ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՈՋՆ ԱՍԵԼ Է՝ ԳԵՂԵՑԻ՛Կ ԵՂԻՐ, ԵԹԵ ԿԱՐՈՂ ԵՍ, ԻՄԱՍՏՈ՛ՒՆ ԵՂԻՐ, ԵԹԵ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՍ, ԲԱՅՑ ՇՐՋԱՀԱՅԱՑ ՊԱՐՏԱՎՈ՛Ր ԵՍ ԼԻՆԵԼ
15.05.2014 08:53

Հայ կնոջ կերպարը գովերգվել է բոլոր դարերում։ Նա իր առաքինությամբ ու պարկեշտությամբ եղել և մնում է մեր ազգի հարատևությունն ապահովողն ու կյանք պարգևողը։ Միաժամանակ նա զենք է վերցրել իր մեծ ընտանիքը՝  Հայրենիքը պաշտպանելու համար։ Հայ կինը մեկ ներկայացել է Սոսե մայրիկի, մեկ Գայանեի ու Հռիփսիմեի կերպարանքներով։

...1954 թվականի մարտի 8-ին Նորագյուղում՝ Աղաջանյանների հարկի տակ ծնվեց առաջնեկը՝ չքնաղ Էվելինան, ով դաստիարակվելով հայկական ավանդական ընտանիքում   հետագայում պիտի դառնար ցանկացած կոլեկտիվի սիրտն ու հոգին։ Հարազատ գյուղում ավարտելով միջնակարգը, այնուհետև Էվելինան ստացավ մանկավարժական բարձրագույն կրթություն։ Որպես ուսուցչուհի՝ իր առաջին մկրտությունն ստացել է Սարդարաշենի 8-ամյա դպրոցում։ Ամուսնացավ Սլավիկ Միրզոյանի հետ։ Ստեղծեցին իրենց երազած ընտանիքը։ Երկու զավակները՝ Նվերն ու Իրինան արդեն դպրոցականներ էին։ Սակայն սկիզբ առած Արցախյան ազգային-ազատագրական պայքարը խաթարեց նաև այս ընտանիքի անդորրը։ Տարիներ են գլորվեր՝ երկար, դժվարին ու հաճախ թվում էր՝ կործանարար։ Իսկական հայուհին՝ Էվելինա Աղաջանյանի կերպարանքով կոչված էր հաղթարելու ցանկացած դժվարություն։ Չէ որ ուխտը դրժել անկարող էր՝ պատվով մեծացնել ամուսնու թողած դալար շիվերը։ Դեռ ավելին, այսօր նրա դուստրը՝ Իրինան բժշկուհի է, ու սիրով կատարում է իր մարդասիրական վեհ գործը։

1993 թվականից Էվելինա Աղաջանյանն աշխատում է սոցիալական ոլորտում նախ՝ որպես մասնագետ, իսկ 2007 թվականից զբաղեցնում է շրջվարչակազմի աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետի պաշտոնը։

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար տիկին Աղաջանյանը պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով,  պատվոգրերով և շնորհակալագրերով։

Օրերս այդ պարգևներին ավելացավ ևս մեկը՝ Ասկերանի շրջանի սոցիալական ապահովության ծառայության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ Էվելինա Սերգեյի Աղաջանյանը պարգևատրվել է ԼՂՀ վարչապետի հուշամեդալով։

- Տիկին Աղաջանյան, շնորհավորում ենք Ձեզ կանանց միամսյակի և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ։ Ամենալավն ու բարին ենք մաղթում Ձեզ։

- Շնորհակալություն։ Այո, ի տարբերություն աշխարհի մյուս կանանց հայ կանայք միամսյակ են տոնում։ Ու այս մեկ ամսվա ընթացքում անընդհատ շնորհավորանքի խոսքեր ենք լսում, ինչը շատ հաճելի է։

- Ինչպիսի՞ն էր 2013 թվականը գործակալության համար։

- 2013 թվականին մուտքագրվել է 2182 փաստաթուղթ, որոնց գերակշիռ մասը վերաբերում է նպաստների նշանակմանը, աշխատանքի տեղավորմանը։ Նորաստեղծ 146 ընտանիքի տրամադրվել է 2295000 դրամ,  իսկ 281 ընտանիքի 72800000 դրամ երեխայի ծննդյան միանվագ նպաստ։ Երեխաների ամենամսյա պետական նպաստը, որից օգտվում է շրջանի 1157 ընտանիքի 1723 երեխա՝ կազմել է 253223400 դրամ։  Բազմազավակ 81 ընտանիքի համար  ՙԱրցախբանկ՚-ի Ասկերանի մասնաճյուղում՝ ընտանիքներում ծնված յուրաքանչյուր 3-10 և հաջորդ երեխա-ների անվամբ բացվել են ժամկետային ավանդային հաշիվներ։ 6 և ավելի երեխաներ ունեցող 2 ընտանիք ապահովվել է բնակարանով։ Իսկ 3 ընտանիքի բնակելի տան կառուցման աշխատանքները ընթացքի մեջ են։ Բնակչության սոցիալական առանձին խմբերին պատկանող 610 քաղաքացու վճարվել է 24956000 դրամ միանվագ օգնություն։ Իսկ 2 և ավելի զոհ ունեցող ընտանիքներին տրամադրված ամենամսյա դրամական օժանդակությունը 2013թ. կազմել է 3600000 դրամ։ Իրականացվել են բազմաթիվ այլ միջոցառումներ կապված բնակարանային պայմանները բարելավելու, գործազրկության կարգավիճակ ունեցող քաղաքացիներին աշխատատեղերով ապահովելու, տոն և հիշարժան օրերին առանձին կարգավիճակ ունեցող անձնաց դրամական օժանդակություն ցուցաբերելու հետ։  Նշեմ նաև, որ տարվա ընթացքում գործակալության կողմից բոլոր ծրագրային միջոցառումները կատարվել են ժամանակին և նպատակային։

- Ինչպիսի՞ն է վիճակը ներկա դրությամբ։

-  Գործակալությունում ընթացիկ տարվա առաջին իսկ օրվանից բավականին առաջընթաց է գրանցվել՝  կապված ամուսնությունն ու ծնելիությունը խթանող ծրագրերի հետ։  Հանրահայտ է, որ աճող սերունդը մեր երջանկությունն է, մեր հույսն ու ապագան։ Շրջանում և ինչու չէ նաև հանրապետությունում տարեց-տարի աստիճանաբար բարձրանում է բնակչության կենսամակարդակը, կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր, որոնք իրականացվում են տարբեր ոլորտներում։ Ներկայում տարածքային գործակալությունում հաշվառված է 901 ընտանիքի 1750 երեխա։ Երեխան ծնվելուց հետո 6 ամսվա ընթացքում ծնողները համապատասխան փաստաթղթերով ներկայանում են ՍՏԾԳ։ Ներկայացրած փաստաթղթերի հիման վրա էլ նշանակվում է երեխայի միանվագ և ամենամսյա նպաստը։ Կառավարության համապատասխան որոշումների հիման վրա 1-ին երեխայի դեպքում ծնողը ստանում է 100 հազար, 2-րդի դեպքում՝ 200 հազար, 3-րդի՝ 500 հազար, 4-րդ և հաջորդ երեխաների դեպքում՝ 700 հազար դրամ միանվագ նպաստ։ Միաժամանակ  ընտանիքում ծնված 3-րդ և հաջորդ երեխաների անվամբ ՙԱրցախբանկ՚-ի Ասկերանի մասնաճյուղում բացվում են համապատասխանաբար 500 և 700 հազարական դրամ նպատակային ժամկետային ավանդային հաշիվներ, ամենամսյա տոկոսադրույքների վճարմամբ։ Ավանդատերը՝ գործող օրենքի համաձայն, ավանդից օգտվում է միայն 18 տարեկանը լրանալուց հետո։ Իսկ ամենամսյա նպաստից օգտվում են 18 տարեկանը չլրացած հաշմանդամ, միայնակ մոր, առանց ծնողական խնամքի մնացած, միակողմանի ծնողազուրկ, ալիմենտ ստացող, ժամկետային զինծառայողների, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների  երեխաները, 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող, ինչպես նաև մինչև 2 տարեկան երեխա խնամող անձինք։

- Գործակալությունը համալրվա՞ծ է համապատասխան մասնագետներով։

- Այո, ասեմ ավելին։ Գործակալություն մտած յուրաքանչյուր այցելուի նրանք իրենց մասնագիտական հմտությամբ և բարի խորհուրդով կարողանում են հույսի աղբյուր դառնալ նույնիսկ դժվարին ու անելանելի թվացող իրավիճակներում։  Գործակալության կոլեկտիվը բանիմաց է ու համախմբված, ինչն էլ արդյունավետ աշխատանքի գրավականն է։

- Տիկին Էվելինա, ինչպիսի՞ն է սոցիալական աջակցության դրվածքը շրջանում։

- Շրջանի բնակչության սոցիալական ոլորտում հիմնախնդիրները լուծվում են հանրապետությունում իրականացվող սոցիալական բարեփոխումների ծրագրերի շրջանակներում, ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներով և ունեն շարունակական կատարելագործման բնույթ։ Բնակչության առանձին սոցիալական խմբերին ցույց տրվող աջակցությունն իրականացվում է ԼՂՀ կառավարության համապատասխան որոշումների համաձայն։ Մարտի 15-ի դրությամբ գործակալության սոցիալական աջակցության բաժնում ծախսվել է 9մլն 500 հազար դրամ։

- Տիկին Աղաջանյան, շրջանում մե՞ծ թիվ է կազմում գործազրկությունը։ Ինչպե՞ս են նշանակվում գործազրկության նպաստները։

-Նախ ասեմ, որ գործազուրկ են համարվում աշխատանքային տարիքի, աշխատանք փնտրող, աշխատունակ, չզբաղված այն անձինք, ովքեր չեն ստանում ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակներ, ունեն առնվազն մեկ տարվա աշխատանքային ապահովագրական ստաժ և աշխատանքի տեղավորման նպատակով դիմել են ՍՏԾԳ և ստացել գործազուրկի կարգավիճակ։ Ներկա դրությամբ գործակալությունում հաշվառված է 43 գործազուրկ քաղաքացի, որից 8-ը՝ նպաստառու։ Մեկ գործազուրկ ապահովվել է աշխատանքով։ Այլ վայրեր գործուղված 3 բժիշկ օգտվում են բնակարանային վարձից և աշխատավարձի 40% հավելավճարից։ ԼՂՀ կառավարության դեկտեմբերի 26-ի ՙԲնակչության զբաղվածության մասին՚ օրենքի համաձայն քաղաքացին իրավունք ունի դիմելու սոցապ մարմիններին՝ միայն որպես  աշխատանք փնտրող և տարվա ընթացքում մասնագիտական ուսուցում ստանալու նպատակով։

-  Դժվար չէ, արդյոք, ձեր փխրուն ուսերին կրել այդքան բարդ ու պատասխանատու աշխատանքը։

- Ելնելով իմ բազմաբնույթ  աշխատանքից կարող եմ ասել, որ իմ՝ հանգիստ, ուրիշի ցավը զգացող բնավորությամբ՝ ցանկացած գործի մեջ ոգի ու շունչ եմ փնտրում։ Այլապես դժվար կլինի ոչ միայն աշխատանքում այլև առօրյա կյանքում։ Ես բավականին եռանդուն եմ և կարողանում եմ համատեղել իմ առջև դրված բոլոր պարտականությունները, հանձնարարականներն ու անձնական գործերը։ Պատրաստ եմ այսուհետ ևս ծառայելու մեր հասարակությանն ու պետությանը։

- Եվ վերջում մեր ավանդական հարցը. ի՞նչ կմաղթեիք շրջանի բնակչությանը։

- Նախ շնորհավորում եմ շրջանի բոլոր կանանց՝ գարնանային հիասքանչ տոների կապակցությամբ։ Զորավարներ ծնող, սնող, դաստիարակող հայոց մայրեր, ձեզ արցախյան երկարակեցություն, ամուր կամք, անսպառ եռանդ, ուժ ու կորով եմ ցանկանում։ Եղեք միշտ հպարտ ու երջանիկ, թող որ ձեր առջև ծառացած ամեն մի դժվարություն փառքով հաղթահարվի։

Իսկ շրջանի բնակչությանն ու, առհասարակ, բոլոր հայերին ցանկանում եմ ապրել ու արարել միայն խաղաղության պայմաններում։

Հարցազրույցը Անահիտ Պետրոսյանի

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter