ԱՍԿԵՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
26.04.2014 14:59

Փետրվարի 10-ին կայացավ Ասկերանի քաղաքային համայնքի հաշվետու ժողովը, որին մասնակցում էին ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ասկերանցիներ:

Հասարակության ներկայացուցիչները հավաքվել էին ոչ միայն լսելու համայնքի ղեկավարի հաշվետվությունը և գնահատական տալու, այլև երևան հանելու այն թերություններն ու բացերը, որոնք տեղ են գտել քաղաքապետարանի ամենօրյա գործունեությունում:

Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը շնորհակալություն հայտնելով ներկաներին մասնակցության համար և ակնկալելով նրանց ակտիվությունը՝  ներկայացրեց 2013թ. կատարված

աշխատանքների մասին հաշվետվությունը:

Ասկերանի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի ուշադրության կենտրոնում է եղել իշխանական թևերի ու հատկապես կառավարության տարբեր ոլորտների հետ հարաբերությունների հստակեցման գործընթացը: Կարևորվում է ժողովրդի ներգրավվածությունը գյուղի և գյուղատնտեսության աջակցության և Արցախի ներդրումային հիմնադրամների կողմից իրականացվող գործընթացներին: Ստեղծվել են ավելի նպաստավոր պայ-մաններ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից օգտվելու համար: Օրեցօր ավելանում ու շարունակում են ավելանալ համայնքի բնակիչների թվաքանակը, ովքեր փոքր և միջին բիզնես դնելու, կենցաղային տարաբնույթ հարցեր լուծելու, ընտանեկան պայմանները բարելավելու կամ նոր բնակարան ձեռք բերելու նպատակով օգտվում են ինչպես վերոնշյալ հիմնադրամների, այնպես էլ Արցախում գործող բանկային համակարգի ծառայություններից: Համայնքի բնակիչները նպատակային օգտագործելով տարաբնույթ գյուղատնտեսական վարկերը՝ շոշափելի հաջողություններ են արձանագրել գյուղմթերքների արտադրության և իրացման ուղղությամբ: Ասկերանցի բանջարագործների, այգեգործների, գինեգործների մասին կարելի է լսել միայն գովեստի արժանի խոսքեր:

Համայնքի հողի մշակների համար բերքատվության տեսանկյունից 2013 թվականը կարելի է համարել հաջողակ տարի: Հողօգտագործողները հաղթահարելով բնակլիմայական դժվարություն-ները՝ արձանագրել են հաջողություններ այգեգործության բնագավառում: 2013 թ. հատապտուղների արտադրությունից ստացվել է բոլոր ժամանակների համար ռեկորդային բերք: Արտադրված և առավելապես հանրապետության սահմաններից դուրս իրացված նռան և արքայանարնջի ավելի քան 1705ց բերքը 887ց-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Արտադրվել և տեղում իրացվել է նաև 2400ց խաղող, 295ց բանջարաբոստանային կուլտուրաներ, 300ց կարտոֆիլ, 25ց լոբի, 25ց ելակ և այլն:

Որոշակի հաջողություններ են արձա-նագրվել նաև անասնապահության բնագավառում: Համայնքում հաշվառված է 143 խոշոր եղջերավոր անասուն: Մեծ թափով աճում է մանր եղջերավոր անասունների գլխաքանակը, այն ապահովվել են երկու երիտասարդ անասնատերեր՝ Կ. Աղաջանայնի և Ա. Ավագյանի նպատակասլաց աշխատանքի շնորհիվ: Անցած տարվա համեմատությամբ 761-ով ավելացել է նաև ընտանի թռչունների թվաքանակը: 2012 թվականի համեմատությամբ խոզերի թվաքանակը նվազել է 158-ով, այս պահի դրությամբ գրանցված է 144 գլուխ խոզ:  Գյուղատնտեսության բնագավառում ամենամեծ բացերից մեկը կապված է առկա հողային ֆոնդի ոչ լիարժեք ու նպատակային օգտագործման, ինչպես նաև հացահատիկային մշակաբույսերից ստացվող միանգամայն ցածր բերքատվության հետ: Այս պահի դրությամբ չեն մշակվում համայնքի Վերին Ղլիժբաղ և Քյաթուկ տեղամասերում առկա սեփա-կանաշնորհման տակ գտնվող մոտավորապես 40-50 հա հողահանդակներ:

Այսօրվա դրությամբ Ասկերանն ունի 2262 բնակիչ, որոնցից 2050-ն ունեն մշտապես գրանցվածի, իսկ 212-ը՝ ժամանակավոր բնակվողի կարգավիճակ: Տարվա կտրվածքով բնակության նպատակով քաղաք են ժամանել 21, իսկ այլ վայրեր են մեկնել 58 հոգի: 2013 թվականին ծնվել է 37 երեխա, մահացել՝ 14 մարդ: Քաղաքի բնակչության բնական աճը կազմել է 23 հոգի, իսկ ի հաշիվ մեկնածների թվաքանակի ավելացման՝ բնակչությունը պակասել է 14 հոգով:

Ասկերանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում միշտ եղել ու մնում է քաղաքի սանիտարական վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքները: Ասկերանի կոմունալ տնտեսության գործունեության հիմնական ոլորտն առնչված է համայնքի տարածքով անցնող Ստեփանակերտ - Ակնա թաղամաս տանող մայրուղու, քաղաքի փողոցների, մայթերի, բակերի ու պուրակների սանիտարական մաքրության, աղբահավաքման և աղբատեղափոխման հետ: Հարկ է նշել, որ քաղաքի բարեկարգման և սանիտարական մաքրման ուղղությամբ տարվող աշխատանքները մշտապես գտնվել են ու շարունակում են մնալ շրջվարչակազմի ղեկավարի անմիջական ուշադրության կենտրոնում և նրա կողմից ձեռնարկվել են գործնական քայլեր՝ ոլորտի սպասարկումն էլ ավելի բարելավելու ուղղությամբ:

