ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԸ 36 ՏԱՐԵԿԱՆ Է
10.06.2014 14:50

  Մայիսի 16-ին Ասկերանի շրջվարչակազմի նիստերի դահլիճում կազմակերպվեց հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Ասկերանի շրջանի կազմավորման 36-ամյակին: Ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, շրջանից ընտրված պատգամավորներ, շրջանի կազմավորման ակունքներում կանգնած անձինք, հյուրեր: Հանդիսավոր միջոցառումը վարում էր շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը:

Ողջույնի խոսքով հանդես գալով՝ շրջվարչակազմի ղեկավարը

նշեց.

-Այսօր մենք նշում ենք հիշարժան մի իրադարձության` Ասկերանի շրջանի ստեղծման հերթական տարեդարձը: Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վարչական քարտեզի վրա նոր շրջանի երևան գալը ուներ նաև ռազմավարական նշանակություն` այս տարածքում սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգման ու դրանց արդյունավետ լուծման առումներով: Կյանքը ցույց տվեց, որ դա իսկապես ճիշտ որոշում էր, հատկապես, շրջանի գյուղերի զարգացման տեսանկյունից: Անժխտելի է, որ շրջանային կառույցների ձևավորումից հետո, դրանց արդյունավետ գործունեության արդյունքում, կյանքի կոչվեց փոքր ու մեծ գյուղերի բարգավաճման ծրագիրը… Իսկ 1980-ականների վերջին դա առավելագույնս ընդգծվեց, որովհետև շրջկենտրոնը դարձավ պայքարի դարբնոց, որտեղից թափ առավ ու ծավալվեց համազգային ընդվզումը: Շրջանային և համայնքային կառույցները հետագայում նշանակալից աջակցություն ցույց տվեցին ինքնապաշտպանության ուժերին` նպաստելով շրջանի լիարժեք ազատագրմանը:

Այսօր Ասկերանի շրջանը հանրապետության վարչական միավորների մեջ ունի իր ծանրակշիռ տեղը և ԼՂՀ պետականաշինության գործընթացին ուրույն նպաստ է բերում:

Հարգելի գործընկերներ, անչափ ուրախալի է նաև, որ այսօր մեզ հետ` դահլիճում, գտնվում են մարդիկ, ովքեր եղել են Ասկերանի շրջանի ստեղծման ակունքներում և մեծ ներդրում են ունեցել շրջանի կայացման գործում: Ասենք` փառք ու պատիվ նրանց, իսկ բոլոր նրանց, ովքեր այլևս մեզ հետ չեն, մեր լուռ խոնարհումը բերենք:

Թող այսուհետ բազում հոբելյաններ տոնի մեր սիրելի Ասկերանը, և գալիք ամեն մի սերունդ հպարտություն զգալով, որ ապրում է այս հերոսական հողի վրա` իր նախնիների պես նվիրումով պահի ու պահպանի այն:

Ասկերանի շրջանի կազմավորման 36-րդ տարեդարձի առթիվ զեկուցումով հանդես եկավ 1978թ. Ասկերանի շրջկոմի 3-րդ քարտուղար Վլադիմիր Ասլանյանը.

-1978 թվականի մայիսի սկզբներին Լեռնային Ղարաբաղի իրավասու մարմինների կողմից որոշում ընդունվեց  Ասկերանի շրջան ստեղծելու մասին: Ուղիղ 36 տարի առաջ, մայիսի 16-ին Ստեփանակերտի քաղաքային կոմիտեի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ստեփանակերտի շրջանից ընտրված քաղաքային կոմիտեի անդամների պլենում, որը վարում էր կուսակցության ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Բ.Կևորկովը: Օրակարգում դրված էր նորաստեղծ շրջանի կոմունիստական կուսակցության շրջանային կոմիտե կազմավորելու, շրջկոմի քարտուղարներ և µյուրոյի կազմ ընտրելու մասին: Միաձայն շրջկոմի քարտուղարներ ընտրվեցին Վաչագան Գրիգորյանը, Վիլեն Քոչարյանը, Վլադիմիր Ասլանյանը: Այդ օրն էլ դառնում է շրջանի ստեղծման օրը: Շրջկոմի Բյուրոյի անդամ է ընտրվում նաև Վլադիմիր Զաքիյանը, ով մինչ այդ աշխատում էր ժողովրդական դեպուտատների Ստեփանակերտի շրջանային սովետի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնում: Բյուրոյի անդամներ են ընտրվում նաև Ասրի Ղահրամանյանը, Սամուրկա Հայրիյանը, Նուրվարդ Դանիելյանը:

Մինչև շրջկենտրոն դառնալն Ասկերանը մի անշուք, փոշու ու ցեխի մեջ կորած փոքրիկ ավան էր: Չուներ ոչ մի հարմարավետություն, բնակչությունն ապահովված չէր խմելու ջրով: Սակայն այդպիսի պայմաններում պետք է ստեղծեին շրջկոմի, շրջսովետի գործկոմի և շրջանային մյուս կազմակերպությունների համար շինություններ և աշխատողներին ապահովել համապատասխան աշխատասենյակներով: Այդ օրերին պետք է շահագործման հանձնվեր ութ բնակարանոց երկհարկանի մի շենք և կասեցնելով որոշումը՝ այն տրամադրվեց շրջկոմի, շրջսովետի գործկոմի աշխատակազմերին: Նույն շենքում տեղավորվեցին նաև հետագայում կազմավորված շրջդատախազությունը և ժողդատարանը:

Իսկույն ձեռնամուխ եղան շրջանային կազմակերպությունների ձևավորման, ղեկավար կադրերի ընտրության և նշանակման, հրատապ խնդիրների լուծման գործին: Նշանակվեցին կուսակցության շրջկոմի բաժինների վարիչներ՝ Գեորգի Իսրայելյան, Արեգա Միքայելյան, Վալերի Խաչատրյան, Սերգեյ Ենգիբարյան, Արկադի Կարապետյան: Շրջանի կազմավորման օրից կոմերիտ շրջկոմի առաջին քարտուղար էր աշխատում Վալերի Ջավադյանը, հետագայում նրան փոխարինեց Ռաշիդ Պետրոսյանը:

Շրջսովետի գործկոմի նախագահի տեղակալ հաստատվեց Հենրիխ Խաչատրյանը, բաժիների վարիչներ՝ Ջամիլ Իսրայելյանը, Լևոն Առուշանյանը, Ռոբերտ Ավանեսյանը, Վարդան Արզումանյանը:

Ձևավորվեցին նաև շրջանի ուժային կառույցները: Դատախազ նշանակվեց Գարիկ Միքայելյանը, ժողդատավոր՝ Դանիել Գաբրիելյանը, միլիցիայի շրջանային բաժնի պետ՝ Կառլեն Աղաջանյանը:

Շրջանի կազմավորման տարում կոլտնտեսությունների նախագահներ էին աշխատում Ասրի Ղահրամանյանը, Արշավիր Գալստյանը, Բախշի Ղահրամանյանը, Սերգեյ Գրիգորյանը, Գեորգի Պետրոսյանը, Բաղդասար Ղարամյանը, Բենիկ Հայրապետյանը, Արարատ Պետրոսյանը, Վահան Ասծատրյանը, Խաչատուր Գրիգորյանը, որոնք իրենց անձնվեր աշխատանքով և կազմակերպչական մեծ ընդունակությունների շնորհիվ մշտապես կատարում էին պետական պլան-առաջադրանքները:

Ասկերանի միջնակարգ դպրոցի տնօրեն էր աշխատում վաստակաշատ մանկավարժ Մանյա Ղուլյանը:

1982-83թթ. շահագործման հանձնվեցին կուսշրջկոմի և շրջսովետի գործկոմի նորակառույց շենքերը, որոնք ունեին հարմարավետ և գեղեցիկ աշխատասենյակներ: Հարկ է նշել, որ շրջանն սկսեց վերելք ապրել և արձանագրել բավականին մեծ հաջողություններ:

Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից Ասկերանի շրջանն ունեցավ իր մեծ դերակատարությունը: Պատերազմական գործողությունների ժամանակ շրջանի բնակչությունը կարողացավ դիմակայել թշնամուն և ունեցավ բազում հերոսներ:

Պատերազմից հետո շրջվարչակազմի ղեկավարի պաշտոններում աշխատել են տարբեր ղեկավարներ: Այժմ ղեկը գտնվում է հմուտ նավապետ Սերգեյ Գրիգորյանի ձեռքերում, ում էլ հայտնում ենք մեր երախտագիտությունը նման հանդիսավոր միջոցառում կազմակերպելու համար:

Շնորհավոր բոլորիս տոնը:

Ասկերանի շրջխորհրդի գործկոմի առաջին  նախագահ Վլադիմիր Զաքիյանը շնորհավորելով ներկաներին՝ նշեց.

-Ողջունում եմ այս միջոցառումը և շնորհակալություն հայտնում կազմակերպիչներին: Այն խորհրդանշական է և պետք է շարունակական լինի: Մեր ժողովուրդն ունի շատ առիթներ նշելու գեղեցիկ միջոցառումներ և այս տոնը որպես շրջանի ծննդյան օր պետք է նշվի ամեն տարի: Ասկերանի շրջանն իր ստեղծվելու օրից թռիչքային թափ ստացավ, ի հայտ եկան ակտիվ և եռանդուն կազմակերպիչներ, որոնք անմնացորդ լծվեցին աշխատանքին: Այս դասը, լավ կլինի, որ սերտի երիտասարդ սերունդը և շարունակելով նրանց գործն՝  օգտագործի այդ տարիների լավագույն կազմակերպիչներին, որոնք, համոզված եմ, կհաղորդեն իրենց իմացածը և կտան տեղին խորհուրդներ:

Այնուհետև ելույթներ ունեցան շրջանի կազմավորման ժամանակ շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ Հենրիխ Խաչատրյանը, նախկին §Հաղթանակ¦ կոլտնտեսության վարչության նախագահ Արշավիր Գալստյանը:

Նրանք նույնպես ողջունեցին բարձր մակարդակով նման միջոցառման կազմակերպումը, իհարկե երախտագիտություն հայտնելով շրջվարչակազմի ղեկավարությանը:

Թեև այն տարիներին վիճաբանություն էր գնում շրջկենտրոնի տեղի վերաբերյալ, սակայն դեպքերի հետագա զարգացումը ցույց տվեց, որ ճիշտ որոշում էր և դա ապացուցվեց 1988 թվականին, երբ Ասկերանը կարողացավ հետ շպրտել թուրք ամբոխին:

1978 թվականից սկսվեց վերելքի մեծ շրջանն ինչպես Ասկերանում, այնպես էլ ողջ Լեռնային Ղարաբաղում: Շրջանը քայլել է շատ հաջողակ և արձանագրել լավագույն ցուցանիշներ բոլոր բնագավառներում:

-Այսօրվա միջոցառումը մեծ խորհուրդ ունի: Ամեն մի ժպիտ, ամեն մի խոսք խոսուն վկա են, որ միջոցառումն անհրաժեշտ էր և այս հանդիպումը փոքր ինչ կցրի այն մեծ կարոտը, որ զգում ենք բոլորս,- ավելացրեց Արշավիր Գալստյանը:

Շրջանի կազմավորումից 36 տարի անց հնչեցին գնահատականներ այդ տարիներին բարձր պաշտոններ զբաղեցրած մարդկանց կողմից: Նրանք անդրադարձան դպրոցաշինության, բնակարանաշինության և առավելապես, գյուղատնտեսության բնագավառներին:

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նույնպես ողջունելով և բարձր գնահատելով օրվա միջոցառումը՝ փաստեց.

- Եթե 88 թվականին այստեղ չունենայինք առանձին շրջան, շատ դժվար է պատկերացնել, որ այդ գազազած ամբոխն ինչ կաներ: Հաշված րոåեներում համարժեք պատասխան տրվեց: Ես նույնպես այդ տարիների սերունդն եմ և բարձր գնահատական եմ տալիս բոլոր նրանց, ովքեր ստեղծեցին մեր շրջանը և արեցին ամեն ինչ, որպեսզի այն կայանա:

Ասկերանի շրջանի ստեղծման 36-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառման մասնակիցների կողմից շրջանի բնակչությանը հղվեց կոչ, որը ներկայացրեց երիտասարդ սերնդի ներկայացուցիչ Նինել Գաբրիելյանը.

- Ուղիղ 36 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ստեղծվեց նոր` Ասկերանի շրջանը: Անցած ավելի քան երեքուկես տասնամյակում շրջանը բուռն ու հագեցած կյանքով է ապրել: Հասարակարգային փոփոխությունները և  հետայդու անկախություն ձեռք բերելը ուղեկցվել են բազում դժվարություններով, որոնք հաղթահարել ենք համատեղ ուժերով: Հոժարակամ կիսել ենք փորձությունների դառնությունն ու հաղթանակների բերկրանքը, և իրավամբ կարող ենք փաստել, որ ազատամարտով նվաճված այսօրվա փխրուն խաղաղության մեջ ասկերանցիների արժանի ներդրումը կա:

Ասկերանի շրջանը թեպետ թվային հատկանշումով երիտասարդ տարիքում է գտնվում, սակայն հարուստ կենսագրություն ունի հնամենի իր գյուղերի հերոսական պատմությամբ, որի տրամաբանական շարունակությունն էլ հենց արցախյան ³½³ï³Ù³ñïն էր:

Ճիշտ դասեր քաղելով պատմությունից, կերտենք մեր լուսաշող ապագան: Դրա համար անհրաժեշտ է համախմբել բոլորիս ուժերն ու լինել միասնական` հանուն մեր երկրի էլ ավելի հզորացման:

Միշտ բարձր պահենք Ասկերանի շրջանի պատիվը:

Ասկերանի շրջանի կազմավորման և կայացման գործում ներդրած ավանդի համար Ասկերանի շրջխորհրդի գործկոմի առաջին նախագահ Վլադիմիր Զաքիյանը շրջվարչակազմի կողմից պարգևատրվեց հայրենի բնաշխարհը պատկերող գեղանկարով:

Վերջում հանդիսավոր միջոցառմանն ավելի մեծ շուք տվեցին §Բերդ¦ շրջանային համույթի և Ասկերանի ՄՊՍԿ-ի Խնապատի մասնաճյուղի սաների ելույթները:

Ինչ խոսք, օրվա խորհուրդը լիովին իմաստավորված էր: Մարդիկ չէին դադարում միմյանց շնորհավորել ու մաղթանքներ հղել, և այս գեղեցիկ միջոցառմամբ ընդգծվեց շրջանի կազմավորման դերն ու նշանակությունը և պատկերվեցին շրջանի հետագա զարգացման հեռանկարները:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter