ԽԱՉՔԱՐ - ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԲԱՑՈՒՄ ՈՒՂՏԱՍԱՐՈՒՄ |
04.06.2014 17:56 |
Հայն իր դարավոր պատմության ընթացքում մի ձեռքում զենք է բռնել, մյուսով եկեղեցիներ, հուշարձաններ, ամրոցներ, բերդեր կառուցել։ Ու որքան շատ են եղել Հայոց աշխարհին տիրանալ ցանկացողները, այնքան անդադրում է աշխատել հայ շինականը։ Հաղթանակների հետ բազմապատկվել է հայ մարտիկի կառուցելու, նորը արարելու ձիրքը։ Ու նորանոր բնակավայրերում վեր խոյացան բազմաթիվ հուշարձաններ՝ անհավասար մարտերում անմահացած քաջ մարտիկների հիշատակի անխոս վկաներ։ Օրերս դրանց թիվն ավելացավ ևս մեկով։ Այս անգամ ԱԱՄ աջակցությամբ և ուղտասարցիների մասնակցությամբ՝ Արցախյան ազատամարտում նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձան կառուցվեց Ուղտասարում։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Բաղրյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք։ - Արցախյան ազատամարտի տարիներին ոտքի ելավ ողջ հայությունը, որոնցից շատերի անունները ոսկե տառերով գրվեցին հայոց պատմության ձեռագրամատյանում։ Շատերն էլ ապրելով մեր կողքին համեստաբար լռում են իրենց կատարած սխրագործությունների մասին։ Մեր հանգանքը տածելով հերոսական անցյալի՝ հերոս տղաների թողած հաղթական ժառանգության հանդեպ, բոլորիս պարտքն է պահպանել այդ հարուստ ժառանգությունը։ Վերաբնակեցվող Ուղտասարում ևս պատվի խնդիր էր հուշարձան ունենալը։ Գյուղում խաչքար տեղադրելն իր մեջ մարմնավորում է գյուղացիների համախմբվածությունը նաև,- ասաց Ուղտասարի հիմնական դպրոցի տնօրեն Վլադիմիր Հակոբջանյանը՝ հանդիսավոր միջոցառումը հայտարարելով բացված։ Ապա հնչեց Արցախի պետական օրհներգը։ Ելույթի համար խոսքը տրվեց Ուղտասարի հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Էլլադա Աղասյանին։ - Արցախյան ազատամարտը շատ հերոսներ ծնեց, ովքեր չերկմտացին զենք վերցնել և ադրբեջանցի հրոսակին մեկընդմիշտ վտարել հայրենիքի սահմաններից։ Այսօր այս համայնքը ծաղկունք է ապրում։ Տարեցտարի ավելանում է նրա բնակիչների թիվը։ Այն զարգանալու մեծ հեռանկար ու առաջընթաց ունի։ Լիահույս ենք, որ ընթացիկ տարին առավել հաջողակ կլինի ու կհաջողվի նախորդ տարիների ձեռքբերումները կրկնապատկել։ Այս համայնքում մեծացած տղաներն արդեն պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները։ Նրանք այն սերունդ են, որոնց ապրած տարիներին հայ ժողովուրդը միայն հաղթանակներ է տոնել, ում համար ապրիլի 24-ը վաղուց արդեն ոչ թե ազգային ողբի, այլ ազգային ոգեշնչման ու պահանջատիրության օր է։ Այս համայնքում աճում է մի սերունդ, ով պատրաստակամ է հերոս պապերից ժառանգություն ստացած անկախ հայրենիքը հարկ եղած դեպքում կրծքով պաշտպանելու, այն ավելի հզորացնելու։ - Բոլորս էլ քաջատեղյակ ենք, որ դարեր շարունակ այս հողերը հայկական են եղել ու միայն 20-րդ դարասկզբին այն բռանկցվել է Ադրբեջանին։ Մեզ պարտադրված պատերազմում բազում հայորդիների արյան գնով ձեռք բերվեց հաղթանակն ու ազատագրվեցին հայկական հողերը։ Այսօր հպարտության վեհ զգացում է համակում բոլորիս տեսնելով օր-օրի շենացող հայկական գյուղերը։ Բարեբեր է այս հողը, որի հետևում բանիմաց մշակներ են կանգնած։ Երախտագիտության խոսքեր միայն կարելի ասել բոլոր նրանց, ովքեր ձեռնամուխ են եղել այս հուշարձանի կանգնեցմանը՝ հայկական այս բնակավայրին հայեցի շունչ ու ոգի տալու համար,- ասաց Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը։ ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման անդամ Արմեն Գասպարյանը կարևորելով նաև հուշարձաններ ու խաչքարեր կանգնեցնելու միջոցով մատաղ սերնդին կրթելու և դաստիարակելու անհրաժեշտությունն՝ ասաց. - Այս հուշարձանը մխիթարանք կլինի քաջ նահատակների հարազատների, իսկ մեզ համար ազդանշան՝ մշտարթուն լինելու համար։ Շենացնելով ու զարգացնելով Արցախ աշխարհը մենք մեր հարգանքի տուրքը կմատուցենք անձնազոհ տղաների անմար հիշատակին։ Քանզի հայրենիքի ազատության փրկագինը նրանք արդեն վճարել են... Փառք ու պատիվ բոլոր անմահներին։ - Ուղտասարում՝ համայնքի ղեկավար Սամսոն Մեսրոպյանի գլխավորությամբ պարտքի մեծ գիտակցումով կցվեցին արցախյան ազատամարտում նահատակված հերոսների հիշատակին խաչքար կանգնեցնելուն։ Մենք իրավունք չունենք մեր հերոսական անցյալը մոռացության մատնելու, ու նաև հուշարձան կանգնեցնելով պետք է մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակենք։ Այսօր կյանքի կոչվեց մեր նվիրական երազանքներից ևս մեկը՝ մեր գյուղում նույնպես ունենալ նահատակ տղաների հիշատակը հավերժացնող սրբատեղի,- Ուղտասարի համայնքի բնակիչների անունից Արցախի ազատամարտի վետերանների միությանը, համայնքի ղեկավարին և բոլոր նրանց, ովքեր աջակցել են խաչքարի կանգնեցմանը, շնորհակալական իր խոսքում ասաց Արթուր Սարգսյանը։ -Այս օրերին Արցախում մայիսյան Եռատոնին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում։ Այս խաչքարի տեղադրումը Ուղտասարում յուրօրինակ հարգանքի տուրք է մի քանի սերունդների կռած հաղթանակների։ Ասկերանի շրջանում դեռևս վաղուց է մեկնարկել մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների շարքը։ Օրերս շրջանի ղեկավարության հետ միասին եղանք պաշտպանության բանակի զորամասերից մեկում, հետո նաև առաջապահ դիրքերում։ Գովասանքի արժանի այս ձեռնարկումն իրոք, մեծ գնահատանքի կարժանանա ներկա ու գալիք սերունդների կողմից։ Այս համայնքը ևս ունեցավ իր յուրօրինակ ուխտատեղին, որտեղ տոն և հիշատակի օրերին համայնքի բնակիչները ծաղիկներ կդնեն ի նշան երախտագիտության։ Մեզ համար ուրախալի է նման համախմբված համայնք ունենալը, քանզի այն, ինչ կատարվում է այստեղ՝ աստիճանաբար ճանապարհ է հարթվում համայնքի բնակչությունն ավելացնելու համար։ Այդ ամենից, իհարկե, պետությունն անմասն չի մնա։ Այս հող ու ջրի լիիրավ տերը մնալու համար անդադրում պետք է աշխատենք, արարենք ու ստեղծագործենք։ Հակառակ դեպքում անիմաստ կլինեն բոլոր այն սխրագործություններն ու զոհողությունները, որոնք կատարեցին մեր հերոս տղաները։ Ամուր ու անկոտրում կամք ձեզ՝ այս համայնքն էլ ավելի զարգացնելու գործում,- Արցախի հանրապետության իշխանությունների անունից շնորհավորանքի իր խոսքում ասաց ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ ԱԱՄ նախագահի հրամանագրով, մայիսյան Եռատոնին և Ուղտասարի համայնքում հուշարձանի բացման կապակցությամբ, աշխատակազմի ղեկավար Ռ. Բաղրյանը պատվոգրեր և թանկարժեք նվերներ հանձնեց ազատամարտի մի շարք վետերանների։ Ապա համայնքի հիմնական դպրոցի աշակերտները հանդես եկան արտասանություններով և հայրենասիրական երգերի կատարմամբ։ Ասկերանի հոգևոր հովիվ տեր Էմանուել քահանա Վարդանյանը կատարեց հուշարձանի օծման և օրհնության կարգ ու տերունական աղոթք ուղղվեց ամենակարող տիրոջը։ Այս խաչքարն այսուհետ սրբատեղի կդառնա համայնքի բնակիչների համար, ու կլինի հայ մարտիկների քաջագործությունների անխոս վկան։ Այսքանով հանդերձ սակայն չպիտի գոհանանք. հայկական խաչքարեր պիտի տեղադրվեն երբեմնի հայկական բոլոր հողերում, որպեսզի այս համայնքի նման նորից հայերեն շնչեն հողերը, հայերեն ծաղկեն գարունները, ծիծեռնակը բույն հյուսի հայերեն, առվակները քչքչան հայերեն, մշակը ցորենը հողին պահ տա հայերեն, եկեղեցու զանգերը ղողանջեն հայերեն... Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|