Հարկ է փաստել, որ անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել բյուջեների կատարման գործընթացը և առաջին հերթին նրա կատարման արդյունավետությամբ պետք է գնահատել համայնքի գործունեությունը: Համայնքային բյուջեի եկամտային մասը ձևավորվում է սեփական եկամուտների, պետական պահուստային ֆոնդից համայնքներին տրամադրվող դոտացիաների և նվիրատվությունների հաշվին:

Ասկերան համայնքի ձևավորման և քաղաքապետարանի գործունեության ավելի քան 15 տարիների պատմության մեջ առաջին անգամ 2013 թվականին հաջողվել է ապահովել 100 և ավելի տոկոսի կատարողական:

2013 թվականին նախատեսված է եղել ապահովել 17454800 դրամի սեփական եկամուտներ, ապահովվել է 18770000 դրամի մուտքեր: Հավաքագրված այդ գումարը 184000 դրամով գերազանցում է 2012 թվականի արդյունքը: Տեղն է նաև ավելացնել, որ վերջին հինգ տարիների կտրվածքով համայնքային բյուջեի կատարողականը 11.06 մլն դրամից աճել և հասել է 17.14 մլն դրամի:

Նախատեսված է եղել համայնքային բյուջե մուտքագրել 928400 դրամի հարկային եկամուտներ, հավաքագրվել է 7306000 դրամ, այն 260000 դրամով գերազանցում է նախորդ տարվա արդյունքը:

Տարվա կտրվածքով նախատեսված 4850000 դրամի փոխարեն հավաքագրվել է 6044000 դրամ տուրք: Նախորդ տարվա համեմատությամբ ավել է հավաքագրվել 680000 դրամ: Այս հաջողությունն արդյունք է պետական տուրքերից մուտքագրված բարձր եկամուտների և բացատրվում է Ասկերանի տարածքային նոտարական գրասենյակի կողմից Մարտակերտի շրջանի սպասարկման հետ ևս:   Տեղական տուրքերի կատարողականը կազմել է 100.2 տոկոս:

Ոչ հարկային եկամուտները հիմնականում գոյանում են պայմանագրային հիմունքներով վարձակալության տված համայնքային սեփականություն համարվող հողահանդակներից և գույքից ստացվող վարձավճարներից և տեղական վճարներից: Նախատեսված 3200800 դրամի դիմաց հավաքագրվել է 5420000 դրամ ոչ հարկային եկամուտ: Այս հարկատեսակի մեջ հողի և գույքի վարձավճարներից մուտքագրվել է 4833000 դրամ, իսկ տեղական վճարներից՝ 413800 դրամ:

Ա. Գաբրիելյանը կանգ առավ նաև հասարակության կյանքում տեղ գտած և խորհրդային տարիներին լիովին աղավաղված այնպիսի երևույթների հետ, ինչպիսիք են մահվան, հուղարկավորման, հոգեհացի կազմակերպման, հանգուցյալների շիրիմների այցելության ու հարգանքի տուրքի մատուցման հետ կապված և Հայ Առաքելական եկեղեցուն համահունչ հիշարժան և տաղավար օրերի նշման ծեսերը և արարողակարգերը: Անշուշտ, դժվար էր կոտրել տարիների ընթացքում հասարակության կյանքում արմատավորված երևույթները: Սակայն հաջողվել է հասնել նրան, որ համայնքի բնակչությունն արդեն վերոնշյալ արարողակարգերն իրականացնում է հայ ազգային և ավանդական սովորություններին համաձայն:

Քաղաքապետն իր հաշվետվությունն ավարտեց պահանջատիրական տոնով:  Ոչ ոք իրավունք չունի անտեղի վիրավորել կամ բռնանալ մարդ-անհատի վրա: Պարզապես բոլորն էլ պարտավոր են գիտակցել և ճշտորեն ու ժամանակին կատարել իրենց պարտավորությունները: Քաղաքապետարանի պարագայում դա հարկային պարտականությունների կատարումն է:

Ամփոփելով հաշվետու ժամանակաշրջանի կատարած աշխատանքները՝ ասկերանցիները քաղաքապետի գործունեությունը գնահատեցին բավարար:

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանն անդրադառնալով քաղաքային համայնքի կատարած գործունեությանը՝ կարևորեց քաղաքապետի և աշխատակազմի կատարածն ու հանձն առավ այսուհետ ևս համագործակցել և աջակցել Ասկերանի համայնքում առաջացած խնդիրների լուծմանը: Նա միաժամանակ փաստեց, որ համայնքում դրական արդյունքներ կարձանագրվեն միայն քաղաքապետարանի և բնակչության  համատեղ փոխըմբռնման և միասնական ուժերով աշխատելու դեպքում:

Այնուհետև, հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում էին քաղաքի ներքին կյանքին: Սերգեյ Շահվերդյանն ու Սերգեյ Գրիգորյանը մտահոգող հարցերին տվեցին սպառիչ պատասխաններ:

Ինչ խոսք, հաշվետու տարին քաղաքապետարանի համար լուրջ ձեռքբերումների և հաջողությունների տարի էր: Վստահ ենք, որ աշխատակազմն ապագայում կշարունակի նույն ոգով ու եռանդով աշխատել և համայնքում կարձանագրվեն նորանոր հաջողություններ:

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter