ԻՄ ՀՈԳՈՒՄ ԱՐԵՎ Է ՈՒ ԳԱՐՈՒՆ |
15.05.2014 09:41 |
Մարտի 26-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասադրության պալատում տեղի ունեցավ ՙԻմ հոգում արև է ու գարուն՚ խորագրով հանրապետական մրցույթ-ցուցահանդեսի եզրափակիչ փուլը։ Ցուցահանդեսին ամենատարբեր ժանրերի իրենց ձեռքի ու մտքի աշխատանքներն են ներկայացրել Արցախի անկախության համար մարտնչած ազատամարտիկներն ու ժամկետային զինծառայողները՝ 94 մասնակից Արցախի 35 բնակավայրից։ Ցուցասրահում տեղ էին գտել 200-ից ավելի ցուցանմուշներ, որոնցից յուրաքանչյուրն իր առանձնահատկությունն ուներ։ Այնտեղ և՛ մեր անցյալն էր, և՛ ներկան, և՛ ապագան։
Ցուցահանդեսը կազմակերպվել էր ԼՂՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության և ՙՄայրություն՚ ՀԿ համագործակցությամբ, ԼՂՀ մշակույթի և երիտասադրության հարցերի նախարարության, Արցախի ազատամարտիկների միության և ԼՂՀ շրջաների վարչակազմերի աջակցությամբ։ Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ անվտանգության խորհրդի նախագահ Մարատ Մուսայելյանը, պաշտոնատար այլ անձինք։ Բացման խոսքով հանդես եկավ Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտի ռեկտոր Յուրի Հովհաննիսյանը. -Արցախի պաշտպանության բանակը և նրա ազատամարտիկները պատվով են կատարել իրենց առջև դրված խնդիրը՝ ազատագրելով մեր պատմական հողերի մի մասը օտար լծից։ Հաղթանակած բանակի զինվորը նաև մտքի հզոր թռիչք ունի ու ստեղծագործելու հզոր ունակություն։ Այսօր մենք ականատես եղանք բազմաթիվ հրաշալի աշխատանքների ու կրկին համոզվեցինք, որ գեղեցիկը կփրկի աշխարհը։ Յու. Հովհաննիսյանը հյուրերին հրավիրեց դիտելու ցուցանմուշները։ Ցուցադրությունից հետո տեղի ունեցավ ցուցահանդես-մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Նախքան մրցանակաբաշխությանն անցնելը ԼՂՀ ՊԲ ՙԱսպետ՚ նվագախումբը ներկայացրեց հայրենասիրական երգեր, իսկ Ստեփանակերտի մշակույթի տան պարային խումբը հանդես եկավ ազգագրական պարերի գեղեցիկ կատարումներով։ Պարգևատրումներն ընդհատվում էին երաժշտական և ասմունքի ընդմիջումներով։ - Այսօր, իրոք, իմ հոգում արև է ու գարուն։ Քանզի մեզ հաջողվել է համատեղ ուժերով իրականություն դարձնել ցուցահանդեսի կայացումը։ Կազմակերպիչներիս համար կարևոր էր մեկ անգամ ևս արժևորել վետերան ազատամարտիկների, հաշմանդամների, ժամկետային զինծառայողների անփոխարինելի տեղն ու դերը, ովքեր այսօր էլ իրենց առօրյայով կարողանում են գեղեցկացնել ու հետաքրքիր դարձնել կյանքը,- իր խոսքում ասաց ՙՄայրություն՚ ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը։ Կազմակերպիչների կողմից սահմանված մրցանակներն առատ էին ու բազմազան՝ մեդալներ, դրամական պարգևներ, թանկարժեք նվերներ, պատվոգրեր։ Ասկերանի շրջանից առաջին տեղեր են գրավել Վալերի Պետրոսյանը (գ. Նորագյուղ) ՙԼավագույն պրոֆեսիոնալ լուսանկար՚ անվանակարգում և Արամ Մելքումյանը (գ. Խնապատ)՝ ՙՀայկական ազգային երաժշատական գործիքների քարոզման և պահպանման համար՚ անվանակարգում՝ արժանանալով մեդալների և պատվոգրերի։ ՙԳեղարվեստական փայտե աշխատանք՚ անվանակարգում Մարդի Աղաջանյանը (ք. Ասկերան) և ՙՀմուտ ձեռքեր՚ անվանակարգում Վիկտոր Սարգսյանը (գ. Պատարա) զբաղեցրել են մրցանակային 2-րդ տեղերը, արժանանալով նվերների և պատվոգրերի։ Իսկ Հադրութի շրջանի Արևշատ գյուղի ռուսաստանաբնակ մեր հայրենակից Վաչագան Արամի Ամիրջանյանի ներկայացուցիչ Մարատ Հասրաթյանը հովանավորի անունից ցուցահանդեսի մասնակից 10 հաշմանդամներին խրախուսեց դրամական պարգևներով։ Պարգևատրվողներից 6-ը մեր շրջանից էին. Էդվարդ Երամիշյան (Շոշ), Կամո Իսաբաբյան (Ակնաղբյուր), Վրեժ Մելքումյան (Խնապատ), Արման Բալայան (Խնձրիստան), Սլավիկ Բաղդասարյան (Ասկերան), Արամ Մելքումյան (Խնապատ)։ Նման ցուցահանդես Արցախում առաջին անգամ էր կազմակերպվել, ինչը չափազանց լարված աշխատանք էր պահանջում։ Համատեղ ուժերով, սակայն, հնարավոր եղավ այն իրականություն դարձնել և հանդիսատեսի դատին ներկայացնել հետաքրքիր ցուցանմուշներ։ Հուսանք, որ այն շարունակական բնույթ կկրի, իսկ մասնակիցները հաջորդ անգամ առավել կատարյալ ցուցանմուշներ կներկայացնեն։ Գուցե այս ցուցահանդեսը որոշ մասնակիցների համար մեկնարկ կհանդիսանա անհատական ցուցահանդեսներ կազմակերպելու և ներկայացնելու համար։ Ամեն դեպքում ցուցահանդես-մրցույթը կայացած է, լավագույնները՝ գնահատված։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|