ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ ԱՊԱԳԱՅԻ ՈՒ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱÜ |
04.06.2014 17:44 |
Դպրոց-հասարակություն-բանակ կապի ամրապնդմանն ուղղված մեր շրջանում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում. այցելություններ տարբեր զորամասեր, զորամասերի ներգրավում շրջանի հասարակական աշխատանքներին, տոնական միջոցառում-ներին և այլն։ Նման հանդիպումների նպատակն այդ կապի ամրապնդումն է, ինչպես նաև ուղիներ փնտրելն ու այն ավելի սերտացնելն է։ Հերթական նմանատիպ միջոցառում կազմակերպվեց Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում §Մայրություն¦ ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանի նախաձեռնությամբ՝ կլոր սեղանի տեսքով։ Քննարկմանը մասնակցում էին ուսուցիչներ, ծնողական խորհրդի նախագահներ, ինչպես նաև Ստեփանակերտի No 8 ավագ դպրոցի (դասղեկ Լիլիա Վարդանյան) և հյուրընկալ ուսումնական հաստատության բարձր դասարանցիները: Ողջունելով օրվա միջոցառման կազմակերպիչներին՝ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Կառլեն Մայիլյանը մեկ անգամ ևս կարևորեց բանակ-դպրոց-հասարակություն կապի անհրաժեշտությունն, ինչպես նաև կարևորեց կնոջ դերը ինչպես հայոց դարավոր պատմության մեջ, այնպես էլ ներկայում։ - Հանդիպման նպատակը պետականաշինության գործին մատաղ սերնդին մասնակից անելն է, լավ ապագա, լավ հիմք ստեղծելն է հանուն Արցախ աշխարհի բարեկեցիկ ապագայի։ Մեզ համար մեր երկիրն անշուշտ ամենագեղեցիկն է, ամենալավը, ու այդպիսին տեսնելու համար կարևոր է աճող սերնդին ճիշտ ուղղությամբ տանելը,- ասաց Հասմիկ Միքայելյանը։ Թեման արդիական և հոգեհարազատ էր հանդիպման մասնակիցների համար։ Բոլորս էլ հպարտ ենք մեր հզոր բանակով, նրա սահմաններն անառիկ պահող իր մարտունակ ու կարգապահ զինվորներով։ Եվ պատահական չէ, որ դպրոց-բանակ-հասարակություն եռամիասնության գագաթնակետը հենց հայրենասիրությունն է։ Կրթության բաժնի գլխավոր մասնագետ Սվետլանա Ասրյանը խոսելով հայկական հեռուստատեսությամբ ցուցադրվող ցածրորակ սերիալների մասին, փաստեց, որ դրանք դաստիարակչական ոչինչ չեն կարող տալ մատաղ սերնդին՝ հայկական ավանդական ընտանիք ստեղծելու համար։ Իսկ ազգի հարատևության գրավականը հզոր և ամուր ընտանիքն է նախ։ Նա կարևորեց նաև հայ կնոջ վճռորոշ դերը մեր կյանքում։ Դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը կարևորելով նաև ընտանիք-դպրոց-աշակերտ կապը նշեց. -Շատ կարևոր է, որպեսզի երեխան մինչև դպրոց հաճախելն իր մեջ ունենա հայրենասիրության սերմեր, որոնք խոստանում ենք աճեցնել դպրոցում։ Այստեղ կարևոր է ծնող-դպրոց ամուր կապը, առանց որի ցանկալի արդյունքի հասնել դժվար կլինի։ Արցախցու տոկուն ոգին, որ յուրաքանչյուրս էլ ունենք՝ գալիս է մեր մայրերից։ -Խոսելով մեր փառավոր հաղթանակներից, կարող ենք ասել, որ մեր սերունդը ծնունդ է առել հրդեհներում, պայքարներում։ Իմաստավորելով Արցախ աշխարհի արժանիքները՝ յուրաքանչյուր երիտասարդ պարտավոր է իրազեկ լինել իր պետության և հասարակության հիմնախնդիրներին և աշխատել հնարավորինս օգտակար լինել։ Համոզված եմ՝ յուրաքանչյուր երիտասարդի մեջ հայրենասիրության կայծ կա, ուղղակի պետք է ստեղծվեն նպաստավոր պայմաններ՝ դրանք հրդեհի վերածելու և այն միշտ շեջ պահելու համար,- ասաց Ասկերանի ՄԵ երիտասարդության հարցերի կազմակերպիչ Նինել Գաբրիելյանը։ Ավագ դասարանի տղաներն այնքան էլ ակտիվություն չցուցաբերեցին՝ նախընտրելով լռությունն ավելին է ասում, քան բազում խոսքերը։ - Հայրենասիրական դաս յուրաքանչյուր սերունդ անշուշտ պետք է ստանա, քանզի ահա որերորդ սերունդն է, որ իր նախնիներից մաքառումների գնով է հայրենիք ստանում։ Մենք հաճախ ենք հայրենասիրական թեմաներով դասեր անցկացնում ու դրանցից մեկի ժամանակ, երբ հարցրեցի ավագ դասարանի տղաներին, արդյոք պատրաստ են ծառայել հայրենիքին, հնչեց՝ միանշանակ, մեր հայրենիքը մեր կրծքով ենք պաշտպանելու և մեր նախնիներից հետ չենք մնալու։ Կյանքն էլ ապացուցել է այդ պարզ ճշմարտությունը։ Արցախյան ազատամարտին մեր շրջանավարտներից շատերն են մասնակցել, որոնցից շատերն իրենց կյանքի գնով մեզ ազատ ու անկախ հայրենիք են նվիրել։ Նորօրյա սերնդին մենք դաստիարակում ենք այդ անձնուրաց երիտասարդների սխրագործություններով։ Հայրենասիրությունը վերացական չէ, եթե մարդն իրեն վստահված գործը լավ է կատարում, դա ևս հայրենասիրություն է,- ասաց հայոց լեզվի և գրանակության ուսուցչուհի Սիլվա Ջհանգիրյանը։ Հայեցի դաստիարակության և հայ մնալու համար նախ պիտի կարողանալ համադրել մեր ազգայինը նորին, պահպանելով այն սովորույթները, որոնք ավանդ ենք ստացել մեր նախնիներից ու պարտավոր ենք ժառանգել մատաղ սերնդին։ - Ուզում եմ ի լուր բոլորի հայտնել, որ մենք այնքան լավ երեխաներ ունենք, որոնցից ես ուժ ու եռանդ եմ ստանում։ Համամիտ եմ հնչած բոլոր կարծիքների ու պնդումների հետ։ Ավելացնեմ, որ ում սրտում, ում հոգում երգ չկա նա չի կարող բարիք բերել մեր հասարակությանը, մեր երեխաներին, քանի որ այդ նրանք են ամենազուլալը, ամենաշիտակը, ամենամաքուրը, և մենք նախ պետք է սովորենք նրանցից։ Ուսուցիչն էլ պարտավոր է իմանալ ու բացատրել §Ինչ-որ բան սխալ է¦ հարցի պատասխանը, որը հուզում է երեխաներին։ Մանավանդ այսօրվա պայմաններում, երբ ծայրահեղ աղքատության կողքին իրենց ունեցվածքը ցանկապատած ունեևորներն են։ Իսկ երեխաներն այդքանը տեսնում, հասկանում են։ Մնում է հավատալ, իսկ ես հավատում եմ, որ կյանքում բարին կհաղթի,- ասաց դպրոցի հայոց լեզվի և գարականության ուսուցչուհի Ամալյա Շիրոյանը։ Քննարկման մասնակիցները, հիրավի, բազում հարցերի պատասխաններ ստացան այդ օրը, իսկ մատաղ սերունդը գիտակցեց, որ ինքն է լինելու Արցախի կայուն ապագայի երաշխավորը, պահապանն ու պատասխանատուն։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|