ԱՎԱՆԴԱԿԱՆ ԴԱՐՁԱԾ ԾԱՌԱՏՈՒՆԿ
15.05.2014 09:56

Ապրիլի 7-ից հանրապետությունում հայտարարվել է բարեկարգման և սանիտարական մաքրման միամսյակ։ Սակայն Ասկերան քաղաքում գարնանամուտի հետ  հիշյալ աշխատանքները վաղուց են մեկնարկել։ Քաղաքի կենտրոնական փողոցները բարեկարգելուց զատ այստեղ ծառատնկման, կանաչապատման աշխատանքներ են ընթանում։ Ասկերանի կոմունալ տնտեսության տնօրեն Արմեն Բախշիյանի խոսքերով, հովանավորի միջոցով

1000 վարդի թուփ է ձեռք բերվել, որոնք շուտով իրենց համար հատկացված տեղը կզբաղեցնեն։ Իսկ կոմունալ տնտեսության ամեն մի աշխատող պարտքի մեծ զգացումով ու պատասխանատվությամբ կխնամի քաղաքում տնկված ամեն մի թուփ ու ծառ։

Ծննդով Խնապատցի, երևանաբնակ Հրայր Հովսեփյանը հարազատ ծննդավայրի համար բազմաթիվ բարեգործական աշխատանքներ է իրականացրել։ Ապրելով Հայաստանում նա հոգով ու սրտով միշտ իր հարազատ բնօրրանում է, ապրում է նրա հոգսերով ու միշտ պատրաստ՝ աջակցելու, օգնության ձեռք մեկնելու։ Այս անգամ էլ շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի առաջարկությանը՝ Ասկերան քաղաքում լայնածավալ կանաչապատման աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ՝ պատրաստակամություն է հայտնել անվճար տրամադրել 1000 հատ հոլանդական վարդի  թուփ։ Անշուշտ, տարիներ անց ծաղկանոցի վերածված Ասկերանը բոլորիս պարծանքը կլինի, և գովասանքի ու երախտագիտության խոսքեր կհղվեն բոլոր այն մարդկանց հասցեին, ովքեր իրենց անմիջական ներդրումն ունեցան հայրենապահպան այս ձեռնարկման մեջ։ Հիրավի, մարդկային վեհագույն արժանիքներից առաջնայինը հայրենասիրությունն է, որի շուրջ համախմբվում են դրական մյուս արժանիքները՝ դարձնելով հասարակ մահկանացուին կատարյալ, կատարած բան ու գործով՝ անմահ։ Նման մարդկանց թվին է պատկանում նաեւ Հրայր Հովսեփյանը՝ կատարած բազմաթիվ բարեգործություններով։

Ապրիլի 8-ին ծառատնկման աշխատանքներ ընթացան Ասկերան-Ստեփանակերտ մայրուղու աջակողմյան հատվածում՝ Ասկերանից մինչև Իվանյան։ Ծառատունկին մասնակցում էին վարչակազմի աշխատակազմի բաժինների, հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողները, Ն զորամասի զինվորները, Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանցիները։ Նրանք պարտքի մեծ զգացումով էին լծվել ազգանվեր այդ գործին։ Շուտով  ուսանողներ կդառնան և հաճախ կանցնեն այդ ճանապարհով ու հպարտությամբ կհամակվեն, որ այդ ծառերն իրենք են տնկել։  Ինչպես նշեց դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը, սա ոչ միայն ծառատունկ է, այլ հերթական հայրենասիրական դաս, որը գուցե ավելի ըմբռնելի ու մատչելի է դասա-րանում անցկացվող դասերից։

Զինվորականները սիրով են արձագանքել ծառատունկին մասնակցելուն։ ՙՏեսնելով, որ մեր տնկած ծառերը բողբոջել են հպարտություն կլինի մեզ համար, չէ որ իսկական տղամարդը նախ պետք է ծառ տնկի՚,- ասում են նրանք, որոնցից շատերը շուտով զորացրվելու են։

Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը գոհունակությամբ է նշում քաղաքի բարեկարգման ուղղությամբ կատարված  աշխատանքները, ինչպես նաև բոլոր կոլեկտիվների ակտիվ մասնակցությունը։ Բոլորն էլ մեծ սիրով ու պատրաստակամությամբ են մասնակցել հանրօգուտ այդ աշխատանքին, որի պտուղները քաղելու են տարիներ անց։ Չէ որ ամեն մի տնկված նոր շիվի շնորհիվ ավելի մաքուր կդառան մեր շրջապատն ու Երկիր մոլորակը։

Նախորդ տարում տնկված  ու արդեն բողբոջած տնկիների հարևանությամբ շուտով կաճեն նորերը։

Դեպի Ասկերան տանող ճանապարհը տարիներ հետո տեսնել կանաչապատ ու խնամված, իսկ Ասկերան քաղաքը՝  բարեկարգ եւ ծառ ու ծաղկով պատված. սա շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի մտահղացումն է, իսկ աշխատանքներն իրականցվում են նրա անմիջական մասնակցությամբ։

Ազգանվեր այս ձեռնարկումը հայրենասիրության յուրօրինակ դրսևորում է։ Ու թող հնչի որպես օրհնանք՝ Հայրենիքիս դալար շիվեր, աճեք, զորանաք, ծառի նման ճյուղավորվեք և խոր ամրատներ ձգեք հայրենի հողում։

Իսկ պրիլի 12-ին Ասկերանում հայտարարվեց ընդհանուր սանիտարական մաքրման, բարեկարգման, նորատունկ ծառերի ու ծաղիկների խնամման օր։ Շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը նախօրոք հրավիրել էր խորհրդակցություն՝ վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչների, հիմնակ-ձեռնարկությունների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ յուրաքանչյուրը ստացել է համապատասխան հանձնարարական£ Աշխատանքներն անցան ուրախ և աշխույժ տրամադրությամբ, ինչին նպաստում էր նաև մշակույթի տան բակում հնչող հայկական հայրենասիրական երգ - երաժշտությունը։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter