ՊԱՀԱՆՋԱՏԻՐԱԿԱՆ ՋԱՀԵՐԹ |
04.06.2014 17:47 |
Ապրիլի 23-ին Հայ Հեղափոխական Դաշնակցության Արցախի երիտասարդական և §Արամ Մանուկյան¦ ուսանողական միությունների նախաձեռնությամբ Ասկերանում մեկնարկեց ավանդական դարձած պահանջատիրական ջահերթ՝ նվիրված 20-րդ դարասկզբի Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության՝ Հայոց Մեծ Եղեռնի 99-ամյակին: Երթին մասնակցում էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, վարչակազմի աշխատակազմի բաժինների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, աշխատակիցներ, Ասկերանի, Իվանյանի, Բերքաձորի, Խնապատի, Աստղաշենի դպրոցների աշակերտներ, Մարտակերտի և Մարտունու շրջաններից ժամանած երիտասարդներ, երիտասարդական և հասարակական կազմակերպությունների անդամներ: Մասնակիցները հավաքվել էին Փետրվարի 22-ի հրապարակում, որտեղ և անցավ պահանջատիրական միտինգը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՅԴ Ասկերանի կոմիտեի ներկայացուցիչ Գեղամ Գրիգորյանը. - Սիրելի հայրենակիցներ, այսօր այն օրն է, որ պետք է ամբողջ հանրությանը հասկացնենք, որ հայ ազգն ապրել է ահավոր մի ցեղասպանություն: Դա մի ոճրագործություն էր, որն այն ժամանակներում դեռևս անուն չուներ: Օսմանյան կայսրությունում սպանդի ենթարկվեց 1.5 միլիոնից ավելի հայ, շուրջ մեկ միլիոն հայ էլ սփռվեց աշխարհով մեկ: Սակայն մենք չենք հուսալքվում, մեր պայքարը հավերժական է և ունենք մի մեծ նպատակ՝ ազատ ու միացյալ Հայրենիքի կերտումը: Համոզված եմ, որ մի օր կիրականանա մեր բաղձալի նպատակը: Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանն իր ելույթում փաստեց. -Ամբողջ աշխարհը պետք է իմանա, քանի կա հայը, նա միշտ պահանջատեր է լինելու: Մենք պահանջում ենք գազանի կողմից զավթված մեր հողերը, ունեցվածքը: Թուրքը պետք է վարձահատույց լինի, ինչի համար մենք պարտավոր ենք բռունցքվել և լինել միասնական ու ողջամիտ: Մենք իրավունք չունենք խաբվելու Թուրքիայի այսօրվա իշխանությունների մեղայական ուղերձներով, քանզի շարունակվում են հայատյաց և ցեղասպան քաղաքականության դրսևորումները, որի վառ օրինակը Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում Թուրքիայի մասնակցությամբ հայերի նկատմամբ իրականացված ահաբեկչական գործողություններն են: Այսօր մեր վշտի կրակը ոչ թե մարում, այլ ավելի է բորբոքվում և վերաճում անմարելի ցասման: Պարտավոր ենք լինել մեր իրավունքների պահանջատերը և կհանգստանանք լոկ այն դեպքում, երբ մեր եռագույնը ծածանվի Մասիսի վեհ գագաթին: Ողջունում եմ այն փաստը, որ տարեցտարի ավելի են ստվարանում ջահակիրների շարքերը, սաստկանում ցեղասպանությունը դատապարտող կոչերը: Կոչ եմ անում երիտասարդներին անձեռնմխելի պահել հայրենի հողը, ոգու ուժը և հիշել, որ թշնամին մշտարթուն է: Ելութներ ունեցան նաև Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Վիգեն Գաբրիելյանը, Ասկերանի ՄԵ կենտրոնի երիտասադրության հարցերի կազմակերպիչ Նինել Գաբրիելյանը, ովքեր իրենց ելույթներում դատապարտելով ցեղասպանությունն ու նրա կազմակերպիչներին, նաև հույս հայտնեցին, որ կգա այն օրը, երբ թուրքը պատասխան կտա իր ոճրագործությունների համար: Ջահերթի մասնակիցները դատապարտող պաստառներով, §Ճանաչում¦, §Հատուցում¦ վանկարկելով շարժվեցին դեպի Ասկերանի բերդի մատույցները, որտեղից ավտոշարասյունով շարժվեցին դեպի Ստեփանակերտ՝ միանալու Սուրբ Հակոբ եկեղեցու բակում հավաքված հարյուրավոր պահանջատերերին: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|