ԲԱՆԱԿԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է, ՄԵՐ ԱՄՐՈՑԸ |
26.04.2014 15:13 |
Փետրվարի 21-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ ՙԲանակը մեր տունն է, մեր ամրոցը՚ խորագրով։ Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, կառավարության անդամներ, հանրապետության շրջանների ներկայացուցիչներ, ՊԲ բարձրաստիճան սպաներ, զինծառայողների ծնողներ և հարազատներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս տարվա հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը մարտական հերթապահություն իրականացնելիս հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ծնողները ևս ներկա էին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ՊԲ նախաձեռնությամբ բանակ-ընտանիք կապի շրջանակներում կազմակերպված հանդիպմանը: Զինված ուժերի մարտունակության բարձրացման գործում մեծ ու անփոխարինելի է ընտանիքի դերը։ Ընտանիք¬դպրոց-բանակ եռամիասնության անքակտելի կապն էր բազմակողմանի ու բոռն քննարկումների առանցքում։ - Կարծում եմ այս միջոցառումը մեկ նպատակ պետք է հետապնդի՝ ընտանիքը պետք է լինի ամուր։ Քանզի ընտանիքը պետության ամենափոքր բջիջն է և ինչքան առողջ ու ամուր լինի այդ բջիջը, այնքան ամուր կլինի պետությունը։ Բանակը լինելով պետության առավել մեծ բջիջը՝ կատարում է ամենադժվարին ու պատասխանատու աշխատանքը՝ նրա սահմանների անառիկության ապահովումը,- իր ելույթում նշեց պաշտպանության նախարար Մ. Հակոբյանը։ Արցախի հերոս, զոհված ազատամարտիկ Յուրի Պողոսյանի մայրը կոչ արեց ներկաներին իրենց երեխաներին մշտապես ուղղորդել մեր նորօրյա հերոսների օրինակով և սերմանել նրանց մեջ հայրենասիրություն դեռևս մանկուց և նա միշտ պարտավորված ու պատրաստ կլինի պաշտպանել հայրենիքը։ Արցախյան ազատամարտում հերոսացած մարտիկների ծնողների կողքին նորօրյա հայրենիքի պաշտպան, հերոս Արմեն Հովհաննիսյանի (ով դեռևս մեկ ամիս առաջ սեփական կյանքի շնորհիվ կասեցրել է թշնամու դիվերսիոն հետախուզական խմբի նրխուժումը և մարտնչել մինչև վերջ) մայրն էր նստած, ով զսպելով արցունքները հպարտորեն է խոսում որդու հերոսական արաքների մասին։ Հպարտ էր նաև, որ կարողացել են Ամենի նման ազգանվեր որդի դաստիարակել։ Հանդիպմանն իրենց առաջարկություններով հանդես են եկել խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչները։ - Այսօր մենք պետք է գտնենք այն առանցքը, որի շուրջ պետք է բոլորս կարողանանք մեր աշխատանքը ճիշտ կազմակերպել,- ասաց ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ կոչ անելով բոլորին հնարավորինս մոտ լինել զինված ուժերին։ - Ուսուցում, որ հետապնդում է դաստիարակության նպատակներ, դաստիարակություն, որ բերում է կատայալ ուսուցման։ Սակայն այս համատեքստում յուրաքանչյուրս պետք է կարողանանաք կատարել մեր անելիքները,- ասաց ԿԳ նախարար Սլավա Ասրյանը։ Առաջարկություններ եղան հաճախակի այցեր կազմակերպել զորամասեր՝ դրանով նպաստել բանակ-հասարակություն կապի էլ ավելի ամրապնդմանը։ Շրջանների ներկայացուցիչները մտահոգիչ հարցի շուրջ իրենց ելույթներում հավաստիացրեցին ներկաներին, որ դպրոցում միշտապես ուշադրության կենտրոնում են պահում երեխաների հայրենասիրական ոգով դաստիարակումը։ - Երեխայի մեջ հայրենասիրական առաջին սերմերը ցանում են նրա ծնողները։ Դպրոց հաճախելով այդ սերմերն ուսուցիչների օգնությամբ ծլարձակում և հասունանում են։ Ամանորին և այլ տոն օրերին աշակերտների ջանքերով դպրոցում զինվորների համար ծանրոցներ ենք պատրաստում և ուղարկում մարտական դիրքեր։ Հաճախակի են կազմակերպվում միջոցառումներ, ինտելեկտուալ խաղեր, որտեղ ըդգրկվում են նաև մեր դպրոցի շեֆ զորամասի զինվորները։ Նմանատիպ միջոցառումները նպաստում են հայրենիքի ապագա պաշտպաններին ճիշտ և հայեցի ոգով դաստիարակելուն,- ասաց Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Լուսինե Խաչատրյանը։ Բանակի մարտունակության բարձրացման գործում ընտանիքի գործոնին նվիրված քննարկում-միջոցառումն ավարտվեց պաշտպանության նախարարի պարգևատրումներով և հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի տերունական աղոթքով։ Ամուր ընտանիքում մեծացած ու ճիշտ դաստիարակություն ստացած երեխաները միայն կարող են լինել մեր հայրենիքի հուսալի ապագան։ Ուստի ամենքս մեր ընտանիքներում հենց առաջին օրվանից սկսենք մեր երեխաների մեջ ներարկել սերն ու նվիրվածությունը հայրենիքի հանդեպ, որի հողը դեռ խունացած է հերոս զավակների թափած արյունից։ Ու անենք այնպես, որպեսզի մատաղ սերունդի ներկայացուցիչներից յուրաքանչյուրը դառնա նրանցից մեկը, ով նորովի կկառուցի, կարարի, կստեղծագործի ու կդառնա Արցախի ու Հայաստանի հավերժության ուղին կերտողներից մեկը: Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |