվարությունների և փորձությունների միջով: Ինչ համայնքի կյանքը մտնում հունի մեջ: -Պատերազմի ավարտից հետո, երբ ժողովուրդը վերադաձավ հայրենի օջախներ, յուրաքանչյուրն ուներ մեկ երազանք. ամեն գնով վերականգնել գյուղը, շենացնել և զարգացնել: Անտեսեցինք դժվարությունները և միահամուռ ոտքի ելանք: Մեզ ուժ տվեց մեր միասնա-կանությունը, կամքի ուժը և, իհարկե, ԼՂՀ կառավարության և շրջանի ղեկավարության աջակցությունը: Այսօր համայնքն ապրում է հանգիստ կյանքով, չկա մի ընտանիք, որ անգործության մատնված լինի: Մենք աշխատավոր ժողովուրդ ենք, պարապությունը մեզ համար չի, առանձնապես ամռան ամիսներին աշխատում ենք գիշեր ու զօր: Հենց մեր գյուղացիների աշխատասիրությունն ու հաստատակամությունը ոտքի կանգնեցրեց համայնքը: - Անցած տարում ինչպիսի՞ աշխատանքներ են կատարվել համայնքի բյուջեի կատարման ուղղությամբ: - 2013 թվականին բավականին աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ: Թեպետ ըստ եռամսյակների բարձր տոկոսով չենք կատարել, սակայն տարեվերջին հասցրել ենք 106 տոկոսի: Պետք է նշեմ, որ 2013 թվականին աշխատավարձի գծով պարտքեր չունենք, իսկ ծախսային մասը հիմնականում կատարվել է: Ունենք բավականին չկատարած ծախսեր ազատ մնացորդի առումով, որը կապված է եկամուտների հավաքագրման հետ, այն հիմնականում հավաքագրվել է վերջին ամիսներին: Նախատեսում ենք այն օգտագործել 2014թ. ներհամայնքային ճանապարհների նորոգման ուղղությամբ: Բյուջեի գերազանցող գումարից ընդամենն օգտագործվել է 1055000 դրամ, որը նպատակաուղղվել է հանդիսությունների տան գազաֆիկացման և սարքավորումների ձեռքբերման, փողոցային լուսավորության, մշակութային միջոցառումների և պայմանագրային աշխատավարձի համար: - 2013 թվականին արձանագրվե՞լ է, արդյոք, որևէ առաջընթաց գյուղատնտեսության ոլորտում: -Այո՛, որոշակի աշխատանքներ են կատարվել այդ բնագավառում: Համայնքն ունի 2358 հա հողատարածք, որից 1253 հա վարելահող, 1829 հա գյուղատնտեսական նշանակության հող, 373 հա արոտավայր և 153 հա խոտհարք: Այսօրվա դրությամբ վարելահողն օգտագործվում է այգիների, աշնանացան և գարնանացան մշակաբույսերի ու բոստանային կուլտուրաների տակ: Համայնքում կատարվել է 350 հա ցորենի, 56 հա գարու և 80 հա եգիպտացորենի ցանքս։ Ստացվել է համապատասխանաբար 3130ց ցորենի, 300ց գարու և 1960ց եգիպտացորենի բերք: Բնակչության շրջանում միտում կա ավելացնել նռան այգիները: Առաջընթաց ունենք անասնագլխաքանակի ավելացման մեջ: Համայնքում կա 259 խոշոր, 396 մանր եղջերավոր անասուն, 103 խոզ և 1389 թև թռչուն: - Ի՞նչ աշխատանքներ են կատարվել համայնքում սոցիալական առումով: - Կարողացել ենք ընդլայնել գյուղի փողոցային լուսավորության ցանցը, սակայն դեռևս կան անելիքներ կապված էլեկտրասյուների բացակայության հետ: Ուրախալի փաստ է, որ Վարազաբունում րիվությամբ ավարտված են փողոցային լուսավորության աշխատանքները: Որոշակի աշխատանքներ են կատարվել ներհամայնքային ճանապարհների նորոգման ուղղությամբ: Այն իրականացվել է համայնքի և Արցախի սահմաններից դուրս բնակվող մեր համագյուղացիների օգնությամբ ու օժանդակությամբ: Վերականգնվել և վերանորոգվել է գյուղի գերեզմանոցի ցանկապատը և շաբաթօրյակների միջոցով լրիվությամբ մաքրվել տարածքը: 2013 թվականին ռուսաստանաբնակ մեր համագյուղացիների միջոցներով Վարազաբուն գյուղում տեղադրվել է հուշարձան՝ նվիրված Արցախյան ազատագրական պայքարում զոհված վարազաբունցիների հիշատակին: Այսօրվա դրությամբ համայնքի բնակավայրերը լրիվությամբ գազաֆիկացված են, տեղադրված են անլար հեռախոսներ: - Որոնք են համայնքին հուզող խնդիրները: - Պետք է փաստեմ, որ համայքնի հրատապ խնդիրը եղել և մնում է նույնը: Դա խմելու ջուրն է և գյուղ տանող ճանապարհը: Համոզված եմ, որ այդ խնդիրների լուծումը խթան կհանդիսանա, որպեսզի գյուղում կյանքն ակտիվանա, ձևավորվեն երիտասարդ ընտանիքներ: Նշեմ նաև, որ գյուղում բացակայում է ինտերնետ կապը, ինչն այսօրվա պայմաններում շատ կարևոր դերակատարություն ունի: Ցանկանում եմ նշել, որ համայնքի աշխատակազմը ձգտելու է 2014 թվականին ավելի մեծ աշխատանքներ իրականացնել գյուղի սոցիալական ոլորտի զարգացման ուղղությամբ: Ինչ խոսք, հասկացանք, որ գործ ունենք բանիմաց, նպատակասլաց և պարտաճանաչ անձնավորության հետ, ում համար համայնքի հաջողություններն ու շենացումը հավասարազոր են անձնական հաջողություններին: Ուստի, մաղթենք Սամվել Սառաջյանին և համայնքի աշխատակազմին բազում ձեռքբերումներ հետագա գործունեության ընթացքում: Թող մեր երկրի սահմաններն անխախտ լինեն, ժողովուրդն ապրի խաղաղ ու հանգիստ պայմաններում և մենք կունենանք հզոր և հարուստ երկիր: Հարցազրույցը՝ Կարինե ԲԱԽՇԻՅԱՆԻ |