ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՋԱՐԴԵՐԻՆ
26.04.2014 15:02

Փետրվարի 27-ին Ասկերան քաղաքում կայացավ միջոցառում նվիրված Սումգայիթյան ցեղասպանությանը: Ներկա էին ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, կառավարության ներկայացուցիչներ, իրավապահ մարմիններ, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, փախստականներ, ասկերանցիներ, դպրոցականներ:

Միջոցառման մասնակիցներն այցելեցին Ասկերանի պատմաերկրագիտական թանգարան, ուր սումգայիթյան զոհերի հիշատակին բացված էր ցուցահանդես: Այնուհետև միջոցառումը շարունակվեց շրջվարչակազմի շենքի մոտ գտնվող հուշահամալիրում:

Ներկաները ծաղիկներ դրեցին սումգայիթյան զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարին և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:

Բացման խոսքով հանդես եկավ Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը.

- Թուրքն ապացուցեց, որ երբեք չի կարող քաղաքակիրթ ձևով հարցեր լուծել: Իր կազմակերպված ջարդերով ու ոճրագործություններով  նա պատասխան տվեց Ղարաբաղյան շարժմանը՝ դրանով իսկ ցույց տալով իր իրական դեմքը: Երբեք չպետք է մոռանանք, թե թուրքն ինչի է ընդունակ: Դարեր շարունակ նա ջարդել ու փշրել է հայի օջախը, բռնաբարել հայ կանանց ու աղջիկներին, ցանկացել կոտրել հայի ոգին: Սակայն մենք կարողացել ենք դիմակայել ու կանգուն մնալ: Հարգելով բոլոր այն հայերի հիշատակը, որոնք զոհվեցին Ադրբեջանում, միաժամանակ կոչ եմ անում բոլորին հիշել այդ դառն իրականությունը և մշտապես լինել զգոն, քանզի թուրքը դեռ չի քնել:

Ողջունելի է, որ այսօր նման մասշտաբով միջոցառում է կազմակերպվել Ասկերանում: Պարտավոր ենք մասսայական ցույցերով ներկայանալ հանրությանը և հասնել նրան, որ աշխարհն ընդունի հայերի հանդեպ թուրքերի կողմից գործած ցեղասպանությունները: Լինենք միասնական և համախմբված:

Սումգայիթյան ջարդերի ականատես Եվգենյա Ստեփանյանն իր խոսքում երախտագիտություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, միաժամանակ նշեց.

- Իրականում դժվար է խոսել սարսափելի այդ սպանդի մասին, որ իրականացրին թուրքերն անմեղ հայերի հանդեպ: Ով կմտածեր, որ Խորհրդային տարիներին նման ոճրագործություն կկատարվեր: Այն իր վայրենությամբ ու ահավորությամբ անջնջելի հետքեր է թողել բոլորիս վրա, որոնք երբեք չեն մոռացվի: Թուրքերը կոտորածի ենթարկեցին հայերին, որոնց ձեռքերով էր կառուցվել Սումգայիթ քաղաքը: Նրանք ուրացան բարեկամությունն ու համատեղ կիսած աղն ու հացը, իսկ այլ կերպ չէին կարող, որովհետև էությամբ գիշատիչներ էին:

Թող աշխարհում երբեք պատերազմ չլինի, թող ոչ մի հայ այլևս ցեղասպանություն չտեսնի:

Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Վիգեն Գաբրիելյանն իր ելույթում շեշտեց.

-Իրոք, բացառիկ երևույթ էր Խորհրդային պետության պատմության մեջ, ինչը մի կողմից մեզ՝ հայերիս համոզեց, որ թուրքն այդպես էլ չի փոխվել, չեն փոխվել նրա դարավոր բարբարոսական ավանդույթները: Ինչպես տեսաք, անպատիժ մնացած և քաղաքական գնահատականի չարժանացած ցեղասպանությունը հետագայում ունեցավ իր աղետալի հետևանք-ները: Եվ այսօրվա իրավիճակը՝ լարվածության պահպանումը շփման գծում, Բուդապեշտյան սահմռկեցուցիչ միջադեպը, Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը ևս հետևանք են անպատիժ մնացած սումգայիթյան ցեղասպանության: Միթե դրանք չեն խոսում մեր հասարակության թուլացման մասին, հասարակությունը որպես միասնական, առողջ, ինքնակազմակերպված և արդյունավետ գործող ազգային կազմավորում՝ նրա թուլացման մասին: Եվ անհրաժեշտ եմ համարում բացատրել, քարոզել, լուսաբանել, պարզաբանել երիտասարդությանը, որ դեռ չեն վերացվել արտաքին վտանգն ու սպառնալիքները, արտաքին ճնշումները և իմ խորին համոզմամբ դրանց դիմակայելու միակ ճանապարհը մեր ներքին կյանքում՝ պետության և հասարակության, ոգիականության բարձրացման և ոգու ամրապնդման, սոցիալական համերաշխության սկզբունքների արմատականացման մեջ է: Համոզված եմ, որ այդ ամենը կարող են վճռական դերակատարություն ունենալ մեր երկրի քաղաքական կշիռը, տեսակարար կշիռը որպես այդպիսին, միջազգային, արտաքին ճակատում, բարձրացման գործում: Համոզված եմ, որ այդ ամենը վճռական նշանակություն ունի միջազգային հանրության դիրքորոշման, կանխորոշման գործում, իհարկե, մեր շահերի օգտին:

Այնուհետև միջոցառման մասնակիցները Սումգայիթյան զոհերի հիշատակին մոմեր վառեցին Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter