ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ |
04.06.2014 17:29 |
Ապրիլի 2-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելեց Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղ։ Սարուշենցիները Նախագահին գյուղապետարանի շենքի մոտ դիմավորեցին ավանդական աղ ու հացով։ Գյուղի բնակիչների հետ տեղի ունեղած հանդիպմանը մասնակցում էին նաև ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք։ Համայնքի ղեկավար Վիրաբ Բալայանը ներկայացրեց ժողովրդագրական ու սոցիալ-տնտեսական որոշ ցուցանիշներ։ Սարուշենի համայնքն ունի 390 բնակիչ։ Գ. Այվազյանի անվան միջնակարգ դպրոցում կրթություն է ստանում 46 աշակերտ, դասավանդում՝ 21 ուսուցիչ։ Ուսումնական տարվա ընթացքում նորոգման աշխատանքներ իրականացնելու համար դպրոցին շինանյութ է տրամադրվել։ Քաղաքաշինության նախարարության հետ համատեղ կազմվել են չափագրման և նախագծա-նախահաշվային փաստաթղթեր՝ դպրոցի ջրահեռացման և հատակի փոխարինման աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ։ Այսքանով հանդերձ դպրոցական շենքն ունի կապիտալ նորոգման կարիք։ Ներկայում համայնքն ունի 0-6 տարեկան 37 երեխա, ուստի անհրաժեշտություն է առաջացել դպրոցում բացել նախապատրաստական խումբ, քանի որ համայնքում մանկապարտեզ չկա։ Սարուշենի գյուղապետարանը, որը տեղակայված է նախկին կոլտնտեսության վարչության շենքում, բավարար վիճակում է։ Գյուղում կապիտալ ներդրումների պատվերի շրջանակներում և այլ ֆինանսական միջոցներով զգալի աշխատանքներ են իրականացվել։ Համայնքի արդի հիմնախնդիրներն են գազիֆիկացումը, ջրամատակարարման համակարգի բարելավումը և դպրոցական շենքի վերանորոգումը։ Սարուշենցիների մեծ մասն զբաղվում է հողագործությամբ։ Սեփականաշնորհված 230հա հողատարածքների վրա 2014թ. բերքի տակ 100հա աշնանացան է կատարվել, գարնանացանի աշխատանքներն արդեն սկսված են։ Մսի իրացման հետ կապված մի շարք խոչընդոտներից ելնելով գյուղացիների մոտ 70 տոկոսն անասնապահությամբ չի զբաղվում։ Ինչպես մի շարք համայնքներում, Սարուշենում ևս հրատապ լուծում պահանջող խնդիրը մնում է խմելու ջրի հարցը, քանի որ մոտակա բնական աղբյուրներից երկուսը ցամաքել են։ -Ջրի, գազի, մանկապարտեզի ինչպես նաև մնացած բոլոր խնդիրները կլուծվեն,- ասաց Բակո Սահակյանը։- Սակայն գյուղաբնակների մոտ պետք է ձևավորվի ու արմատավորվի նոր մոտեցում՝ գյուղատնտեսական արտադրանքն ու մթերքներն սպառողին կատարյալ որակով եւ պատշաճ տեսքով ներկայացնելու համար։ Սարուշենն իր երկարամյա պատմության մեջ կգազիֆիկացվի առաջին անգամ։ Ինչպես նշեց ՙԱրցախգազ՚ ՓԲԸ գործադիր տնօրեն Սեյրան Միքայելյանը համայնքի գազիֆիկացման նախագծա-նախահաշվային աշխատանքները շուտով կավարտվեն ու կսկսեն շինմոնտաժային աշխատանքները։ Վերջերս Արցախում հաճախակի են նման ձևաչափերով հանդիպումներ կազմակերպվում, որոնց նպատակը մեկն է՝ տեղում ծանոթանալ համայնքների խնդիրներին, դրանք լուծելու համար համատեղ ուղիներ փնտրել։ Բակո Սահակյանը նշեց, որ սարուշենցիները պետք է կարողանան օգտվել բնության կողմից տրված բացառիկ հնարավորությունից, քանի որ գյուղը գտնվում է մայրաքաղաք Ստեփանակերտը Հադրութի և Մարտունու հետ կապող կարևոր մայրուղու վրա։ Բավականին աճել է նաեւ այս մայրուղով դեպի Ամարաս ու Արցախի այլ տեսարժան վայրեր այցելող զբոսաշրջիկների թիվը՝ ինչը լրացուցիչ նախադրյալներ է ստեղծում գյուղմթերքի իրացման եւ գյուղի զարգացման համար։ Սարուշենցիները մեծ ակնկալիքներ ունեին նախագահի հետ հանդիպումից, որոնք արդարեցվեցին։ Բոլոր խնդիրներին դրական լուծում տալու Արցախի Նախագահի խոստումները սարուշենցիների նոր լիցքեր հաղորդեցին՝ գյուղատնտեսական աշխատանքներին ամենայն լրջությամբ ու նորովի մոտենալու համար։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|