ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ |
25.06.2014 18:08 |
Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած. Ծնվում են նրանք ճի՛շտ ժամանակին: Եվ ժամանակից առաջ են ընկնում, Դրա համար էլ չեն ներում նրանց: ... Ով սահմանում է նոր օրենք ու կարգ՝ Հայտարարվում է և օրենքից դուրս: Բայց չե՜ն վախենում նրանք չար մահից. Ապրում են դժվար ու մեռնում են հեշտ… Հայրենիքը սկսվում է մարդուց, մարդը՝ հայրենիքից։ Ու ինչքան էլ մարդն արարի ու գործի օտար ափերում՝ նրա սիրտն ու հոգին միշտ կապված են մնում արմատներին, ապուպապերի թողած ժառանգությանը։ Արցախյան ազատամարտով սկսված հայոց նորօրյա հերոսական պատմության կերտողներից մեկն էլ ՌԱՖԱՅԵԼ ԱՇՈՏԻ ԲԱԴԱԼՅԱՆՆ է։ Անուն, որը թեկուզ կարճ ժամանակով փայլատակեց հայոց երկնակամարում, սակայն թողեց վառ ու լուսավոր հետագիծ։ Ռ. Բադալյանը ծնվել է 1944 թվականի հունիսի 8-ին։ Աշոտ և Ասյա Բադալյան-ների օջախում հասակ էին առնում հինգ որդիներ։ Հայոց մեծանուն մանկագիր ու բանաստեղծ Ղազարոս Աղայանը Ռաֆիկի պապիկի՝ Վիգեն Բադալյանի տանը միշտ ցանկալի ու սպասված հյուր էր։ Նրանք մտերիմ ընկերներ էին ու մշտապես գտնվում էին նամակագրական կապի մեջ։ Ոչ բոլորին է հայտնի, որ մեզ քաջածանոթ ՙՄանի՜ր, մանի՜ր ի՛մ ճախարակ՚ բանաստեղծությունը գրվել է հենց Վիգեն պապիկի հարկի տակ։ Դեռևս մանկուց Ռաֆիկի մոտ ի հայտ եկան մարդկային այնպիսի վեհ արժեքներ ինչպիսիք են բարությունը, գթասրտությունն ու աշխատասիրությունը։ 1961 թվականին ավարտելով Բաքվի թիվ 1 միջնակարգ դպրոցն՝ ընդունվեց նույն քաղաքի կահույքագործական տեխնիկումը, որտեղ նա աչքի ընկավ իր բնատուր հմտություններով։ Ապա Սանկտ Պետերբուրգում մասնագիտական որակավորման դասընթացներ անցավ։ Ռաֆայել Բադալյանն աշխատանքային մկրտությունը ստացավ Բաքվի կահույքագործական ֆաբրիկայում՝ աշխատելով որպես մասնագետ։ 24 տարեկան հասակում՝ կազմակերպչական տաղանդի, բանիմացության ու բազում այլ ունակությունների շնորհիվ նշանակվում է նույն գործարանի տնօրեն։ Չնայած նա աշխատել ու ապրել է Բաքվում, սակայն միշտ կապված է եղել հարազատ բնօրրանին՝ Խնապատին։ Ամեն անգամ գյուղ գալով աշխատում էր որևէ մնայուն գործ կատարել գյուղի ու գյուղացիների համար։ Շուտով Ռաֆայել Բադալյանը հանդիպում է կյանքի ուղեկցին՝ Ամալյա Ալեքսանդրի Դանիելյանին, ով ճակատագրի բերումով աշխատանքի է անցնում նույն ֆաբրիկայում։ Գեղեցկուհի Ամալյային անկարելի էր չնկատել։ 1969 թվականին նրանք ամուսնացան՝ կազմելով օրինակելի և ավանդապաշտ հայկական ընտանիք։ Շրջահայաց Ամալյան ամուսնու համար թև ու թիկունք դարձավ, կյանքի հավատարիմ ուղեկից։ 1971-ին ծնվեց առաջնեկը՝ Գայանեն, ապա Արթուրն ու Աշոտը։ 1988-ին սկիզբ առած Արցախյան ազգային-ազատագրական շարժումը բնավեր արեց Բաքվում ապրող բազմաթիվ հայկական ընտանիքների։ Ռաֆիկ Բադալյանը գործի բերումով մշտապես շփվում էր Բաքվի պետական կառույցների առաջին դեմքերի հետ, որոնցից տեղեկանալով հայությանը սպասվող մեծ վտանգին՝ մտերիմների միջոցով սկսեց իրազեկել Բաքվի հայերին շուտափույթ հեռանալ իրենց իսկ ձեռքերով կառուցած քաղաքից։ Նրա շնորհիվ բազմաթիվ կյանքեր փրկվեցին։ Ինքն էլ շատ-շատերի նման կարող էր բռնել օտար ափեր տանող ճանապարհը, սակայն մշտարթուն հայրենասիրությունն ու հարազատ ազգին օգտակար լինելու գաղափարը 1989-ին նրան բերեց հարազատ բնօրրան։ Քանզի հայրենասիրությունը նրա համար երբեք վերացական զգացմունք չի եղել։ Ելնելով իր ազգապահպան ու հայրենանպաստ նկրտումներից Ռաֆիկ Բադալյանը գյուղում բացեց կարի ֆաբրիկա, որը գյուղի դարավոր պատմության մեջ առաջինն էր։ Մշտական աշխատանքով ապահովվեց շուրջ 70 ընտանիք։ Ֆաբրիկայի համբավը տարածվեց Արցախում և նրա սահմաններից դուրս։ Արցախի տպագիր մամու-լում հայտնվեցին հոդվածներ՝ Ռաֆիկ Բադալյանի հայրենասիրական ձեռնարկման մասին։ ՙՈւրիշ էլ ի՞նչը կարող է մարդուն կապել ծննվադայրին, եթե ոչ մշտական աշխատանք ունենալը՚,- այսպես էր մտածում հեռատես Ռաֆիկը՝ համոզված լինելով, որ կգա այն օրը, երբ գյուղի բնակիչների թիվն առնվազն կկրկնապատկվի։ Շուտով սկսվեց զենք ու զինամթերք հայթայթելու ու ցանկացած գնով տեղ հասցնելու դժվարին գործընթացը։ Խնապատը գտնվում էր սահմանամերձ գոտում, գյուղն անպայման պետք է զենք ունենար, որպեսզի կարողանար դիմակայել ու պատասխան տար թշնամուն։ Այդ տարիներին ռուս օմոնականները հաճախ էին գյուղերում խուզարկություններ կազմակերպում, սակայն Ռաֆիկին մշտապես հաջողվում էր օմոնականներին զերծ պահել հարազատ գյուղում խուզարկումներ կատարելուց։ Ռաֆայել Բադալյանը կենսախինդ էր ու հավասարակշռված, բարյացկամ ու գթառատ, օժտված պատասխանատվության մեծ զգացումներով, ցանկացած պահի պատրաստ օգնության ձեռք մեկնելու։ Նա այդպիսին էլ մնաց հարազատների ու մտերիմների սրտերում։ 1991 թվականի մայիսի 28-ը ողբերգական էր ոչ միայն Բադալյանների այլ Ռաֆիկին ճանաչողների համար։ Բազում ծրագրեր ու գաղափարներ, որ պիտի կյանքի կոչվեին հարազատ գյուղում՝ մնացին կիսատ… Ռաֆիկ Բադալյանն այն անհատականություններից էր, որոնցից կազմված է Արցախյան հերոսամարտի ամենապայծառ համաստեղությունը։ Մեծ հայրենասերի աճյունն ամփոփված է Հայաստանի Հանրապետության Էջիմածին քաղաքի գերեզմանատանը։ 2014 թվականի հունիսի 8-ին լրացավ Ռաֆիկ Աշոտի Բադալյանի ծննդյան 70 ամյակը։ Հավաքվել էին բոլոր հարազատները, իսկ հոբելյարը բացակայում էր, նա հավետ մնաց բացակա, սակայն հարազատների սրտերում նրա վառած կանթեղն անշեջ է ու կմնա հավիտյան։ Ռաֆիկ և Ամալյա Բադալյանների զավակները ծնողներից ժառանգելով մարդկային լավագույն հատկանիշներն՝ օրինակելի ընտանիքներ են կազմել։ Իսկ Արթուրն ու Աշոտն իրենց հոգու պարտքն են համարել վերականգնել Խնապատում գտնվող պապենական տունն ու միշտ շեն պահել հայրական օջախը։ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սեգրեյ Գրիգորյանն անկարող էր շրջանցել Ռաֆիկ Բադալյան անհատի, մեծ մարդու ծննդյան 70-ամյա հոբելյանը։ Ու նա ձեռնամուխ եղավ հուշ-ցերեկույթ կազմակերպելուն՝ նվիրված իսկական հային, իր հող ու ջրին նվիրյալի կյանքին ու գործունեությանը։ Հունիսի 14-ին մարդաշատ էր Խնապատի մշակույթի տունը։ Հավաքվել էին խնապատցիներն արժանվույնս գնահատելու և հիշելու Ռաֆիկ - անհատի մնայուն տեղն ու դերը Խնապատի, ինչու չէ նաև Արցախի տարեգրության մեջ։ Հուշ-ցերեկույթին ողջույնի խոսքով հանդես եկավ Ասկերանի մշակույթի և երիտասադրության կենտրոնի երիտասադրության հարցերի կազմակերպիչ Նինել Գաբրիելյանը։ Նա ներկայացրեց Ռաֆայել Բադալյանի կարճ, սակայն բովանդակալից աշխատանքային ուղին։ Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, Ռաֆայել Բադալյանի ավագ որդին՝ Արթուր Բադալյանը, Ռաֆիկ Բադալյանի մտերիմ ընկեր Սերգեյ Դավթյանը, պաշտոնատար այլ անձինք, խնապատցիներ։ Միջոցառման ընթացքում կրկին անգամ բացահայտվեց Ռաֆիկ Բադալյան - հայրենասերի, հուսալի ընկերոջ, սիրասուն հոր ու հավատարիմ ամուսնու կերպարը։ Վերջում ցուցադրվեց տեսաֆիլմ՝ նվիրված Ռաֆայել Բադալյանի ծննդյան 70-ամյա հոբելյանին։ Այն նկարահանվել է Սերգեյ Գրիգորյանի նախաձեռնությամբ և ՙԲերդ՚ թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանի մտահղացմամբ։ Անկարելի էր չնկատել չուրաքանչյուր դիտողի աչքերի թախիծը, կորստյան կսկիծը, ափսոսանքի արցունքները, որոնք անդառնալի կորուստի առհավատչյան էին։ Անշուշտ հպարտության վեհ զգացումն էր համակել բոլոր խնապատցիներին, որ նման անհատը, ազգասերն իրենց գյուղից է սերված ու նրա հետնորդներն անքակտելի կապերով կապված են Արցախյան գեղատեսիլ վայրերից մեկին։ Միջոցառումը համեմված էր Ասկերանի ՙԲերդ՚ ժողգործիքների համույթի երգիչներ Հերմինե Խաչատրյանի, Ռադիկ Մանասյանի և Արա Հասրաթյանի ազգային երգերի գեղեցիկ կատարումներով։ Վերջում Սերգեյ Գրիգորյանն Արթուր Բադալյանին գեղարվեստական նկար նվիրեց, ուր պատկերված էր հարազատ գյուղն ու հայրական օջախը։ - Անչափ հուզված եմ այսօր, ու կարծում եմ խոսքերն անզոր են արտահայտելու այն ապրումները, որ ունեցա այս րոպեների ընթացքում։ Իմ շնորհակալությունն ու երախտագիտությունն եմ հայտնում այս հրաշալի միջոցառման բոլոր կազմակերպիչներին։ Հպարտության վեհ զգացում է համակել ինձ միջոցառման ողջ ընթացքում, ու նաև պատասխանատվության մեծ զգացողություն՝ լինել հորս արժանի հետնորդը։ Ու եթե, մեզ հաջողվի լինել այնպիսին, ինչպիսին հայրս էր, ու անել նրա արածի 10 տոկոսը՝ կհամարեմ, որ դա մեզ հաջողվել է։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |