ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ ԵՆ
25.06.2014 11:42

  Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի ամառային առաջին  երկուշաբթին սկսվել է հաճելի ու հետաքրքիր հանդիպումով։ Սերգեյ Գրիգորյանն ընդունել է Ասկերանի ՄՊՍ կենտրոնի մի խումբ երեխաների՝ կենտրոնի տնօրեն Մերի Գաբրիելյանի գլխավորությամբ։ Հանդիպումը նվիրված էր  երեխաների միջազգային տոն օրվան։ Այն անցավ բավականին աշխույժ, անկաշկանդ և ջերմ մթնոլորտում։ Ս. Գրիգորյանը շնորհավորելով երեխաներին տոնի կապակցությամբ՝ մաղթեց նրանց արևշատություն, անհոգ մանկություն և խոստացավ այսուհետ ևս շրջանի երեխաներին մշտապես ուշադրության կենտոնում պահել։  Երեխաները պատասխանեցին շրջվարչակազմի ղեկավարի հետաքրքրաշարժ հարցերին, ինչպես նաև խոսեցին ապագա մասնագիտության ընտրության մասին։ Երեխաներից յուրաքանչյուրը հավաստիացրեց, որ Արցախ աշխարհի համար պիտանի մարդ կդառնա։

Նշենք, որ նման հանդիպում առաջին անգամ է կազմակերպվում, որը կարծում ենք ևս ավանդույթ կդառնա։ Վերջում շրջվարչակազմի ղեկավարը տոնի կապակցությամբ երեխաներին հեքիաթների գրքեր նվիրեց, որը նրանց մեջ սեր կսերմանի դեպի լավն ու բարին, ընկերասիրությունն ու քաջությունը, հավատարմությունը, ինչպես նաև պատգամեց ուր էլ լինեն անաղարտ պահեն հայոց լեզուն և բարձր պահեն հայ ազգի պատիվը։

Ապա երեխաների տոն օրվան նվիրված միջոցառումները շարունակվեցին Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի բակում, ուր փոքրիկներին բազմաթիվ անակնկալներ էին սպասվում։ Բակը գունառատ էր՝ խինդ ու ծիծաղով լեցուն։ Ամենուրեք թռվռուն երեխաներ էին՝ ամեն մեկը մի տան ծաղիկ ու հրեշտակ։ Պակաս խանդավառված չէին նաև փոքրիկների ծնողները։

Միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, կրթության բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը, մշակույթի և երիտասադրության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը, շրջարհմիության նախագահ Գայանե Գաբրիելյանը։

Բացման խոսքով հանդես եկավ կենտրոնի ուսմասվար Լիանա   Գասպարյանը՝ շնորհակալություն հայտնելով օրվա միջոցառման հովանավոր՝ §Բեյզ մեթըլս¦ ընկերության տնօրեն Արտուր Աշոտի Մկրտումյանին՝ ցանկանալով երջանկություն, բարօրություն, անսպառ եռանդ և բեղմնավոր աշխատանքային ուղի՝ ի շահ Արցախ աշխարհի բարգավաճման։

-20-րդ ամառն է, ինչ ազատ ու անկախ Արցախ աշխարհում խաղաղություն է տիրում ու այն սկսվում է բոլորիս ամենասիրելի, ամենաքնքուշ էակների՝ երեխաների տոն օրով։ Թող ամռան գրկից պոկված այս տոնը խինդ ու ժպիտով, ծիծաղ-նազանքով լցնի արար ասաց Լ. Գասպարյանը։

աշխարհն ու բոլոր երեխաների սրտերը,-  ասաց Լ. Գասպարյանը։

Ապա կենտրոնի փոքրիկներն իրենց մաղթանքները հղեցին երկրագնդի բոլոր երեխաներին՝ ցանկանալով, երջանկություն, գունեղ երազներ, անհոգ մանկություն, երջանիկ ապագա, խաղաղություն, անամպ երկինք ու որպեսզի Աստծո աջը միշտ զորավիգ լինի բոլոր երեխաներին։

Ի նշան խաղաղության երեխաները երկինք բաց թողեցին խաղաղության խորհրդանիշ աղավնիներին, որոնք թևերին տալով սավառնեցին երկնքի լազուրում։

Միջոցառման ընթացքում  կազմակերպվել է §Նկարչություն ասֆալտի վրա¦ մրցույթը, որին մասնակցում էին կենտրոնի Նորագյուղի, Իվանյանի, Ավետարանոցի մասնաճյուղի սաները և Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի երեխաները։

Կենտրոնի խոհանոցի խմբակի սաներն ազգային տարազով՝ իրենց ձեռքերով և խմբակավարների օգնությամբ պատրաստած քաղցրավենիքները բաժանեցին փոքրիկ հանդիսատեսներին։

Ահա° և կենտրոնի անակնկալը. բոլորովին անսպասելի հայտնվեցին   փոքրիկների ամենասիրելի մուլտիպլի-կացիոն հերոսները՝ Մաշան և Արջը։ Ամենուրեք խանդավառված, ապշահար ու ծիծաղախիտ դեմքեր էին։ Երեխաները Մաշայի և Արջի հետ շուրջպար բռնեցին։ Նրանք փորձում էին շոշափել Մաշային և Արջին՝ հո իրակա՞ն չեն նրանք։ Մինչ փոքրիկները զվարճանում էին իրենց սիրած մուլտհերոսների հետ՝ մրցույթի մասնակից 20 երեխաները ժրաջան մեղվի նման աշխատում էին։

Ուշագրավ էր, որ գրեթե բոլոր նկարներում ազգայինն էր, հայկականը։ Երեխաները խաղաղություն էին նկարել՝ կապույտ երկնքի, վառ արևի տեսքով, ղարաբաղյան երկարակեցություն՝ ղարաբաղցի այայի ու ապայի տեսքով, ազատ ու անկախ երկրում ապրելու իրավունք՝ ծածանվող եռագույնի տեսքով։

Ավետարանոցի մասնաճյուղի սան Լիլիթ Գադյանն ասաց, որ §Ղարաբաղյան երկարակեցություն¦ է վերնագրել իր նկարը, որպեսզի յուրաքանչյուր հայ  մանուկ առողջ, երջանիկ ու անհոգ մեծանա ու իր ապուպապերից ժառանգի մինչև խոր ծերություն ապրելու գաղտնիքը։

Շուտով հասավ նկարչության մրցույթի հաղթողներին հայտարարելու հերթը։ Մրցույթի ժուրիի միաձայն որոշմամբ առաջին մրցանակային տեղը զբաղեցրեց Իվանյանի մասնաճյուղի սան Էթերի Մոսիյանը, երկրորդ տեղը՝ Ավետարանոցի մասնաճյուղի սան Հրաչյա Միքայելյանը, իսկ երրորդ տեղը՝ Նորագյուղի մասնաճյուղի սան Էլլադա Հայրապետյանը։ Մրցանակային տեղեր զբաղեցրածները պարգևատրվեցին Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի պատվոգրերով և նվերներով, մնացած 17 մասնակիցները պարգևատրվեցին Ասկերանի շրջարհմիության նախագահ Գայանե Գաբրիելյանի կողմից սահմանված նվերներով։

Սիրելի փոքրիկնե՛ր, անկասկած ի կատար կածվեն ձեր բոլոր ցանկությունները, չէ որ դուք ամենակարող Աստծո սիրելիներն ենք։ Իսկ մենք՝ մեծերս, կանենք այնպես, որպեսզի ձեր գունեղ երազները երբեք չխամրեն։

Իրոք, չկա ավելի մեծ երջանկություն, քան տոն պարգևել աշխարհի ամենաթանկագին էակներին՝ երեխաներին։ Միջոցառման հովանավորի այսկերպ մտածելակերպն ու գործելաոճը ողջունելի ու նաև ընդօրինակման է արժանի։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter