ԵՐԴՎԵՑԻՆ ԼԻՆԵԼ ՀԱՅՈՑ ՔԱՋԵՐԻ ԿԵՐՏԱԾ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՂՆԵՐԸ |
26.04.2014 15:11 |
Ծառայել Հայրենիքին, պաշտպանել նրա սահմանների անառիկությունը, լինել նրա անվեհեր մարտիկը՝ յուրաքանչյուր հայ երիտասարդի երազանքն է։ Հասնելով հասունության տարիքի նրանք արդեն պատրաստ են այդ երազանքն իրականություն դարձնելու։ Փետրվարի 8-ին Ն զորամասում տեղի ունեցավ նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման նախագահ Սամվել Աղաջանյանը, զորամասի հրամանատար Ջալալ Հարությունյանը, սպայական կազմը, նորակոչիկների ծնողներ, հարազատներ։ Հանդիսավոր միջոցառումն սկսվեց Արցախի պետական օրհներգով։ Ապա տեղի ունեցավ նորակոչիկների հանդիսավոր երդումը։ Հիրավի, դա ամենապատասխանատու երդմնակալությունն էր՝ մարտական դրոշի ներքո, հրամանատարության, զինակիցների և հարազատների ներկայությամբ։ Երդվեցին անձնվիրաբար ծառայել հայրենիքին՝ և հանուն նրա չխնայել կյանքը, ենթարկվել երկրի սահմանադրությանն ու օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները, պահպանել ռազմական գաղտնիքը։ - Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ։ Երդվում եմ,- երդվեցին միաձայն։ Անսահման ու անթաքույց էր ծնողների ուրախությունը, քանզի իրենց 18-ամյա որդիներին, որոնց օրեր առաջ էին ճանապարհել ծառայության, տեսնում էին առնականացած՝ զինվորական համազգեստով, զենքը ձեռքներին երդվելիս։ - Հաղթանակած բանակում ծառայելը և՛ հպարտություն է, և՛ պարտավորեցնող։ Մենք հավատում ենք ձեզ տղանե՛ր, ու հենց այդ հավատից է ծնվում այն մեծ սերը, որը տածում ենք ձեր՝ հայրենյաց պաշտպանների հանդեպ։ Վստահ ենք, որ ձեր հզոր կամքով անսասան Հայոց երկիրը, մեր նախնիների սուրբ արյամբ ձեռք բերված հողին տեր կկանգնեք ու կպաշտպանեք այն։ Մաղթում ենք ձեզ քաջառողջություն, մարտական բարձր ոգի և բարի ծառայություն, իսկ ձեր ծնողներին՝ համբերություն ու հպարտություն իրենց զավակների հայրենանվեր ծառայության համար,- նորակոչիկներին՝ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարության անունից իր շնորհավորական խոսքում ասաց Ասկերանի ՄԵ կենտրոնի երիտասարդության հարցերի կազմակերպիչ Նինել Գաբրիելյանը։ Շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը Ն զորամասի նորանշանակ հրամանատար Ջալալ Հարությունյանին օրվա կապակցությամբ նվիրեց գեղարվեստական նկար՝ համոզված լինելով, որ նոր ուժով կշարունակվի բանակ-հասարակություն կապն ու փոխհամագործակցությունը։ Ելույթներով հանդես եկան նաև Ն զորամասի սպաները, նորակոչիկները, նրանց ծնողները: - Իմ երկու զավակներն այսօր ծառայում են այս զորամասում։ Ես այն հպարտ ծնողներից եմ, ովքեր Հայրենիքին այնպիսի զավակներ են պարգևել, որոնց մարտական ոգին այնքան բարձր ու անկոտրում է, որ պատրաստ են նույնիսկ կյանքի գնով պաշտպանել հայրենի հողը։ Իմ զավակներն այնպիսի դաստիարակություն են ստացել, որտեղ առաջնահերթը Հայրենիքն ու համընդհանուրն է, ապա նոր՝ անձնականը։ Ու ես վստահ եմ, որ նրանք պատվով են կատարելու իրենց առջև դրված պարտականություններն ու հրամանատարների կարգադրությունները։ Այսօրվա միակ դժվարությունը ժամանակն ու տարածությունն է, քանի որ հանդիսավոր երդմանը եկել ենք Երևանից, սակայն այն ևս հաղթահարելի է, ու այսօր իմ մեջ ավելի շատ խոսում է հպարտությունը, որ նման զավակների մայր եմ։ Բոլոր ծնողների անունից շնորհակալություն եմ հայտնում զորամասի հրամանատարությանը՝ մեր զավակների մեջ հայրենասիրական ոգին էլ ավելի ամրապնդելու, ամեն հարցում նրանց աջակցելու համար,- օրվա կապակցությամբ իր հույզերով մեզ հետ կիսվեց նորակոչիկի մայր Լուսինե Գյուրջինյանը։ Արարողությունը եզրափակվեց զինանձնակազմի հանդիսավոր երթով և խրոխտ երգով։ Օրն, իրոք, հիշարժան էր։ Երդվելով հայրենիքին` նորակոչիկները համալրեցին հայոց բանակի շարքերը։ Սա նշանակում է, որ նրանք թևակոխում են իրենց կյանքի չափազանց պատասխանատու մի ժամանակաշրջան, որից դուրս են գալու որպես հասուն ու կայացած տղամարդ՝ պատրաստ անհրաժեշտության դեպքում նորից կանգնելու Հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Իսկ զորամասի հագեցած առօրյան, տիրող կարգն ու կանոնը, բազմաբնույթ ու հետաքրքիր պարապմունքները, մարտական հերթապահությունները կօգնեն նրանց իրապես արժևորելու ու գնահատելու յուրաքանչյուր զինվորի դերն ու նշանակությունը մեր երկրի ամեն մի թիզ հողի պաշտպանության գործում։ Մեծ էր հուզմունքը՝ տեսնելով Արցախի հանրապետության նորաթուխ պաշտպաններին, ովքեր հպարտության վեհ զգացումով էին համակված, քանզի այսուհետ Հայրենիքի պաշտպանութ-յունն ու նրա սահմանների անառիկությունը նրանցից էլ է կախված։ Անփորձանք ծառայություն ենք մաղթում բոլոր զինծառայողներին, որպեսզի նրանք ծառայեն խաղաղության պայմաններում ու պատվով կատարեն իրենց առջև դրված պարտականությունները՝ դառնալով Հայոց քաջերի կերտած հերոսական պատմության շարունակողները։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |