ՇՐՋԱՆՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՀԱՇՎԵՏՈՒ ԺՈՂՈՎՆԵՐԸ
29.04.2014 10:02

Ասկերանի շրջանում ավարտվեցին 2013 թվականին կատարված աշխատանքների մասին համայնքների ղեկավարների հաշվետու ժողովները։ Վերջերս կայացած Նախիջևանիկի, Վարդաձորի, Խրամորթի, Խնապատի համայնքների ղեկավարների հաշվետու ժողովներին ներկա էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք։

Առաջին կանգառը Նախիջևանիկի համայնքում էր։ 2013թ. կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը ներկայացրեց համայնքի ղեկավար Անատոլի Սահակյանը։

Չնայած անբարենպաստ եղանակներին համայնքային բյուջեն կատարվել է 100.2 տոկոսով։

Ընթացքի մեջ են հանդիսությունների տան շինարարական աշխատանքները։ Ա. Սահակյանը նշեց, որ դեռևս հրատապ խնդիր է մնում խմելու ջրի սակավությունն ու գյուղ տանող ճանապարհի անմխիթար վիճակը, որոնց լուծումները խթան կհանդիսանան գյուղական կյանքի ակտիվացմանը։   Համայնքում գործում է միջնակարգ դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, գրադարան։ Դպրոցական շենքը, որտեղ սովորում է 71 աշակերտ՝ նորոգման կարիք ունի։

Հաշվետու տարում գրանցվել է 7 ծնունդ, 2 մահ։ Համայնքի ղեկավարը հույս հայտնեց, որ ընթացիկ տարին ավելի բարենպաստ կլինի և նրանց կհաջողվի նախորդ տարիների ձեռքբերումները կրկնապատկել։

Հաջորդ կանգառը Վարդաձորում էր։ Այս համայնքն ըդգրկում է երկու գյուղ՝ Վարդաձոր և Վարազաբուն։ Ինչպես նշեց համայնքի ղեկավար Սամվել Սառաջյանը համայնքային բյուջեի կատարողականը կազմել է 106տոկոս։ Հարկ է նշել, որ Վարդաձորն այն եզակի համայնքներից է,  որը պետությունից դոտացիա չի ստանում և բոլոր ծախսերը կատարում է սեփական եկամուտների հաշվին։ Հաշվետու տարում բյուջեի եկամտային մասը գերազանցող գումարով գազաֆիկացվել է համայնքի հանդիսությունների տունը և ձեռք բերվել անհրաժեշտ սարքավորումներ, աշխատանքներ են կատարվել փողոցային լուսավորության, ինչպես նաև մշակութային միջոցառումներ կազմակերպելու համար։

Համայնքի հողային ֆոնդը բավականին մեծ է, որի հարկերից էլ գոյանում է համայնքային բյուջեն։ Հաշվետու տարում համայնքում կատարվել է 350հա ցորենի, 56 հա գարու և 80 հա եգիպտացորենի ցանքս, որից ստացվել է 5390ց համախառը բերք՝ 11ց միջին բերքատվությամբ, ինչը, համայնքի ղեկավարը շատ ցածր է համարում և այն բացատրում հողի մշակների՝ գյուղատնտեսական աշխատանքներին ոչ ճիշտ մոտեցմամբ։ Մինչդեռ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը պատրաստ է գյուղացիներին ձեռք մեկնելու  ցանկացած դեպքում՝ թե՛ թունաքիմիկատներ և պարարտանյութեր, և թե՛ սերմացու տրամադրելու գործում։  Համայնքում կա 41.5հա խաղողայգի և 45հա նռան այգի։  Անասնապահության բնագավառում հաշվետու տարում առաջընթաց չի գրանցվել։

Խրամորթի համայնքի ղեկավար Արգեն Մկրտչյանը նշեց, որ ինչպես մյուս համայնքներում հաշվետու տարին իրենց համայնքում ևս անբարենպաստ էր գյուղատնտեսության տեսանկյունից։  Անցյալ տարվա 17ց միջին բերքատվության համեմատ հաշվետու տարում 320 հա աշնանացան մշակաբույսերից ստացվել է 2270 բերք՝ 9ց միջին բերքատվությամբ։ Որոշակի հաջողություններ են գրանցվել պտղաարտադրության ոլորտում՝ հավաքվել է 2600 ցենտներ բերք՝ 65.3ց միջին բերքատվությամբ։

Անասնապահության ոլորտում նախորդ տարվա համեմատությամբ ևս դրական աճ է նկատվել։

Համայնքը զարգացման մեծ հեռանկարներ ունի։ Հաշվետու տարում այստեղ լույս աշխարհ է եկել 10 երեխա։ Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է 54 աշակերտ, բուժկետ, մշակույթի տուն։ Բարձր է գյուղացիների զբաղվածության մակարդակը։

Հաշվետու տարում համայնքի բյուջեի կատարողականը կազմել է 116 տոկոս՝ նախորդ տարվա 69.2 տոկոսի դիմաց։

Շրջագայության վերջին կետը Խնապատի համայնքն էր։

Այս համայնքում գործում է միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, երաժշտական դպրոց, մշակույթի տուն, բուժկետ։ Հաշվետու տարում գյուղում գրանցվել է 19 ծնունդ։

Համայնքի ղեկավար Սամվել Շահրամանյանը նշեց, որ հաշվետու տարում համայնքի տարածքում կատարվել է 340 հա ցանքս, որից ստացվել է 2873ց համախառը բերք՝ ընդ որում 12,5 հեկտարում ընդհանրապես հունձ չի կատարվել։ Այստեղ խիստ զգացվում է ոռոգման ջրի անհրաժեշտությունը, որոշ  դեպքերում էլ բանջարաբոստանային կուլտուրաների մշակման համար ստիպված օգտագործվում է խմելու ջուրը։  ՙԻր ամենօրյա գործունեությամբ գյուղապետարանի աշխատակազմը կաշխատի անել ավելին՝ բոլոր ոլորտներում բարձր ցուցանիշներ ապահովելու համար՚,- վերջում ասաց համայնքի ղեկավարը։

Խնապատի համայնքում վարչապետը եղավ նաև պետական միջոցներով և գյուղացիների ուժերով բարեկարգվող փողոցներից մեկում։ Բարեկարգումն իրականացվում է պետության կողմից  անհատույց տրամադրված խորանարդ քարերով։ Կառավարության ղեկավարը հորդորեց մյուս համայնքների ղեկավարներին  այս մեթոդով լուծել գյուղամիջյան ճանապարհների բարեկարգումը։

Նշված համայնքներում բյուջեների կատարողականները գերազանցել են նախատեսածը։ Իսկ ահա ոռոգման ջրերի բացակայության հարցը, բացի Խրամորթից, մտահոգիչ էր բոլոր համայնքներում։ Վարդաձորում և Նախիջևանիկում խմելու ջուրը ևս կարևորագույն և հրատապ լուծում պահանջող խնդիրների շարքում էր։ Վարչապետ Արա Հարությունյանն իրազեկեց, որ  խնդիրը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, ավելին՝ մինչև տարեվերջ համայնք կհասցվեն խմելու ջրի  ջրագծերը։ Բանակցություններ են տարվում SPFA  ֆրանսիական բարեգործական կազմակերպության հետ, որպեսզի լրիվությամբ փոխվի խողովակաշարի ներքին ցանցը։ Իսկ Վարդաձորում ներքին ցանց ընդհանրապես չկա։ Այստեղ աշխատանքները կսկսվեն Նախիջևանիկում դրանք ավարտելուց հետո։

Համայնքների աշխատակազմ մտած բոլոր դիմումներն ու վերադաս մարմիններից ստացված որոշումներն ու գրությունները սահմանված ժամկետներում ընթացքավորվել են, հարկ եղած դեպքում՝ տրվել գրավոր պատասխաններ։ Բավարար հիմքերի վրա են համայնքի ղեկավար - ավագանի հարաբերությունները։ Ժամանակին հրավիրվել են ավագանու նիստեր, ընդունված որոշումների մասին՝ իրազեկել բնակչությանը։

Համայնքներում բավականին աշխատանքներ են իրականացվում նաև բարերարների աջակցությամբ։  Տրանսպորտի և մայրաքաղաքի հետ կապի բացակայություն համայնքները չունեն։ Եթե համայնքներում հեռախոսակապի խնդիր չկա, ապա համացանցի բացակայությունը դեռևս հրատապ խնդիրների շարքին է դասվում։

Համայնքները լրիվությամբ գազիֆիկացված են, անցկացված է փողոցային լուսավորություն։ Սակայն էլեկտրասյուների բացակայության պատճառով որոշ համայնքներում փողոցների մի մասը զերծ են մնացել փողոցային լուսավորությունից։

Բոլոր համայնքներում գյուղական բուժքույրերը մեծ պատասխանատվությամբ ու հոգատարությամբ են կցված իրենց գործին։

Համայնքներում հաճախակի են կազմակերպվում մշակութային միջոցառումներ։ Ակտիվ մասնակցություն են ունենում նաև շրջանային և հանրապետական միջոցառումներին։ Որոշակի խնդիրներ են ծագում կապված մշակույթի տների և բուժկետերի շենքերի անմխիթար վիճակի և ջեռուցման հետ։

Քննարկումների ընթացքում շատ է խոսվել նաև գյուղացու եկամուտների մասին։ Ոռոգման ջրի անբավարար պաշարներից բացի հաճախ են խախտվում հողի մշակման կանոնները։ Վարչապետ Ա. Հարությունյանը կոչ արեց գյուղացիներին հնարավորինս հետևել ագրարային կանոններին, հիշյալ աշխատանքները կատարել որակով և ժամանակին, ոռոգման ջուրն ուղղել նաև բանջարաբոստանային կուլտուրաների մշակմանն ու այգիների հիմնադրմանը։ Քանի որ միայն այդ համակարգված աշխատանքների շնորհիվ կհաջողվի ապահովել բարձր բերքատվություն։

Վերջում համայնքների ղեկավարները շնորհակալություն հայտնեցին համագյուղացիներին՝ ցանկացած հարցում ընդառաջելու, գյուղամիջյան ճանապարհների բարեկարգմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։ Նաև հույս հայտնեցին, որ ընթացիկ տարին ավելի բարենպաստ կլինի և կձեռնարկվեն հնարավոր միջոցները առկա թերությունների վերացման և համայնքների հետագա բարգավաճման համար։

Բոլոր համայնքներում 2013 թվականին համայնքների ղեկավարների կատարած աշխատանքները գնահատվեցին բավարար։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter