ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՌԱՏՈՆԴ, ԱՐՑԱ՛Խ
04.06.2014 17:58

  Հիրավի, մայիս ամսում հայ ժողովրդի կռած հաղթանակներն այսօր յուրաքանչյուր հայի սեփականությունն են։ Մայիսի 9-ին առավոտյան մարդաշատ էր Ասկերանը։ Փետրվարի 22-ի հրապարկում հավաքվել էին տոնելու մայիսյան եռատոնը։ Ահա հրապարակ են մտնում Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները՝ զինված փուչիկներով, ծաղիկներով,  ցուցապաստառներով և վանկարկելով ՙՀաղթանակ՚, ՙԿեցցե մայիսյան եռատոնը՚։ Ապա հաղթական քայլերգով հրապարակ են մտնում Ն զորամասի

զինվորները։

Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշահամալիրում շրջանի ղեկավարությունն ու ասկերանցիները թարմ ծաղիկներ և ծաղկեպսակներ տեղադրեցին՝ մեկ րոպե լռությամբ հարգելով նրանց անմար հիշատակը։

Ցավալի է, որ մեր ՀՄՊ վետերանների  շարքերը հետզհետե նոսրանում են։ Ասկերանում Մեծ հայրենականի միայն մեկ մասնակից է մնացել՝ Ալեքսանդր Ջհանգիրյանը, ով չնայած առողջական ոչ բարվոք վիճակին, այդ օրն իր մեծագույն պարտք էր համարում ներկայանալ և հարգանքի տուրք մատուցել բոլոր անմահացած ընկերների հիշատակին։

Հպարտ քայլերթով հրապարակով անցնում են արցախյան ազատամարտի վետերանները, որոնց ծաղիկներով դիմավորում են դպրոցականները։

Ապա ավտոմեքենաների շարասյունը ուղղություն է վերցնում դեպի Տանկ հուշահամալիր, որտեղ ևս թարմ ծաղիկներով ամփոփվում է գիտակցված մահվանն ընդառաջ գնացածների հիշատակը։

Իսկ Ասկերանի մշակույթի տան բակում հնչում էր հայկական ազգային երգն ու պարը։ Դպրոցականներն ուրախ շուրջպար էին բռնել՝ վայելելով հաղթանակի բերկրանքը։ Իսկ դիմացի հուշավահանակից հերոս ասկերանցիների անխոս, խաղաղ ու հպարտ հայացքներն են հսկում մեր անդորրն ու ասում. ՙԱմեն ինչ ճիշտ էր, հանուն այս օրվան արժեր կռվել ու զոհվել՚։

Ասկերանի շրջանի պատասխանատուները՝ վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի  գլխավորությամբ այստեղ ևս ծաղիկներ տեղադրեցին։ Ապա շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը հանդիսավոր միջոցառումը՝ նվիրված մայիսյան եռատոնին, հայտարարեց բացված։ Հնչեց Արցախի պետական օրհներգը։

Շրջանի բնակչությանը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ, Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի կազմավորման 22-րդ տարեդարձերի կապակցությամբ շրջվարչակազմի ղեկավար Ս. Գրիգորյանը շնորհավորական  իր ուղերձում մասնավորապես ասաց.

- Մայիսի 9-ը հայերիս համար առանձնահատուկ տոն է։

Գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում իր զգալի ներդրումն ունեցավ նաև հայ ժողովուրդը, իսկ 1992 թվականի մայիսի 9-ին ազատագրվեց հայոց բերդաքաղաք Շուշին։

Գարնանային այս օրն է ստեղծվել նաև մեր հաղթական Պաշտպանության Բանակը, որը հանդիսանալով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, այսօր էլ պատրաստ է արժանի հակահարված տալու թշնամուն։

Շնորհավորելով շրջանի բնակչությանը Եռատոնի առթիվ՝ միաժամանակ գլուխ եմ խոնարհում բոլոր այն նահատակների շիրիմների առջև, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին Հայրենիքի ազատությանը։

Մայիսյան Եռատոնը հայ ժողովրդի միասնական ոգու խորհրդանիշն է։

Շենացնենք մեր երկիրն ազգանվեր աշխատանքով։

Թո°ղ հայոց երկնակամարում հավերժ թևածի խաղաղությունը։

Ելույթի համար խոսքը տրվեց Ն զորամասի հրամանատար Ջալալ Հարությունյանին.

- Մեր բանակի կայացման ճանապարհին ընկած են անձնուրաց տղաների կյանքեր, ովքեր անհրաժշտաբար ծնված հերոսներ էին, որոնք չունենալով ռազմական կրթություն, մարտական փորձ, չունենալով ռազմարվեստի կայուն գիտելիքներ, ազգի գոյապահպանման ծանր պատասխանատվությունն ուսած, օրհասական պահերին մի ողջ զորագնդի դեր են խաղացել, իրենց մասնակցությամբ վճռել են ճակատամարտի ելքը՝ հավատի մոգական ուժով իրենց հետևից տանելով ժողովրդին։  Արկադի Տեր-Թադևոսյանը Շուշիի ազատագրման փայլուն ռազմագործողությունը միանգամայն ճիշտ ու պատկերավոր է բնութագրել. ՙՇուշիի ազատագրումով թշնամու ողնաշարը փշրվեց ֆիզիկապես ու բարոյապես, և միաժամանակ դրվեց արցախյան կանոնավոր բանակի հիմքը՚։ Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր ընկան քաջի մահով, ովքեր հաշմանդամ դարձան։ Փառք ու պատիվ բոլոր վետերաններին, ովքեր հարկ եղած դեպքում պատրաստ են կրկին զենք վերցնելու, նաև նրանց, ովքեր այսօր էլ անմնացորդ նվիրումով շարունակում են ծառայել հայոց բանակի շարքերում։

Ասկերանի զինկոմիսար Արծվիկ Գաբրիելյանը կարևորելով մայիս ամսվա դերը հայոց պատմության մեջ, նշեց, որ այն, իրոք, հաղթանակների ամիս է։ Նա հպարտորեն նշեց, որ  այսօր ավագ սերնդին փոխարինելու են գալիս  երիտասարդ հայրենասերներ, ովքեր պատվով են կատարելու իրենց առջև դրված պարտականությունները՝ փառավորելով նախնյաց անունն ու պատիվը։

Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանի ելութը հնչեց որպես կոչ՝ մատաղ սերնդին դաստիարակել վստահության ինքնագնահատականի բարձր աստիճանի գիտակցմամբ, քաջությամբ, միշտ հաղթող գտնվելու հաստատակամությամբ։

-Հայ ժողովրդի համար այսօր ցնծության օր է։ Մենք նոր դարաշրջան ոտք դրեցինք հաղթողի կեցվածքով։ Ուստի յուրաքանչյուրս մեր գործով ավելի շենացնենք Արցախ աշխարհը, ապրենք, արարենք ու հաղթանակներ տոնենք։ Որպեսզի լինենք առավել ուժեղ, քանզի թույլերը բարեկամներ չունեն երկրի վրա։

Ասկերանի ազատամարտկների միության անունից ներկաներին Եռատոնի կապակցությամբ շնորհավորեց Վիգեն Գաբրիելյանը՝ համոզմունք հայտնելով, որ պետք է այնպես անել, որպեսզի տարեց-տարի ավելի բարելավվեն հաղթանակած ժողովրդի սոցիալ-տնտեսական պայմանները։ Ինչպես նաև կոչ արեց ներկա սերունդին վառ պահել մեզ հաղթանակ պարգևած քաջամարտիկների հիշատակը և նրանց սուրբ գործի շարունակողը լինել։

Հանդիսավոր միջոցառման առաջին մասն ավարտվեց շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի և ԱԱՄ Ասկերանի տարածքային խորհրդի նախագահ Սամվել Աղաջանյանի Արցախյան ազատամարտի մի շարք վետերանների մեդալներով և պատվոգրերով պարգևատրելով։ Իսկ ՀՄՊ վետերան Ալեքսանդր Ջհանգիրյանը պարգևատրվեց պատվոգրով և դրամական պարգևով։

Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների երկրորդ մասը կայացավ երեկոյան՝ քաղաքային մարզադաշտում։ Այն սկսվեց Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի կողմից կազմակերպված ցուցահանդես-վաճառքով։

Ողջունելով և շնորհավորելով  ասկերանցիներին Եռատոնի կապակցությամբ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ասաց.

-Օրեր առաջ մեր Հանրապետությունում մեկնարկել են բազմաթիվ մշակութային և մարզական միջոցառումներ՝ նվիրված մայիսյան Եռատոնին։ Այդ միջոցառումներից անմասն չի մնացել Ասկերանի շրջանը, որտեղ կազմակերպված մի շարք միջոցառումների ներկա եմ գտնվել նաև ես։ Նմանատիպ միջոցառումները հարգանքի ու երախագիտության յուրօրինակ արտահայտում են այն մարդկանց, ովքեր հասել են մինչև Բեռլին՝ պաշտպանելով մեր մեծ հայրենիքը, բերդաքաղաք ու հայոց հինավուրց մայրաքաղաք Շուշին ազատագրած ու կայուն պաշտպանության բանակ ստեղծած անձնվեր մարտիկներին։

Ապա հայրենասիրական երգերի գեղեցիկ կատարումներով հանդես եկան ՙԲերդ՚ համույթի, Ասկերանի երաժշտական դպրոցի երեխաները, ՙԻրիքնակ՚ ինքնագործ խմբի մենակատարները։ Ազգային պարերի ինքնատիպ կատարումներով հանդիսատեսին ներկայացան Ասկերանի ՄՊՍԿ Խնապատի  մասնաճյուղի սաները (պարուսույց՝ Ռիտա Բեգլարյան), Ն զորամասի զինվորները։

Մարզական մի շարք միջոցառումներ նախօրոք էին մեկնարկել, իսկ ռազմականացաված կրոսավազքին, որին մասնակցում էին երկու զորամասերի զինվորներն ու Ասկերանի միջնակարգ դպրոցի աշակերտները՝ հանդիսատեսն ականատես եղավ։ Համառ ու անզիջում էր պայքարը, սակայն ակնհայտ առավելությամբ առաջին տեղը գրավեց Ասկերանի միջնակարգ դպրոցի թիմը (զինղեկ՝ Էրիկ Ապրեսյան)՝ արժանալով պատվոգրի և դրամական պարգևի։ Մայիսյան Եռատոնին նվիրված մարզական միջոցառումներում առաջնակարգ տեղեր զբաղեցրած թիմերը արժանացան պատվոգրերի, իսկ առաջին տեղը զբաղեցրածները՝ նաև դրամական պարգևի։

Տոնն ավարտվեց հիասքանչ հրավառությամբ։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter