ՓՈՔՐԻԿ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ |
26.04.2014 15:15 |
Փետրվարի 18-19-ը Ասկերանի շրջանային մարզադպրոցում կայացավ պատանի շախմատիստների շրջանային թիմային առաջնությունը: Մասնակցում էր 20 պատանի շախմատիստ Ասկերանից, Նորագյուղից, Խնձրիստանից եւ Խաչենից: Շրջվարչակազմի աշխատակազմի սպորտի գծով գլխավոր մասնագետ Գրիգորի Մարտիրոսյանը ողջունելով առաջնության մասնակիցներին՝ հաջողություններ մաղթեց իմաստուն խաղի մրցապայքարում: Միաժամանակ հայտնեց, որ ստեղծված են նպաստավոր բոլոր պայմանները առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու համար: Երկօրյա համառ պայքարից հետո հաղթող ճանաչվեց Էդմոն Բարսեղյանի անվան Ասկերանի միջնակարգ դպրոցի պատանի շախմատիստների թիմը՝ մեկ միավորով առաջ անցնելով նորագյուղցիներից: Ի դեպ Ասկերանի թիմին առաջին հաղթական միավորը բերեց առաջնության ամենակրտսեր մասնակիցը՝ 6-ամյա Տիգրան Պետրոսյանը: Փոքրիկ շախմատիստն ունի մեծ նպատակ: Նա ցանկանում է աշխարհահռչակ իր անվանակցի՝ շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի նման տաղանդավոր շախմատիստ դառնալ և բարձր պահել հարազատ Արցախի անունը մարզական աշխարհում: Տա Աստված, որ իրականություն դառնան փոքրիկ Տիգրանի երազանքները: Երրորդ տեղն զբաղեցրեց Խաչենի թիմը: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգեւատրվեցին շրջվարչակազմի պատվոգրերով, իսկ չեմպիոններն արժանացան նաեւ դրամական պարգևի: Առաջիկայում կկայանա պատանի շախմատիստների հանրապետական առաջնությունը, որին կմասնակցի նաև Ասկերանի շրջանի հավաքականը: Դե ինչ, հաջողություններ մաղթենք մեր շախմատիստներին հանրապետական առաջնությունում և հուսանք ենք, որ նրանք բարձր կպահեն շրջանի պատիվը: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |