ՄԵԾԱՐՎՈՒՄ Է ՆԱ, ՈՎ ԱՐԺԱՆԻ Է ՄԵԾԱՐԱՆՔԻ
04.06.2014 17:49

    Մայիսի 8-ին Ասկերանի շրջանի Պատարա գյուղում տոնական տրամադրությունն էր իշխում: Հիրավի, դժվար է նկարագրել բերկրանքի ու պարծանքի միահյուսված այն զգացմունքները, որոնք շողում էին յուրաքանչյուր պատարեցու դեմքին: Նրանք անսքող ուրախությամբ սպասում էին անակնկալների և դպրոցի բակը թնդացնում խինդ ու ծիծաղով: Ուրախ էին և հպարտ. չէ որ այսօր մեծարվելու է մի մարդ, ով իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է հարազատ հողին, ժողովրդի անվտանգության ապահովմանն ու նրա փրկության գործին: Նա կարողացել է ճիշտ ժամանակին գիտակցել

ժամանակի ու պահի պահանջը: 

Կարեն Վերդիի Արզումանյան. մեծատառով մարդ, §Մարտական խաչ¦ երկրորդ աստիճանի ասպետ, քաղաքական և տնտեսական ղեկավար, լավագույն հայր և ընտանիքի ղեկավար. ահա այն հատկանիշները, որոնք բնորոշ են մեծարանքի արժանացած Կարեն Արզումանյանին:

Մեծարման ցերեկույթը կազմակերպվել էր ԼՂՀ ՊԲ և ԿԳ նախարարությունների համատեղ հրամանի շրջանակներում: Մասնակցում էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը, Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, Ասկերանի Ն զորամասի հրամանատար Ջալալ Հարությունյանը, զինվորականներ, հյուրեր:

Մասնակիցները ծաղիկներ դրեցին զոհված ազատամարտիկների պատվին կառուցված հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց անմար հիշատակին:

Բացման խոսքով և զեկույցով հանդես եկավ Աստղաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Սլավա Գրիգորյանը.

-Կարեն Արզումանյանը ծնվել է 1961 թվականի հուլիսի 20-ին, Ստեփանակերտի շրջանի Բադարա գյուղում՝ մանկավարժներ Վերդի Արզումանյանի և Լիդա Հարությունյանի ընտանիքում: Նրա անհոգ մանկությունն անցել է հարազատ գյուղի կախարդիչ և հեքիաթային բնության մեջ, որտեղ էլ փոքրուց նրա մեջ ձևավորվել են հայրենասիրության և ազգասիրության առաջին զգացումները:

1968 թվականին ընդունվել է տեղի միջնակարգ դպրոցի առաջին դասարանը և 1978 թվականին ավարտել այն: Նույն տարում ընդունվել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի  §Ֆինանսներ և կրեդիտ¦ բաժինը և այն ավարտել 1982 թվականին:

Ինստիտուտն ավարտելուց հետո երիտասարդ մասնագետին հնարավորություն ընձեռվեց բնակություն հաստատել և աշխատել Երևանում, սակայն նա հրաժարվեց այդ հնարավորություններից և վերադարձավ հարազատ գյուղ ու աշխատանքի անցավ ԼՂԻՄ բանկի Ասկերանի շրջանային մասնաճյուղում: Տեսնելով եռանդուն երիտասարդի նվիրական աշխատանքը և նրա կազմակերպչական ունակությունները՝ Ասկերանի շրջկոմի ղեկավարությունը նրան երաշխավորում և աշխատանքի է ընդունում կոմերիտմիության շրջկոմում որպես հրահանգիչ, այնուհետև՝ քարտուղար: Հենց այդ տարիներին երիտասարդի հոգում լայն թափ է ստանում սեփական ժողովրդի ազատության և անկախու-թյան համար պայքարելու զգացումը:

Գաղտնի պայմաններում սկսվում են Արցախը Մայր Հայաստանին միացնելու ստորագրահավաքները, որոնցում իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում Կարեն Արզումանյանը: Մի խումբ ակտիվիստների հետ միասին արհամարհելով ամեն մի վտանգ՝ նա շարունակում է տարբեր գյուղերում իրականացնել քարոզարշավներ: Թեպետ դանդաղ, սակայն Շարժումն աստիճանաբար մտավ բնականոն հունի մեջ: Բնականաբար, թուրքը քնած չէր և Արցախի ժողովրդին ահաբեկելու նպատակով 1988 թվականի փետրվարի 22-ին կազմակերպվեց Աղդամից դեպի Ասկերան թուրք ջարդարարների արյունոտ երթը։ Առաջին ընդհարումն  ավարտվեց մեր ժողովրդի հաղթանակով, որում իր ներդրումն ունեցավ նաև Կարեն Արզումանյանը: Մեր ժողովուրդը համոզվեց, որ պատերազմն անխուսափելի է և  տղաները սկսեցին նախապատրաստական աշխատանքներ տանել զենք հայթայթելու ուղղությամբ: Առաջինների շարքում էր նաև Կարենը: Նա ձեռնամուխ եղավ Բադարայում ինքնապաշտպանական ջոկատի հիմնադրմանը՝ ամուր կապ պահելով մյուս գյուղերում կազմավորվող ինքնապաշտպանական ջոկատների հետ:

Ջոկատների միակ նպատակը բնակավայրերի և բնակչության անվտանգության ապահովումն էր և տնտեսությունների ռիթմիկ ընթացքի պահպանումը: Բազմաթիվ անգամ Կարեն Արզումանյանի գլխավորությամբ ջոկատն ապահովել է վար ու ցանքի, խոտհարքի և մյուս այլ միջոցառումների ժամանակ ժողովրդի անվտանգությունը:

Աստիճանաբար դեպքերն ավելի բուռն էին զարգանում: Անպատիժ մնալով Սումգայիթում և Բաքվում իրականացրած ոճրագործությունների համար՝ թուրքերն ավելի ակտիվացան Արցախի ադրբեջանաբնակ բնակավայրերում: Պատարայի հարևանությամբ §Լեսնոյե¦ կոչվող թուրքաբնակ որջը դարձել էր ենթաշրջանի գլխին մի պատուհաս, որի վերացման անհրաժեշտությունը ժամանակի պահանջ էր: Կարեն Արզումանյանի և մյուս նվիրյալների միջոցով մշակվեց այդ տեղամասի ազատագրման օպերացիան և երկարատև հետախուզական գործողություններից հետո իրականացվեց 1991թվականի դեկտեմբեր ամսում, որը եղավ Արցախյան պատերազմի հաղթանակների փայլուն էջերից մեկը:

Պատերազմական գործողությունները բուռն ընթացք ստացան: 1992Ã. վերացվեցին մի շարք կրակակետեր, որոնց իր մասնակցությունն ունեցավ նաև Պատարայի ջոկատը:

1992 թվականի մայիսին իրականացավ հայ ժողովրդի սրտի խորքում պահպանված իղձը՝ ազատագրվեց մեր հինավուրց Շուշին, որի հետ միասին ենթաշրջանի ջոկատների համատեղ գործողությունների արդյունքում ազատագրվեցին Կարագյավ, Քյոսալար, Ջամիլլու ադրբեջանաբնակ գյուղերը, որոնց ակտիվ մասնակցում և որոշ տեղամասեր ղեկավարում էր Կարեն Արզումանյանը:

Մեկը մյուսի հետևից ազատագրվեցին Լաչինի գյուղերը և Արցախը միացավ մայր Հայաստանին: Ազատագրվեցին Քարվաճառը, Մարտակերտը: 1992-ին արդեն ենթաշրջանի ջոկատների միավորումից կազմավորված 34-րդ գումարտակը վերահսկում էր մեր սահմանային մատույցները Քարագլխի տեղամասում: Արյունալի և կատաղի մարտեր էին մղվում այդ տեղամասում գումարտակի մասնակցությամբ, որի հրամանատարը Կարենն էր:

Կարեն Արզումանյանը մասնակցել է Աղդամի, Մարտակերտի, Քարվաճառի, Շուշիի, Լաչինի, Ֆիզուլիի և այլ բնակավայրերի ազատագրմանը:

1993 թվականին զորացրվելով՝ Կարեն Արզումանյանին վստահվում է Բադարա և Խանցք գյուղերի գյուղական խորհրդի նախագահի պաշտոնը, այնուհետև Բադարայի ԳԿ(Փ)Տ-ի նախագահի պաշտոնը, 1998 թվականին հողերի սեփականաշնորհումից հետո նա ընտրվում է Պատարայի համայնքի ղեկավար, որտեղ և աշխատում է առ այսօր:

Բազմաթիվ բնագավառներում նա իրեն դրսևորել է որպես օբյեկտիվ ու ճշմար-տախոս, նվիրված ու հայրենասեր, հոգատար ու բանիմաց անհատի և այդ արժանիքներով նա վայելում է բոլորի սերն ու հարգանքը: Ընտանիք կազմելով օրինակելի և իսկական հայուհու կեցվածք ունեցող Անահիտ Առստամյանի հետ՝ դաստիարակում է 6 զավակների: Արդեն պապիկ է, սակայն անսպառ են նրա ուժն ու եռանդը:

Հուզիչ էր մարտական ընկեր Հրաչյա Պետրոսյանի սրտի խոսքը.

-Այսօր մեծարելով մեր հրամանատարին՝ մեծարում ենք մեր ողջ գումարտակը, Պատարայի հասարակությանը: Այո՛, Կարենը կարողացավ իր շուրջը համախմբել գյուղի լավագույն տղաներին և այդ կերպ առաջին քարը դրեց բանակա-շինության գործընթացում, որի արդյուն-քում ունենք նման հզոր և անառիկ Հայոց բանակ: Կարենը կարողանում էր ուժ և հավատ հաղորդել բոլորիս: Նա իր բարձր կեցվածքով ու մարդկային բյուր արժեքներով վարակում էր տղաներին, որոնց մոտ ավելի էր բարձրանում միասնականության և համերաշխության ուժը:

Պատարայի ԱԱՄ նախագահ Կառլեն Խաչատրյանը շեշտեց.

-Քաջ ծանոթ եմ Կարենի անցած ողջ մարտական ուղուն: Այն երկար էր և դժվար, սակայն Կարենն անցավ անվարան և միշտ նայելով առաջ ու լցված լավատեսությամբ: Նա ոչ միայն լավ մարտական ընկեր է, այլ նաև Արցախի արժանվույն զավակ: Լավ ղեկավար է և ընկեր, հոգատար ծնող և ամուսին: Նրա հայրենասիրությունը երբեք չի վերջանում: Պատերազմից հետո Կարենը համոզվել և ցանկանում էր բոլորին ապացուցել, որ մենք պետք է շատանանք, որ ավելի հզորանանք: Դրա վառ օրինակն այն է, որ ունի 6 երեխա, որոնց դաստիարակում է նույն ոգով: Մենք ուրախ և հպարտ ենք, որ նա հասարակության կողմից սիրված և մեր երկրի իշխանությունների կողմից գնահատված անձնավորություն է: Իզուր չէ, որ արժանացել է §Մարտական խաչ¦ երկրորդ աստիճանի շքանշանի, բազմա-թիվ կառավարական և գերատեսչական մեդալների: Իմ և համայնքի բոլոր ազատամարտիկների անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեծարում են Կարեն Արզումանյանին:

Անչափ հուզիչ էր հերոսի մայր Լիդա Հարությունյանի ելույթը: Նա, ով կարողացել է դաստիարակել նման որդու, այսօր մեծագույն հպարտությամբ և ակնհայտ հուզմունքով է նշում.

-Հպարտ եմ, որ ամուսնուս հետ միասին կարողացել ենք մեր որդուն տալ արժանի դաստիարակություն, սերմանել նրա մեջ ազնվություն, քաջություն և այն ամենը, ինչ հարիր է իսկական հայորդուն: Այս մեծարանքը ոչ միայն իմ որդունն է, այլ բոլոր նրա զինակից ընկերներինը, որոնցից շատերն իրենց կյանքն են զոհել հանուն Արցախի:

Կարենը շատ երկար և խրթին ճանապարհ է անցել՝ ֆիդայինից մինչև հրամանատար և միշտ մենք նրան նեցուկ ենք եղել, թերևս այդ հոգեբանական օգնությունն է ամուր պահել բոլոր տղաներին: Ես հպարտ եմ քեզանով, որդի՛ս և ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել քեզ մեծարողներին: Անշուշտ, այսօր մեծարվեց ողջ Պատարան:

Միջոցառմանը մեծ շուք հաղորդեցին զինվորների խրոխտ երգերն ու հայրենասիրական պարերը: Նրանց կատարումները լի էին զգացմունքներով, պատվախնդրությամբ: Չէ որ իրենց համար մեծ պատիվ էր լինել Արցախյան պատերազմի մասնակիցների կողքին, զգալ նրանց երբեք չմարող մարտական ոգին և հույզերը: Իսկ դպրոցի աշակերտների ելույթներում երևում էր այն վստահությունն ու սերը, որ տածում էին մեծ հայրենասերի, ծնողի և պարզապես լավ մարդու հանդեպ.

Դու մեր պայքարի ամբողջ ժամանակ,

Եղել ես միշտ կրակի գոտում,

Բոցերի միջով քայլել ես առաջ,

Ու քո հետևից գրոհի տարել

Անթիվ, աննահանջ քո ընկերներին…

Հիրավի, հաճելի է, երբ քո հասցեին լսում ես բազմաթիվ գովեստի և մեծարանքի խոսքեր, իսկ երբ այն լսում ես քո հարազատ ժողովրդից ու մարտական ընկերներից, ավելի ես համոզվում. զուր չեն անցել քո տարիները և դու նվաճել ես լիիրավ երջանիկ լինելու իրավունքը:

-Այսօրվա միջոցառումը միայն իմ պատվին չէ, այլ բոլոր այն տղաների, ովքեր զոհվել են  և ովքեր այստեղ նստած են մեզ հետ: Ընկանք հիշողությունների գիրկը, վերապրեցինք անցածը և չնայած դաժան օրեր էին, սակայն ակնառու էր համերաշխությունը, կամքի ուժը, հայրենասիրական գաղափարները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ մարտական ընկերներին, որոնց հետ անցել ենք այս դժվարին ճանապարհը և հասել բաղձալի հաղթանակի: Սիրելի՛ զինվորներ, մենք հիացած ենք ձեզանով և համոզված եղեք, հարկ լինելու դեպքում մենք՝ վետերաններս միշտ կլինենք ձեր կողքին,- նշեց օրվա հերոսը:

Վերջում Կարեն Արզումանյանը նվերներ ստացավ շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի, Ասկերանի Ն զորամասի հրամանատար Ջալալ Հարությունյանի, մարտական ընկեր Կառլեն Խաչատրյանի և Աստղաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Սլավա Գրիգորյանի կողմից:

Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը շնորհավորելով օրվա հերոսին՝ միաժամանակ փաստեց, որ Կարեն Արզումանյանը ոչ միայն Արցախյան պատերազմում էր առաջիններից, այլև շարունակում է մնալ իր բարձրության վրա որպես համայնքի ղեկավար:

Ինչ խոսք, իմաստավորվեց օրվա միջոցառումը: Մեծարվեց ռազմական ինքնուս տաղանդ ունեցող, զինվորների նկատմամբ հոգատար վերաբերմունքով լցված, մարդկային ամենավեհ արժանիքներով օժտված Կարեն Արզումանյան-մարդը:

Ցանկանում եմ իմ այս հոդվածն ավարտել Պատարայի միջնակարգ դպրոցի տնօրեն Արտուր Ջհանգիրյանի խոսքերով.

-Երբ տարիների հեռվից հետադարձ հայացք ենք ձգում այն հերոսամարտերին և մտածում, թե այդ ի՞նչ ուժ էր, որ մեր տղաներին ստիպեց առյուծի նման ոստնել իրենցից հարյուրապատիկ ավել թշնամու դեմ ու…հաղթել… Այսօր մենք ունե՛նք այդ հարցի պատասխան.

- Այդ ուժը դու՛ էիր հրամանատար…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter