ՀԱՑԸ ԲԱՐՈՒԹՅԱՆ, ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ, ՍԻՐՈ, ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ, ԱԶՆՎՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ Է
15.05.2014 09:23

Մարտի 8-ին Խանցք գյուղում կազմակերպվեց աննախադեպ միջոցառում՝ ԹՈՆՐԱՀԱՑԻ ՓԱՌԱՏՈՆ, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, երկրի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ։

Նախագահին թոնրատան մոտ դիմավորեց  ղարաբաղցի

այան։ Այնուհետեւ այան թոռնուհու հետ  հյուրերին ծանոթացրեց հաց արարելու դժվարին գործընթացին՝ հյուրասիրելով տաք ու անուշաբույր թոնրահացով։ Այս ամենը զուգացվում էր  զուռնա-դհոլի նվագակցությամբ։ Ներկաները այայի ուղեկցությամբ շարժվեցին դեպի դպրոցական շենքի բակ, ուր հավաքվել էին գյուղացիները։ Հայկական ազգային երգ ու պարով դպրոցի բակում դիմավորեցին բարձրաստիճան հյուրերին։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Ասկերանի ՄԵ կենտրոնի երիտասադրական հարցերի կազմակերպիչ Նինել Գաբրիելյանը.

- Այսօրվա տոնախմբությունը կոչված է պահպանելու արցախյան հինավուրց ավանդությունները՝ որպես մեր ժողովրդի հազարամյակների պատմության խոսուն փաստեր։ Մենք պարտավոր ենք դարձ կատարել դեպի մեր ակունքները, արժևորել դարերից եկող ավանդույթները՝ դրանք սերնդե-սերունդ փոխանցելով։ Չէ որ մեզանից յուրաքանչյուրը քաջ գիտակցում է, որ այսօր արցախցու համար առավել քան կարևոր է զինվորագրվել մեր ինքնության պահպանման գործին։

Խանցքում դեռևս վաղ առավոտյան օդը հագեցած էր թարմ թոնրահացի անկրկնելի բուրմունքով։ Թոնրատներում եռանդով հաց էին թխում գյուղի կանայք։ Եվ պատահական չէ, որ թոնրահացի տոնը կապակցվել է կանանց միջազգային տոնի հետ։ Սա հացի արարման գործում  կնոջ անփոխարինելի դերի վկայության ապացույցն է նաև։

Տոնախմբությունը շարունակվեց հաց արարողի ու հողի մշակի փառաբանմամբ, արցախյան խաղիկների գեղեցիկ կատարումներով, զուռնա-դհոլի, շուրջպարի ուղեկցությամբ։

ՙԹուռնավ հացը՚ երգի ներքո ազգային գոգնոցներով ու գլխաշորերով զուգված Խանցք գյուղի ամենատարբեր տարիքի 41 կանայք   խոնչաները լի հացով, կաթնահունցով, գաթայով ու ժենգյալով հացով՝ ներկաներին  հրամցրեցին իրենց հացեղեն ստեղծագործությունները։ Այան իր օրհնանքով հրավիրեց հյուրերին  համտեսելու խանցքեցի կանանց թխած հացը։ Դեպի երկինք նետելով ցորենի հատիկները նա խնդրեց ամենազոր Աստծուն, որպեսզի արցախցու արտերը բերքառատ լինեն, ամբարները լի ալյուրով, խոնչաները ծանրանան հացի առատությունից։

Խանցքում տնտեսությունների 99 տոկոսը թոնրահաց է թխում։

- Այսօրը մեզ համար ուրախալի ու նաև պարտավորեցնող է։ Քանզի նման տոնի սկիզբը դրվեց հենց մեր գյուղում։ Դա ամենևին պատահական և զարմանալի չէ։ Չնայած Խանցքը փոքր գյուղ է, սակայն այստեղ գործում է շուրջ 20 թոնրատուն։ Սա խոսում է նաև խանցքեցիների ավանդապաշտության մասին։ Ես իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում համագյուղացիներիս՝ փոխըմբռնման, ցանկացած հարցում աջակցելու, համախմբվածության համար։ Քանզի այսօր՝ գյուղ կանգի գերան կկոտրի ասացվածքն իրականություն դարձավ մեր գյուղի պարագայում։

Բազում ասացվածքներ, առածներ, կան հացի մասին։ Հացով նույնիսկ երդվում են՝ այս հացը վկա։ Իսկ որոշ ավանդույթներ՝ կապված հացի հետ պահպանվել են մինչ օրս։  Օրինակ՝ հացը դանակով չեն կտրում։ Դա մեղք է համարվում։

Համերգային ծրագիրը բացվեց  ՙԵրիտասարդական նախաձեռնություն՚ խմբի ազգագրական պարով։ Միջոցառման ընթացքում հանդես եկան Ասկերանի ՙԲերդ՚ համույթի երաժիշտները, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի՝ Նորագյուղի, Խնապատի և Նախիջևանիկի   մասնաճյուղերի սաները, ՙՄենք ենք, մեր սարերը՚ երգի-պարի պետական համույթը։ Իսկ Խանցքի դպրոցականները հանդես եկան ղարաբաղյան բարբառով խաղիկների և համագյուղացի, անվանի մանկագիր Գուրգեն Գաբրիելյանի բանաստեղծությունների արտասանությամբ։

Ազգային ոգով ու շնչով զարդարված դպրոցի բակում վառված խարույկի բոցերի հետ մեկտեղ երկինք էր բարձրանում հացի ու բազմաթիվ ազգային կերակրատեսակների  անուշաբույրը, գարնան շունչն ու ամենուր թևածող ուրախ տրամադրությունը։

Ներկայում Խանցք գյուղն ունի 63 տնտեսություն՝ 265 բնակիչ։ Գյուղացիները հիմնականում զբաղվում են հողագործությամբ ու անասնապահությամբ։ Խանցքում արտագաղթ չկա։ Գյուղը զարգացման մեծ հեռանկար ունի։ Նման մակարդակով կազմակերպված միջոցառումն էլ շատ մոտ ապագայում այստեղ կբերի բազմաթիվ զբոսաշրջիկների։

Հատկանշանական է նաև այն, որ այստեղ հաց են թխում գրեթե բոլորը՝ անկախ տարիքից։ Ամենաջահել հացթուխը քսանյոթ տարեկան է, ամենատարեցը՝ յոթանասունհինգ։

- Շուրջ յոթ տարի է, ինչ թոնրահաց եմ թխում։ Մեր հին հայկական ավանդույթների պահպանման հետ մեկտեղ, այն նաև լուրջ տնտեսում է։ Ուրախ եմ, որ հայկական ավանդույթների կրողն ու շարունակողն եմ,- հպարտորեն ասում է երեք երեխաների մայր 27 ամյա Ռենա Հայրապետյանը։

- Ինձ համար հաց արարելն Աստվածահաճո գործ է, ու այն կատարում եմ մեծ սիրով։ Իմ միակ մաղթանքն է ազգիս, որպեսզի նրա ամեն մի ընտանիքում ընդմիշտ հացի առատություն ու բարեբերություն լինի։ Քանզի մեզ՝ հայերիս մուրացկանություն անելը հարիր չէ,- ասում է Լարիսա Հարությունյանը, ով երկար տարիներ համայնքի հաշվապահն է եղել։

Երկրի նախագահի կողմից հացթուխ կանայք նվերներ ստացան։

Թող Հայոց աշխարհում հարատեւ խաղաղություն իշխի, իսկ ՀԱՑՆ էլ միշտ մեր սեղանների արքան լինի՝ խորհրդանշելով բարություն, սեր, ազնվություն, հավատարմություն ու հավատ վաղվա օրվա հանդեպ։

Վերջում ներկայացնենք մի դրվագ Պարույր Սևակի կյանքից։

Ոսկեհասկ գյուղում, վայելելով տատիկներից մեկի թխած անուշաբույր հացը՝ խոնարհումով համբուրում է նրա ձեռքերը, իսկ առավոտյան ուզում է տեսնել ցորենի արտը։

Հիանում է հացի անտառով.

-Սա կյանք է։ Եկա, որ բարի լույս ասեմ արտին։ Հացը լույսի հետ միայն կարող է համեմատվել։

Ապա հաղթական կանգնում է մի բարձր տեղ ու հուզված կանչում.

Բարի՜ լույս ա՛րտ, բարի՜ լույս կյա՛նք։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter