ՆՐԱՆՔ ԱՅՍՕՐ ԷԼ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԶԵՆՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ |
26.04.2014 15:09 |
Շուտով կլրանա երկրորդ տասնամյակն, ինչ Արցախյան հողում զինադադար է հայտարարված։ Ու ակնհայտ են բազմաթիվ դրական տեղաշարժեր, որոնք մասնավորապես ուղղված են ազգաբնակչության կենսամակարդակի բարձրացմանը, սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը։ Արցախի ազատության ու անկախության համար մարտնչած ազատամարտիկներին սատարելու, նրանց աջակցելու համար հանրապետությունում ստեղծվեց ազատամարտիկների միություն, որը դարձավ հայրենիքի հերոս զավակների լավագույն ու անփոխարինելի ընկերը։ Միության գրասենյակներ բացվեցին հանրապետության բոլոր շրջաններում։ Մարտական ընկերներով հաճախ հավաքվելով վերհիշում են դժվարին այն պահերը, երբ կենաց ու մահվան կռիվ էր գնում, սակայն ամրակուռ ու անհաղթ էր նրանց մարտական ոգին, միախմբված, միահամուռ, աննկուն՝ պատրաստ հանուն Հայրենիքի անձնազոհության գնալ։ Միությունն Արցախում բավականին ակտիվ գործունեություն է ծավալում։ ԱԱ միությունը բազմիցս հանդես է եկել իր բարեգործական առաքելություններով։ Կազմակերպվում են նաև տարաբնույթ հանդիպումներ, միջոցառումներ, այցելություններ զորամասեր, ցուցահանդեսներ։ Ասկերանի ԱԱ միությունն անմասն չի մնում նման միջոցառումներ կազմակերպելուց։ Հերթական միջոցառումը, որը նախաձեռնել էր միությունը՝ այցելությունն էր Ն զորամաս, որտեղ վետերան ազատամարտիկներից կազմավորվեց խումբ, որը ղեկավարում էր Ասկերանի ԱԱՄ նախագահ Սամվել Աղաջանյանը։ Վերջինիս գլխավորությամբ էլ խումբն ուղևորվեց դեպի մարտական դիրքեր՝ հերթապահող զինվորների մոտ։ Այո՛, Հայրենիքի պաշտպանությունը բոլոր սերունդների առաջնային հարցն է եղել ու կա։ Մեծ էր սահմանապահ զինվորների զարմանքն ու ուրախությունը հանկարծահաս հյուրերի այցելությունից։ Դա դեռ առաջին անակնկալն էր, իսկ ինչպիսի՜ անակնկալներ էին սպասվում առջևում։ Առաջին ծանոթություն, առաջին առերես հանդիպում Արցախյան հողն ազատագրած կենդանի հերոսների հետ։ Մարդիկ, ովքեր այսօր էլ իրենց ամենօրյա գործունեությամբ նպաստում են հայրենիքի զարգացմանն ու բարգավաճմանը։ - Մեր հիմնական նպատակն էր կրկին անգամ հավաստիացնել հերթապահող զինվորներին, որ մենք նրանց թիկունքում ենք՝ պատրաստ կրկին զենք վերցնելու։ Մեծ համոզվածությամբ էինք լցված, որ Արցախյան հողը հուսալի ձեռքերում է։ Իսկ այդ օրն առավել ևս համոզվեցինք դրանում։ Փաստորեն, մենք կրկին այն դիրքերում էինք, որտեղ տարիներ առաջ մարտական ահեղ գործողություններ էին ընթանում։ Մեր լավագույն մարտիկներն ու ընկերներն այս դիրքերի պաշտպանության համար իրենց կյանքն են զոհաբերել։ Նորից այդտեղ գտնվելն անփոխարինելի ու անհամեմատելի տուրք էր այն հուշերին ու հիշողություններին, որոնք վերապրել ենք մեր անմահացած ընկերների հետ։ Նրանք այսօր չկան, սակայն բոլորիս սրտերում վառ է նրանց անմար հիշատակը,- իր մտորումներով մեզ հետ կիսվեց Ս. Աղաջանյանը։ - Իրոք, որ սահմանապահ զինվորներին իրենց պարտականությունները կատարում են գերազանց։ Նրանց որոշակի ցուցումներ տալուց զատ նրանցից սովորելու բան էլ ունեցանք։ Այնպիսի խանդավառություն ու պատասխանատվության բարձր զգացում, գիտակցում, որ իրենցից է կախված հայրենիքի ու հայ ազգի անվտանգությունը՝ կարող է ունենալ միայն հայ զինվորը։ Միաժամանակ, գտնում եմ, որ մեկ օրը սահմանագծում մնալու համար շատ կարճ ժամկետ է։ Սակայն լիահույս ենք, որ նման հանդիպումները շարունակական բնույթ կկրեն։ Ու հաջորդ անգամ եթե ոչ ինձ, ապա իմ գործընկերներին կհաջողվի վերապրել բերկրալից այն պահերը, որոնք մենք ապրեցինք այդ մեկ օրվա ընթացքում մեր անդորրը հսկող փառապանծ հայոց բանակի զինվորների հետ,- ասում է ազատամարտի վետերան, Դաշուշենի համայնքի ղեկավար Ռուդիկ Ասլանյանը։ Ոգևորել, քաջալերել զինվորներին, բարձրացնել նրանց մարտական ու հայրենասիրական ոգին ու հավաստիացնել, որ նրանց թիկունքում են անհավասար պատերազմում հաղթանակած վետերանները. սա էր մեծ գնահատանքի արժանի ձեռնարկման հիմնական նպատակը։ Ու չնայած ազատամարտից երկու տասնյակից ավելի տարիներ են անցել ու պատերազմի վետերաններից շատերն այսօր թոշակառուներ են, սակայն նրանք այսօր էլ պատրաստ են կրկին զենք վերցնելու... Արցախի ազատամարտիկների միության վետերանների հայրենասիրական ու ազգանպաստ ձեռնարկումը երիցս փառքով է պսակվել։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |