ՆՐԱՆՑ ԱՆՈՒՆՆԵՐԸ ԿՀԻՇՎԵՆ ԴԱՐԵԴԱՐ
25.06.2014 17:51

Հիշելով 1992 և 1993թթ. հունիսի 12-ը՝ ասկերանցիներիս պատում են անվերջանալի կսկիծ և տխուր հիշողություններ: Այդ օրը մարտական գործողությունների ժամանակ զոհվեցին Ասկերանի գումարտակի քաջարի զինվորներ, որոնք լի էին ապրելու և թշնամուն հաղթելու տենչով: Նրանք երազում էին Արցախ աշխարհն ազատ ու անկախ տեսնել: Տղաների երազանքն իրականացավ, սակայն նրանք չհասցրեցին վայելել այդ բերկրանքը...

Հիշելով այդ օրն ու հարգելով զոհվածների հիշատակը՝ ամեն տարի  հունիսի 12-ին Ասկերանի ազատամարտիկների միությունը միջոցառում է կազմակերպում և հարգանքի տուրք մատուցում զոհվածների հիշատակին: Այս տարի նույնպես կազմակերպվեց նման միջոցառում՝ տղաների արյամբ հեղեղված նույն այն վայրում, որտեղ տարիներ առաջ տեղի էին ունեցել անհավասար և սահմռկեցուցիչ մարտեր:

Միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ԼՂՀ ՓԾ պետ Արտուր Հարությունյանը, Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, Ասկերանի ԱԱՄ նախագահ Սամվել Աղաջանյանը,  պատերազմի վետերաններ:

Ներկաները ծաղիկներ դրեցին հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոսների հիշատակը:

Ղարաբաղյան շարժման Ասկերանի շրջանի նախաձեռնող խմբի ղեկավար Սլավիկ Առուշանյանն անդրադառնալով այդ դաժան օրվան՝ վերստին հիշեց այն տղաներին, ովքեր զոհվեցին հանուն հայրենի հողի: Նրանք երբեք չեն մոռացվի, քանզի հնարավոր չէ մոռանալ այն սխրագործությունները, որոնք կատարեցին անվեհեր տղաները:

Ելույթ ունեցավ նաև ԼՂՀ ՓԾ պետ, արցախյան պատերազմի մասնակից Արտուր Հարությունյանը.

-Այսօր հավաքվել ենք մեր հիշատակի տուրքը մատուցելու այն խիզախ տղաներին, ովքեր առանց վարանելու նետվեցին մարտնչելու թշնամու դեմ:   1992 թվականին հենց այս վայրում կենաց ու մահու կռիվ էր գնում, քանզի հակառակորդն ամեն գնով ցանկանում էին ներխուժել Ասկերան: Ուժերն անհավասար էին, սակայն մենք կարողացանք համախմբվել և հետ մղել թշնամուն, ու մեզանից յուրաքանչյուրը պատրաստ էր մինչև վերջ կռվելու և զոհվելու, միայն թե թուրքը չմտներ հարազատ Ասկերան: Հունիսի 12-ը չարաբաստիկ օր է մեր պատմության մեջ, մեծ փորձություն, որի միջով անցանք ու կարողացանք պաշտպանել մեր հողը:

Փա՛ռք բոլոր անձնուրաց տղաներին, որոնց անունները միշտ սրբությամբ կհիշվեն բոլոր սերունդների կողմից:

Համոզված կարող եմ փաստել, որ նոր սերունդն իր հայրենասիրությամբ ու քաջությամբ չի զիջում մեզ և այսօր նույն պատասխանատվությամբ պաշտ-պանում է մեր երկրի սահմանները:

- Ասկերանցին իր քաջարի դեմքը ցույց է տվել դեռևս 1988 թվականի փետրվարին, երբ կարողացավ հակահարված տալ թշնամու առաջին զանգվածային հարձակմանը: Այդ բարձր ոգին ասկերանցին պահպանեց մինչև պատերազմի ավարտն ու փայլուն հաղթանակը:

Գլուխ ենք խոնարհում բոլոր նահատակների առաջ և հիշում նրանց անուն առ անուն,- ասաց ազատամարտի վետերան Ալվարո Շեկյանը:

Վերջում ազատամարտի մի խումբ վետերաններ պարգևատրվեցին մեդալներով և  պատվոգրերով:

Հիրավի, օրվա միջոցառումն ուներ մեծ խորհուրդ, այն հայրենասիրական յուրօրինակ դաս էր ներկա և ապագա սերունդների համար, ովքեր հպարտանալու իրավունք ունեն, քանզի դաստիարակվում են այն հերոսների օրինակով, ովքեր անմնացորդ նվիրվեցին հարազատ հողի պաշտպանությանը:

Փա՜ռք ու պատիվ բոլոր զոհված և ողջ մնացած  հերոս տղաներին:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter